Category Archives: Պարարվեստ

Վանուշ Խանամիրյան


Վանուշ Խանամիրյան (1927թ. նոյեմբերի 5 — 2011թ. հոկտեմբերի 5), պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պարային արվեստների գործիչների միության նախկին նախագահ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր: 

1968 թ.-ին Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր բալետմեյստերի պաշտոնը ստանձնեց Վանուշ Խանամիրյանը:

Նա անսամբլ եկավ դասական բալետից և այն էլ որպես փառաբանված պարող, պարողներից առաջինը հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած:Բալետային արվեստը սիրողների հիշողության մեջ դեռ թարմ էին Խանամիրյանի ստեղծած կերպարները` Ներսես, Սասունցի Դավիթ, Գիրեյ, Սպարտակ, Լոռեցի Սաքո, Արքայազն և այլն:

Վաթսունական թվականների վերջերին պարարվեստի աշխարհում թեժ պայքար էր: Հարցերի հարցը ազգագրական և բալետային պարարվեստների փոխհարաբերությունն էր:

Երեսուն տարուց ավելի Հայաստանում իրար հարևանությամբ գոյակցում և ստեղծագործում էին Հայաստանի ժողովրդական երգի-պարի անսամբլը և Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի բալետի խումբը:Երկուսն էլ ստեղծվել էին Երևանի պարարվեստի դպրոցի հիմքի վրա: Նրանց կողքին արդեն մեկ տասնամյակ էր, որ գոյություն ուներ պարի պետական անսամբլը, որ հասցրել էր հռչակ ձեռք բերել ոչ միայն Հայաստանում ու Միությունում, այլև արտասահմանում: Սակայն ճգնաժամը հայկական ժողովրդական երգի-պարի և պարի պետական անսամբլներում առկա էր ու ակնառու: Ամենից առաջ դա արտահայտվում էր ծրագրերի կրկնությամբ և բեմադրական մտքի փոխպատճենահանմամբ, ինքնահնար և բալետային բեմադրությունների առատությամբ: Այդ կրկնությունը աչքի էր զարնում նույնիսկ Անդրկովկասի երեք հանրապետությունների պարային անսամբլների ծրագրերում և տարազներում:

Խնդրի լուծումը ոմանք տեսնում էին ժողովրդական անղարտ ակունքներին դիմելու և այդ հիմքի վրա դասական բալետի համադրումը, որը նոր ու մեծ հեռանկարներ կբացեր: Իսկ դա ինքնին նշանակում էր հմուտ լինել և ազգագրական ու ժողովրդական պարերում, և դասական բալետում, իսկ թերևս դրանցից ավելի` զգալ ազգային ոգին և պարը` որպես ազգային ոգու դրսևորում: Հատկություններ, որոնցից յուրաքանչյուրը առանձնահատուկ ձիրք ու տաղանդ էին պահանջում ապագա պարաստեղծից ու գեղարվեստական ղեկավարից:

Դասական բալետից անցումը ժողովրդական պարարվեստին թեև տեղի ունեցավ պատահականորեն, սակայն այն նախապատրաստված էր արտիստի հոգում: Ժամանակին նա չվարանեց ընդունել Թաթուլ Ալթունյանի հրավերը Հայաստանի երգի-պարի անսամբլում աշխատելու որպես բալետմեյստեր: Այստեղ նա բեմադրեց վեց պար, որոնց մի մասը մինչև այսօր շարունակում է մնալ անսամբլի խաղացանկում: Դա ժողովրդական և բալետային պարարվեստի  զուգորդման նրա առաջին փորձն էր, թեև դեռ չկար բարդ խնդրի հստակ ըմբռնումը, չկար ժողովրդական պարի հարուստ զինանոցից ստեղծագործաբար օգտվելու հմտությունը, ժողովրդական պարի ոգին ընկալելու կարողությունը: Խնդիրներ, առանց որի անհնարին կլիներ հարցի լուծումը:Այդ ամենը պիտի գար հետագայում, աստիճանաբար, իսկական վերածնունդ նախանշելով արվեստագետի ստեղծագործական կյանքում: Այս ամենի հետ մեկտեղ կար ճիշտ կողմնորոշումը` ժողովրդական պարի ակունքների ուսումնասիրությունը, բուն ժողովրդի մեջ պահպանված ազգագրական պարերի բեկորների որոնումով,որոնց նա ծանոթանում էր Հայաստանում և Սփյուռքում, դրա հետ մեկտեղ  ազգագրական գրականության մեջ: Նրա սեղանի գիրքը դարձավ Սրբուհի Լիսիցյանի <<Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները>> ուսումնասիրությունը, որն ամբարում է անսպառ նյութ` հայկական պարերի ծագումը, իմաստն ու ոգին ըմբռնելւ համար:Այդ ոգին անթեղված կար Գրիգոր Մարգարյանի ղեկավարած Աշնակ գյուղի սասունցիների պարախմբում, որ հետագայում բեմ ելավ Վահրամ Արիստակեսյանի ղեկավարությամբ: Դա մի անարատ ակունք էր ժողովրդական պարի ու ոգու: Վանուշ Խանամիրյանը ուղղակի ըմբոշխնեց այդ ակունքից և մտորում էր նոր անելիքների շուրջ: Բեմի վրա պետք է երևա ոգին, ժողովրդի հոգեկան կերտվածքը, կերպարը, բնավորությունը: Ռիթմի, մեղեդու, պլաստիկայի, տարազների, խմբապարի ու մենապարի մեջ պիտի արտացոլվի այդ հազարադեմ կերպարը, և միատեսակ կրքով ու կրակով այրի և հայրենիքի և սփյուռքի հանդիսատեսին: Նրանց հետ նաև օտարներին: Հենց այս ըմբռնումը և կիրքն են բնորոշում Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Վանուշ Խանամիրյանին և, ասես, այս ամենի խտացումն է <<Բերդ պարը>>, որը սկզբում բեմադրվել էր երգի-պարի անսամբլում:Բալետմեյստեր Վանուշ Խանամիրյանը որոնում է պարի նր տարբերակներ, անում սրբագրումներ, գեղարվեստական գաղափարը ավելի ցայտուն և էքսպրեսիվ դարձնելու նպատակով: <<Բերդ պարում>> ինչպես կիզակետում, խտացված է գաղափարական և գեղագիտական խնդիրների ողջ համալիրը. այն որպես կոթող խորհրդանշում է անսամբլի ստեղծագրծական դեմքը:Հանդիսավոր, ծանրաքայլ, խրոխտ, ռազմաշունչ ու կոփածո շարքերով, ամեն մի քայլը բեմում նվաճելով, ժողովրդական զանգվածների անսասանության պատկերն է ստեղծում տղաների խումբը, որի մեջ դարերի հերոսական դրվագների արձագանքը կա, սերունդների բերդի նման անառիկ, կուռ միասնությունը:

Վանուշ Խանամիրյանի մյուս բեմադրությունում` <<Սարդարապատում>> ողջ դրամատիզմը կառուցված է հերոսական և քնարական տրամադրությունների հակադրության վրա: Ամբողջովին բալետային լեզվին դիմելը այստեղ արդարացված է կոնկրետ իրադարձության պատկերը վերստեղծելու անհրաժեշտությունից: <<Սարդարապատը>> կարող էր բալետային ներկայացման մի ամբողջական, գրեթե ինքնուրույն դրվագ լինել:

Գեղջկական կյանքի տեսարաններ ստեղծելու Խանամիրյանի առաջին բեմադրություններից է <<Հոտաղների պարը>>: Այն լեցուն է գեղջուկ տղաների աշխուժությամբ, հումորով, սրամիտ ու խոլական պարային շարժումներով: Այս պարի մեջ թերևս բացահայտվում է նրա տաղանդի մյուս կարևոր գիծը` կենցաղի, կոլորիտի վառ զգացողությունը, այն արտահայտիչ ու վարակիչ դարձնելու հմայքը: <<Հոտաղների պարը>> նախադրյալ էր այնպիսի ցայտուն կոլորիտային պարի, կյանքի ու կենցաղի պատկերի անբասիր զգացողության, ինչպիսին հետո դարձավ հանրաճանաչ <<Կինտոների պարը>>: Այստեղ թիֆլիսյան կյանքի պոեզիան տրված է կոլորիտի ցայտուն արտահայտչականությամբ:Կովկասյան պարերի տարրերով ստեղծված կենդանի, բնութագրական պարերը, ծղրտոց հիշեցնող ղարտ ծիծաղը, մի հատիկ բառը` <<մուզիկա>>. առավելագույնն են տալիս Թիֆլիսի մասին, քան շատ ու շատ գրական գործեր:Լինելով երևանյան ծնունդ, տեսած լինելով հին ու նոր Երևանը ամենացայտուն հակադրությունների մեջ, տիպիկ արևելյան կերպարներով, նոր ժամանակների սկզբնավորումներով, Խանամիրյանը չէր կարող անտարբեր մնալ իր մանկական և պատանեկան տարիների վառ տպավորությունների ու զգացողությունների նկատմամբ, չէր կարող արվեստագետի իր վերաբերմունքով նորովի չստեղծել այդ ոչ հեռավոր անցյալը` հին Երևանը, որին մենք հրաժեշտ ենք տվել ժպիտով, և ինչ-որ տեղ ափսոսանքով, մեր տպավորությունների մեջ խորհրդանշվող Ղանթարով` Երևանյան ծածկած շուկաների նախատիպով:

<<Ղանթար>> պարում ասես մի պահ կենդանանում են Սեդրակ Առաքելյանի վրձնած հին Երևանը, շուկան, փողոցներն ու տները…

Դեռևս պարի անսամբլի սկզբնավորման տարիներին Խանամիրյանի բեմադրություններից մեկը լավ ընդունելության արժանացավ և մինչև հիմա էլ անսամբլի ծրագրում իր պատվավոր տեղն ունի: Դա <<Կակաչներ>> պարն է: Թերևս այն ստեղծված է <<Բերյոզկա>> անսամբլի պարային մի հնարքի օգտագործումով, բայց իր ինքնատիպ մտահղացմամբ ու կատարմամբ ունի ինքնուրույն նկարագիր: Այդ մտահղացումը` աղջիկ-կակաչ, համահնչուն է նկարիչ Սուրեն Ստեփանյանի <<Իմ երազանքը>> կտավին, հայկական լեռնալանջին փունջ-փունջ ցրված են աղջիկ-կակաչների խմբերը: Մտահղացումն իսկ բանաստեղծական է և տարազի հետ համահնչուն ստեղծում է գողտրիկ բնապատկեր, որը ձեռք է բերված բացառապես բալետային պարարվեստի միջոցներով:

Պարի անսամբլի կանացի խմբապարերի մեջ թերևս ամենահաջողվածը <<Էնզելին>> է, որը Խանամիրյանը ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանի օրերին: Շեշտը դնելով կանացի քնքուշ ու առինքնող մարմնաձևերի ընդգծման վրա, պարաստեղծը միաժամանակ ասես զանազան հյուսվածքներ է ստեղծում դրանցից, որոնց մեջ մի ուրույն հմայքով է առանձնանում աղջիկների ձեռքերի հյուսվածքը, դառնալով պարի հիմնական բարձունքն ու ավարտակետը: Կանացի այդ երկու խմբապարը տեխնիկական բարձր մշակվածությամբ ու անթերի կատարման շնորհիվ կարող են օրինակելի նմուշներ համարվել անսամբլի ողջ ծրագրում: Ոչ մի տեղ գծի հստակությունը, պարի հատակագիծ-նախշազարդի իդեալական ճշգրտությունը այնպես չի պահպանվում, ինչպես այստեղ:Պարաստեղծ Վանուշ Խանամիրյանի համար հետզհետե բնորոշ է դառնում ստեղծագործական մի հատկանիշ, որի մեջ կա զարգացման առողջ հատիկը և ճոխացող հեռանկարը: Եթե <<Բերդ պարը>> ստեղծված է պատկերի հանդիսանքային հնարքի վրա, ընդգրկելով ոչ միայն ժողովրդական պարերի տարրեր, այլև ոգի, այդ ամենը ի մի բերելով կոմպոզիցիոն միասնության մեջ, ապա բոլորովին այլ հատկանիշներով է բնորոշվում ավանդական <<Քոչարին>>:

<<Քոչարին>> հայկական ամենահնավանդ պարերից է. այն չափազանց տարածված լինելով ունի մի քանի տասնյակ տարբերակներ: Եվ դրանցից ամեն մեկը յուրովի գեղեցիկ է: Վանուշ Խանամիրյանի բեմականացրած <<Քոչարին>> պահպանել է ոչ միայն այդ գեղեցկությունները, ճաշակով ու շնորհքով համադրելով միմյանց, բխեցնելով այդ ամենը իրարից, պարային պատկերի մեջ միացնելով ու զատելով աղջիկների ու տղաների խմբերը: <<Քոչարին>> այնպիսի համապարփակ հնարավորություններ է պարունակում, որ այն կարող է մերթ որպես մարտական պար ներկայանալ, մերթ որպես մրցություն, մերթ ժողովրդական ուրախ ու հանդիսավոր տոնախմբություն, միշտ պահպանելով հայկական հախուռն թափը, շեշտված ռիթմը, պոռթկուն խանդավառությունը, որից խաղս են գալիս պարողների ու հանդիսականների մկանունքը:Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական պրոֆեսիոնալ բարձր մակարդակը, որ հավաստված է հանրապետության գյուղերի ու քաղաքների մարդաշատ համերգներով, բազմաթիվ շրջագայություններով (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Լեհաստան, Լատինական Ամերիկայի երկրներ, Արաբական արևելքի երկրներ, Աֆղանստան, Իրան և այլն), բազմահազար հանդիսականների ու մասնագետների բարձր գնահատականներով, ամենից առաջ նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի տաղանդով է պայմանավորված:

Զեմֆիրա Երիցյան (Земфира Ерицян)


Դեռևս 1959 թ.-ին, երբ Զեմֆիրա Երիցյանը առաջին անգամ <<Սիրամարգ>> պարի կատարմամբ հանդես եկավ Երևանի օպերային թատրոնում, երկարատև ծափերը ազդարարեցին պարուհու բեմական մկրտությունը:Դա ձեռքերի, մատների նրբին շարժումների մի համանվագ էր, որ տարիներ հետո արտասահմանյան թերթերից մեկի դիպուկ բնութագրմամբ, պետք է կոչվեր <<ձեռքերի երաժշտություն>>:

Հանդիսականը իր սիրած պարուհուն արդեն հեշտությամբ ճանաչում և ողջունում էր ոչ միայն մենապարերում, այլև մասսայական պարերում:Այսպես իրար հաջորդեցին <<Վաղարշապատի պարը>>, <<Չինար ես>>, <<Կախարդված ծաղիկներ>>, <<Անահիտի և թագաժառանգ Վաչագանի սիրո լեգենդը>>, <<Լեռների դուստրը>>, <<Կռունկները>> և այլն:

Կոմիտասյան երկու պարերը` <<Վաղարշապատի պարը>> և <<Չինար եսը>> նոր խնդիրներ դրեցին պարուհու առջև: Ընդհանուր բնութագրական պարային շարժումները պետք է ազգային հող ու հիմք ունենային, ազգագրական համ ու բույր, սակայն միաժամանակ դասական մաքրություն և բյուրեղացում:

Պարուհու հասունության հավաստիքը եղավ <<Ղանթար>> պարային սյուիտում դռնապան-մաքրող աղջկա դերապարը, որը նոր ամպլուա էր Երիցյանի համար: Նա ստեղծեց ժողովրդական հումորով օժտված, կոլորիտային մի կերպար:

Լուսանկարները՝ AV Production կայքի

%d bloggers like this: