Category Archives: ԽՍՀՄ դերասաններ

Օլեգ Եֆրեմով (Олег Ефремов)


ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Եֆրեմովն ունի ստեղծագործական իր ուրույն ոճը, արտահայտչական իր բնորոշ միջոցները, երևույթների գեղարվեստական մեկնաբանման իր առանձնահատուկ մեթոդը:

Օլեգ Եֆրեմովը ծնվել է 1927 թ. Մոսկվայում: 1949 թ. ավարտել է ՄԽԱՏ-ի ստուդիան: Առաջին անգամ խաղացել է 1956 թ. Միխայիլ Կալատոզովի <<Առաջին էշելոն>> ֆիլմում:

Եֆրեմովը նկարահանվել է ավելի քան չորս տասնյակ կինոնկարներում, որոնց թվում Սերգեյ Յուտկևիչի <<Պատմվածքներ Լենինի մասին>> (1957 թ.), Ալեքսանդր Զարխիի <<Իմ կրտսեր եղբայրը>> (1962 թ.), Ալեքսանդր Ստոլպերի <<Ողջերն ու մեռածները>> (1964 թ.), Սերգեյ Բոնդարչուկի <<Պատերազմ և խաղաղություն>> (1965-1967 թթ.), Էլդար Ռյազանովի <<Զգուշացիր ավտոմեքենայից>> (1966 թ.), Տատյանա Լիոզնովայի <<Երեք բարդի Պլյուշչիխայում>> (1967 թ.),  Գեորգի Նաթանսոնի <<Նորից սիրո մասին>> (1968 թ.), Յուրի Եգորովի <<Այնտեղ, հորիզոնից այն կողմ>> (1975 թ.), Վլադիմիր Բորտկոյի <<Հետաքննության հանձնաժողով>> (1978 թ.), Դանիիլ Խրաբրովիցկու <<Պոեմ թևերի մասին>> (1980 թ.), Էլդոր Ուրազբաևի <<Պետավտոտեսուչը>> (1982 թ.) և այլն:

1976 թ. Եֆրեմովը կերպավորեց Դմիտրի Ռուդինին` Կոնստանտին Վոյինովի <<Ռուդին>> կինոնկարում ըստ Ի. Ս. Տուրգենևի համանուն վիպակի: Եֆրեմովի Ռուդինը, չնայած իր հակասական բնավորությանը, պատասխանատվության մեծ զգացում ունի իր և մարդկանց հանդեպ: Ռուդինը այս ֆիլմում մեզ ներկայանում է որպես մեր ժամանակակիցը, քաղքենիության և կենցաղային բարքերի դեմ պայքարող անհատ:

<<Իմ մարմնավորած բոլոր հերոսները ուժեղ զգացմունքներով մարդիկ են: Իրավացի կամ ոչ, օբյեկտիվորեն նրանք միշտ ճշմարտացի են իրենց նկատմամբ, չեն ստում իրենց զգացմունքներում: Այդ է, իմ կարծիքով, գլխավորը: Նրանց մտքերը, տարակուսանքները, կրքերը պետք է մոտիկ ու հասկանալի լինեն մեզ` հետևաբար — ժամանակակից>>: Հարցազրույցներից մեկի ժամանակ այսպես է ասել անվանի դերասանը:

1978 թ. Եֆրեմովը նկարահանվեց Ռոդիոն Նահապետովի <<Թշնամիներ>> ֆիլմում` ըստ Մաքսիմ Գորկու համանուն պիեսի: <<Եֆրեմովը կյանքում շատ պարզ է, նույնիսկ մի քիչ հասարակ, քչախոս և անհետաքրքիր: Երբեմն ձանձրալի է այնպես, ինչպես ուրիշների համար կարող է ձանձրալի լինել մի մարդ, որ զբաղված է իր մտքերով և ամենևին հակում չունի դրանք կիսելու ում հետ ասես: Իսկ նա այդպիսին է, որովհետև ֆանատիկոս է և արվեստով ապրում է առավոտից մինչև գիշեր>>:

Օլեգ Եֆրեմովի մասին այսպես է գրել քննադատ Նատալյա Կրիմովան:

Եվ իրոք, Եֆրեմովը հայտնի է ոչ միայն որպես տաղանդավոր կինոդերասան, այլև ռեժիսոր: Նա իրավամբ մտնում է այն արվեստագետների շարքը, որոնցով հպարտանում է սովետական թատրոնը: Նրա ստեղծագործական կենսագրությունը սկսվել է մոսկովյան <<Սովրեմեննիկ>> թատրոնի ստեղծման օրից, որի հիմնադիրն է նա և ղեկավարում էր երկար տարիներ: 1970 թ. Եֆրեմովը ՄԽԱՏ-ի գեղարվեստական ղեկավարն էր:

Եֆրեմովը նկարահանել է <<Կառուցվում է կամուրջ>> (1964 թ.) կինոնկարը:

Եֆրեմովի վերջին օրերի մասին հիշում է Լյուդմիլա Պետրուշեվսկայան. <<Այն, որ նա մահանում է, դա գիտեին բոլորը: Օլեգը լռում էր, երբեք չէր ցույց տալիս, որ հիվանդ է, չէր բողոքում ոչ մի բանից: Նրա մոտ նույնիսկ ամոթ էր խոսել իր հիվանդությունների մասին: Թատրոնը նրան խնամում էր: Հավաքվում էին բժիշկները և կատարում անհրաժեշտ բուժօգնությունը…>>:

1999 թվականն էր: Հեղինակային հեռուստաընկերությունում <<Ընթերցանություն>> նախագծում նկարահանվում էր Օլեգ Եֆրեմովը` կարդալով Չեխովի <<Իմ կյանքը պատմվածքը>>: Սա եղավ արտիստի վերջին դերը: Իր կյանքի վերջին ամսում Օլեգ Եֆրեմովը շատ էր աշխատում: Բժիշկները նրան խոստացել էին ևս կես տարվա կյանք: Դրանից ոգևորված Եֆրեմովը պլանավորեց վերջացնել <<Սիրանո դը Բերժերակ>>-ը և ի կատար ածել բազմաթիվ այլ ծրագրեր: Սակայն նա չհասցրեց:

2000 թվականին, մայիսի 24-ին Օլեգ Եֆրեմովը մահացավ իր սեփական բնակարանում:

 

Եվգենի Եվստիգնեև (Евгений Евстигнеев)


<<Ոչ մի անգամ չեմ տեսել, որ Եվստիգնեևը անհաջող խաղա: Նա բավական շատ է նկարահանվում: Սակայն նրա, թեկուզ չնչին, դերերում կա ինչ-որ կենդանություն, ինչ-որ անհատականություն:Նա մեր լավագույն դերակատարներից է>> (Գրիգորի Կոզինցև):

Բազմապլան դերասան է Եվստիգնեևը: Նրա դերասանական լուծումները հավասարապես տպավորիչ են, թե իրենց անսպասելիությամբ և թե հավաստիությամբ: Նույնսիկ էպիզոդիկ դերերում նա խուսափում է միօրինակությունից: Դերասանի հյութեղ կոմիզմը հայտնի է մեզ բոլորիս: Մի առիթով նա ասել է. <<Ծիծաղը ընդունակ է հարուցել ծայրահեղ զգացումներ` և սեր, և ատելություն: Այն կարող է ուժեղ զենք դառնալ:

Ծիծաղաշարժը պետք է ծնվի կյանքից: Իսկ երբ սկսվում են ռեժիսորական առաջարկությունները` գլխի վրա կանգնեք, դեմքը այսպես ծամածռեք` կարող է և ծիծաղելի վիճակներ ստացվել, բայց  այստեղ արդեն արվեստը վերջանում է: Իմ կարծիքով սա արվեստի սահմաններից դուրս է: Իսկ ընդհանրապես ես հավատացած եմ, որ ամենալուրջ բաների մասին անգամ կարելի է խոսել ծիծաղով>>:

Եվգենի Եվստիգնեևը ծնվել է 1926 թ.-ին:Սովորել է Գորկու անվան թատերական ուսումնարանում և ՄԽԱՏ-ի ստուդիայում: Հանդես է եկել սկզբում ՄԽԱՏ և 1957 թ.-ին <<Սովրեմեննիկ>> թատրոններում: Առաջին անգամ նկարահանվել է Վլադիմիր Պետրովի <<Մենամարտ>> կինոնկարում (1957 թ.):

Շուրջ երեք տասնամյակ Եվստիգնեևի լավագույն դերակատարումներին կարելի է հանդիպել Վլադիմիր Կապլունովսկու <<Լյուբուշկա>> (1961 թ.),  Միխայիլ Ռոմի <<Մեկ տարվա ինն օրը>> (1961 թ.), Իլյա Գուրինի և Վլադիմիր Բերնշտայնի <<Հավատացեք ինձ, մարդիկ>> (1964 թ.), Ալեքսանդր Գինզբուրգի <<Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը>> (1966 թ.), Միխայիլ Շվեյցերի <<Ոսկե հորթը>> (1966 թ.), Էլդար Ռյազանովի <<Զգուշացիր ավտոմեքենայից>> (1966 թ.), <<Հաջողության կեռմանները>> (1968 թ.), <<Ծերունի ավազակներ>> (1971 թ.), և <<Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում>> (1974 թ.), Իգոր Վոզնեսենկու <<Վիճակահանություն>> (1974 թ.) և <<Չարաճճի Բերենդեևը>> (1975 թ.), Նիկոլայ Գուբենկոյի <<Խեղված մանկություն>> (1977 թ.), Ալեքսանդր Զարխիի <<Պատմություն անհայտ դերասանի մասին>> (1977 թ.), ուր շնորհաշատ դերասանը հավաստի գույներով բացահայտեց այն դրաման, որ ապրում է բեմից հեռանալու փաստի հետ հաշտվող ծերացած արվեստագետը, Պյոտր Տոդորովսկու <<Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը>> (1981 թ.), Գեորդի Նիկոլայենկոյի <<Փոթորկածինները>> (1981 թ.), Յարոպոլկ Լապշինի <<Դեմիդովները>> (1983 թ.) և այլ կինոնկարներում:

1972 թ. Եվստիգնեևը խաղաց պրոֆեսոր Պլեշների դերը Տատյանա Լիոզնովայի <<Գարնան տասնյոթ ակնթարթները>> հեռուստատեսային բազմասերիանոց պատումում: Այդ դերակատարումով հիացած Իգոր Իլյինսկին ասել է. <<Կերպարի արտաքինի և ներքինի ինչպիսի հաճելի սինթեզ և սրան միահյուսված մանկան նման կյանքով մշտապես հիանալու և զարմանալու նրա ունակությունը… Սա ես իսկապես համարում եմ ժամանակակից դերասանի խաղաոճի չափանիշը>>

Եստիգնեևը մահացել է 1992 թվականին, մարտի 4-ին (այլ տվյալներով` մարտի 5-ին), սրտի վիրահատությունից հետո:

%d bloggers like this: