Category Archives: Հայ բանահյուսություն

Հայկազյան Արամ և Նյուքար Մադես


Մեր հին էպոսի և առասպելաբանության ամենագլխավոր հերոսներից մեկն Արամն է, որ սերվելով Հայկի սերնդից կոչվել է Հայկազյան: Ժողովրդական բանահյուսության մեջ ընդարձակ նյութեր են կապվել այս հայրենասեր հերոսի գործունեության հետ, սակայն Մովսես Պորենացին դրանցից քչերն է օգտագործել:

Մանուկ Աբեղյանը Արամի շուրջն ստեղծված վիպական ու առասպելական նյութերը ևս համարում է օտարամուծության արդյունք. <<Հայկական Արամի կռիվը Տիտանյանների և Պայապիս Քաղեալ Տիտանյանի դեմ Մաժաքի (Կեսարիայի) կողմերում, ըստ Սարքվարտի, նույնն է, ինչ որ Զևսի կռիվը Տիտանյանների և Տիփոնի դեմ: Այդ առասպելը հայերը յուրացրել են այն ժամանակ, երբ դեռ Կապադովկիայում էին ապրում: Իլիականի մեջ արիմների (որ է`հայերի) բնակության վայրը դրվում է այնտեղ, <<ուր Տիֆոնի բնակատեղն է>>: Գիտնականի այս տեսակետները չեն համապատասխանում իրականությանը:

Արամը իր ընդհանուր բնութագծերով շատ նման է Հայկին. Հայրենասեր է լայն իմաստով, ատում է աշխարհի բոլոր բռնակալներին, ազատատենչ և ժողովրդասեր է: Նա հայրենիքի համար մեռնելը համարում է անմահություն: Ամեն ոք պետք է զենքը ձեռքին կռվի հայրենիքի և ժողովրդի ազատության ու անկախության համար: Հայկազյան Արամը, Հայկի նման, <<Լաւ համարէր զմեռնաելն ի վերայ հայրենեացն, քան թէ տեսանել զորդիս օտարածնաց կոխելով զսահմանս հայրենեացն և հարազատից արեան նորա տիրել արանց օտարաց>>: Նա մեր հայրենիքի թշնամիների դեմ պայքարելու նպատակով` <<ժողովէ զբաղմութիւն ընտանի արանց քաջաց և աղեղնաւորաց>>, պատերազմներին խիստ վարժ մարտիկներ, և այդ մարդկանցով հանդիպում է հայոց սահմաններին մոտեցող մեդացիների երիտասարդ զորքերին, որոնց գլխավորում էր ռազմատենչ ու ամբարտավան Նյուքար Մադեսը, որը մի ժամանակ իր վայրի հորդաների ձիերի սմբակներով ոտնակոխ էր անում Հայաստան և իրեն էր ենթարկում մեր ազատասեր ժողովրդին:

Նա արևածագից առաջ հանկարծակի Նյուքարի վրա հարձակվելով կոտորում է նրա բոլոր զորքերին. իրեն Մադեսին կալանավորում, բերում է Արմավիր ու այնտեղ աշտարակի ծայրին նրան բևեռելով, երկաթե ցից մեխելով ճակատի մեջ, ամենքին ի ցույց է դնում, որպես նվաճողական քաղաքականություն ւնեցող:

Արամը հերոսական այլ գործեր էլ է կատարում: Նա պարտության մատնելով մեդացիներին, նույն թափով արշավում է Ասորեստանի կողմերը և պատերզամի բռնվում հսկաների ցեղից սերված ապականիչ Բարշամի հետ, որը խիստ հարկերով ու բռնություններով ամայության էր վերածել շրջակա բոլոր երկրները և ասորական բռնապետության մեջ Բելի նման դարձել աստված ամենքի համար: Նա պարտության է մատնում ասորական զորքերին և սպանելով Բարշամին` ազատագրում նրա կրկնկի տակ հեծող բոլոր ճնշված ժողովուրդներին: Նա գրավում է Ասորեստանի մեծ մասը և պարտության մատնում Տիտանյան Պայապիսի նման աշխարհակալական ձգտումներ ունեցող շատ չարագործների, որոնք իրենց անձնական փառքի համար քաղաքներ էին ավերում, անմեղ ժողովուրդներին ֆիզիկապես բնաջնջում:

Արամ Հայկազյանը, ոչնչացնելով Տիտանյան Պայապիսին, ազատագրում է շատ ժողովուրդների, որոնց բնակեցնում է երկու մեծ ծովերի մեջ ընկած աշխարհներում, որոնք անվանեցին առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ Հայք:

Նրա քաջության ու հերոսության համբավը տարածվում է ամբողջ աշխարհում, դրա հետևանքով մեր հարևան ազգերը հայերին անվանեցին արմեններ, իսկ Հայաստանը` Արմենիա: Մեր հին վեպի համաձայն, Արամը հայ ժողովրդի երկրորդ էպոնիմն է. նրան հաջորդում է իր հայրենասեր որդին` Արա Գեղեցիկը:

Հայկ դյուցազն


Հայկ դյուցազն

———————————————————————————————-

Հայ հին առասպելաբանության ամենաբնորոշ կողմերից մեկը նրա նյութի պատմական և հայրենասիրական լինելն է: Հայկի և Բելի առասպելի սյուժեն ամբողջությամբ պատմական է: Դիցաբանական այդ հսկաների կռվի ընդհանրացման հիմքն է կազմում ուրարտա-ասորական դարավոր պայքարը, որի ընթացքում ուրարտացիները սկզբնական շրջանում պարտության մատնեցին իրենց թշնամուն:

Հայոց դիցաբանության մեջ արտացոլվում է ժողովրդի աշխարհայեցողությունը բնության ու հասարակական երևույթների նկատմամբ:

Հայկը <<Կշեռք>> համաստեղության աստվածն է եղել:

Հայկի հակառակորդն է Բելը, որը նույնպես դիցաբանական կերպար է: Վերջինս բաբելական միֆոլոգիայում դրական գծերով է հանդես գալիս, իսկ մեր առասպելաբանության մեջ` խիստ բացասական:

Բաբելական դիցաբանության մեջ բազմաստվածների շարքում կային աստեղային յոթ գլխավոր աստվածներ` Շամաշ-արեգակ, Սին-լուսին, Մարդուկ-Յուպիտեր, Ներգալ-Մարս, Իշտար-Վեներա, Նեբո-Մերկուրի և Նինիբ-Սատուրն:

Բաբելական միապետության ստեղծումից հետո, Բաբելոնի աստվածը` Մարդուկը, կոչվեց Բել, որ նշանակում է Տեր, թագավորների թագավոր, աստվածների աստված:

Բել-Մարդուկը համարվում էր որպես ամբողջ տիեզերքի, աշխարհի, կենդանիների ու մարդու ստեղծողը, արարիչը: Աստվածներից առաջ գոյություն ուներ անսահման ջրային քաոս, ամեն ինչ անձև էր և անպատրաստ: Ամեն ինչի սկիզբը այդ ջրային տարածությունն էր, այդ անծայրածիր օվկիանը, որ դառնում է բոլոր արարածների մայրը: Այդ համատարած ջրային քաոսի անձնավորումը Տիամատ աստվածուհին էր` զարհուրելի հրեշի պատկերով: Սրանից ծնվում են մեծ ու փոքր աստվածներ, որոնք հետագայում ձգտում են քաոսը կարգավորել, այդ նպատակով նրանք պիտի իրենց նախամորը պարտության մատնեին` խլելով նրանից իշխանությունը:

Տիամատը ամեն կերպ աշխատում էր ոչնչացնել իր որդիներին: Նա պատերազմի է դուրս գալիս նրանց դեմ և հաղթությունը ապահովելու նպատակով աստվածներից առաջնությունը տալիս է Կինգին, որը դավաճան է ճանաչվում վերջիններիս կողմից: Բոլոր աստվածները սարսափի մեջ են ընկնում, նրանցից ոչ ոք երկյուղից չէր համարձակվում պատերազմի դուրս գալ օրենց հրեշ մոր դեմ:

Ամենից անվախը Մարդուկ աստվածն էր: Նա հայտարարում է, որ ինքը կկռվի Տիամատի դեմ, եթե մյուս աստվածներն ընդունեն իր գերիշխանությունը. <<Ձեր խոսքերի փոխարեն իմ խոսքը պիտի վչռե մարդկանց բախտը: Ինչ որ ես ստեղծեմ, պիտի անփոփոխ մնա: Իմ բերանից ելած հրամանը պիտի անառարկելի և անանցական լինի>>, ասում է նա բոլոր աստվածներին: Ամենքը ընդունում են նրա գերիշխանությունը: Սկսվում է Բել-Մարդուկի և Տիամատ աստվածուհու զարհուրելի կռիվը: Շուտով որդին հաղթանակը տանում է, իսկ մայրը տապալվում: Բել-Մարդուկը Տիամատին սպանում է: Նրա մարմինը կիսում է երկու հավասար մասի` վերևի կողմից ստեղծում է երկինքը, իսկ ներքևից` երկիրը: Բելը ստեղծում է արեգակը, լուսինը, աստղային համակարգությունը ու ամեն ինչ և կավից ու շնչից պատրաստում է մարդուն` նրանց վրա ավելացնելով Կինգի աստվածային արյունը: Բել-Մարդուկը արդեն հանդես է գալիս որպես միաստվածության մարմնացումը: Մյուս աստվածները աստիճանաբար դիտվում են իբրև նրա այս կամ այն հատկության անձնավորումը. Ներգալը Բելի անսահման ուժի մարմնացումն է, Նեբոն` իմաստության, Սինը` հավիտենական լույսի և այլն: (Ոմանք ճիշտ են ասել, որ բաբելական այս առասպելաբանության վրա է հիմնվում Աստվածաշնչի ծննդոց գիրքը, որի համաձայն, իբր թե Աստված յոթ օրում ստեղծում է երկինքն ու երկիրը և ողջ տիեզերքը, իսկ հետո կավից պատրաստում է Ադամին, որի կողից` Եվային):

Հայ ժողովրդական բանահյուսության մեջ Բելը հանդես է գալիս իբրև պատմական անձնավորություն: Նա Մսրա Մելիքի նման մարդկային ամենաբացասական գծերի մարմնացումն է. խավարամոլ է, ամբարտավան, չարամոլ, խաբեբա, կոպիտ, նենգ, ագահ, փառամոլ, քսու և երկերեսանի: Թովմա Արծրունին ժողովրդական բանահյուսությունից չափազանց կենդանի փաստեր է բերում նրա ամեն տեսակ ագահամոլության ու անբարոյական կյանքի մասին:

<< Որ յետ բազում ժամանակի ծախք պիտոյից ասացավ պատրաստել թագավորին ըստ անյաղթ բռնութեան և մեծութեան որովայնի կերակուր Բէլայ: Որպէս և Յոյնք երբեմն համբավեցին` Հերակղէս աստուած յիսուն կոյս ի միում գիշերի ապականէր. զծանականաց և զամօթալեաց իրս` քաջութեան ասել` ըստ այսմ զարմանալիք և Բաբելացվոցն Բէլայ ասացավ, երկոտասան արդու ալեր և քառասուն ոչխար ի միում գիշերի ուտել Բէլայ. վասն որոյ պարծանօք իմն խնդալից սրտիվ ասէ թագավորն Դանիէլի, դու ընդէր ոչ երկիր պագանես Բէլայ, եթե ոչ տեսանես որչափ ուտէ և ըմպէ>>:

Ագահամոլ Բելը Բաբելոնում հաստատում է մի բռնապետություն, որի կրունկի տակ հեծում ու տառապում էին բազմաթիվ ժողովուրդներ: Նրա տիրապետության տակ էր ապրում նաև Հայկը, որն իր Արամանյակ որդուն Բաբելոնում ծնելուց հետո հեռանում է նրա երկրից` իր բոլոր որդիների, թոռների ու ծոռների հետ մեկտեղ, որոնք հզոր մարդիկ էին, մոտավորապես երեք հարյուր հոգի: Նա գալիս բնակվում է Արարատյան աշխարհում, որովհետև ունենալով ազատատենչ ոգի` մյուսների նման չէր ցանկանում ենթարկվել Բելի բռնապետությանը:

Տիտանյան Բելը իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանցով ուղարկում է Հայկի մոտ, որպեսզի վերջինս իրեն հնազանդվի: Պատգամավորների միջոցով հայտնում է նրան. որ նա անտեղի է հեռացել Բաբելոնից և այժմ ապրում է ցուրտ և սառնամանիք երկրում, լավ կլինի մեղմացնի իր հպարտ բնավորությունը և վերադառնա Բաբելոն, ենթարկվի իրեն ու մշտական բնակություն հաստատի այնտեղ: Հայկը մեծ արհամարհանքով պատգամավորներին ետ է դարձնում Բաբելոն, որ իբր թե պատճառ է դառնում երկու հսկաների աշխարհացունց պատերազմին:

Բելը զորահավաք է կատարում և հսկայական բազմությամբ գալիս հասնում է Արարատյան աշխարհը, մոտենում Հայկի բնակության սահմաններին, որպեսզի մի հարվածով ոչնչացնի իր թշնամուն: Սակայն մեր ազգային հսկան փոքրաթիվ մարդկանցով դուրս է գալիս չարագործի դեմ` նրա ելուզակներին ամբողջապես ոչնչացնելու նպատակով:

Շարժվելով առաջ նրանք ամրանում են բարձրաբերձ լեռների մեջ ընկած դաշտաձև բարձրավանդակի վրա, որին մոտենում էր թշնամու խառնիճաղանջ զորքը:

Հայկ Նահապետի արձանը Երևանում

———————————————————————————————

Հայկը տեսնելով հակառակորդին` իսկույն կարգավորում է իր քաջերին, և երկու հսկաներ իրար են մոտենում: Պատերազմի հենց սկզբից թշնամու զորքը ահի ու սարսափի ենթարկվելով նահանջում է և ցիրուցան եղած սկսում է փախչել: Գոռոզ արքան տեսնելով իր վախկոտ զորքի փախուստը` թիկունք է դարձնում: Նա ցանկանում էր վերականգնել կարգը և վերստին հարձակում կատարել: Բայց այդ չի հաջողվում նրան, որովհետև հայոց տիտանը իր նետ ու աղեղի շեշտակի հարվածով ամբարտավան հսկային չարատանջ սպանում է:

Առասպելաբանության համաձայն. մեր հայրենասեր դյուցազնը այնտեղ մի դաստակերտ է կառուցում, որը անվանում է իր անունով և հաղթական պատերազմի պատճառով այդ գավառը` <<մինչև այժմ էլ կոչվում է Հայոց ձոր>>: Նրա հրամանով Բելի մարմինը զմռսում և թաղում են Հարքի <<մի բարձրավանդակ տեղում ի տես>> հայությանը: Հայկի անունով իբր թե մեր ժողովուրդը կոչվել է հայ, իսկ երկիրը` Հայաստան: Նա պատկերված է որպես ազատատենչ դյուցազն, որը Սասունցի Դավթի նման հայ ժողովրդի ամբողջական գծերի` հերոսական անսահման ուժի, հայրենասիրության, քաջության, անվհատության, բարոյականության ողջ նորմաների մարմնացումն է:

Հայկը և Սասունցի Դավիթը ոչնչացնում են Բելին և Մսրա Մելիքին ոչ միայն հայ ժողովրդին, այլև բոլոր ճնշված աշխատավոր ժողովուրդներին ազատագրելու նպատակով: Ահա մեր հին ու նոր էպոսների և առասպելաբանության ազգային ու համամարդկային գաղափարական բովանդակությունը, որը արտացոլված է բարձր գեղարվեստականությամբ ու հոյակապ պատկերներով: Հայ ժողովուրդը բոլոր աշխատավոր ժողովուրդներին համարում է իր բարեկամը: Ժողովուրդների թշնամին են Բելը և Մսրա մելիքները, որոնք հավասարապես հարստահարում ու ճնշում են բոլոր աշխատավորներին, առանց ազգային խտրության:

Հայկի առասպելի աղբյուրի և նրա գրական ժանրի մասին բանասիրական գրականության մեջ գոյություն ունեն տարակարծություններ: Գրիգոր Խալաթյանը այն ժողովրդական ստեղծագործություն չի համարում, ըստ նրա` դա արհեստական պատմություն է, որի մեջ <<ոչինչ վիպական բան չկա. դա հռետորականնկարագրություն է միայն, որի օրինակները գտնում ենք նույն Խորենացուն վերագրված <<Պիտոյից գրքի>> մեջ: Գալուստ Տեր-Մկրտչյանը և ուրիշներ <<Հայկ և Բելը>> համարում են սոսկ գրավոր աղբյուր, որը նույնությամբ քաղված է Մար Աբասի գրքից:

Մկրտիչ Էմինը Հայկի առասպելը համարում է հայ ժողովրդական դիցաբանական մի ընդարձակ էպոսի կապ վիպագրության օրգանական մասը: Այդ ստվար վեպը քաղդեական աղբյուր չէ, այլ հայ ժողովրդական ինքնուրույն ստեղծագործություն, որի մեջ <<ի հնոցն մերոց ավանդեալ լինէր պատմութիւն թագաւորաց Հայոց>>: Նա մեր հին վեպը դնում է հին հունական և պարսկական հոյակապ վեպերի կողքին, սակայն դժբախտությունն այն է, որ քաղաքական անբարենպաստ պայմանների հետևանքով այդ գործը ամբողջությամբ չի հասնում մեզ, այլ նրա առանձին փշրանքները միայն Խորենացին օգտագործում է իր Հայոց պատմության մեջ:

Մանուկ Աբեղյանը հմտորեն վեր է հանում Գալուստ Տեր-Մկրտչյանի և Գրիգոր Խալաթյանի սխալները, սակայն չի ընդունում նաև Մկրտիչ Էմինի կարծիքը: Նա Հայկի և Բելի կռիվը համարում է ժողովրդական առասպել, որը փոխառված է հին ասորա-բաբելական և հունական դիցաբանություններից:

Անվանի գիտնականը ամեն կերպ ձգտում է ապացուցել, որ առհասարակ մեր առասպելաբանության սյուժեն օտարամուծություն է: Նրա այդ կարծիքն ընդունելի չէ: Աբեղյանը լայն առումով հակասական կարծիքներ է արտահայտում <<Հայկի և Բելի>> ժանրային առանձնահատկությունների բնորոշման հարցում: Նա հակադրվելով Էմինին վերջում ինքն էլ չի ժխտում նրա վիպական լինելը:

<<Հայկի ու Բելի զրույցը յուր էությամբ, բովանդակությամբ ոչ միայն ժողովրդական վիպական ոգուն հակառակ չէ, այլև շատ նման է հանգունատիպ բազմաթիվ զրույցներին: Բոլորն էլ իրենց ձևով մի ժողովրդական վիպական ամփոփումն են թշնամի ազգերի մեջ եղած նախնական կռիվների, որոնց մեջ պարագլուխներն առաջին տեղն են բռնում…>>:

<<Երբ մի անգամ տեսնում ենք, որ Հայկի առասպելն յուր էությամբ ժողովրդական վիպական գույն ունի,- որ և գլխավորն է,- այնուհետև մեծ նշանակություն է ստանում այն հանգամանքը, որ Հայկի կռիվը իւր մանրամասնությունների մեջ, գրեթե սկզբից մինչև վերջ տարած է շատ վիպական ձևերով, դյուցազնական վիպական կերպարանքով` ինչպես տեսանք, նման Սամի և Քերքույիի կռվին>>:

Անշուշտ Հայկի և Բելի կռվի նկարագրության մեջ առասպելական շատ բան կա, սակայն դա արգելք չի կարող հանդիսանալ, որ մենք նրան համարենք մեր հին էպոսի օրգանական մասերից մեկը` մշակված Մովսես Խորենացու և ուրիշների կողմից:

Հայկի առասպելը գաղափարական խոր բովանդակությամբ ու վիպական մոտիվներով առնչվում է վրաց դիցաբանությանը, որի համաձայն սոմեխների (հայերի), քարթվելների (վրացիների), ռաների, մովկանների, հերաց, լեկաց (լեզգիների), եգերաց (մեգրելների) և առհասարակ ողջ կովկասցիների նահապետները` Հայկը (Հաոսը), Քարթլոսը, Բարդոսը, Մովական, Լեկոսը, Հերոսը, Կավկասը և Եգրոսը Թորգոմի որդիներն էին, որոնք իրենց հոր հետ միասին ապրում էին Բաբելոնում: Աշտարակաշինության կործանումից ու լեզուների խառնակվելուց հետո Թորգոմը իր ութ հսկա որդիներով, դուստրերով, թոռներով, ծոռներով ու ողջ տոհմով գալիս բնակվում է <<երկու լեռների` Արարատի և Մասիսի միջև, որոնք անմատչելի էին մարդկանց համար>>: Սակայն մարդկանց թվի մեծության պատճառով այս նոր երկիրը նրանց չէր տեղավորում. Թորգոմը Կովկասյան աշխարհը բաժանում է իր ութ հսկա որդիներին, որոնք ենթարկվում էին Նեբրովթին:

Նրանց մեջ ամենամեծը և ամենաքաջը Հայկն էր, որին բաժին են ընկնում Արարատյան և այլ աշխարհներ: Թորգոմի մահից հետո Հայկը դիմում է իր եղբայրներին ասելով` <<չլինենք այլևս ոչ ոքի ստրուկ և ոչ ոքի չծառայենք>>: Յոթ հսկաները համաձայնվում են իրենց ավագ եղբոր հետ և որոշում են Նեբրովթին հարկ չտալ ու նրան այլևս բոլորովին չծառայել:

Շուտով բռնակալ Նեբրովթի և կովկասյան ութ հսկաների միջև պատերազմ է տեղի ունենում: Թշնամին իր ուժերով շատ էր գերազանցում թորգոմյաններին, սակայն վերջիններիս կողմից ոչնչացվում է: Հոյակապ է պատերազմի նկարագրությունը: Երկու կողմերը կազմ ու պատրաստ իրար վրա են հարձակվում:

<<Եվ երբ մոտեցավ Նեբրովթը Ատրպատական աշխարհին և կանգնեց այնտեղ, վաթսուն հսկա և նրանց հետ հզոր զորավարներ ուղարկեց թորգոմյաններին կարգի կանչելու համար: Հենց որ Նեբրովթի զորավարները մոտեցան, Հայկի յոթն հսկաները մեծ զորքով դիմավորեցին (նրանց), իսկ Հայկը հզորագույն զորքով կանգնեց հետևից` թիկունքում: Նրանց միջև տեղի ունեցավ սաստիկ պայքար, որ նմանվում էր օդի սաստկությանը, քանի որ նրանց ոտների փոշին նման էր կուտակված ամպերին, նրանց զրահի փայլատակումը` երկնքի կայծին, նրանց բերանի ձայնը` որոտման ձայնին, նրանց նետերի բազմությունն ու քարերի ձգումը` խիտ կարկուտին, և նրանց արյունահոսությունը` կարկուտի առվին: Շարունակվեց պայքարը նրանց միջև, և երկու կողմից էլ եղան անթիվ սպանվածներ:

Իսկ Հայկը (Հաոսը) նույն հսկաների հետևիցն էր կանգնած, քաջալերում էր նրանց և մխիթարում ահարկու ձայնով, որ կայծակի ճայթյունին էր նման: Ապա թորգոմյանք հաղթահարեցին և կոտորեցին Նեբրովթյան հսկաներին և նրանց զորավարներին: Իսկ Թորգոմյան յոթն հսկաները` Քարթլոս, Բարդոս, Մովական, Հերոս, Լեկան, Կավկաս և Եգրոս` կենդանի մնալով և չվիրավորվելով, զորավիգ էին և փառաբանում էին աստծուն: Հենց որ Նեբրովթն այս լսեց, բարկացավ և արշավեց նրանց դեմ իր ամբողջ ուժով: Իսկ Հայկը Նեբրովթի չափ զորք չուներ. նա ամրացավ Մասիսի գերբուկներում: Նեբրովթը ցածից մոտեցավ, և նա ոտից մինչև գլուխ զինված էր երկաթով ու պղնձով: Նա ելավ մի սարի վրա խոսելու Հայկի հետ և պահանջեց նրանից հնազանդություն, որպեսզի իր կամքով գա նրա մոտ: Իսկ Հայկը դիմեց հսկաներին. <<Ամրացրեք թիկունքս, որ ես գնամ ընդդեմ Նեբրովթի>>: Եվ նա գնաց և դեմ առ դեմ մոտեցավ Նեբրովթին, ձգեց նետը, որն անցնելով պղնձե տախտակով խոցեց կուրծքը և դուրս եկավ քամակից: Ապա Նեբրովթն ընկավ, և նրա բանակը փախուստի դիմեց>>:

Վրաց առասպելաբանության համաձայն, Թորգոմյան անվանի դյուցազունների շարքում, ինչպես ասվեց վերևում, ամենամեծ հսկան էր Հայկը, <<որովհետև նրա նման ոչ ոք չի եղել երբեք, ոչ ջրհեղեղից առաջ և ոչ էլ հետո` հասակով, ուժով և արիությամբ>>: Այդ հսկաների կառավարիչը Հայկն էր: Նրանք <<բոլորը մի լեզու ունեին` հայերենը>> և իրենց ամբողջ կյանքի ընթացքում ապրում էին կողք-կողքի` փոխադարձ սիրով, հաշտ ու համերաշխ:

Ինչպես տեսնում ենք, հայոց ու վրաց առասպելաբանությունների ճանաչողական արժեքը շատ մեծ է, որովհետև նրանցում պատկերված է մեր եղբայրական ժողովուրդների համատեղ պայքարը արտաքին նվաճողների դեմ: Նրանք իրենց ամբողջ պատմության ընթացքում օգնել են իրար, կռվել են պարսիկների, հույների, արաբական խալիֆայության, սելջուկների, թաթար մոնղոլների, օսմանցիների և ընդհանրապես բոլոր գիշատիչ հորդաների դեմ:

Հայ հնագույն շրջանի ժողովրդական բանահյուսություն


Հայ ժողովրդի կազմավորումը և նրա դիցաբանական ծագումը

Հայ ժողովուրդը աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկն է: Նրա կազմավորման մասին տարակարծություններ գոյություն ունեն: Եվրոպական և հայ գիտնականներից շատերը հայերին համարում են եկվոր ժողովուրդ: Մանուկ Աբեղյանն այն կարծիքն է հայտնել, թե <<հայերի նախահայրերը, մեր թվականությունից շատ առաջ, բնակվելիս են եղել Եվրոպայում հույների ու թրակացիների նախահայրերին մոտիկ: Այդտեղից էլ նրանք անցել են Փոքր Ասիա, ուր հավանորեն միառժամանակ ապրել են փռյուգիացիների հարևանությամբ…:

Այնուհետև հայերը, շարժվելով դեպի արևելք, մտել են Կապադովկիա և Փոքր Հայք` Եփրատից արևմուտք և Գայլ գետից հարավ գտնված երկիրը: Իսկ հետո` նրանց մի ճյուղը հյուսիսից Եփրատն անցնելով գնում, բռնում է Եկեղիք, մյուս ճյուղն անցնում է դեպի Արածանու հովիտը, մտնում Տարոն: Իսկ մի երրորդ ճյուղն էլ հարավով է շարժվում դեպի արևելք և հասնում մինև Ադիաբենե Ասորեստանում, Հայաստանի սահմաններից դուրս, և ասորեստանցիներից գրավում մի քանի գավառներ, ինչպես` Տմորիք և այլն: Հավանաբար մ.թ.ա. 5-րդ դարում հայերը Տարոնի կողմից սկսել են անցնել դեպի հյուսիս, և հետո մտել են Արաքսի հովիտը>>: Սակայն նորագույն պատմագիտությունը և լեզվաբանությունը, չժխտելով քաղաքական, տնտեսական ու սոցիալական հողի վրա առաջացած ժողովուրդների ու ցեղերի գաղթերը մի երկրից մյուսը, գիտականորեն հիմնավորում են, որ անհիշելի ժամանակներում պատմական Հայաստանի տերիտորիայի տարբեր մասերում ապրելիս են եղել հայկական մի շարք ցեղեր ու ցեղախմբեր, որոնցից հայասներն ու արմենները մեր ժողովրդի կազմավորման գործում առաջնակարգ դեր են կատարել. նրանք հետագայում իրենց ազդեցությունն աստիճանաբար տարածում են հարևան ազգակից ու ոչ ազգակից ցեղերի վրա: Այդ բազմաթիվ ցեղերից ու ցեղախմբերից էլ, ուրարտական միապետության շրջանում, ստեղծվում է մի նոր ժողովուրդ, որը հայասա ցեղի անունով իրեն հայ է կոչում, իսկ իր հայրենիքը` Հայաստան: Մարերը, պարսիկները, հույները և այլ ժողովուրդներ նրան համարում են արմեն, իսկ նրա ապրած երկիրը` Արմենիա, ըստ երևույթին հայ ժողովրդի բաղկացուցիչ մասը կազմող արմեն ցեղի անունով:

Հայ ժողովրդի կազմավորման ընթացքում հայասների կամ հայաների լեզուն աստիճանաբար իր մեջ է ընդգրկում մյուս ազգակից բարբառների լեզվական հարստությունները և փոփոխման ենթարկվելով դառնում ամբողջ հասարակության խոսակցական լեզուն:

Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը խորը կերպով բացահայտում է հայոց լեզվի սոցիալական կողմը. <<Ինչպես մարդ սկզբից ևեթ հանդես է գալիս որպես հասարակական կենդանի, այնպես էլ լեզուն սկիզբ է առնում հենց հասարակության հետ: Ոչ, կարելի է ենթադրել հասարակություն առանց լեզվի, և ոչ լեզու` առանց հասարակության: Չկա հասարակական երևույթների մեջ մի ավելի ընդհանրական երևույթ, քան լեզուն. իր ամենանախնական վիճակից մինչև ամենաբարձրը չի կարելի երևակայել մի հասարակություն, ր կարողանար առանց լեզվի շարունակել իր գոյությունը…>>:

<<Հասարակական հաղորդակցման ամբողջ էությունը եզրափակվում է սրա մեջ. հաղորդել իր մտքերն ու զգացումները, հասկանալ ուրիշներին և հասկացնել իրեն, իսկ այդ բոլորին իբրև միջոց ծառայում է լեզուն>>:

Հայ ժողովուրդը գրավոր դպրությունից հազարամյակներ առաջ ստեղծում է իր փառավոր ժողովրդական բանահյուսությունը: Նրա բոլոր ժանրերն էլ իրենց կազմավորմամբ անհատական, իսկ բնույթով` խմբային ստեղծագործություններ են, որոնց գաղափարական բովանդակությունը գերազանցորեն կապվում է աշխատավորության հետ և ոչ թե շահագործող դասերի ու դասակարգերի, ինչպես պնդում են սոցիոլոգիական դպրոցի ներկայացուցիչները:

Սահմանափակ որոշ գաղափարների առկայությունը ֆոլկլորում կրոնի ազդեցության արգասիքն է, որ պետք է բացահայտվի, քննադատվի ու մերժվի:

Հետևապես ճիշտ չէ այն տեսակետը, որ իբր թե, <<Յուրաքանչյուր մարդկային խմբակցություն, համայնք, տոհմ կամ ցեղ, դասակարգային հասարակւթյան մեջ յուրաքանչյուր դաս կամ դասակարգ ունի իր ֆոլկլորը>>:

Իրականում ժողովրդական բանահյուսությունը կամ ֆոլկլորը հազարամյակների ընթացքում աշխատավոր ժողովրդի ձեռքին հանդիսացել է դասակարգային պայքարի զենք իր հակառակորդ շահագործող ու պարազիտ խավերին մերկացնելու և խարազանելու համար: Նա արտացլում է ժողովրդի դարավոր պայքարը արտաքին և ներքին թշնամիների դեմ, նրա անսահման հայրենասիրությունը, հումանիզմը, փիլիսոփայությունը, սովորությունները, կենցաղը, օպտիմիստական գաղափարներն ու երազանքները` բնության վրա իշխելու և սոցիալական չարիքները վերացնելու ուղղությամբ:

Հայ ժողովուրդը հույների նման ապրել և ստեղծագործել է իր մանկության ու հասունության շրջաններում: Նրա կազմավորման դարաշրջանում գոյություն ունեցող արտադրողական պրիմիտիվ ուժերի հետևանքով իսկական գիտություն գոյություն չուներ, այդ պատճառով էլ բնության բոլոր երևույթները դառնում էին պաշտամունքի առարկա. հայկական նախարվեստը <<ենթադրում է>> հայկական դիցաբանություն, որոնք անգիտակցական եղանակով մշակված են արդեն ժողովրդի երևակայության միջոցով: Դա է նրա նյութը>>:

Մարքսը բնություն ասելով հասկանում էր <<ողջ առարկայականը, հետևաբար նաև հասարակությունը>>: Յուրաքանչյուր ժողովրդի դիցաբանությունը ունի իր ազգային առանձնահատկությունները:

<<Եգիպտական դիցաբանությունը երբեք չէր կարող հունական արվեստը սնուցանող հող ու մայրական գիրկ լինել>>, չնայած որ նա էլ այնուամենայնիվ մի դիցաբանություն է:

Հայկական դիցաբանության և ընդհանուր մշակույթի հիմքում չեն ընկնում հունական, պարսկական և այլ ժողովուրդների դիցաբանությունները, ինչպես պնդում են Աբեղյանը և թափառական սյուժեների դպրոցի այլ ներկայացուցիչները: Հայկական դիցաբանությունը միանգամայն ինքնուրույն է: Նա ծնունդ է առնում հայ ժողովրդի մանկության ժամանակ, երբ մարդը չէր հաղթահարել բնության ուժերը, երբ նա բնությունը իրեն ենթարկելու փոխարեն ինքն էր ենթարկվում նրան` աստվածացնելով նրա չար ու բարի ուժերը:

Ընդհանրապես հայ ժողովրդի պաշտամունքի առարկան են հանդիսացել հողը, ջուրը, կրակը, լեռները, ծառերը, զանազան կենդանիներ, տարբեր ոգիներ, կենդանակերպ արարածներից` վիշապներ, առլեզներ, հուշկապարիկներ, գրողներ, ալքեր և այլն:

Գլխավոր աստվածներն էին` Արամազդը, Հայկը, Անահիտը, Աստղիկը, Նանեն, Միհրը, Տիրը, Վահագնը և ուրիշներ:

Հայ դիցաբանությունն իր բազմազան սյուժեներով և գաղափարական խորը բովանդակությամբ չափազանց հարուստ է եղել, սակայն մեզ հասել են նրա առանձին փշրանքները, որոնք տեղ են գտել Մովսես Խորենացու և մեր այլ պատմիչ հեղինակների աշխատություններում: Դիցաբանության մեջ ամեն ինչի սկիզբը, չարության ւ ողջ բարության հիմքը աստվածներն էին,որոնց գրծունեության պատկերը, <<Հին կտակարանի>> քղքվ, մենք տեսնում են Խորենացու <<Հայոց պատմության>> մեջ:

<<Ահեղք և երևելիք առաջինքն ի դից. և աշխարհի մեծամեծ բարեաց պատճառք, որ սկիզբն աշխարհի և բազմամարդութեան: Եվ ի սոցանէ հատեալ գտան ազգ սկայիցն, անհեդեդք, յաղթանդամք մարմնով և վիթխարիք. որք յղացեալ ամբարտավանութեամբ` զնան զամբարիշտ խորհուրդ աշտարակաշինութեանն, և ի նոյն լինեին ի գործ անկեալք. յոր հողմ ահագին իմն և աստուածային շնչեցեալ ի դիցն ցասմանէ` ցրե զամբարտակն, և մարդկանն անլուր բարբառս իւրաքանչիւր ումեք բաշխեալ, աղմուկ շփոթի ի մեջ արկանէին: Յորոց մի էր և Յապետոսթեանն Հայկ, անուանի և քաջ նախարար, կորովաձիգ և հաստաղեղն>>: 


%d bloggers like this: