Բլոգի պահոցներ

Վերածնության դարաշրջանի արվեստ


Ներածություն

Վերածնությունը նոր փուլ էր համաշխարհային մշակույթի պատմության մեջ: Այդ ժամանակներում են դրվել արդիական գիտության, մասնավորապես բնագիտության հիմքերը, բարձր մակարդակի է հասել գրականությունը, որը գրքի տպագրության հայտնագործումով ստացավ մինչ այդ չտեսնված տարածման հնարավորություններ: Այդ նույն ժամանակներում էլ սկզբնավորվեց արվեստի իրատեսական համակարգը: Գիտնականների պատկերավոր բնութագրմամբ՝ <<Դա մարդկության գլխով անցած հեղաշրջումներից մեծագույնն էր, դարաշրջան, որը տիտանների կարիք ուներ և որը ծնեց մտքի, կրքի ու բնավորության, բազմակողմանիության ու գիտական ուժով օժտված տիտաններ>>:

<<Վերածնություն>> տերմինը կերտարվեստի վերաբերյալ սկսեց կիրառվել դեռևս 16-րդ դարում: <<Ամենից ավելի նշանավոր գեղանկարիչների, քանդակագործների, ճարտարապետների կենսագրությունների>> հեղինակ (1550 թ.) գեղանկարիչ Ջորջո Վազարին գրել է միջնադարի ժամանակաշրջանում անկման երկար տարիներից հետո Իտալիայում արվեստի վերածնության մասին: Հետագայում <<Վերածնություն>> հասկացությունը լայն իմաստ ստացավ:

Վերածնության (իտալերեն՝ Ռինաշիմենտոյի, ֆրանսերեն՝ Ռենեսանսի) մշակույթը սկզբնավորվել է Եվրոպայում, տնտեսապես առավել զարգացած

այն մարզերում, որտեղ առավել վաղ էին նախադրյալներ հասունացել ֆեոդալիզմից կապիտալիզմի սկզբնական փուլին անցնելու համար;

Նոր մշակույթը բացառիկ հետևողականությամբ և ուժով դրսևորվեց իտալական քաղաքներում, որոնք 14-15-րդ դարերի սահմանագծում արդեն ոտք էին դրել կապիտալիստական զարգացման ուղին. այն նշանակալի տարածում ստացավ Նիդերլանդներում, ինչպես նաև 15-րդ դարի մերձհռենոսյան և հարավ-գերմանական որոշ քաղաքներում: Սակայն Վերածնության մշակույթի ազդեցության շրջանակն անհամեմատ ավելի լայն էր՝ ընդգրկում էր Ֆրանսիայի, Իսպանիայի, Անգլիայի, Չեխիայի, Լեհաստանի տարածքները, որտեղ նոր միտումները երևան էին գալիս տարբեր ուժով և յուրահատուկ ձևերով:

Վերածնության մշակույթի հիմքում դրված է հումանիզմի, մարդու արժանապատվության և գեղեցկության, նրա բանականության ու կամքի, նրա ստեղծագործական ուժերի հաստատման սկզբունքը: Ի տարբերություն միջնադարի մշակույթի՝ Վերածնության հումանիստական կենսահամակ մշակույթը կրում էր աշխարհիկ բնույթ: Եկեղեցական սխոլաստիկայից և դավանաբանությունից ազատագրումը նպաստում էր գիտության վերելքին: Իրական աշխարհի ճանաչման բուռն ծարավը և նրանով զմայլվելը հենգեցրին արվեստում իրականության ամենատարբեր կողմերի արտացոլմանը և վեհասքանչ պաթոս ու խորապես հուզիչ անկեղծություն հաղորդեցին գեղանկարիչների առավել նշանակալի ստեղծագործություններին:

Վերածնության արվեստի կայացման գործում կարևոր նշանակություն ունեցավ անտիկ ժառանգության նորովի ըմբռնումը: Անտիկ աշխարհի ներգործությունը Վերածնության մշակույթի ձևավորման վրա առավել մեծ ուժով արտահայտվեց Իտալիայում, որտեղ պահպանվել էին հին հռոմեական արվեստի բազմաթիվ հուշարձաններ:

Բյուզանդիայի անկման օրերին փրկված ձեռագրերում, Հռոմի ավերակներում պեղված անտիկ աշխարհի արձաններում զարմացած Արևմուտքի առջև ներկայացավ նոր աշխարհ՝ հունական հին հուշարձանները. նրա պայծառ կերպարների առջև անհետացան միջնադարյան ուրվանկարները. Իտալիայում սկսվեց արվեստի աննախադեպ ծաղկում, որն ասես դասական հնության փայլկատակում եղավ և որին հասնել այլևս չհաջողվեց:

Վերածնունդը գրականության մեջ


Վերածնությունը գրական, մշակութային մի հզոր շարժում էր, որն ստեղծեց գեղարվեստական նոր մտածողություն, նոր տիպի գրողներ: Ֆ. Էնգելսը գրում է. <<Դա մեծագույնն էր բոլոր այն առաջադիմական հեղաշրջումներից, որ մինչ այդ ապրել էր մարդկությունը, մի դարաշրջան, որը տիտանների կարիք էր զգում և որը ծնեց տիտաններ` մտքի, տենչի ուժով ու բնավորությամբ, բազմակողմանիությամբ ու գիտունությամբ>>:

Գրական նոր շարժումը Վերածնություն կոչվեց հետևյալ պատճառով: Հռոմեական դասական գրականությունը մոռացության մատնվեց: Քրիստոնեական եկեղեցու ծառաները դասական հնադարի հոգևոր  մշակույթը պիղծ հայտարարեցին, պայքարում էին նրա դեմ, ոչնչացնում էին աշխարհի գրողների, գիտնականների, փիլիսոփաների ձեռագրերը, հին հունական և հռոմեական ճարտարապետության ու քանդակագործության հոյակապ հուշարձանները: Վերածնության դարաշրջանը փոշիների տակից, վանքերի մութ ու խոնավ նկուղների խորքերից լույս աշխարհ հանեց և դարավոր մոռացությունից փրկեց այդ գանձերը: Դա մի չտեսնված հայտնագործություն էր: <<Բյուզանդիայի կործանման ժամանակ փրկված ձեռագրերում, Հռոմի ավերակներից պեղված անտիկ արձանների մեջ ապշած Արևմուտքի հանդեպ կանգնեց մի նոր աշխարհ — հին հունական աշխարհը. նրա լուսավոր պատկերների հանդեպ չքացան միջնադարի ուրվականները. Իտալիայում չտեսնված ծաղկման հասավ արվեստը, որը կարծես դասական հնության ցոլացումն էր և որը հետագայում այլևս երբեք այդպիսի բարձրության չհասավ: Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում ծագեց նոր, ժամանակակից առաջին գրականությունը. Անգլիան և Իսպանիան դրանից հետո շուտով ապրեցին իրենց դասական գրական դարաշրջանը>> (Ֆ. Էնգելս): Դասական հնադարի գրականությունը նորից կենդանություն առավ, իսկապես որ` վերածնվեց: Այս հիման վրա նոր շարժումը Վերածնություն անունն ստացավ: Տարբեր երկրներում այդ շարժումը տարբեր անուններ ուներ. Իտալիայում` Չինկվեչենտո (այսինքն` 16-րդ դար), Ֆրանսիայում` Ռենեսանս (բառացի` վերածնություն), Գերմանիայում` Ռեֆորմացիա և այլն: Սակայն, ինչպես նշում է Ֆ. Էնգելսը, Վերածնությունը այնպիսի հարուստ շարժում էր, որի <<բովանդակությունը այդ անուններից ոչ մեկով էլ չի սպառվում>>:

Վերածնության դարաշրջանի գրականության հիմնական գծերից մեկը հակաֆեոդալական, հակաեկեղեցական տրամադրությունն է:

Ավատական հասարակությունը, տիրող քաղաքական և բարոյական օրենքները, միջնադարյան մտածողության բոլոր ձևերը անխնա քննադատության առարկա դարձան: Հատկապես կրքոտ բնույթ ստացավ կրոնա-եկեղեցական հաստատությունների քննադատությունը: Ոմանք սպանիչ ծաղրով, որիշները պակաս սրությամբ մերկացնում էին հոգևոր դասի ախտերը, ժխտում էին եկեղեցու դարերով սրբագործված դոգմաները: 

Նոր գրական շարժման առաջացման օբյեկտիվ հիմքը հասարակական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերն էին: Նոր առաջացող բուրժուազիան, ծնունդ առնելով ֆեոդալական հասարակության ծոցում գտնվում էր իր պատմական վերելքի շրջանում: Ավատական հասարակարգը կաշկանդում էր կապիտալիզմի զարգացումը, ժայռի նման փակել էր հասարակական նոր ուժերի ճանապարհը: Առաջ գնալու համար արգելքները պետք է հաղթահարվեին, բուրժուազիան պատմական անհրաժեշտությամբ պետք է պայքարի դուրս գար միջնադարյան հասարակության դեմ: Դա պատմական օրենք է. յուրաքանչյուր նոր հասարակություն, նոր դասակարգ տիրապետության հասնելու համար ,իշտ մահու և կենաց պայքարի է դուրս գալիս իր դարն ապրած հին կարգի դեմ, որովհետև հնի կործանման միջոցով է միայն իրագործվում նորի հաղթանակը: Մյուս կողմից` քրիստոնեական եկեղեցին, կրոնը միջնադարյան հասարակարգի գաղափարական հենարանն էր,իշխում էր ժողովրդական մասսաների գիտակցության վրա: Ավատականության հիմքերը սասանելու, մասսաներին իր կողմը գրավելու համար պայքարը առավել մեծ չափով պետք է ուղղվեր եկեղեցու հոգևոր դիկտատուրայի դեմ: Հակաեկեղեցական, հակակրոնական պայքարը այլ բան չէր, քան եթե հակաֆեոդալական տրամադրությունների արտահայտություն: Հասարակական այդ տեղաշարժերի հողի վրա առաջացավ Վերածնության գրականությունը, ո րը նոր միտումների, հեղափոխական, դեմոկրատական տրամադրությունների գեղարվեստական արտահայտություն էր: <<Երբ Եվրոպան դուրս եկավ միջնադարից, վերելքի պրոցեսում գտնվող քաղաքային բուրժուազիան հեղափոխական տարրն էր նրա մեջ: Ճանաչված այն դիրքը, որ նա իր համար նվաճեց միջնադարյան ֆեոդալական կարգի ներսում, արդեն չափազանց նեղ էր նրա ընդարձակվելու ընդունակության համար: Բուրժուազիայի ազատ զարգացումն արդեն դարձել էր անհամատեղելի ֆեոդալական սիստեմի հետ, ֆեոդալական սիստեմը պետք է ընկներ>>:

Նորաստեղծ գրականությունը այդ նոր հասարակական ուժի` ավատական միջնադարի դեմ պայքարի ելած բուրժուազիայի հասարակական-քաղաքական տենդենցների արտացոլումն էր: Այս իմաստով Վերածնության դարաշրջանի հեղինակները, անկախ նրանց հասարակական դիրքից ու ձգտումներից, օբյեկտիվորեն հանդես էին գալիս որպես բուրժուական զարգացման շահերի պաշտպաններ, որովհետև ֆեոդալիզմի դեմ ծավալված պայքարը պատմական զարգացման օբյեկտիվ ընթացքով կարող էր ավարտվել և, իրոք, հետագայում ավարտվեց բուրժուական հասարակության հաղթանակով: Այդպես պետք է հասկանալ Էնգելսին, որը Վերածնության հեղինակներին ընդհանրապես համարում է <<բուրժուազիայի արդի տիրապետությունը հիմնադրած մարդիկ>>:

Սակայն սուբյեկտիվորեն Վերածնության հեղինակները հումանիստական ծրագրեր ունեին, տոգորված էին համամարդկային ձգտումներով, հանդես էին գալիս ոչ թե որևէ առանձին դասակարգի, այլ միջնադարից դժգոհ, ֆեոդալիզմի կործանմամբ շահագրգռված ամբողջ տառապած մարդկության շահերի անունից:

Դա եվրոպական հումանիստական շարժման առաջին խոշոր փուլն է: Գլխավոր խնդիրն էր` մարդկային անհատի ազատագրումը միջնադարյան հասարակական, քաղաքական, բարոյական կապանքներից: Սրա հետ էին կապված հումանիստական իդեալները: Վերածնության դարաշրջանի մեծագույն նվաճումը մարդու գիտակցության զարթոնքն էր: Առաջին անգամ մարդկային անհատն ստանում է ինքնաբավ նշանակություն, դիտվում իբրև ինքնուրույն արժեք, դառնում կենսական երևույթների արժեքավորման չափանիշ: Հասարակության բանական կամ ոչ բանական լինելը հիմա որոշվում է նրանով, թե որքանով են պայմանները համապատասխանում մարդկային անհատի շահերին, ապահովում նրա բնական իրավունքները:

Վերածնության դարաշրջանի գրականությունը դրական հերոսի իր իդեալն ուներ: Դա բազմակողմանի զարգացած, ազատ, անկաշկանդ անհատն էր, մարդու ամբողջական ու ներդաշնակ բնավորությունը: Իդեալական էր համարվում այն հասարակությունը, որը կարող էր նպաստել մարդու ընդունակությունների, բնական հակումների զարգացմանն ու կատարելագործմանը, այն կյանքը, որտեղ ընդհանուր և առանձին մարդու շահերը ներդաշնակորեն իրար զուգադիպում են: Վերածնության դարաշրջանի գրողները հավատում էին մարդուն, հավատացած էին, որ մարդ ծնվում է բարի, ազնիվ մղումներով, առաքինի գործերի ընդունակ: Երբ հասարակությունը կարգին է, մարդու մեջ արթնանում և գործում են ազնիվ հակումներ, իսկ երբ պայմանները անպետք են, մարդ կորցնում է իրավունքները, ներքին հարստությունը, բնական կերպարը: Պետության գերագույն նպատակը մարդը պետք է լինի` այս էր նրանց հավատամքը:

Վերածնության գրականության հիմնական առանցքը թշնամական բախումն է հումանիստական իդեալի և տիրող հասարակարգի միջև: Այդ բախումը մեծ մասամբ լուծվում էր լավատեսական ոգով, այսինքն` փայփայած երազանքների հաղթանակով: Վերածնության գրողների իդեալը առաջադիմական, դեմոկրատական բովանդակություն ուներ: Նախ, այն պատճառով, որ ազատ անհատի գաղափարը հակադրելով ավատական հասարակարգին, վերջինս համարում էին ոչ բանական: Այստեղից գործնական եզրակացություն էր արվում` հաղթահարել ոչ բանական կարգը, ազատագրել մարդուն և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանեն մարդու ի բնե բարի բնությանը և նպաստեն նրա անկաշկանդ զարգացմանը: Եվ ապա` այդ իդեալը ենթադրում էր ոչ թե բուրժուական անհատի, այլ ընդհանրապես միջնադարյան կապանքներում գտնվող մարդու ազատագրումը: Այդ է հումանիստական, դեմոկրատական բնույթը: Վերածնության գրականությունը զարգանում էր ժողովրդական լայն հողի վրա:

Խնդիրն այն է, որ տվյալ ժամանակաշրջանում բուրժուազիան միայնակ չէր, հանդես էր գալիս ժողովրդի հետ միասին, իր շահերը ներկայացնելով որպես ընդհանուր, ժողովրդական, համազգային շահեր: Ահա ինչու Վերածնության գրականությունը տոգորված էր ժողովրդական առողջ հյութերով:

Վերածնության շարժումը հակասական բնույթ ուներ: Ազատ մարդու և ազատ կյանքի իդեալի կողքին հանդիպում է մասնավոր սեփականության սկզբունքը, անգամ ընդունվում էր տարբեր դասակարգերի գոյությունը: Ուստի հումանիստական իդեալները անիրագործելի պատրանքներ էին: Այն հասարակությունը, որը պատմական զարգացման անխուսափելի ընթացքով պիտի գար և որը եկավ` բուրժուական հասարակարգն էր:

Իսկ հումանիստական իդեալներն անհամատեղելի էին բուրժուական կարգերի հետ: Վերածնության դարաշրջանի հեղինակները վերացական պատկերացում ունեին գալիք բուրժուական հասարակարգի մասին: Դա հասկանալի է: Կապիտալիզմը դեռևս չզարգացած վիճակում էր, դեռևս ակնբախ չէին հակասությունները: Նույնիսկ 18-րդ դարի լուսավորիչները պայծառ հայացք ունեին ապագա <<բուրժուական դրախտի>> մասին, ուր մնաց նրանցից երկու դար առաջ ապրող գրողները հասկանային այդ ապտրանքների խաբուսիկ լինելը:

Այնուամենայնիվ Վերածնության գրականության ներկայացուցիչները նկատել են բուրժուական հասարակության ախտերը և մեզ թողել արվեստի հիանալի գործեր, որոնցում գեղարվեստական խոսքի ուժով պատկերված են բուրժուական անհատի մի շարք տիպական գծերը:

Վերածնությունը ժխտելով միջնադարյան կրոնա-միստիկական մշակույթը, հիմք դրեց նոր, աշխարհիկ մտածողությանը, որը տարերային մատերիալիստական բնույթ ուներ: Մի կողմ թողնելով միջնադարյան մտածողության ձևերը, մարդը և իրական աշխարհը դարձան գեղարվեստական նկարագրության առարկա: Ֆ. Էնգելսը ճիշտ է նկատել. <<Իսկապես ասած հենց հիմա է, որ հայտնագործվեց երկիրը>>:Նույնը ասել է Վերածնության դարաշրջանի պատմաբաններից մեկը` <<հայտնագործվեց աշխարհն ու մարդը>>: Նոր էր հետազոտության առարկան, նոր էին նաև մոտեցումը, ընկալումը, իմաստավորման ու արտահայտման եղանակները: Առարկայական աշխարհը, մարդը հիմա նախախնամության ստեղծագործություն կամ երկնային ուժի ձեռքին գտնվող գործիք չեն համարվում, այլ ինքնուրույն օբյեկտ, որը գոյություն ունի և շարժվում է իր օրենքներով: Ստեղծվում է նոր, աշխարհիկ, իր բնույթով մատերիալիստական մտածողություն: Այդ հողի վրա առաջացավ և առաջին անգամ գրկանության մեջ հաստատվեց ռեալիստական մեթոդը:

Ռեալիզմը որպես աշխարհըմբռնման և գեղարվեստական արտացոլման յուրահատուկ մեթոդ առաջացել է մտածողության բարձր աստիճանում, երբ հաղթահարված էր և պետք է որ հաղթահարված լիներ անիկ աշխարհի դիցաբանական մտածողությունը, ինչպես և քրիստոնեական միջնադարի կրոնա-միստիկական մտածողությունը: Վերածնության գրականությունը ռեալիստական արվեստի առաջին խոշոր փուլն է, ռեալիստական մեթոդի առաջացման, ձևավորման և գրականության մեջ` որպես գեղարվեստական ստեղծագործական իշխող մեթոդի` հաստատվելու շրջանը: Հաղթանակեց զգայական բովանդակությունը, ստեղծվեց կենդանի պատկեր, իրական բնավորություն, գրական տիպ` ընդհանուր բովանդակությամբ ու անհատականությամբ: Ստեղծվեց գրական դիմանկար: Գեղարվեստական մտածողությունից դուրս մղվեց նախախնամության գաղափարը, որը այլ բան չէր, քան եթե` միջնադարյան գրականության մտածողության հիմքը: Վերածնության գրականության մեջ առաջին անգամ մարդկային կյանքն ու գործունեությունը պատկերվեց որպես ինքնուրույն օբյեկտ, սեփական օրենքներով ապրող ու գործող աշխարհ: Առաջին անգամ կենսական ճշմարտությունը գրականության մեջ հաստատվեց որպես ստեղծագործական գլխավոր օրենք: Ռեալիզմի մասին առաջին տեսական տրակտատները գրվել են այդ ժամանակ:

Վերածնության դարաշրջանի ռեալիզմը քննադատական ռեալիզմ էր:

Ճշմարտացիության սկզբունքը օգտագործվում էր իշխող հասարակական ախտերը ցուցադրելու և դրանք դատապարտելու նպատակով: Ռեալիզմը տարբեր ժամանակներում տարբեր բովանդակություն և տարբեր երանգներ է ունեցել: Կանգ չառնելով Վերածնության ռեալիզմի բոլոր յուրահատուկ կողմերի վրա, նշենք մի բնորոշ գիծ: Վերածնության ռեալիզմը երկպլանային ռեալիզմ է. կենսական ճշմարտության օրենքը երկու իմաստ ուներ: Մի կողմից ճշմարտացիորեն նկարագրվում էր գոյություն ունեցող ֆեոդալական կյանքը, որը համարվում էր չարիքի աղբյուր: Դա մեկ պլանն էր: Վերածնության հեղինակները դրանով չէին բավարարվում: Տիպականը նրանց համար միայն  այն չէր, ինչ գոյություն ուներ: Կար նաև բարձր ճշմարտություն, որը թեև իրական չէր, բայց հավատացած էին, որ լինելու է: Սա էլ մյուս պլանն էր: Ելնելով այս երկրորդ, բարձր կարգի ճշմարտությունից` նրանք մարմնավորում էին իրենց իդեալական պատկերացումները բաղձալի կյանքի մասին:

Վերածնության գրականության մյուս բնութագրական գիծը հին հունական և հռոմեական գրականության ավանդույթներն օգտագործելն է:

Վերածնության հեղինակների համար, որոնք ժխտում էին միջնադարյան մտածողությունը, դասական հնադարի փիլիսոփայությունը, գրականությունը, արվեստը պատրաստի նյութ դարձան: Միջնադարի դեմ մղված պայքարում հենվում էին դրանց վրա, դրանց օգնությամբ էին մշակում մտածողության նոր ձևեր: Այդ նպատակով ուսումնասիրում էին հունարեն և լատիներեն լեզուները, դասական հնադարի գրողներին, որոնում և հայտնագործում էին դրանց ձեռագրերը, դրանք տպագրում էին ծանոթագրություններով ու մեկնաբանություններով: Հումանիստական գիտությունները թափանցեցին համալսարանները,նոր հովերով թարմացնելով գրական և գիտական աշխարհը: Հին հունական և հռոմեական գրականությամբ հափշտակվելն այնքան ուժեղ էր, որ շատ գրականագետներ Վերածնություն ասելով հասկանում էին քրիստոնեական միջնադարում մոռացության մատնված դասական հնադարի վերածնունդը: Այս է այն խոշոր շարժումը, որը ծնեց հանճարներ և տվեց գեղարվեստական մնայուն արժեքներ:

Վերածնունդը Անգլիայում

Վերածնունդն Անգլիայում սկիզբ առավ 16-րդ դարի կեսին և հզոր թափ ստացավ ու գագաթնակետին հասավ նույն դարի վերջին և 17-րդ դարասկզբին:

Դա մի բուռն դարաշրջան էր, արմատական հեղաբեկումներ էին տեղի ունեցել երկրի հասարակական, քաղաքական և հոգևոր կյանքում: Մեծ թափով զարգանում էին մանուֆակտուրային արդյունաբերությունը, առևտուրը, ստեղծվում էր նոր հասարակական-քաղաքական կարգ, ավատական հասարակությանը փոխարինելու էր գալիս նոր կարգ: Հին <<ուրախ>> Անգլիան դուրս էր եկել միջնադարյան շրջանակներից և մտել բուրժուական զարգացման ճանապարհը:

Անգլիան 16-րդ դարում կապիտալիստական զարգացած երկիր էր: Կապիտալիստական քաղաքակրթությունը մուտք էր գործել կյանքի բոլոր բնագավառները, խարխլելով միջնադարյան կենսաձևերը, ավանդական պատկերացումներն ու բարքերը, ստեղծելով նոր հարաբերություններ, բարքեր, կենցաղ, բարոյականություն: Ավատական հազարամյա հասարակության փլատակների վրա բարձրանում էր մի նոր աշխարհ` բուրժուական աշխարհը: Անգլիան մտել էր միջազգային կապերի մեջ: 16-րդ դարավերջին, 1588 թ.-ի ամռանը տեղի ունեցած ծովային ահեղ ճակատամարտում կործանվում է իսպանական նավատորմիղը՝ նշանավոր Անհաղթ Արմադը, Անգլիան վճռական հաղթանակ է տանում գլխավոր մրցակցի՝ ծովերի արքա Իսպանիայի դեմ: Այնուհետև նա մտնում է եվրոպական առաջավոր երկրների շարքը, իշխող տեղ գրավում ծովագնացության մեջ, միջազգային առևտրում ու գաղութներում: Անգլիան դառնում է ծովային հզոր պետություն:

Ավատական հասարակության քայքայման և ազնվականության թուլացման հետևանքով ստեղծվում է նոր քաղաքական կարգ` միապետություն: Դա մի նոր, կենտրոնացված պետականություն էր թագավորի միահեծան իշխանությամբ, որի հիմքը դրվել էր Հենրիխ 7-րդ (1485-1509 թթ.) թագավորի օրոք: Հենրիխ 8-րդ-ի (1509-1547 թթ.) ժամանակ այն վերջնականապես հաղթանակում է, իսկ Եղիսաբեթ թագուհու (1558-1603 թթ.) օրոք ավելի հզորանում ու ծաղկում ապրում: Միապետությունը բուրժուական զարգացման արդյունք էր: Այդ դարաշրջանում նա հանդես էր գալիս որպես առաջադիմական ուժ, որը հաղթահարում էր ավատական ցրվածությունը, ստեղծելով կենտրոնացված իշխանություն և միասնական համազգային կյանք:

%d bloggers like this: