Բլոգի պահոցներ

Հայկական կինոյի նախապատմական շրջանը


Առաջին կինոցուցադրությունը Երևանում կայացել է 1899 թ.: Այստեղ էլ պաստառի վրա շարժվող ստվերներն առաջացրել են նույնպիսի խուճապ, ինչպես աշխարհի տարբեր տեղերում` սկսած Փարիզի Գրանդ կաֆեում 1895 թ. դեկտեմբերին Լյումիերների կազմակերպած առաջին սեանսից: Այդ օրն ու տարեթիվը համարվեցին կինեմատոգրաֆի ծննդյան օրը` այդ կերպ առանձնացնելով <<տասներորդ մուսան>> մնացած արվեստներից, որպես իր ծնունդը հիշող և նշող արվեստ: Ճիշտ է, բուն Հայաստանում կինոարտադրությունը սկզբնավորվել է խորհրդային կարգերի օրոք, և հայ կինոյի ծննդյան օրը համարվում է Հայաստանի Ժողովրդական Կոմիսարիատի Խորհրդի կողմից 1923 թ. ապրիլի 16-ին ընդունված` մասնավոր կինոթատրոններն ազգայնացնելու և <<Պետկինո>> կազմակերպությունը հիմնելու մասին որոշման տարեթիվը, սակայն նույնիսկ խորհրդային դարաշրջանում հրատարակված ուսումնասիրությունների հեղինակներն անդրադարձել են հայկական կինոյի նախապատմությանը:

Հայկական սովետական հանրագիտարանում կարելի է կարդալ. <<Հայկական կինոյի պատմությունը պարբերացնելիս անհրաժեշտ է առանձնացնել նրա նախապատմությունը, երբ չունենալով սեփական կինոարտադրություն, առաջին քայլերն  են արվել. 1908 թ. Գ. Սունդուկյանը մտադրվել է էկրանավորել իր Օսկան Պետրովիչն էն կինքումը վոդևիլը և սկսել սցենարի աշխատանքը,… 1913 թ. Ի. Փերեսթիանին Ա. Խանժոնկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանզադեի Նամուս վիպակը (ֆիլմը կոչվել է Երդումով կապվածները): Սցենարի հեղինակը և գլխավոր դերակատարն էր Վ. Փափազյանը: Նախահեղափոխական ռուսական ֆիլմերում նկարահանվել են Ա. Շահխաթունին, Ա. Ոսկանյանը, Ա. Բուրջալյանը, Օ. Մայսուրյանը և ուրիշ հայ դերասաններ: Մի շարք թուրքական ֆիլմերում նկարահանվել են հայ դերասաններ (Հ. Ներսիսյանը, Վ. Փափազյանը և ուրիշներ): 1915 թ. Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար) ռեժիսոր և օպերատոր Ա. Միներվինը մի խումբ հայ սիրող-դերասանների մասնակցությամբ և օգնությամբ (Բայաթովի գլխավորությամբ) նկարահանել է Թուրքահայերի ողբերգությունը կինոնկարը: 1919 թ. Հ. Զարիֆյանը փորձել է նկարահանել հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը, սակայն զուտ տեխնիկական պատճառով (ժապավենը լույս է տեսել) փորձն անհաջող է անցել>>:

Այդպես, <<Հայ ժողովրդի պատմություն>> բազմահատորի կինոյի պատմությանը վերաբերող մասում կինոգետ Սվետլանա Գուլյանը գրում է. <<Հայաստանում կինոարվեստի ծագման մասին բոլոր զրույցներն սկսվում են 1911 թ. կինոօպերատոր Ա. Դիգմելովի մասին հիշատակումից, որը ժամանել էր Էջմիածին, ժապավենին հանձնելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Մատթեոս Երկրորդի թաղման արարողությունը: Սակայն չի կարելի անտեսել Թիֆլիսում ապրող հայերի մշակութային զարգացումը: Դեռ դարասկզբին այստեղ նկարահանվում էին փաստագրական ֆիլմեր հայերի կյանքի մասին: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Կովկասյան ռազմաճակատում կատարված նկարահանումները: Այդ ժապավեններում պատկերված են ամբողջական դրվագներ Թուրքիայում ապրող հայերի կյանքից: Անգնահատելի է Օսմանյան Թուրքիայի կառավարության գիտությամբ և հրամանով արտաքսվող և բնաջնջվող հայ ժողովրդի ողբերգությունը պատկերող կադրերի նշանակությունը: … 1915 թ. Եկատերինոդարում նկարահանվեց <<Քրդերի իշխանության տակ>> կինոնկարը (ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր Ա. Միներվին), որը պատմում է թրքական ջարդի սարսափները վերապրած հայ ընտանիքի մասին>>:

Հիշատակված փաստերից բացի, հայ կինոյի նախապատմության հետ առնչվող բազմաթիվ այլ տեղեկություններ ու մանրամասներ բերված են Արծվի Բախչինյանի <<Հայերը համաշխարհային կինոյում>> մեծածավալ աշխատության մեջ: Դրանցից արժե առանձնացնել հետևյալ փաստը. <<… կինոգիտությանն անհայտ է մնացել, <<Հայկինոյի>> հիմնադրումից 11 տարի առաջ, 1912 թ. Եգիպտոսում հայ ուժերի կողմից հայկական թեմայով շարժապատկերի, ըստ էության` առաջին հայկական կինոֆիլմի ստեղծման և ցուցադրման իրողությունը: Այդ ժապավենը մեզ չի հասել, սակայն բարեբախտաբար նրա նկարահանման առթիվ լույս է տեսել 15 էջանոց մի գրքույկ (<<Հայկական սինէմա ի պատիվ հայ թատրոնի ութսունամեակին (1833-1913)>>, Գահիրէ, 1913), որը մանրամասներ է հաղորդում առաջին հայկական շարժանկարի վերաբերյալ: Այն հատուկ անվանում չի ունեցել, կոչվել է պարզապես <<Հայկական սինեմա>>, իսկ նրա իրականացումը կապվում է անցյալի երախտավոր մտավորականներից մեկի` Վահան Զարդարյանի անվան հետ>>:

Հայ դասական գրողների գործերի էկրանացման մի շարք փորձեր են արվել, սակայն դրանք չեն իրականացել միջոցների բացակայության պատճառով: Դրանցից մեկը եղել է Լևոն Շանթի <<Հին աստվածներ>> պիեսը, որի հիման վրա 1916 թ. սցենար էր գրել Մոսկվայի Առևտրական ինստիտուտի (բնականաբար, դեռ կինոյի ինստիտուտներ չկային) մի հայ ուսանող: Այդ անվհատ երիտասարդի անվան հետ է կապված հայ կինոյի հիմնադրումը և մի ամբողջ դարաշրջան` ոչ միայն հայ ազգային կինոյի, այլ նաև խորհրդային ուրիշ ժողովուրդների կինեմատոգրաֆների պատմության: Սակայն մինչ անհատապես նրա գործունեությանն անդրադառնալը, պետք է նշել, որ անգամ 1923 թ.-ի ապրիլի վերոնշյալ որոշումից հետո Պետկինոյի դրամարկղում փող չկար: Կազմակերպության տնօրեն Դանիել Դզնունու ղեկավարությամբ վարձակալվեց մի հին պրոյեկցիոն սարք, տասնյակ մաշված կինոժապավեններ, որոնք սկսեցին ցուցադրվել Հայաստանում 1920-ականներին հաստատված սովետական կարգերի կողմից ազգայնացված փոքրիկ կինոթատրոններում, այնուհետև բացվեցին նորերը: Իսկ ցուցադրումներից գոյացած եկամուտը թույլ տվեց 1924 թ. ձեռնարկել հայկական առաջին` <<Խորհրդային Հայաստան>> լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմի ստեղծումը: Սցենարը գրել էին Դ. Դզնունին, Պ. Ֆոլյանը և Ե. Չուբարը, իսկ նկարահանումները ղեկավարում էր Ի. Կրասլավսկին: <<Եվ տեղի ունեցավ հրաշք. եկվոր օպերատորների վատ նկարած առանձին կցկտուր կադրերից Կրասլավսկուն հաջողվեց հետաքրքիր ֆիլմ անել Խորհրդային Հայաստանի մասին: Այն շատ մեծ հաջողություն ունեցավ ողջ Սովետական Միությունում և հայկական սփյուռքի գաղութներում, ուր հայրենիքի կարոտ փախստականներն ուզում էին ճիշտն իմանալ վերածնվող Հայաստանի մասին>>: Այս կինոնկարից ստացված հասույթով ոգևորված Դզնունին նախաձեռնում է հայկական առաջին խաղարկային կինոնկարի ստեղծումը: Նյութի ընտրության ժամանակ կանգ էին առել Ալեքսանդր Շիրվանզադեի <<Նամուս>> վիպակի վրա, որի կինոբեմադրությունը Դզնունին առաջարկում է Համո Բեկնազարյանին: Մոսկվայի Առևտրական ինստիտուտի նախկին ուսանողն արդեն հասցրել էր որոշակի ճանապարհ անցնել կինոյում` կուտակելով հարուստ ու հետաքրքիր փորձ:

Նյութի աղբյուր

 

Սիրանույշ Գալստյան — Հայացք մեր կինոյին, պատմությունը և ներկան

Երևան, Հեղինակային հրատարակություն

2011

%d bloggers like this: