Category Archives: Փիլիսոփայություն

17-րդ դարի փիլիսոփայություն — Ֆրենսիս Բեկոն


17-րդ դարի փիլիսոփայությունը պատմության  նոր փուլ է, որը անվանում են նոր ժամանակների փիլիսոփայություն: 16-17 դդ. ընթացքում Արևմտյան Եվրոպայի առավել զարգացած երկրներում, ֆեոդալական հասարակարգի ընդերքում զարգանում է նոր, կապիտալիստական արտադրաեղանակը, տեղի են ունենում բուրժուական հեղափոխություններ` Նիդերլանդներում (16-րդ դ. վերջ), Անգլիայում(17 դ. կես) և 1789-1794 թթ. Ֆրանսիայում: Այդ հեղափոխության հիմքը հանդիսացավ մանուֆակտուրային արտադրության զարգացումը: Փոփոխությունները կատարվում էին ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց գիտակցության մեջ: Այն փոխվում էր զարգացող գիտության և, առաջին հերթին, փորձարարական-մաթեմատիկական բնագիտության շնորհիվ: 17-րդ դ. անվանում են գիտական հեղափոխությունների դար: Փոխվում է գիտության խնդիրների և դերի ըմբռնումը: Ոչ թե գիտություն գիտության համար, այլ բնության հանդեպ մարդու իշխանության մեծացման համար:

Նոր կողմնորոշում ստացավ նաև փիլիսոփայությունը: Եթե միջին դարերում փիլիսոփայությունը հանդես էր գալիս կրոնական զգեստով, Վերածծնդի դարաշրջանում` արվեստի հետ սերտ կապակցված, ապա 17-դ. նա սկսում է հենարան փնտրել գիտության մեջ: 17-րդ դ. փիլիսոփայությունը հասկանալու համար պետք է հաշվի առնել երկու հանգամանք` 1. նոր տիպի գիտության` փորձարարական բնագիտության յուրահատկությունները  և 2. իմացաբանական և մեթոդաբանական խնդիրների առաջին պլան մղվելը: Շարունակվում է պայքարը փորձի վրա հիմնված նոմինալիզմի և բանականությանը առաջնություն տվող ռացիոնալիզմի միջև, ինչը 17-րդ դ. ներկայանում է որպես էմպիրիզմ և ռացիոնալիզմ: Ձևավորվում է լավատեսական աշխարհայացք, քանի որ մարդը հավատում է , որ ինքն է կերտում իր ապագան: Արմատավորվում է դեիզմը: 

Տիեզերքը դարձավ անդեմ, անկիրք, անհոգի, մաքրվեց արժեքներից, ղեկավարվեց բնության օրենքներով: Բնության և Աստծո, հոգու և բնության փոխհարաբերության խնդիրները դարձան բանականության և բնության (մատերիայի), օբյեկտի և սուբյեկտի փոխհարաբերության խնդիրներ: Միջնադարյան կրոնին փոխարինելու եկան իմացաբանական սենսուալիզմը, ռացիոնալիզմը, գիտական էմպիրիզմը: Կարևորվեց մտածողության գլխավոր մեթոդի հայտնագործումը, որը, գործելով բոլոր գիտություններում,թույլ կտա բացահայտել  բացարձակ ճշմարտությունը: Դա է պատճառը, որ նոր ժամանակներում փիլիսոփայության գլխավոր խնդիրները դարձան իմացության տեսությունը, ճշմարիտ գիտելիքի մշակումը, մտածողության օրենքների բացահայտումը,  օրենքներ, որոնք գործելու են բոլոր գիտություններում: Հնարավոր չէ ճանաչել Աստծուն, բնությունը, մարդուն, հասարակությունը` չբացահայտելով բանականության օրենքները:  Այդ օրենքները պետք է բացահայտի փիլիսոփայությունը և մշակի այնպիսի մեթոդներ, որոնք կիրառելի լինեն բոլոր գիտություններում:

Գիտելիքները շատ են, իսկ դրանց ճշմարտացիությունը ստուգող մեթոդ դեռևս մշակված չէ: Պետք է բացահայտել մտքի այն առաջնային սկզբունքները, որոնց վրա կառուցված է ճշմարիտ փիլիսոփայությունը, իսկ փիլիսոփայության շնորհիվ` նաև մյուս գիտությունները:

Ֆրենսիս Բեկոն (1561-1626 թթ.)

Առաջին փիլիսոփան, որը գիտակցաբար իր առջև խնդիր դրեց գիտափորձի հիման վրա ստեղծել գիտական ճանաչողության նոր մեթոդ, Ֆրենսիս Բեկոնն էր: Անգլիական բարձրաստիճան պաշտոնյայի որդի Բեկոնը ինքն էլ դարձավ Անգլիայի լորդ-կանցլեր: Բեկոնի աշխատություններն են «Նոր օրգանոն», որը նրա «Գիտությունների մեծ վերականգնում» երկի երկրորդ մասն է: «Գիտությունների արժանապատվության և բազմապատկման մասին», «Քաղաքական և բարոյական փորձեր», «Նոր Ատլանտիդա»: Դրանցից գլխավորը «Նոր օրգանոն»- ն է (1620): Այդ անվանումը ցույց է տալիս, որ գիտության և նրա մեթոդի իր ըմբռնումը Բեկոնը գիտակցաբար հակադրել է այն ըմբռնմանը, որի վրա հենվում է Արիստոտելի «Օրգանոնը» (տրամաբանական աշխատությունների ժողովածուն): «Նոր Ատլանտիդան» ուտոպիա է, որտեղ շարադրված է գիտության կազմակերպման պետական ծրագիրը: Ուտոպիական հասարակության գիտատեխնիկական կենտրոնը
(«Սողոմոնի տունը») պետք է ոչ միայն պլանավորի, այլ նաև ներմուծի գիտատեխիկական հայտնագործությունները արտադրություն: Բեկոնը գիտական էմպիրիզմի նախահայրն է:
Բեկոնի դերը այն է, որ նա 1. գիտակցել է գիտելիքի նորացման անհրաժեշտությունը 2. տվել է բնության անկողմնակալ ուսումնասիրության գաղափարը, 3. ցույց է տվել այդ նպատակին հասնելու ծրագիրը, որին հետևել են շատ գիտնականներ: Ըստ Բեկոնի, հզոր է այն մարդը, ով կարող է, իսկ կարող է այն մարդը, ով գիտելիք ունի: «Գիտելիքը` ուժ է»: Բնությունը հնազանդեցնում են` խոնարհվերով նրա առջև: Գիտելիքը իսկական ուժ կարող է դառնալ, եթե ճշմարիտ է և հենվում է բնության մեջ տեղի ունեցող երևույթների բացահայտման վրա: Գիտելիքը ինքնանպատակ չէ, այլ միջոց բնության երևույթների ուսումնասիրության համար, որպեսզի նրանք ծառայեն մարդուն: Գիտությունը, որը մարդուն չի բերում պրակտիկ օգուտ, նա համարում է ճոխություն: Իմացության բարձրագույն խնդիրը Բեկոնը հռչակեց բնության նվաճումը և մարդկային կյանքի կատարելագործումը: Գիտության իմաստը մարդուն օգուտ բերելն է: Սակայն միայն այն գիտությունն է ի վիճակի հաղթելու բնությունը և իշխելու նրան, որը ինքը «Հպատակվում է բնությանը, այսինքն` ղեկավարվում է նրա օրենքների իմացությամբ»:
Բեկոնը տարբերում է 2 տեսակի փորձ` պտղաբեր և լուսաբեր: Առաջինի նպատակը մարդուն անմիջական օգուտ բերելն է, երկրորդի նպատակը ոչ թե անմիջական օգուտն է, այլ բնության օրինաչափությունների ճանաչումը: Գիտության վերափոխման նախադրյալ Բեկոնը համարում էր ողջ սխոլաստիկայի քննադատությունը և կասկածը այն ամենի ճշմարտության նկատմամբ, ինչը մինչ այդ համարվում էր ճշմարիտ: Այդ կասկածը ինքնանպատակ չէ, այլ միայն միջոց ճշմարիտ ուղին գտնելու համար:
Գիտելիքի անհավաստիությունը, ըստ Բեկոնի, պայմանավորված է մտահանգման և ապացուցման մտահայեցողական ձևի անհուսալիությամբ: Հենվելով Արիստոտելի տրամաբանության վրա սխոլաստիկան այդպիսի ձև է համարում սիլլոգիզմը, որը բաղկացած է դատողություններից, իսկ դատողությունները` հասկացություններից: Բայց հասկացությունները սովորաբար ձեռք են բերվում հապճեպ և անբավարար հիմնավորված ընդհանրացման ճանապարհով: Այդ պատճառով էլ գիտության ռեֆորմի առաջին պայմանը ընդհանրացման, (հասկացությունների կազմման) մեթոդի կատարելագործումն է: Քանի որ ընդհանրացման պրոցեսը ինդուկցիան է, ուստի գիտության ռեֆորմի տրամաբանական հիմք պետք է լինի ինդուկցիայի նոր տեսությունը:

Լրիվ ինդուկցիա — թվարկվում են դասի բոլոր առարկաները և ոչ լրիվ ինդուկցիա: Պետք է ստեղծել «ճշմարիտ ինդուկցիա»: Մինչ Բեկոնը փիլիսոփաները ուշադրություն են դարձրել այն դեպքերին ու փաստերին, որոնք հաստատում են ապացուցվող կամ ընդհանրացվող դրույթը: Բեկոնը ընդգծել է այն դեպքերի նշանակությունը, որոնք հերքում են ընդհանրացումը, հակասում են նրան: Դրանք այսպես կոչված ժխտական օրինակներն են: Արդեն այդպիսի մի եզակի դեպք ի վիճակի է հերքելու հապճեպ արված ընդհանրացումը: Ըստ Բեկոնի, ժխտական օրինակների հանդեպ արհամարհանքը սխալների, սնահավատությունների և նախապաշարումների գլխավոր պատճառն է: Օր.` «բոլոր կարապները սպիտակ են» դատողությունը թվում է ճշմարիտ, քանի դեռ չես հանդիպում սև կարապի: Ուստի, պետք է փնտրել փաստեր, որոնք և’ հաստատում են, և’ ժխտում են տվյալ եզրահանգումը:
Եթե հաջողվի հայտնաբերել այնպիսի հատկանիշ, որը միշտ ուղեկցում է որևէ երևույթ և բացակայում է, երբ այդ երևույթը չկա, ապա այդ հատկանիշը կարելի է համարել այդ երևույթի «ձևը» կամ «բնությունը»: Օրինակ իր մեթոդի օգնությամբ Բեկոնը հայտնաբերեց, որ մարմնի մասնիկների շարժումը ջերմության «ձևն» է:
Գիտության ռեֆորմի պայման պետք է լինի նաև բանականության ձերբազատումը մոլորություններից: Բեկոնը իմացության ճանապարհին ընկած մոլորությունների, «կուռքերի» (կեղծ պատկերների) 4 տեսակ` սեռի, քարանձավի, հրապարակի և թատրոնի:
«Սեռի կուռքերը» այն խոչընդոտներն են, որոնք պայմանավորված են մարդկանց ընդհանուր բնությամբ: Նրանք արմատավորված են զգացմունքների և բանականության մեջ: Նրանց առաջացման պատճառները մարդկային ոգու միակերպությունն է, կրքերից ներշնչվելը, ընկալման եղանակները: Մարդիկ դատում են բնության մասին ըստ իրենց սուբյեկտիվ պատկերացումների (Ծառը լաց է լինում, Երկինքը մռայլվեց): Միտքը նման է անհարթ հայելու, որը, պարզելով առարկաների բնույթը, առարկաները տեսնում է խեղաթյուրված ձևով: Այստեղից առաջանում են սխալները, որոնք բխում են մարդկանց զգացմունքների անկատարությունից, տարբեր ցանկությունների, հակումների ազդեցությունից: Օրինակ մարդու բանականությունը հակված է պաշտպանելու ընդունելի կարծիքը, կամ մարդիկ ճշմարիտ են համարում այն գիտելիքը, որը արդեն յուրացրել են կամ դյուրին են ուսումնասիրել:
«Քարանձավի կուռքերը» այն սխալներն են, որոնք հատուկ են ոչ թե մարդկային ամբողջ ցեղին, այլ միայն մարդկանց որոշ խմբերին, առանձին մարդկանց: Դրանք սեռի կուռքերի անհատական շեղումներն են: Ամեն մի մարդ աշխարհին նայում է իր քարանձավից, այսինքն` իր ներաշխարհից: Այս կուռքի առաջացումը կախված է մարդու հոգու և մարմնի հատկություններից, դաստիարակությունից, սովորություներից, պատահականություններից: Օրինակ ոմանք հակված են պաշտելու հինը, մյուսները` նորը: Մենք դաստիարակում ենք երեխաներին մեր տեսանկյունից, մեր չափանիշներից ելնելով` առանց հաշվի առնելու, որ նոր սերունդ է աշխարհ եկել սեփական պատկերացումներով:
«Հրապարակի կուռքերը» կամ «Շուկայի կուռքերը» առաջանում են խոսքի միջոցով մարդկանց հաղորդակցման հետևանքով, բառերի, հասկացությունների սխալ գործածությունից: Մարդիկ օգտագործում են բառեր, որոնց ծագումը և իմաստը անորոշ է: Հաճախ փիլիսոփաները վիճում են ոչ թե ըստ էության, այլ բառերի շուրջ (սխոլաստիկա): Շատ դեպքերում բառերի նշանակությունը սահմանվել է ոչ թե առարկայի էության, այլ այդ առարկայի պատահական տպավորությունների հիման վրա: Հրապարակի կուռքերի հաղթահարման ձևը բառերի ճիշտ կազմավորումն է: Անհրաժեշտ է ճիշտ օգտագործել բառերը, խուսափել երկիմաստությունից:

«Թատրոնի կուռքերը» այն խոչընդոտներն են, որոնք գիտության մեջ ծնվում են անքննադատաբար յուրացված կեղծ կարծիքներից: «Թատրոնի կուռքերը» բնատուր չեն, նրանք առաջանում են այն բանի հետևանքով, որ միտքը ենթարկվում է սխալ հայացքներին: Նրանք մարդու բանականություն են թափանցում մտացածին տեսություններից ու փիլիսոփայության ուսմունքներից: Օրինակ` սոփեստների, ռացիոնալիստների, սնոտիապաշտների: Ռացիոնալիստական փիլիսոփայությունը փորձից վերցնում է հայտնի փաստեր և, չուսումնասիրելով, հույսը դնում մտքի գործունեության վրա: Էմպիրիկ փիլիսոփայությունը հիմնվում է մի քանի փաստերի վրա և դրանից այն կողմ ոչինչ չի տեսնում: Ավելի վտանգավոր է, երբ փիլիսոփայությունը խառնվում է աստվածաբանական-կրոնական, սնոտի գիտելիքների վրա: Բեկոնը չի ընդունում Արիստոտելի փիլիսոփայությունը:
Միտքը նա նմանեցնում է հայելու, որը այլանդակում է այն ամենը, ինչ արտացոլում է:
Բեկոնը ստեղծում է նաև ուսմունք հետազոտության մասին: Ուսումնասիրելով գիտությունների պատմությունը` Բեկոնը եկավ այն եզրակացության, որ հստակորեն հանդես են գալիս հետազոտության 2 ուղի կամ մեթոդ` դոգմատիկական և էմպիրիկ` փորձնական: Դոգմատիկական մեթոդին հետևող գիտնականը իր աշխատանքը սկսում է ընդհանուր մտահայեցողական դրույթներից և ձգտում է նրանցից բխեցնել բոլոր մասնավոր դեպքերը: Դոգմատիկը նման է սարդի, որն ինքն իրենից հյուսում է իր ոստայնը:
Էմպիրիկ, փորձնական մեթոդին հետևող գիտնականը ձգտում է միայն փաստերի առավելագույն կուտակմանը: Նա նման է մրջյունի, որն անկանոն կերպով մրջնանոց է քարշտալիս այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին: Այս ուղին երբեմն անվանում են նեղ կամ պարզ էմպիրիզմ, որը Բեկոնը քննադատում է:
Իսկական մեթոդը փորձում տրված նյութերի մտավոր վերամշակումն է: Այդպիսի մեթոդին հետևող գիտնականը նման է մեղվի, որը հավաքած հյութից ինքը պատրաստում է մեղր: Ոչ թե պասիվ հայեցողությունն է ընդլայնում գիտությունը, այլ գիտափորձը, այսինքն` բնության մտադրված ակտիվ փորձառումը: Գիտնականը գիտափորձով ստանում է բնության կողմից իր առջև դրված հարցերի պատասխանները (փորձի ու բանականության միավորում):
Գիտությունների դասակարգման հիմքում Բեկոնը դնում է մարդու ճանաչողական ունակությունները` հիշողությունը (պատմություն, երևակայությունը, արվեստ) և բանախոհությունը (տեսական գիտություններ, փիլիսոփայություն):
Փիլիսոփայության առարկաներն են` Աստված, բնությունը և մարդը: Փիլիսոփայությունը բաժանվում է 3 մասի` բնական աստվածաբանություն, բնափիլիսոփայություն և մարդաբանություն, որի մեջ մտնում է հոգեբանությունը, տրամաբանությունը, բարոյագիտությունը և քաղաքագիտությունը:

%d bloggers like this: