Category Archives: Հայ գրողների ստեղծագործությունները

Հովհաննես Շիրազ — Ա՜խ, անուշ մի կին լիներ իմ կողքին


Ա՜խ, անուշ մի կին լիներ իմ կողքին,

Հարազատ, ինչպես իմ աչքն` իմ աչքին,

Ինձ օգնող, ինչպես իմ ձեռքն` իմ ձեռքին,

Ինձ գգվող, ինչպես իմ շուրթն` իմ շուրթին,

Ինձ ներող, ինչպես իմ խելքն` իմ սրտին,

Ինձ ընկեր, ինչպես իմ ոտքն` իմ ոտքին,

Ինձ հսկող` ինչպես իմ վախն` իմ կյանքին,

Անբաժան, ինչպես իմ սիրտն` իմ կրծքից,

Միշտ հավատարիմ, ինչպես միշտ ես ինձ:

Ա՜խ, քնքուշ մի կին ինձ մանուշակվեր,

Շրշար իմ կողքին, մութս ճրագվեր,

Իմ ոտքը կտրեր թափառիկ դրսից,

Սիրտս ձեռ քաշեր մի օրվա հարսից,

Կինս օջախիս կրակը դառնար,

Վշտերիս ծուխը երկինք ամբառնար,

Ա՜խ, բարի մի կին վանքվեր իմ կողքին,

Մշտասուրբ, ինչպես մայրս կաթոգին,

Որ մորս ոգին, թեկուզ մի բերան,

Մեզ հայտնվելով` համբուրեր նրան:

Բայց ո՞ր կինն է, որ ունի շունչը մոր,

Մեռան մայրասիրտ կանայք հարգևոր,

Հնու՞մ էլ կինը այսպես էր, ինչո՞ւ,

Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ կինն` ինչպես գնչու`

Այսօր իմ գիրկն է, իսկ վաղն ուրիշի,

Սատանան ինքն էլ կեսն է բամբիշի.

…………………………………………………………..

Ա՞յս էր մշտադավ կինն հին էլ կյանքում,

Թե՞ այսպես դարձավ այս նոր աշխարհում…

Թե բարի պտուղ լիներ կինը չար`

Աստված էլ թեկուզ կես կին կունենար:

Քնար Հայաստանի: Գիրք երրորդ:
«Հայաստան հրատարակչություն»
Երևան 1974

Եղիշե Չարենցի Ամբոխները խելագարված պոեմի վերլուծությունը


Պոեմի գաղափարական բովանդակությունը

Բանվորագյուղացիական երկիրը ոչ միայն ռազմի սվիններով ու հրացանների համազարկով, այլև ժողովրդի հոգեկան ուժերի անսանձ խոյանքով ոտքի էր ելել հին աշխարհը կործանելու և նրա փլատակների վրա նորը կառուցելու:Բովանդակ Ռուսաստանը՝ մի ծայրից մյուսը, ապրում էր հեղափոխության ազատարար շնչով:Ոտքի ելած ժողովրդի պայքարը պատկերելու համար Չարենցը դիմեց այդ նշանավոր իրադարձությանը ներդաշնակ հերոսական ասքի ժանրին:

Հեղափոխության վիթխարի տարերքն ու վեհությունն արտահայտելու համար գրված <<Ամբոխները խելագարված>> (1919) պոեմը նշանավորեց հայ բանաստեղծության գաղափարական շրջադարձը:Եթե <<Սոմայում>>  հեղափոխությունը ներկայացվում է դիցաբանական հերոսի կերպարանափոխության խորհրդապաշտական պատկերով, ապա այս պոեմում հանդես են գալիս իրական մարդիկ՝քաղաքներից,գյուղերից ու ստեպներից եկած ժողովրդական զանգվածները:

<<Ամբոխները խելագարված>> պոեմը 20-30-ական թթ.-ի քննադատությունը համարել է ժողովրդի անարխիստական խռովության և <<կույր տարերքի>> արտահայտություն,ուր,ոմանց կարծիքով թերագնահատվել է զանգվածների հեղափոխական գիտակցությունը:Դա սխալ տեսակետ է:Այս ենթադրության համար հիմք է ծառայել պոեմի <<Ամբոխները խելագարված>> վերնագիրը, ինչպես և այն, որ Չարենցը հեղափոխությունը ներկայացնում է որպես <<ամբոխների>> հոգեկան ուժերի հուզական բռնկում:Մինչդեռ Չարենցի <<ամբոխները>> հեղափոխության վեհ գաղափարներով լուսավորված այն զանգվածներն են, որ ամբողջ էությամբ գիտակցում են իրենց պայքարի ու նպատակների պատմական բովանդակությունը:Պոեմում շարունակ հոլովվող <<ամբոխները խելագարված>> հասկացությունը ուղղակի հակադրությունն է ժողովրդի <<ամբոխ>> հորջորջմամբ նսեմացնելու միտումի,որ տեղ ուներ դարասկզբի անկումային պոեզիայում:Այնպես,ինչպես ժողովուրդն իր էպոսում դրական հերոսներին որակում է Սասնա ծռեր, այդպես էլ Չարենցը իրեն հարազատ մարդկային զանգվածներին բնութագրում է այդ մակդիրով:Ազատագրական պայքարի հերոսներին երգող գրականության նշանաբանը Մ. Գորկին համարում էր <<խոլ-խիզախների խենթությունը>>: Չի կարելի տարակուսել, որ <<խելագարված ամբոխների շարժումը>> պատկերելիս Չարենցը նկատի է ունեցել նաև Մ. Գորկու ռոմանտիկական արվեստի ավանդները:Ժողովուրդը պոեմում երևում է ոչ միայն հին աշխարհի կործանման սկզբունքը կրողի,այլև կյանքը՝ նոր ու գեղեցիկ հիմունքներով վերակառուցողի դերով:Չարենցը մեծարում է ժողովրդի հեղափոխական կամքը:Նրա դյուցազնական ոգին ու նպատակների պատմական վեհությունը:Ահա պոեմի այն հատվածը, ուր վեհաշունչ-պաթետիկ ոճով բանաստեղծը տալիս է <<խելագարված ամբոխների>> գնահատությունը:

Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր-

Երկինքներ կան կապուտաչյա, հորիզոններ՝ անծայր, անծիր

Ու աչքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ-

Հազար բողբոջ կա կրակոտ, ու արշալույս, ու առավոտ:

Նրանց ձգված մկաններում ուժն է նստել խոնավ հողի,-

Եթե ուզեն՝արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի…

Եթե ուզեն՝ արեգակներ կըշպրտեն երկինքն ի վեր,

Եթե ուզեն՝ վայր կբերեն երկինքներից արեգակներ…

Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված-

Ինչեր միայն չեն կատարի ամբոխները խելագարված…

Պոեմի միջով կարմիր թելի պես անցնում է ժողովրդի՝որպես հեղափոխության վիթխարի և ահեղ ուժի գաղափարը:

Պոեմի կառուցվածքը

Չարենցի նպատակը ոչ թե հեղափոխության համայնապատկերը ներկայացնելն էր, այլ նրա համամարդկային բովանդակության բացահայտումը:Հեղափոխությունը, նրա հայացքով, ընդգրկելու է ամբողջ աշխարհը, ծավալվելու է նրա անսահման տարածություններում, հասնելու է տիեզերական ոլորտներ:Պոեմը բացվում է ժողովրդական դյուցազնավեպերի հրովարտակը հիշեցնող դիմումով:Բանաստեղծն իր ողջույնն է հղում աշխարհի բոլոր կողմերի կրակված սրտերին,ազդարարելով պատմության նոր այգաբացը:

Հեռու, մոտիկ ընկերներին,-աշխարհներին,արևներին,-

Հրանման հոգիներին:-

Բոլոր նրանց,ում որ հոգին վառվում է վառ,-

Բոլոր նրանց հոգիներին արևավառ,-

Կյանքի,մահի այս ամեհի աղջամուղջում՝

Ողջակիզվող հոգիներին-ողջույն ողջույն:

Այս դիմում-նախերգանքին հետևում է ժողովրդական զանգվածների նպատակների միասնության միտքը.

Արևի տակ իրիկնային,իրիկնային հրով վառված՝

Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված

Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ՝

Եկել էին նրանք նորից՝ հուսավառված ու կրակոտ:

Ով քաղաքից էր հեռացել-նա թողել էր մշուշը ծեր,-

Մշուշը, որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր դարձել:

Ով եկել էր գյուղից հեռու-նա թողել էր հողը խոնավ,

Որի վրա կյանքը հլու ոչ մի ոսկի հասկ չծնավ:

Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր

Լայնությունը հորիզոնի,որ իր համար բանտ էր դարձել:

Ամբոխների միաձույլ կամքով և հերոսական ոգեշնչումով ծավալվում է ճակատամարտը երկաթուղային կայարանի ու քաղաքի գրավման համար, որի նկարագրությանն են նվիրված պոեմի մյուս մասերը՝4-16-րդ գլուխները:Ահա և <<ամբոխների>> հուժկու ընթացքը դեպի արևը,որով էլ ավարտվում է պոեմը:

Աչքերն հառած հեռու-հեռուն կարմիր վառվող արեգակին

Արևավառ հեռուներում նրանք արեգակի հրով վառված՝

Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝

Դեպի Արևն էին գնում ամբոխները խելագարված…

Պոեմի սյուժեն

Հին և նոր աշխարհների ճակատագրական բախումը Չարենցը ցույց է տվել ոչ թե մանրամասն նկարագրություններով, այլ հեղափոխության մի դրվագի բանաստեղծական հզոր ընդհանրացմամբ:Պոեմի սյուժետային հիմքը հեղափոխության դրվագներից մեկն է՝ հին աշխարհը մարմնացնող քաղաքն ու կայարանը գրավելու համար մղված ճակատամարտը:

Ուրբանիստ բանաստեղծների ոճով Չարենցը բուրժուական քաղաքը պատկերում է որպես <<զառամյալ>> քաղաքակրթության միջնաբերդ:Քաղաքի կողքին կայարանն է:Խենթացած ամբոխները ճակատամարտ են տալիս և գրավում քաղաքը և կայարանը, խորտակելով հին աշխարհի այդ ամրոցները:Պոեմի  բովանդակությունը, անտարակույս, շատ ավելի հարուստ է, քան այս պարզ սյուժեն:Նրանում էպիկական լայն գծերով երևում են հեղափոխության ընդարձակ չափերն ու զանգվածների հզոր ուժերի լեռնացումը:

Պոեմի ոճը

<<Ամբոխները խելագարված>> պոեմում կան նաև ռեալիստական թանձր նկարագրություններ, բայց բնույթով հիմնականում ռոմանտիկական ոճի ստեղծագործություն է:Ռոմանտիկական ոճը ժամանակի գրականության բնորոշ հատկանիշն էր: <<Ռոմանտիկա, ես մտերմացել եմ քեզ հետ>>,- այդ տարիներին գրում էր ռուս բանաստեղծ Էդ. Բագրիցկին, արտահայտելով իր ժամանակակիցներին համակած տրամադրությունը:Այդպես էին մտածում նաև հեղափոխության մյուս երգիչները,որոնց մեջ և նրա ամենամեծ երգիչը՝Եղիշե Չարենցը:Ժամանակի հերոսապատումն արտահայտելու խնդիր դնելով իր առջև, Չարենցը դիմեց արտահայտչական այնպիսի եղանակների,որոնք համապատասխանում էին հեղափոխության անսանձ տարերքին:Չարենցի պատումի մեջ կարևորագույն դեր ունեն երգի,արևի և մի շարք այլ խորհրդապաշտական կերպարներ:Հին աշխարհը գրոհող հեղափոխության մարտիկների հերոսական ոգին արտահայտելու համար նա հաճախակի դիմում է <<երգի>> կերպարին. <<Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված>>, <<երգ էր կարծես կռիվը այդ>>, <<որպես բազե՝երգը նրա սլանում էր հեռու հեռու>>, <<երգով գրավեցին կայարանը>> և այլն:Բնորոշ է նաև այն, որ այս պոեմում Չարենցը շարունակ օրհներգում է արևը որպես կյանքի նշան:Չարենցի արևապաշտությունը նման չէ սիմվոլիստ բանաստեղծների նկուն աղոթքներին:Չարենցի արևապաշտությունը արևի՝արիության, ուժի, վերածնության ժողովրդական պատկերացումից սնվող մեծ զգացմունք է:Պոեմի եզրափակող տողերում Արևը մտնում է հաղթանակած բազմությունների երթը, խորհրդանշելով նրանց հզոր ապագան.

Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝

Դեպի Արևն էին գնում ամբոխները խելագարված

Ավ. Իսահակյանի <<Աբու-Լալա Մահարի>> պոեմը ևս վերջանում է դեպի արևը գնացող բանաստեղծի կերպարով՝՝ <<Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը, թռչում էր անդուլ՝ հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը…>>:

Երկու դեպքում էլ արև ըմբռնվում է որպես ազատության խորհրդանշան:Բայց եթե Ավ. Իսահակյանի խռովարար հերոսը ազատության գաղափարը իմաստավորում է անհատապաշտորեն,ապա,Չարենցը դրա մեջ դնում է ժողովրդական զանգվածների՝պայքարով նվաճող երջանկության միտքը:

Պոեմի լեզուն, պատկերները, ռիթմը

Չարենցի հերոսական ասքի ռոմանտիկական ոճի մեջ կարևոր դեր է խաղում նրա ինքնատիպ բառապաշարը:Չարենցը այստեղ ցույց է տալիս բառի՝ հուզական հատկանիշները երևան բերելու մեծ բարպետություն:Նրա գրչի տակ սովորական բառը դառնում է բառ-կերպար, բառ-բնութագրություն, բառ-զգացմունք:Ահա, օրինակ, հետևյալ տողը.<<Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն>>:Հրակարմիր ածականը այս կապակցության մեջ ոչ միայն հատկանիշ է արտահայտում, այլև՝ գործողություն:Դա բնութագրում է ոչ միայն օրվա տվյալ պահը, այլև՝ ընդհանրապես լարված ու բռնկված ժամանակը:Ավելին, դա նաև արտածում է որոշակի հուզական վերաբերմունք:Չարենցը պոեմում դիմում է այնպիսի ծավալուն մետաֆորական պատկերների, որոնք դառնում են հասարակական կյանքի մեծ երևույթները բնութագրող խորհրդանիշներ:Այդպիսի մեծախորհուրդ մետաֆորներ են մայրամուտն ու արշալույսը, որոնցից առաջինը խորհրդանշում է մեռնող հին աշխարհը, երկրորդը՝ նոր ծագող կյանքը;Պոեմը աչքի է ընկնում նաև ռիթմիկական բազմազանությամբ:Ռիթմի փոփոխությունները կոչված են ցայտունացնելու հեղափոխության հուժկու ընթացքը:Այսպես,պոեմի երկրորդ գլխում ներկայացված բնանկարը՝իրիկուն, մայրամուտ, ալեծածան արտեր, լայնատարած դաշտ,-այս ամենը սկզբում դիտված են հանդարտ, անշարժ դրության մեջ:Դեռ ամբոխները չկան,իսկ երբ երևում են՝ պոեմի ռիթմն անմիջապես փոխվում է, պատկերը լցվում հողմնային անսանձ տարերքով:

Մուրացանի Առաքյալը վիպակի բնութագիրը


Առաքյալը վեպում հիմնականում ռեալիստորեն պատկերելով իրականությունը, Մուրացանը փաստորեն հերքել է <<Խորհրդավոր միանձնուհի>> ռոմանտիկական վեպում տասներեք տարի առաջ արտահայտած իր գաղափարները: Մուրացանը գյուղում գործելու առաքելությունը դնում է նյութական կարիքից ազատ բուրժուական ինտելիգենցիայի վրա. բայց միաժաման իբրև ռեալիստ ցույց է տալիս, որ դա անհնար է, այդ ինտելիգենցիան ընդունակ չէ նման անձնազոհության: Պեդանտի անուն հանած Պետրոս Կամսարյանը, ի զարմանս բոլորի, ուսանողական հավաքույթում հայտնում է, թե ինքը ավարտական քննություններից հետո, պետք է գնա գյուղում գործելու` հատկացնելով այդ նպատակին նաև հարուստ ծնողներից իրեն հասանելիք ժառանգությունը: Նա Մուրացանի հետ միասին այն կարծիքին է, թե գյուղացու ծանր դրության պատճառը նրա <<տգետ և անուսում>> լինելն է: Գյուղացիները կարող են ազատվել կյանքի դառնություններից և հասնել երջանիկ դրության, եթե <<խելոք գլուխները մտածեն նրանց մասին և կարող ձեռքերն աջակցեն նրանց աշխատության>>: Ինքը ունի կարող ձեռքեր և խելոք գլուխ, ուրեմն պետք է գնա գյուղ գործելու:

Մոսկվայից հայրենիք վերադառնալու ճանապարհին Կամասարյանը կազմում է իր գործունեության ծրագիրը` գյուղական հասրակության իրավունքների պաշտպանություն, լուսավորության գործի հիմնադրություն և գյուղացու տնտեսական դրության բարվոքում: Կամսարյանին այնքան է հրապուրում <<մեծ գործի>> իր ծրագիրը, որ սկսում է փայփայել առաքյալի փառք ու հռչակ ստանալու հույսը:

Առաջին փորձությունը տեղի է ունենում տանը, ծնողների մոտ: Վերջիններիս զարմացնում է, որ իրենց Պետոն փոխանակ դատարաններում <<ժամերով>> ճառեր ասելու և դրա համար հազարներ ստանալու, մտածում է <<կոռների>> ու նրանց հոտած գյուղերի մասին: Իբրև նոր գայթակղություն Պետրոսի մայրը հիշեցնում է գեղեցկուհի Ադելինայի և նրա 40.000 ռուբլի օժիտի մասին: Թուլակամ Կամսարյանը տատանվում է և միայն նոթերի տետրը ձեռքն առնելով ու իր կազմած ծրագիրը կարդալով է կարողանում դիմանալ այդ գայթակղությանը: Այնուհետև Մուրացանը երգիծանքով է նկարագրում նրա ճանապարհի պատրաստությունները: Հայ գյուղում գործելու համար նա վերցնում է որսի հրացան, հունգարական թամբ, հեռադիտակ, կողմնացույց, գյուղացիների համար որսի շների տեսակների և որսորդության ու գինեգործության մասին ռուսերեն լեզվով գրված ձեռնարկներ: Պարզ է, որ Կամսարյանը չգիտե` ուր է գնում և ինչու:

Նա չգիտե հայ գյուղի ու գյուղացու մասին գրեթե ոչինչ: Մուրացանն ասում է, որ նա կարդացել է <<Վերք Հայաստանի>> գիրքը, բայց այդ էլ չի երևում: Այսպես, օրինակ` <<Կամսարյանը>> չխոսկան կանանց տեսնելով, նրանց համրի տեղ է դնում: Գյուղում գործել ուխտած այդ երիտասարդը չի կարող տանել իր հետ միասին կառքում նստած տիրացու Մոսի քրտինքի հոտը:

Չիբուխլու հասած րոպեից նրան տիրում է կանխահաս վհատությունը` թե անհնար է գործել այդ գյուղ կոչված <<ավերանոցում>>: Մի պահ նրա մեջ կռվում են գաղափարական և անձնասիրության <<ես>>-երը և հաղթանակը մնում է անձնասիրության <<ես>>-ին: Մի փոքր ավելի գյուղական կյանքին ծանոթանալուց հետո, երբ, առանց վախենալու նրա իրավաբան լինելուց, լվերը ծծում են նրա արյունը, իսկ <<անիծուկ կովը>> յուր բառաչով խանգարում է <<աղի>> երազը Բորժոմի և Ադելինայի մասին, Կամսարյանը փախչում է գյուղից, ծրագրերով լցված նոթի տետրը գետը նետելով: Մուրացանը գերադասել է լռել Կամսարյանի փախուստին նախորդած հոգեկան ապրումների մասին, <<որպեսզի, եթե երբևիցե նման ոգևորությամբ վառվին ուրիշ երիտասարդներ, նրանց անծանոթ մնա առաջին ոգևորվողի հուսահատ տրտունջը>>:

Չիբուխլվում քնած ժամանակ Բորժոմ երազող Կամսարյանը վերջապես Բորժոմումն է: Այդտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում և զարմանում գյուղում գործելու իր <<հիմար>> ցանկության վրա: Նա փայլուն կավալեր է, պարերի աննման դիրիժոր. <<լավ է վայելել, քան թո մտածել>>,- վճռում է Կամսարյանը և նշանվում գեղեցիկ Ադելինայի հետ: <<Իսկ Չիբուխլուն… Սևանը,- հարցնում է Մուրացանը և ինքն էլ պատասխանում,-Նրանք դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպես հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության…>>:

Մուրացանը չհանգեց այն եզրակացության, թե նախառևոլյուցիոն գյուղը կարելի էր փրկել միայն ռևոլյուցայի միջոցով: Նա այն միամիտ և սխալ կարծիքն ուներ, թե առանձին անհատները, եթե ցանկանան, կարող են գյուղացու դրությունը բարվոքել: <<Առաքյալ>>-ում Սայու և Խոջայի միջադեպով Մուրացանը ցանկանում է ասել, թե Կամսարյանը շնորհք ունի, կարող է գյուղում գործել, բայց չի ցանկանում: Դա ցավ է պատճառում հեղինակին:

<<Առաքյալը>> վեպում ևս նկատելի է նարոդնիկական հայացքների ազդեցություն` ինտելիգենցիայի դեպի գյուղ գնալը, անհատի դերի գերագնահատումը, գյուղը քաղաքից պատնեշելու, քաղաքին հակադրելու տենդենցը:

<<Առաքյալ>>-ում հիմնականում հաղթանակեց Մուրացանի ռեալիզմը, Չիբուխլուի պատկերում, ինչպես արևը մի կաթիլ ջրում, արտացոլված է անսահման կարիքի ու հետամնացության մեջ գտնվող հայ գյուղի պատկերը:

Վեպում Մուրացանը կերտել է բազմաթիվ տիպեր: Պետրոս Կամսարյանը կերտել է բազմաթիվ տիպեր: Պետրոս Կամսարյանը, նրա մայրը, Մոսին, Սային, Խոջան, Պետին, տեր Վանին ունեն ռեալիստական նկարագրեր: <<Առաքյալ>>-ում և <<Նոյի ագռավ>>ում Մուրացանը հաջող կերպով է օգտագործել ժողովրդական ասացվածքները, առակներն ու բարբառները:

Հովհաննես Թումանյան — Անխելք մարդը


Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում: Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե` պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ:

Ճանապարհին մի գայլ պատահեց.

— Առաջ բարի, մարդ-ախպեր, ու՞ր ես գնում, — հարցրեց գայլը: <<Գնում եմ աստծու մոտ, — պատասխանեց աղքատը, — դարդ ունեմ ասելու>>:

— Դե որ գնաս աստծու մոտ, — խնդրեց գայլը, — ասա մի սոված գայլ կա, գիշեր ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես` ինչու՞ չես կերակուր հասցնում:

<<Լա՛վ>>, — ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը: Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա:

<<Ու՞ր ես գնում, ախպեր>>, — հարցրեց աղջիկը:

<<Գնում եմ աստծու մոտ>>:

— Երբ որ աստծուն տեսնես, — աղաչեց սիրուն աղջիկը, — ասա այսպիսի մի աղջիկ կա` ջահել, առողջ, հարուստ — բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրեն — ի՞նչ պիտի լինի նրա ճարը: <<Կասեմ>> — խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր:

— Ու՞ր ես գնում, ա՛յ ճամփորդ, — հարցրեցչոր ծառը:

<<Գնում եմ աստծու մոտ>>:

— Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ — խնդրեց չոր ծառը, — աստծուն կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. երբ պետք է ես էլ կանաչեմ:

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը: Այնքան գնաց մինչև գտավ աստծուն: Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը:

— Բարի օր, ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին:

— Բարով եկար, — պատասխանեց աստված, — ի՞նչ ես ուզում:

<<Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են>>:

— Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր, — ասաց աստված:

<<Էլ բան ունեմ ասելու, տեր>>, — ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը:

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ:

Վերադարձին պատահեց չոր ծառին:

— Ինձ համար ի՞նչ ասաց աստված, — հարցրեց չոր ծառը:

<<Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չըհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ>>, — պատմեց մարդը: — Էլ ու՞ր ես գնում. արի՛ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կըհարստանաս, ես էլ կըկանաչեմ:

<<Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ>>, — պատասխանեց աղքատը, <<աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ>>, — ասաց ու գնաց:

Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

— Ի՞նչ լուր բերիր ինձ համար:

<<Աստված ասաց` դու պիտի քեզ համար մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կըլինես>>:

— Դե որ այդպես է, արի՛ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, — թախանձեց աղջիկը ճամփորդին:

<<Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանկ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ>>, — ասաց աղքատն ու հեռացավ:

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց:

— Հը, աստված ի՞նչ ասաց:

<<Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզնից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե` ինչու՞ է գարուն, ամառ չոր: Աստծուն պատմեցի, ասաց — աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի — կըբախտավորվի, ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես: Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց, դե արի հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր: Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք էգնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ>>:

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված, — հարցրեց սոված գայլը:

<<Քեզ համար էլ ասաց` սոված ման կգաս` մինչև մի անխելք մարդ կըգտնես, կուտես, կըկշտանաս>>:

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ, — ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

Հովհաննես Շիրազ — Ձմեռ քնեի` զարթնեի գարուն


Ձմեռ քնեի` զարթնեի գարուն,

Կես դարս դառնար քսան տարեկան,

Դառնայի պարմանն ամենասիրուն`

Իմ հայոց Արա Գեղեցիկի նման,

Քեզ համար միայն, իմ վերջին գարուն,

Միայն քեզ համար, քեզ համար միայն…

———————————————————————-

Քնար Հայաստանի: Գիրք երրորդ:

<<Հայաստան հրատարակչություն>>

Երևան  1974

Հովհաննես Շիրազ — Փոքրիկ, սևաչվի մի աղջիկ տեսա


                      1.

Փոքրիկ, սևաչվի մի աղջիկ տեսա,

Ասես ճաճանչն էր վաղվա արևի,

Երբ նրան կարմիր մի խնձոր տվի`

Հազիվ թոթովեց իմ անունը նա:

 

                      2.

Եկ շոյեմ` քանի փոքր ես, իմ ծավի,

Չէ որ չես թողնի, երբ որ մեծանաս,

Չէ որ չես թողնի, երբ արծըվանաս,

Կհանեմ այնժամ աչքն էլ իմ արծվի…

—————————————————————

Քնար Հայաստանի: Գիրք երրորդ:

<<Հայաստան հրատարակչություն>>

Երևան  1974

Հովհաննես Շիրազ — Ցերեկներս քրիստոնյա, գիշերներս հեթանոս


Ինչպես սերը հեթանոս`
Սուրբ է մերը հեթանոս,
Եկ, այս գիշեր ետ բերենք
Գիշերները հեթանոս,
Այնպես, որ մեզ նախանձեն
Աստվածները հեթանոս:
———————————————————-
 

 

1.

Քեզնով լիքն եմ այս գիշեր, ու թվում է, թե կրկին

Դու իմ զոհն ես այս գիշեր, դու իմ սիրո վանքի գառ,

Ես քո գրկում, այս գիշեր, դրախտ ունեմ իմ գրկին,

Դու ողջ գիշեր ինձ զոհվիր, լույսը բացվի` արևս առ:

2.

Ինչ եմ անում քո, պաղ քույր, կարապավիզ լուսընկան,

Կարապներն էլ երանի կտան մեջքդ գրկողին,

Դու` գրկիս մեջ, ես` քո մեջ, ու թող այսպես հոգիս տամ,

Զույգ թևերս կամրջած բույր մազերիդ հեղեղին:

3.

Գիտեմ ինչու ես նազում` քո գերին եմ այս գիշեր,

Մի ստինքիդ մեջ է դեռ աստվածուհիս Անահիտ,

Մյուսիդ մեջ` Աստղիկն է, որ աչքիդ մեջ մշուշվել`

Ինձ դարձնում են թե´ գերին և թե´ արքան համբույրիդ:

4.

Օ՜, դու իմն ես այս գիշեր, ինչպես շուրթերս անբաժան,

Համբույրներիս արևից մի նվաղիր լուսնորեն, —

Ես ուզում եմ դեռ գրկել ու համբուրել քեզ այնքան,

Ինչքան պիտի մինչև մահ շուրթերս իրար համբուրեն:

5.

Քրիստոնյա ցերեկներն անէանան թող անհետ,

Քո շուրթերում բնակվեն գիշերներս հեթանոս,

Գիշերներս հեթանոս հեթանոսվեն միշտ քեզ հետ,

Սիրո մեջ էլ եկ ցմահ բարբարոսվենք մենք անխոս:

6.

Ուրիշ բան չեմ աղերսում մշտադրուժ իմ բախտից,

Իմ ողջ կյանքը մի հավերժ գիշեր լիներ քո գրկում, —

Ձեռ քաշեի անմարմին, անմարմնախոս դրախտից,-

Հավատայի, որ սիրտդ լոկ ինձ համար է զարկում:

 

———————————————————-

Քնար Հայաստանի: Գիրք երրորդ:

<<Հայաստան հրատարակչություն>>

Երևան  1974

%d bloggers like this: