Category Archives: Հոգեբանություն

Ֆրուստրացիան և պաշտպանական մեխանիզմները երազներում


Քունը ընդհանրապես կարելի է ֆրուստրացիաներից խույս տալու ընդհանուր մեխանիզմ համարել. քնած մարդը չի նկատում, չի գիտակցում այն իրական դժվարություններն ու խոչընդոտները, որոնք ծառացել են նրա առջև և թույլ չեն տալիս իրականացնել իր ցանկություններն ու նպատակները: Դիտումները ցույց են տալիս, որ կյանքի պատասխանատու փուլերի վրա հասնելը (օրինակ՝ ճակատամարտին մասնակցելու կամ կարևոր հրապարակային ելույթ ունենալու անխուսափելիությունը, հարազատի մահը և այլն) շատ մարդկանց կյանքում ուղեկցվում է քնկոտության առաջացմամբ: Շատերը ուղղակի հայտարարում են, որ կուզենային քնել՝ այդ ամենը մոռացության տալու համար: Այսպիսի քնկոտությունը կարելի է համարել տհաճ ու սարսափելի երևույթներից խույս տալու ավելի ընդհանուր պաշտպանական մեխանիզմի տարբերակներից մեկը: Քնելով, մարդն իր գիտակցության ոլորտից արտամղում է այն ամենը, ինչ նրան ֆրուստրացիայի է ենթարկում: Քնելու ցանկություն առաջ է գալիս նաև այն ժամանակ, երբ մարդը կանխատեսում է, որ ֆրուստրացիայի է ենթարկվելու և ունենալու է սարսափելի զգացում:

Սակայն քնելը մարդուն միայն մասամբ է ազատում ֆրուստրացիաներից, քանի որ կյանքի դժվարությունները, արտաքին ու ներքին կոնֆլիկտները մեծ չափով դրսևորվում են երազներում, որոնցում, ինչպես արդեն գիտենք, դրանց լուծման ու հաղթահարման և, ուրեմն, ցանկությունների երևակայական ու սիմվոլիկ բավարարման փորձեր են կատարվում: Երազներում արտացոլվում է ընդհանուր առմամբ մարդու ֆրուստրացված լինելու աստիճանը: Տևական ու կրկնվող ֆրուստրացիաները հանգեցնում են ընդհանուր (ճնշվածության) վիճակի: Պարզվում է, որ այդպիսի անձանց երազներում միջինից ավելի շատ են մազոխիստական տարրերը՝ իր անձի մերժման պատկերները, ստորացումները, հուսախաբությունները և այլն: Դրանք ֆրուստրացիաների նկատմամբ նևրոտիկ հակազդումներ են: Երազների ուսումնասիրություն հաճախ մարդուն հուզող խնդիրների մեջ թափանցելու լավագույն ուղին է: Այստեղ կարելի է տեսնել նաև զանազան պաշտպանական մեխանիզմների ձևավորման պրոցեսները: Մեր կարծիքով, երազներում  կարելի է տեսնել այն ցանկալի պաշտպանական հակազդումները, որոնցով անձը կուզենար պատասխանել ֆրուստրատորներին, բայց որը իրական կյանքում հնարավոր չէ: Եթե այդպես է, ապա երազներում կատարվող մտածողության ու երևակայության պրոցեսներում սկզբունքորեն պետք է հնարավոր լինի գտնել նաև ցանկալի պաշտպանական հակազդումների ձևափոխման և վարքի ու հոգեբանական պաշտպանության այնպիսի ձևերի մշակման մեխանիզմները, որոնք ընդունելի են երազ տեսնողի իրական կյանքում կիրառելու համար: Այս ենթադրությունը մենք առաջ ենք քաշում ելնելով այն փաստից, որ պաշտպանական մեխանիզմների ձևավորումը հիմնականում կատարվում է ենթագիտակցորեն և, ուրեմն, պետք է արտացոլվի այնպիսի բնորոշ ու ծավալուն ենթագիտակցական երևույթներում, ինչպիսիք երազներն են: Նրանցում կարելի է տեսնել այնպիսի երևույթներ, ինչպես. մեկ հակազդման փոխարինումը մյուսով, բարդ ֆրուստրացնող իրադրությունը հաղթահարելու համար մի շարք պաշտպանական մեխանիզմների միավորումը և պաշտպանական բարդույթների (կոմպլեքների) ստեղծումը, անձի տարբեր միտումների, հակումների, դիրքորոշումների պայքարը և այլն: Երազների վերլուծության միջոցով այս բոլոր երևույթների մանրակրկիտ ուսումնասիրությունն ու նկարագրությունը զգալի չափով առաջ կշարժի մարդու կյանքի և հոգեկան զարգացման ընթացքի օրինաչափությունների իմացությունը:

Երազները, ինչպես ցույց են տվել Կ. Հոլլի, Վ. Ն. Կասատկինի և այլ մասնագետների կուտակած վիճակագրական տվյալները, մեծ մասամբ հագեցված են տհաճ իրադարձություններով: Դա վերաբերում է ոչ միայն հիվանդների, այլև առողջ մարդկանց երազներին; Եթե երազները հիմնականում ցանկությունների կատարման ցիմվոլիկ արտահայտություններ լինեին, ապա նրանք պետք է հաճելի լինեին վտեսնողի համար: Ելնելով այս փաստից կարելի է ենթադրել, որ երազներում բացահայտորեն կամ սիմվոլների օգնությամբ դրսևորվում են մարդուն ֆրուստրացնող այն իրադրությունները, որոնք չեն կորցրել իրենց այժմեականությունը: Երազներում կատարվում է դրանց հաղթահարման փորձ և, ուրեմն, անձին հուզող խնդիրների ընտրական վերարտադրություն ու վերլուծություն: Այս դրույթները դժվար չէ լուսաբանել մեծաթիվ փաստերով: Հոգեբաններին և երազների նկատմամբ ուշադրություն հանդես բերող մարդկանց քաջ հայտնի է, որ եթե կյանքի տվյալ փուլում մարդը ունեցել է մեծ կորուստներ ու նշանակալի կոնֆլիկտներ, ապա նույնիսկ գիտափորձի պայմաններում (արտաքին գրգռիչների ազդեցության տակ) նա տեսնում է երազներ, որոնցում ներկայացված են հենց այդ ֆրուստրացնող իրադրությունները: Այս իմաստով հետաքրքրական է Վ. Ն. Կասատկինի նկարագրած դեպքերից մեկը. մայրը, որը պատերազմում կորցրել էր որդուն, երազներում, գրեթե առանց աբցառությունների, տեսնում էր իր զոհված որդուն, ընդ որում այդ երազները հագեցված էին տագնապով ու սարսափներով:

Այդպիսի տագնապալից երազները աստիճանաբար կարող են պակասել ու անգամ չքանալ. եթե համապատասխան տհաճ իրադրություն վերացել է: Բայց շատ ֆրուստրացիաներ պահպանվում են ողջ կյանքում և երազներում մարդիկ դեռ երկար ժամանակ վերադառնում են դրանց: Այդպիսի խոր ու տևական ազդեցություն է գործում հատկապես սիրելի մարդկանց կորուստը: Բայց ժամանակի ընթացքում այդպիսի երազներում առաջ եկող հույզերի բնույթը փոխվում է: Վ. Ն. Կասատկինը նկարագրում է մի կնոջ, որը ամուսնու մահից հետո ամեն օր սարսափելի մղձավանջային երազներ էր տեսնում. մեկ ինիչ-որ կմախքներ նրան քարշ էին տալիս դեպի ամուսնու գերեզմանը, այլ դեպքերում նա տեսնում էր ամուսնու արդեն քայքայված մարմինը, որ գալիս էր նրան տանելու և կանչում էր իր ձայնով: Նա տեսնում էր նաև մեռելների խմբեր, որոնց մեջ՝ նաև իր ամուսնուն: Ժամանակի ընթացքում այդպիսի մղձավանջային երազների քանակությունը աստիճանաբար նվազեց, իսկ սարսափին փոխարինելու եկավ թախիծը: Ամուսնու մահվան պատճառով առաջ եկած ֆրուստրացիան աստիճանաբար կորցրեց իր այժմեականությունը: Նկատվել  է նաև, որ թույլ նյարդային համակարգ ունեցող անձինք հարազատին կորցնելուց հետո 1-2 ամիս նրան իրենց երազներում չեն տեսնում: Մեր կարծիքով այս երևույթը պայմանավորված է այդպիսի մարդկանց հոգեկանում տհաճ տպավորությունները ճնշող, արտամղող մեխանիզմների աշխատանքի հատուկ արդյունավետությամբ, որը նպաստում է ֆրուստրացիաներից հաջողությամբ պաշտպանվելուն անգամ ենթագիտակցական մակարդակում:

Պետք է նկատել, որ մեծ թվով  երազներում տհաճ տպավորությունները մոռացության մատնելու, գիտակցությունից և նույնիսկ նախագիտակցական (երազային) ոլորտից արտամղելու միտումը նկատվում է հստակորեն: Դրանք առաջին հերթին այն երազներն են, որոնցում շատ են սիմվոլները: Բայց կան նաև երազներ, որոնցում ֆրուստրացնող իրավիճակներում կոնֆլիկտները ներկայացված են լինում բացահայտ կերպով, իսկ դա նշանակում է, որ արտամղման մեխանիզմը ինչ-որ պատճառով չի գործել:

Նյութի աղբյուր

Ա. Ա. Նալչաջյան — Անձն իր երազներում, <<Հայաստան>> հրատարակչություն, 1982 թ.

Ֆրուստրացիա և մարդուն ֆրուստրացնող հիմնական տիպական վիճակները


frustration

Հաճախ է պատահաում, երբ մարդը հայտնվում է այնպիսի հոգեվիճակում, երբ կորցնում է կյանքում իր հենման կետը, երբ այն ամենը, ինչին ինքը մինչ այդ հավատացել ու վստահել է ինչ-ինչ արտաքին և ներքին ուժերի ազդեցության տակ փլուզվել է, ի չիք է դարձել: Ստեֆան Ցվեյգը ինքնասպան եղավ հենց այդ պատճառով (քանի որ փլուզվել էր ամբողջ արժեքային համակարգը):

Երբ կյանքը դառնում է անիմաստ, երբ քո հանդեպ անարդար են և մարդը ստիպված է անտեղի արդարանալ: Այս և նման բազում իրավիճակներ մարդուն գցում են այնպիսի հոգեվիճակի մեջ, որը ստացել է ֆրուստրացիա անվանումը: Ֆրուստրացիան նաև այնպիսի հոգեվիճակ է, երբ մարդը ստիպված է լինում հաղթահարել իր կյանքի ճանապարհին հայտնված խոչընդոտներն ու արգելքները: Երբ մարդը անազատության մեջ է թե հոգեբանական և թե ֆիզիկական, երբ նրան չեն հասկանում կան անտեսում են, երբ նրա ինքնագիտակցականին վտանգ է սպառնում: Ֆրուստրացիան կարող է դրսևորվել մարդու կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ կենցաղից մինչև ստեղծագործական աշխատանք և գրեթե չունի տարիքային սահմանափակումներ: Ֆրուստրացիաների վերապրումը իր հերթին պայմանավորված է տվյալ անձի խառնվածքով: Անդրադառնալով ֆրուստրացիաների խնդրին լեհ հոգեբան Յոզեֆ Պետերը նշում է, որ կյանքում կան հատուկ իրավիճակներ, որոնք մարդուն գցում են ֆրուստրացիաների մեջ, դրանցից են նյութական շահը, խանդը, նախանձը, վրեժխնդրությունը, շանտաժը, վախը: Պետերը նաև նշում է, որ մարդկության ողջ պատմության ընթացքում և հատկապես մեր օրերում մարդկությունը ամենից ավելի կատաղի պայքար է մղում հետևյալ արժեքների համար.

1. կյանքի նյութական պայմանների

2. ազատության

3. սիրո և սեռական հաճույքի օբյեկտի

4. գաղափարների, համոզմունքների, կյանքը իմաստավորող արժեքների համար

Պետերը նաև նշում է, որ որքան այդ արժեքները մարդու համար անհասանելի են կամ դժվար հասանելի, այնքան ավելի կատաղի, մոլի է մրցակցությունը կամ ձգտումը: Ֆրուստրացիաները, անշուշտ, անհետևանք չեն անցնում և իրենց հերթին հանգեցնում են ագրեսիաների:

Նյութի աղբյուր

Դասախոսություն

Գրականությունը և հոգեբանությունը



Գրականությունը և հոգեբանությունը

Հասարակական հարաբերությունների զարգացման արդի փուլում լուրջ նշանակություն է տրվում հոգեբանության ուսումնասիրությանը։ Գրականության և արվեստի մեջ, իբրև գիտական խնդիր, առավել մեծ տեղ է տրվում այս բնագավառին, քանի որ վերջինիս ուշադրության առարկան մարդն է իր ներաշխարհային ողջ հարստությամբ։ Հիշյալ ոլորտներում՝ մասնավորապես գրականության, հոգեբանական դիտարկումները կատարվում են երեք ուղղությամբ՝ ստեղծագործողի հոգեբանություն (գրողի անձը. կենսագրությունը, անհատականությունը), ստեղծագործություն հոգեբանություն (գրական ստեղծագործությունը իբրև գեղարվեստական մտածողության գործընթաց ) և ստեղծագործության ընկալման հոգեբանություն (գրական երկի ազդեցությունը ընթերցողի, ունկնդրի վրա)։

Առաջին և երկրորդ մոտեցումների առարկան գրողն է, երկրորդինը` ընթերցողը։ Հոգեբանական կապը այսաեղ փոխադարձված է։ Գրողի հոգեբանական գիտակցությունը ուղղված է ընթերցողին, ընթերցողինը` գրողին։ Հոգեբանական գործոնների այս ամբողջական համալիրը հնարավոր է ուսումնասիրել վերոհիշյալ գործառական առանձնացումների ձևով։

Սկսենք ստեղծագործողի հոգեբանությունից, որի հիմքում ընկած է գրողի կենսագրությունը։

Գրականությունը և գրողի կենսագրությունը

Հեղինակի կենսագրության ուսումնասիրությունը գրականագիտական ամենահին և ամենափորձված մեթոդներից է։ Մոտեցման այս եղանակը հնարավորություն է տալիս գեղարվեստական երկը դիտել հեղինակի կենսագրության պրիզմայի միջով՝ հաշվի առնելով այն ժամանակաշրջանն ու հասարակական միջավայրը, որի ընթացքում և որի մեջ ապրում ու ստեղծագործում է հեղինակը։ Կիրառվող մեթոդն իր վերապահումներն ունի, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել։ Գրող-գրական երկ կապի խնդիրը գրականության պատմաբանը դիտում է պատճառահետևանքային սկզբունքով՝ ժամանակ, հասարակական կյանք, գրողի կենսագրություն, գրական երկ տրամաբանական հաջորդականությամբ։ Գրականության հոգեբանը միշտ չէ, որ հաշվի է նստում այս հաջորդականության հետ, քանի որ և ժամանակը, և՛ հասարակական կյանքը գրողի էության մեջ անձնավորված են, իսկ նրա գրական երկը, այս տեսանկյունից՝ գեղարվեստորեն վերացարկված։ Այստեղ արդեն պատմության տրամաբանությունը իր տեղը զիջում է իրավիճակային հոգեբանությանը, ինչը մեզ ստիպում է մտածել՝ գրական երկը կենսագրությա՞ն հետևանք է, թե ինքը կենսագրություն է։ Գրականության պատմաբաններն ամեն ինչ անում են վերականգնելու համար հեղինակի կենսագրության փաստերը հաշվի առնելով, որ դրանք չափազանց կարևոր են գրողի այս կամ այն երկը լուսաբանելու համար։ Փաստեբի բացակայության դեպքում (նկատի ունենք հին և հնագույն շրջանի հեղինակներին), գրական երկից է բխեցվում հեղինակի կենսագրությունը։ Եվ մեկի, և՛ մյուսի դեպքում հեղինակի կենսագրությունը պաշտոնական փաստաթղթի տեսք է ընդունում, որի անվերապահության վրա չի կարելի հենվել, հատկապես, երբ ուսումնասիրվում է կենսագրություն–գրական երկ կապը։ Պետք է հիշել, որ գրական ստեղծագործությունը հասցեագրման երկդիմություն ունի։ Այն մի կողմից ուղղված է հեղինակին, մյուս կողմից՝ ուրիշներին և այդ ուրիշներից` ընթերցողներին։ Սա արդեն ոչ թե գրականության պատմաբանի կամ տեսաբանի, այլ հոգեբանի խնդիրն է։ Այստեղից է առաջ գալիս գրականության ուսումնասիրության համադրական մեթոդի անհրաժեշտությունը։ Հին ժողովուրդների գրականության պատմության փորձը ցույց է տալիս, որ անցյալի շատ գրողների կենսագրական մանրամասները դատապարտվում են անհայտության, և միայն պաշտոնական վավերագրերի կամ էլ ժամանակներին մոտ կանգնած հեղինակի կցկտուր տեղեկությունների հիման վրա է հնարավոր լինում «վերականգնել» նրանց անցած կյանքի ճանապարհը։ Տեղեկատվական վերագրումներով տառապող կենսագրությունները չեն կարող հոգեբանական դիտարկումների հիմք դառնալ։

Վարքը հին գրականության վավերագրական ժանրերից է, որի մեջ այս կամ այն չափով ներկայացում մատենագրի կենսագրական տեղեկությունները (Կորյունի «Վարք Մաշտոցին», Ներսես Շնորհալու, Գևորգ Սկևռացու վարքերը և այլն): Կենսագրությունների համար տեղեկագրական աղբյուրներ կարող են հանդիսանալ նաև վկայաբանությունները, ներբողյանները: Այս կենսագրական բնույթի պատումները, սակայն, ամբողջական չեն այն իմաստով, որ նրանցում չեն ընդգրկվում վարքագրական հերոսի կենսագրական ողջ մանրամասները, այլ շեշտը դրվում է նրա կյանքի ամենանշանակալից իրողության, փաստի վրա։ Առանձնացվող փաստերն էլ նևրկայացվում են հերոսի իդեալականացման սկզբունքով, ինչը չեզոքացնում է նրա հողեղեն կյանքի իրական շեշտը։ Այս աղբյուրների վրա հենվող հոգեվերլուծական ենթադրությունները չեն կարող հանդես բերվել մաքուր տեսքով, քանի որ վերլուծության աղբյուրը միջնորդավորված է. վարքագրի ձայնը խանգարում է վարքագրական հերոսի ձայնի ինքնությանը։ Փաստագրական շերտերի սուբյեկտիվացումը հանգեցնում է նրան, որ հետագա շրջանի ուսումնասիրողներին տեղ է թողնում կամայական ենթադրություններ անել, հեղինակին դուրս բերել իր ապրած ժամանակաշրջանից, ետ ու առաջ տանել։ Նման ճակատագրի են արժանացել V դ. հայ պատմիչները՝ Խորենացին,Եղիշեն։ Հայ և արևմտյան շատ գիտնականներ Խորենացուն V դարից տարել հասցրել են 7-9-րդ դդ։ (Քարիեր,Գուտշմիդտ, Թոմսոն, Մանանդյան և ուրիշներ)։ Կենսագրության հավաստիությունը հատկապես կարևոր է մատենագրի, գրողի այս կամ այն ստեղծագործության գրության թվականի ճշտման համար։ Վերջինս շատ բան է տալիս տվյալ գործի բովանդակային շերտերը բացելու առումով։ Դիպուկ օրինակ է Սայաթ-Նովայի ծննդյան և նրա առանձին գործերի գրության թվերի անորոշության փաստը, որը մինչև այսօր տաք բանավեճերի տեղիք է տափս։ Գրական երկի գրության, ինչպես նաև նրա հղացման կենսափաստի հավաստիությունը լայն հնարավորություն է ընձեռում հասկանալու ստեղծագործության ներքին բովանդակությունը, այն տրամադրությունը, որն ուղղակի թե անուղղակի կապ ունի ժամանակաշրջանի հասարակական կյանքի ընդհանուր տրամադրությունների հետ։ Արևմտյան հոգեվերլուծության թևի առանձին մասնագետներ, ելնելով այս սկզբունքից, Շեքսպիրի ապրած կյանքի դեպրեսիվ վիճակների հետ են կապում նրա ողբերգությունների լույս աշխարհ գալը։ Այս մոտեցումը, իհարկե, միշտ չէ որ գիտական քննություն է բռնում։ Մեզանում Հակոբ Պարոնյանի ապրած կյանքի դրամատիզմը և նրա ստեղծած կատակերգությունների զուգահեռը ճիշտ հակառակն են հաստատում։ Թեև Դուրյանի, Մեծարենցի, Տերյանի,Հերանուշ Արշակյանի անձնական ճակատագրերը, հատկապես հիվանդության փաստը, շատ որոշակի դեր են խաղացել նրանց բանաստեղծական տրամադրությունների լինելիության գործում։

Գրական երկը գրողի կենսագրության, նրա հոգևոր փորձի արդյունքն է։ Առանց այս մանրամասների ճշտման հնարավոր չէ վերջնական կարծիք հայտնել գրողի ստեղծագործության մասին, չափել վերջինիս բովանդակային տարողությունը։

Ստեղծագործողի հոգեբանությունը

Գրողի ստեղծագործական հոգեբանությունը հնուց ի վեր սուր հետաքրքրությունների առարկա է եղել։ Հին հույները բանաստեղծական օժտվածությունը համարել են խելագարության արգասիք կամ էլ վերագրել աստվածներին։ Հենց այս կարծիքի վրա է հիմնվում Լոմբրոզոյի «Հանճար և խելագարություն» ուսումնասիրաթյունը, որի մեջ ելնելով կոնկրետ հեղինակների ստեղծագործական փորձից ինչպես նաև սեփական հոգեվերլուծություններից ձգտում է հիմնավորել երևույթը։ Այս առումով չափազանց ուշագրավ դիտարկումներ են Զիգմոնդ Ֆրոյդի, Վիգոտսկու, Արնաուդովի, Օվսիանիկով-Կուլիկովսկու գործերր։

Ստեղծագործական պահերի բացատրությունը դյուրին չէ։ Մենք գործ ունենք մարդու ենթագիտակցական բռնկումների հետ։ Հանրահայտ է Պլատոնի այն պնդումը, թե պոետները անգամ ի վիճակի չեն բացատրել, թե ինչպես են իրենք ստեղծագործում։

Կոստանդին Երզնկացին երևույթը համարել է «շնորհքն ի յոգւոյն»։ «Ոմանք չարախօսին, — գրել է նա, — թե որպէ՞ս խոսի սա այսպիսի բան, զի վարդապետի չէ աշակերտել: Զի այլ է աշակերտելն եւ այլ շնորհքն ի յոգւոյն»։

Եղեւ յանկարծակի
Ինչ բան խոսիլ՝ ով ուզենայ,
Այնպէս, որ ես ի յիմ Խօսից շարելըն զարմացայ
Սիրով ու մեծ յուսով Ես այս բանիս ի փորձ մտայ,
Զհոգիս փոխան տըւի
Եւ ապա ես այն հոգոյն հասա»։

Այս մասին ուշագրավ խոստովանաթյունները շատ են։ Մեծ արվեստագետների գիտակցության մեջ երևույթի վերացարկման պահը անսպասելի և արագ դրսևորում ունի։ Ենթագիտակցական այս մտահոգությունը պահի մեջ նվաճում է այն, ինչ ընդունակ չէ անել տրամաբանությունը։ «Ամենաուժեղ բանը ինտուիցիան է,- նկատել է Թումանյանը իր զրույցներում, — պայծառատեսությունը, հայտնությունը։ Նա կայծակի թռիչք ունի՝ վայրկենապես լասավորում է. հրաբխի ուժ՝ կատաղի կերպով ժայթքում է»։ Ժամանակակիցների գործերից երևում է, որ բանաստեղծին շատ են հետաքրքրել մեծ արվեստագետների ստեղծագործական կյանքի հետ կապված երևույթները։ Նման գրանցումների մենք հանդիպում ենք Թումանյանի օրագրերում, գրառումներում, ծոցատետրերում։ Հոգեբանական բռնկումների այսպիսի պահեր Թումանյանը շատ է ունեցել: Այս առիթով բանաստեղծը ուշագրավ մտքեր է փոխանակել գրչակից ընկերների հետ։ Նվ. Թումանյանը գրում է. «… Զրուցում էին բանաստեղծի ստեղծագործական աշխարհի, ստեղծագործական պրոցեսի շուրջ, խոսում էին փիլիսոփաներից Կանտ, Պետրաժիցկի։ Հայրիկը Բերգսոնի գիրքն էր կարդացել ու շատ էր հավանել»: «Կարևորը կանխատեսությունն է, ինտուիցիան, — մի ուրիշ անգամ նկատել է բանաստեղծը, — երևակայությունը, ներդաշնակության զգացումը, հոգու խորթությունը, երբ բանաստեղծը խորասուզվում է ստեղծագործական ոլորտները, երբ շարժվում են նրա ինտուիտիվ զգացումները, երբ լցված, ներշնչված ապրում է մեծ սարսուռը։ Հենց էն ժամանակ է բանաստեղծը բանաստեղծ»։ Բանաստեղծությունը խորհուրդներով, օրենքներով չեն գրում։ Եթե բանաստեղծի մեջ առաջանում է այս ներքին մղումը, նա գրում է։ Երիտասարդ բանաստեղծին ուղղված իր խոսքում Թումանյանը նկատել է «Ամենից շատ և ամենից լավ բանաստեղծը ինքն է իրեն հասկանում, և իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուժեղ առաջնորդը»։ Դեկարտի պնդմամբ՝ ինտուիցիան ամբողջական մտքի անսպասելի նվաճում է։ Իսկ Բերգսոնը այն համարում է «ինտելեկտուալ համակրանքի» իմացություն։ Սրանք սկզբնապես գրողի գիտակցության մեջ հանդես են գալիս անշոշափելի, ցրված տպավորությունների ձևով։ Չարենցը իր օրագրում այսպիսի մի գրառում ունի։

«cie profundis» * 13.4.1937, Երևանում, իմ բնակարանում, անկողնում, ինչպես միշտ։ Մարտի 1-ին լրացավ իմ կյանքի քառասուն տարին։ Յուրաքանչյուր գաղափար վերջերս սկսվում է ճյուղավորվել իմ ուղեղամ և զարգանալ «ճյուղավոր» հաջորդականությամբ։ Մի ներքին անզսպելի մղում «ոստային» սիստեմով, այսինքն՝ ինչպես աճում է ծառը։ Հիմնական գաղափարը դառնում է ծառի բունը, որ բարձրանալով սկսում է տալ ճյուղեր և ամեն ճյուղ իր հերթին` ոստեր, որոնք և իրենց հերթին դառնում են նոր ճյուղեր և այսպես անվերջ…»։

Հիմնական իդեան — ծառ —

քառասունամյակիս առավոտը (երբ ես նայեցի հայելուն) —
→ →
մարդը հոգու մեջ՝ ինքն իր դեմ
→ →
ճյուղք առաջին
→ → →
a b c

Ես, կին — ինքն իր դեմ և այլն, և այլն, և այլն, և այլն։ Նույնը՝ անվերջ։ Ոստեր՝ a, b, c։ Եթե այսպես շարունակվի, դժվար թե հնարավոր լինի երբևիցե վերադառնալ բուն նյութին. ահավասիկ այն, ինչը մեծ հանճարների մեջ ամենազարմանալին է, ներքին երկաթե կոնտրոլ, որպեսզի ոչ թե նյութը տիրապետի հեղինակին, այլ հեղինակը նյութին»։

Չարենցի այս հետաքրքիր գրառումը խոսում է այն մասին, որ ստեղծագործելու պահին գրողի գիտակցության մեջ նույն գաղափարից ծնվող բազմաթիվ զուգորթություններ են առաջ գալիս։ Սա նշան է այն բանի, որ գրողի հղացման հիմնական գիծը վերջնականապես կազմակերպված չէ։ Բանաստեղծի ակնարկած «տվյալ գաղափարը» սոսկ տեսական կառույցն է։ Գործնական իրականացման դեպքում բազմաթիվ տարբերակներ է տալիս։ Գրողը չի կողմնորոշվում հիմնական իդեան ընտրելու մեջ։ «Սա վտանգավոր է, — նկատել է Դ. Դեմիրճյանը, — գրողը պետք է հեռու մնա ամեն բանի մասին գրելուց։ Նա պետք է կտրականապես որոշի գործի գլխավոր իդեան»։ Այս դեպքում գեղարվեստական խնդրի լուծումը պահանջում է մտավոր կենտրոնացում, ինչը հնարավորություն է ընձեռում կանխել մտքի զգացմունքային շեղումները։ Այս շեղումները վերջնականապես վերացվում են գրական երկը վերամշակելու ընթացքում։ Ավ. Իսահակյանը ճիշտ է նկատում, որ սրտով, զգացմունքով, ինտուիցիայով գրում են, տրամաբանությամբ մշակում։

Ստեղծագործական երևակայություն

Երևակայությունը գրողի ստեղծագործական մտածողության կարևոր պայմաններից է։ Այն զուգորդական մտածողության արդյունք է՝ սերտորեն պայմանավորված գրողի ինտելեկտուալ կարողության, կենսափորձի ու հոգեբանաթյան հետ։ Երևակայության որակական համակառույցը ներկայանամ է երեք հիմնական գործոնների` իմացականի, զգացականի և ենթագիտակցականի բարդ համադրության ձևով։ Ստեղծագործական երևակայության դրսևորման մեջ իր ակտիվ դերն ունի հույզը, ապրումը, նպատակին հասնելու ձգտումը, որոնք նույնքան կարևոր են գիտական մտածողության մեջ։ Այդ մասին հետաքրքիր ասույթներ ունեն Պուանկարեն, Էյնշտեյնը։ Զգայականի գործոնը միանշանակ չէ, այն ունի ստենիկ (ոգևորող, ոգեշնչող, հաճույք, ուրախություն պատճառող) և աստենիկ (ճնշող, մտահոգող, ցավի զգացողություն առաջացնող) դրսևորումներ։ Ընդ որում, գրողի երևակայության «լիցքավորման» համար երկուսն էլ համարժեք նշանակություն ունեն։

Զգայականի պարզագույն դրսևորումը ի սկզբանե կենսաբանական է։ Արվեստի հոգեբաններից շատերը (Օվսյանիկով-Կուլիկովսկի, Յակոբսոն, Վիգոտսկի, Առնաուդով և ուրիշներ) հույզի՝ զգայականության հիմքում նշմարում են «անհրաժեշտ հետաքրքրություն», «ցանկություն և երազանք» գործոնները, որոնց ժամանակին ուշադրություն են դարձրել Պլատոնն ու Արիստոտելը։ Անցումը զգայականից դեպի երևակայականը միջնորդված է։ Այս զգացումը կարող է ամենևին էլ կապ չունենալ երևակայությամբ արտացոլվող առարկայի եբևույթի հետ։ Ասենք՝ նոր չորացած խոտի բույրը բանաստեղծին կարող է հիշեցնել իր մանկությունը։ Մտապատկերի մեջ այդ զուգորդական դրսևորումները հնարավոր չէ կտրուկ օրինաչափությունների ենթարկել։ Հոգեվերլուծության մեջ այդ դրսևորումները կապում են գրողի, արվեստագետի կենսափորձի հետ։ Հույզի առարկայի հանդիպման հաճախականությունը մեղմում է զգայական լարվածությունը, կանխում երևակայության թռիչքը «Մի քանի անգամ կրկնված տեսակցությունը, — գրել է Մուրացանը, — մոռացնում է առաջին հանդիպման հրապույրը»։ Կենսական իրականությունից ստացած անմիջական տպավորությունը միշտ չէ որ կարող է սնել երևակայությունը։ «Թարմ տպավորությունով գրելը, — նկատել է Շիրվանզադեն, — գուցե ունի իր լավ կողմերը սակայն ինձ թվում է, որ գրողը թարմ ազդեցությամբ շատ անգամ կարող է հափշտակվել երևույթների աննշան մանրամասներով և էականը չզատել երկրորդականից, այսինքն՝ իրականը անցողականից։ Տպավորությունների գրականությանը մի տեսակ ձուլարան է, ուր գաղափարը, այսպես ասած, հալվում ու աստիճանաբար զտվում է ավելորդ տարրերից, մնում է էականը, այսինքն այն՝ ինչ կարող է դիմանալ ժամանակի մաշիչ զորությանը»։ Երևակայության համար կարևոր գործոն է երազը, երազանքը։ Նիցշեն իր «Ողբերգության առաջացումը» աշխատության մեջ բերում է Լուկրեցիոսի այն կարծիքը, թե աստվածների հոյակապ պատկերները մարդկանց հոգու, մեջ հայտնվել են երազում։ Երազում է տեսել ու հիացել մեծ քանդակագործը գերմարդու մարմնի աննկարագրելի համամասնությունը, իսկ հելլենացի պոետը իր բանաստեղծական պատկերը նույնպես երազի մեջ է տեսել, նա երևի երազանքին կտար այն բացատրությունը, ինչ տալիս է Հանս Սաքսը իր «Մեստերլինգներում»։

Իմ բարեկամ պոեզիան երազ է, Տեսիլք, երազային խտացում. Ապրում է բանաստեղծի ոգևորությունը Երազի մեջ, միստիկական հագեցվածությամբ, Եվ արվեստը, անկասկած, Երազների արձագանք է։

Ստեղծագործական երևակայությունը հաճախ կապում են նաև պատրանքի հետ։ Մտքի մեջ պատրանքները առարկայանում են և տալիս այնպիսի մի որակ, որ բոլորովին նոր է, անսպասելի նոր։ Կարդանք Շանթի այս տողերը՝

Երբ գեղեցիկ թարմ աղջիկը ժպտեցավ՝
Սիրտս դողաց հուզումով մի ներդաշնակ,
Սիրեցի ալ միայն՝ ոչ այն, որ անցավ,
Այլ անոր նուրբ հափշտակիչ դեմքին տակ
Նոր էակ մը, որ մտքես հոն՝ անցուցի.
Ես պատրանքը սիրեցի։

Հարազատ մարդու, բնության, միջավայրի կարոտը Թումանյանին մղել է պատրանքային վերհուշի աշխարհը։ Մտապատկերի ձեևով մշուշոտ ու երազային ստվերներից հառել է կարոտի առարկան։

Եվ մտքումս ահա լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի, Տեսարանները հայրենի երկրի,
Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լի ու լի հրճվանք։

Այս ապրումի արտահայտությունն է նաև բանաստեղծի «Պատրանքը», որը հայ պոեզիայի բացառիկ նմուշներից է։ Նմանատիպ ապրումների դրսևորում է Շանթի «Հին աստվածներում» այն պահը, երբ Սեդան հայտնվում է Աբեղայի մտապատրանքների մեջ։ Նույնն են միգանուշների, ճգնավորների պատկերները, ունայնության փոսի տեսարանը։

Երևակայության գերլարվածությունը հաճախ գրողին ծայրահեղության է մղում։ Թումանյանը ճիշտ է նկատել. «Երևակայությունը խենթ է, համարձակ, երևակայությունը թռչող Պեգասն է, զգույշ պիտի լինել, ոսկե սանձով պիտի պահել»։ Բուլղարացի արվեստի հոգեբան Միխաիլ Առնաուդովը, խոսելով երևակայության ձևերի մասին, նկատել է. «Երևակայության ձևերը տարբերվում են իրարից գլխավորապես նրանով, թե ինչ մասնակցություն է ունենում գրողի քննական միտքը փաստերի ընտրության և նրանց գեղարվեստական վերացարկման ժամանակ, և նաև նրանով, թե գրական երկում որքանով են համապատասխանում իրար ռեալ իրականությունն ու հեղինակների երևակայած պատկերները։ Երևակայության այդ տեսակները քիչ չեն, բայց դրանց մեջ առանձնանամ են հատկապես երկուսը՝ հեքիաթայինն ու միստիկականը։ Հեքիաթայինը հաճախ համարվում է երևակայության «ցածրագույն» ձևը։ Ընդ որում, «ցածրագույն ձևակերպումը վերաբերում է հեքիաթայինի տրամաբանական շերտին։ Հքիաթայինում կարծես տրամաբանությունը չի կարգավորում զգայականը։ Դ. Դեմիրճյանը ճիշտ է նկատել. «Դատողությունը, տրամաբանությունը, փիլիսոփայությունը սառեցնում է էմոցիան»։ Մյուս կողմից, իհարկե, զգայականն արվեստում կանխում է տրամաբանականի չոր անվերապահությունը։ Ըստ Ռիբոյի՝ «Ստեղծագործական երևակայության համար կարգավորող գործոնը մարդու ներզգայությունն է, որը իրականի նկատմամբ գերակայողի դիրքում է։ «Բայց կարգավորիչը, այնուամենայնիվ, արտաքին աշխարհն է։ Այս դեպքում էլ իրականությունն է գերակշռողը»։ Հեքիաթային երևակայությունը, որի հերոսները ամենակարող արարածներ են, իր դրսևորման ձևերով հեռու, բայց փիլիսոփայական ենթատեքստով մոտ է կյանքին։ Ըստ Լևի Բրյուլի՝ դրսևորման այս ձևը հատուկ է հնագույն մարդկանց գիտակցաթյանը, ուստի այն կոլեկտիվ պատկերացում է և սովորաբար շեղումներ չի տալիս։ Հեքիաթային երևակայության ծնունդը հաճախ կապում են մարդու հալածականության հետ։ Նա այլ ճանապարհ չգտնելով, անհնարինը հնարավոր է դարձնում երևակայությամբ։ «Լեգենդները, — գրել է Ավ. Իսահակյանը, մի որևէ ժողովրդի ազնիվի, վեհի, գեղեցիկ ցանկաթյունների իրականացումներ են, մարդկային տենչերը, զգացումները առասպելների, լեգենդների մեջ են գտնում բավարարվածություն, վարձատրություն»։ Հեքիաթային երևակայության մեջ խնդիրների իրականացման թե ուղիները, թե միջոցներն ու միջավայրը ռեալ իրականության հակապատկերն են։ Այստեղ ամեն ինչ բացարձակ է, իրագործմամբ անսպասելի, ավարտվածությամբ՝ իդեալական։ Բաղձալի իդեալը իրականացնող հերոսը կռիվ է տալիս չար ուժերի դեմ, նվաճում աննվաճելին։ Խաթարված իրականության ներդաշնակմանը նա հասնում է հատուցման և փոխհատուցման ճանապարհով։ Հեքիաթներում շրջապատող միջավայրը անձնավորված, շնչավորված է։ Բնաթյունը հետևում է հերոսի ճակատագրին։ Այն վերջինիս համար կարող է դառնալ սրտակից բարեկամ կամ ահավոր թշնամի, նայած, թե ինչ խնդիր է հետապնդում հերոսը։

Միստիկական երևակայությունը որակական ընդհանրություններ ունի հեքիաթայինի հետ։ Երևակայության այս որակին անդրադարձել են Նիցշեն, Ռիբոն, Լևի Բրյուլը, Ֆրեյդը։ Միստիկական երևակայությունը հատկապես հատուկ է միջնադարյան գրականությանը, թեև վերջինիս դրսևորման սահմաններն ավելի լայն են։ Ռիբոյի ըմբռնմամբ. «Միստիկական եբևակայությունր չի սահմանափակվամ միայն կրոնական գիտակցության ոլորտներով, բայց ինչպես ցույց է տալիս պատմությունը, այստեղ այն հասնում է իր լիարժեք զարգացմանը»։ Միստիկականի մեջ միշտ առկա է մարդ-աստված զուգահեռը։ Նրանում ենթադրվում են իրականությունից վեր թաքնված խորհրդավորություններ, որոնք կարող են պարզվել, եթե մարդը ամբողջությամբ նվիրվի դրանց հայտնաբերմանը։ Այստեղ, ինչպես հեքիաթայինում, մարդու միտքը ձգտում է բացարձակ կատարյալին։ Միստիկ երևակայության մեջ շրջանցվում է երևույթների պատճառահետևանքային ուղիղ կապը։ Այստեղ գործում է «զգացմունքների տրամաբանությունը»։ Մտքի անսովոր պարաբոլիզմը արտահայտելու համար գրողը դիմում է անսովոր հակադրությունների, պատկերավորման միջոցներին։ Միտքը այստեղ հանգում է անսովոր ճառագումների։ Այդ պատճառով էլ «չարաշահվում են» համեմատությունները, փոխարաբերությունները, մակդիրները, միստիկ երևակայությունը դիմում է բառաբարդման բոլոր հնարավոր միջոցներին, գործի դնում այլաբանության հզոր զենքը։ Այս առումով Նարեկացին համաշխարհային գրականության մեջ անգերազանցելի է։ Նրա միտքը գործում է շղթայական ռեակցիայի օրենքներով։ Մեծարենցը ճիշտ է նկատել, ասելով, թե Նարեկացին գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը։ Դժվար է շոշափելիորեն պատկերացնել միստիկ բանաստեղծի մտքի ներքին լարվածությունը, նրա հոգեկան բեռի ծանրությունը։ Լսում ենք միայն գերլարված հոգու պարպման ձայնը։

Ստեղծագործական ոգևորություն

Ոգևորությունը գրողի ստեղծագործական հոգեբանության կարևոր դրսևորումներից է։ Ոգևորությունը՝ հոգու լավատեսական տրամադրությունը, ենթագիտակցական սկիզբ ունի։ Սրանում գիտակցությունն ու ենթագիտակցությունը «համագործակցամ են»։ Ոգևորությունը գրողի մեջ առաջացնում է մտքի ներուժի կենտրոնացում, կամային ուղղվածություն։ Այն նպատակին հասնելու ներքին կենտրոնացում է, ստեղծագործական նախաձեռնության մղող շարժիչ ուժ։ Ոգևորությամբ և կամքի ուժով շատ բան կարելի է անել։ «Էնտուզիազմը, ոգևորությունը ամեն բանի գաղտնիք է։ Դրանք ամեն ինչ կարող են անել, շարժող գործոններ են դրանք։ Նույնը և գեղարվեստի մեջ։ Առանց ոգևորության շնչի գեղարվեստը ոչինչ է»։ Գրողները, արվեստագետները միշտ ապրում են այս ոգևորությունը՝ «մուսայի հայտնությունը»։ Նրանք մեծ նշանակաթյուն են տալիս ոգևորությանը, գտնելով, որ դրա հետ պետք է զգույշ վարվել։ Հատկապես չի կարելի այն սառեցնել, մարել։ Ինչպիսի արագությամբ այն վրա է հասնում, նույնպիսի արագությամբ էլ կարող է հեռանալ։ Արգասաբեր ոգևորության համար պայմաններ են պետք, որպեսզի չխանգարվի գրողի ստեղծագործական կյանքի ռիթմը։ «Հիմա ես խուսափում եմ ստեղծագործական ոգևորությունից, — իր զրույցների ժամանակ ասել է Թումանյանը,- նույնիսկ վախենում, որովհետև տեսնում եմ, որ իրականությունն ու տրամաբանությունը իրար չեն բռնում, իրար չեն համապատասխանում։ Հիմա ես մեծ տրամադրություն ունեմ և ցանկություն կա մեջս գրականությամբ պարապելու, բայց չեմ անում, չեմ սկսում, որովհետև կարճ է տևելու, խանգարելու են։ Եվ ինչքա՜ն են խանգարել ու ինչ դատարկ բաների պատճառով։ Խանգարումներ շատ են եղել իմ կյանքում, շա՜տ»։ Թերևս դա է եղել պատճառը, որ Թումանյանը ստեղծագործել է գիշերը, մենակության պահերին, երբ բոլորը քնել են, հանգստությունն է իշխել շուրջը, երբ աշխատասենյակամ խոր լռություն է տիրել։ «Մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան, և դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լայն, խաղաղ, անվրդո՜վ ծփում է, և սիրտը քաղցր-քաղցր ճմլում՝ երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով։ Եվ այդ րոպեների մեջն է, որ հայտնագործություններ են անում մարդիկ, ստեղծագործում են, իհարկե, առավել ևս բանաստեղծ մարդիկ»։ Մենակությունն, անշուշտ, ստեղծագործական ինքնակենտրոնացման, հետևաբար և ոգևորության կարևոր պայմաններից է, և դա է պատճառը, որ շատ գրողներ ստեղծագործել են առանձնացած, այն էլ՝ գիշերը։ Անատոլ Ֆրանսը միշտ պատվիրել է ծառային փակել իրեն սենյակում՝ հանգիստ ստեղծագործելու համար։ Շիլլերը ստեղծագործել է միայն գիշերը։ Անգամ սովորություն է ունեցել ոտքերը դնել ջրի մեջ, որ չքնի։ Բալզակը ամբողջ գիշերը սուրճ է խմել, որ չքնի, կարողանա աշխատել։ Րաֆֆին նույնպես։ Գրողներից ոմանց համար մենակ լինելու մյուս միջոցը բնության մեջ առանձնանալն է եղել։ «Բնության ծոցում են միշտ հղացել իմ ընտիր բանաստեղծությունները,- ասել է Թումանյանը,- նա ինչ բանաստեղծ է, որ պիտի չորս պատերի մեջ մտած մոռացության տա բնության հմայքը, նրա վեհությունը, նրա անհուն խորությունը»։ Վարյա Խնդամուրյանին հասցեագրված նամակում Թումանյանը գրել է. «Ամբողջ օրը զբոսանքներ եմ կատարում, թաղվում եմ անտառների խորքում, բարձրանում սարերի գլուխները, նստում եմ ժայռերի գագաթներին ու մտորում, ցնդում։ Հաճախ հենց այս անտառներում, այդ ժայռերի վրա ոտանավորներ եմ գրում»։ Ստեղծագործական ոգևորության համար, ուրեմն առանձին պայմաններ են պետք։ Զարմանալին այն է, որ Թումանյանը հատկապես ստեղծագործել է հիվանդ ժամանակ։ Ցոլակ Խանզադյանին գրած նամակում նկատել է. «Չեմ սխալվիլ, եթե ասեմ՝ իմ գրվածքների 80 տոկոսը հիվանդ ժամանակ եմ գրել, մեկ էլ՝ երբ հիվանդության պատճառով մի տեղ են ղրկել՝ մի երկու-երեք ամսով, հատկապես՝ Աբաթոման»։

Այս վիճակները բավական արգասաբեր են եղել Գյոթեի, Ռոմեն Ռոլանի, Ջոն Գոլսուորսի համար։ «Ես հիվանդ ժամանակ այնքան բան եմ սովորել,- ասել է Գյոթեն,- որքան չէի կարող սովորել իմ ամբողջ կյանքում»։ Ոգևորությունը ստեղծագործական արգասավորության հիմքն է։ Գրողի ապրած կյանքի բարենպաստությունը (անձնական, հասարակական) կարող է հզոր լիցք դառնալ աշխատելու, ստեղծագործելու համար։ Այս առումով հայ գրողի վիճակը միշտ էլ անբարենպաստ է եղել։ Թերևս դա է նկատի ունեցել Թումանյանը՝ հայ գրականությունը համարելով խանգարված ժողովրդի խանգարված գրականություն։ Պատահական չեն Թումանյանի այս տողերը՝

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի,
Խափան, խոպան ու անպտուղ, անցավ աոանց արդյունքի։
Ինչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին։

Սակայն նաև կան դեպքեր, երբ արվեստագետին խանգարող ոչ մի արտաքին հանգամանքներ չկան, բայց նա չի ստեղծագործում։ Այս շրջանը ընդունված է համարել ստեղծագործական ապատիայի, հղացումների, որոնումների շրջան։ «Ապատիայի շրջանը իսկապես հղացումի շրջան է,- հաստատում է Թումանյանը,- էդ ժամանակն է, որ բանաստեղծը լցվում է, խորանում է, հասունանում, թեպետև առանց աղմուկի ու ալեկոծումի։ Ինչպես շերամի որդը բոժոժի շինելը, երբ սկսում է ծածկել, փակվել ու ներսից հյուսում է իր բոժոժը, ասում են՝ մեռնում է, բայց դա հենց էդ ժամանակն է, որ մետաքսը շինում է»։ Ստեղծագործական գործընթացը գրողից պահանջում է մտավոր ու ֆիզիկական ուժերի լարվածություն։ Գեղարվեստական երկի ծնունդը չի կարող երբեք հեշտ ու հանգիստ ընթանալ։ Ճշմարիտ արվեստը հնարավոր չէ պատկերացնել առանց գեղագիտական իդեայի համառ որոնման։

Դժվար ու դժնի տենդով գրել եմ երգերս,
Իբրև հդգնած մշակ՝ տարել եմ երգս ես
Ուղիներով կյանքի թե՝ մառ, թե մութ, թե՛ կեզ.
Եվ տքնությունը հաճախ ինձ՝ արևից զրկել է։
(Չարենց)

«Ստեղծագործությունը ինքը մեծ հաճույք է, բայց տանջանքը նա է, երբ ստեղծագործողը մնում է երկու քարի արանքում՝ իրականության և բարձր ստեղծագործության»։

Գրական երկի ընկալման հոգեբանությունը

Ճիշտ է նկատված, որ գրականությունը հասարակական ինստիտուտ է, առանց վերջինիս հասցեագրման ու արձագանքի հնարավոր չէ պատկերացնել գրականության գոյությունը։ Գրողը այս կամ այն երկը ստեղծելիս, ինչպես մի ուրիշ առիթով նկատել ենք, հաշվի է առնում «հասարակական կարծիք», «ժամանակի պահանջ» պայմանները։ Սրանք ակտիվորեն ներգործում են գեղարվեստական երկի գաղափարական ու գեղագիտական համակառույցի ձևավորման վրա՝ դառնալով խնդրի իրագործման կողմնորոշիչ ազդակներ։ Շիրվանզադեն հստակ է դնում հարցը. «Որքան գրականությունը մեծ ազդեցություն ունի հասարակական մտքի ու հոգու զարգացման վրա, նույնքան յուր կողմից հասարակությունը ներգործական դեր է կատարում ագգային գրականության նկատմամբ։ Հեղինակը և ընթերցողը այն երկու տարրերն են, որոնց փոխադարձ հարաբերությունից առաջանում է գրական ստեղծագործությունը»։ Եվ այս փոխադարձ կապը ոչ միայն բովանդակային, այլև ձևակառուցվածքային ուղղվածություն ունի։ «Առաջդ բացեմ մի գաղտնիք, որ ոչ ոք չգիտե, — գրել է Սևակը իր ծանոթներից մեկին,- «Ականջդ» գործը սկզբնապես գրված էր իբրև պոեմ, կոչվում էր «ինքներգություն»։ Հետո դարձավ «Մարդերգություն», այնուհետև, նկատի ունենալով մեր ընթերցողների ընդհանուր ոգին, որոշեցի, պոեմի համարակալված գլուխները անջատելով, գրել առանձին էջերի վրա՝ վերնագրելով, ջանալով նրանց տալ համեմատական անկախություն»։

Գրական երկի ընկալման հոգեբանության ուսումնասիրությունը դյուրին խնդիր չէ։ Դժվարությունը պայմանավորված է գրող–մասսայական ընթերցող կապի օբյեկտիվ գործողության գործակցի հայտնաբերման հետ։ Կոնկրետ գրական երկի մասին ունեցած մասսայական ընթերցողի կարծիքը որևէ ձևով չի գրանցվում, եթե իհարկե շրջանցենք քննադատության, գրական ասուլիսների արձագանքները, վիճակագրական բնույթի անկետային տվյալները։ Գրանցման առումով նույնքան անառարկայական է հասարակության սոցիալական պատվերի՝ գրողի կողմից իրականացնելու և չիրականացնելու փաստը։ Բայց բոլոր դեպքերում, այսպես թե այնպես, գրական երկի ներքին օբյեկտիվ կյանքը մշտապես ենթարկված է ընթերցողների սուբյեկտիվ ընկալմանը։ Կյանքի գեղարվեստական վերացարկումը և վերջինիս մեկնաբանությունը արժեքայնության համապատասխանություն չունեն, ուստի օբյեկտիվորեն անհնար է շրջանցել մարդկային «ես»–ի ակտիվ միջամտությունը, որքան էլ ֆենոմենալիստները փորձում են առաջադրել «վերանձնականության» պայմանը, որը իբր կապ չունի անհատի փորձի հետ։ Գուսսլերյան «մաքուր գիտակցություն» առկայության փաստը վիճելի է, ուստի և բացարձակ օբյեկտիվության պայմանը վերանում է։

Գրական երկի ընկալման հոգեբանության մասին խոսելիս անհնար է շրջանցել մշակութային գործառության սոցիո-դինամիկայի հարցը։ Աբրահամ Մոլը իր ուսումնասիրության մեջ նկատել է, որ ժամանակակից իրականությունում մարդկանց հաղորդակցման գերմիջոցների առկայության պայմաններում չեզոքանում է տարբեր ժողովուրդների մշակութային ըմբռնումների տարածաժամանակային ներփակվածությունը, մեկուսացումը։ Չափազանց ակտիվ է մշակութային ազդեցության ու փոխազդեցության շարժունակությունը։ Հոգևոր արժեքների յուրացմանը հատկապես նպաստում են գրական ու գիտական տեղեկատվության տիրաժավորումը, հաղորդակցման տեխնիկական միջոցները՝ ռադիոն, հեռուստատեսությունը, կինոն։ Այս պայմաններում անհատը, եթե հասարակությունից մեկուսացված չէ, մշակութային համընդհանուր մակարդակը ուղղակի թե անուղղակի ձևով ազդում է նրա վրա։ Այդ ազդեցությունը պայմանավորված է անհատի մտավոր ընդունակություններով, սոցիալական համակեցությամբ ու դիրքորոշմամբ։ Ժամանակակից պայմաններում մարդու «իմացության էկրանի» վրա դրոշմվող տեղեկատվական նիշերի խտությունը շատ ավելի մեծ է, քան, ասենք, անցյալի մարդու։ Մերօրյա մարդը ոչ միայն ինքն է «հայթայթում» այդ տեղեկատվությունը (իբրև մասնագիտական իմացություն, գեղարվեստ, գրականություն, պատմություն, լեզու և այլն), այլև վերջիններս տարբեր ձևերով ու նպատակներով մատուցվում են նրան՝ դառնալով կենսական անհրաժեշտություն։ Անհատի ինտելեկտուալ կարողությունների համակողմանիությունը գրական երկի ընկալման առաջնային պայմանն է։ Այս համակողմանիությամբ է պայմանավորված երկի ընկալման հարաբերական լիարժեքությունը։

Իսկապես ստեղծագործությունը տեղեկատվական և զգայական շերտերի բարդ համադրություն է, ինչով էլ պայմանավորված է նրա բազմաձայնությունը։ Բայց, եթե իմացական շերտերը ընկալման ընթացքում ինչ–որ չափերով հաղթահարվում են տրամաբանությամբ, ապա նույնը չի կարելի ասել զգայականի մասին։ Այն բազմաբարդ դրսևորում և ուղղվածություն ունի՝ պայմանավորված ընթերցողի բարոյահոգեբանական, ֆիզիկական, սոցիալական կացության, տարիքային, սեռային ու բազմաթիվ այլ հատկանիշներով։ Ըստ Ա. Ի. Լուկի, միայն հումորն ու սրամտությունը մարդկային ապրումների 70-ից դրսևորումներ են տալիս։ Այս հաշվարկները, կարծում ենք, լուրջ չեն, բայց և այնպես խոսում են մարդու կողմից երևույթների ընկալման հարաբերականության մասին։ Հարաբերականության պայմանը չի հաղթահարվում նաև գրական երկի դատողական շերտերի ընկալման ընթացքում։ Այստեղ նույնպես կան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ։ Առանձնացնող գործոն է ընկալողի մասնագիտական կողմնորոշվածությունը և սրանով պայմանավորված հետաքրքրասիրությունը։ Մասնագետ ընթերցողը, որպես օրենք, տրոհում է գրական երկի գիտակցության շերտերի ամբողջական համակարգը և ընտրում տեղեկատվական այն փաստերը, որոնք անհրաժեշտ են իր գիտական կոնդենցիան հաստատելու համար։ Այդպես է արվում հատկապես հին շրջանի համադրական բնույթ ունեցող տեքստերի հետ։ Ասենք, Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ընթերցելիս, որ ավեի ճիշտ է ասել ուսումնասիրելիս, պատմաբանը կարող է բոլորովին ուշադրություն չդարձնէլ նրա գեղարվեստական հատկանիշներին, գրականագետը ճիշտ հակառակը՝ շրջանցել պատմական փաստերը։

Փիլիսոփան, աստվածաբանը, լեզվաբանը այդ նույն պատմությանը նայում են իրենց մասնագիտական հետաքրքրասիրությունից ելնելով։ Գործնականորեն անհնար է սպառել գեղարվեստական երկի դիտարկման ուղղվածությունը, մանավանդ, երբ նկատի ենք ունենում ընթերցման ժամանակի պահանջները, որոնք շարունակ փոխվում են, այսինքն՝ միևնույն երկը տարբեր ժամանակներում տարբեր տեսանկյուններով է ընկալվում։ Ուստի, թե՛ հոգեբանական և թե՝ փորձաիմացական առումով անհնար է ընկալել երկը իր ամբողջության մեջ։ Դրա համար էլ ընթերցողը միշտ մի բան թողնում է, մի բան բացառում, շրջանցում իրեն չհետաքրքրող այս կամ այն փաստը։ Այս խնդրում որոշակի դեր է խաղում նաև գրական ստեղծագործության կրոնական բնույթը։ Ինչ խոսք, ժամանակակից ընթերցողի համար այդ գործոնը գուցե այնքան էլ կարևոր չէ, բայց անցյալ դարաշրջաններում երկի կրոնական գիտակցությունը կարևոր դեր է խաղացել: Դավանանքի տարադիրքության պատճառով անսահման գրականություն է ոչնչացվել։ Մովսես Խորենացին Ալեքսանդրիայում եղած ժամանակ ցավով է նկատել, որ Պղոտեանեսին Մարկոսի փոխարինելը մատենագրական ավերածությունների տեղիք է տվել։ Ընթերցողի մեջ բուռն արձագանք են առաջ բերում գրական երկում արտահայտված ազգային արժանապատվությունը շոյող կամ նսեմացնող գաղափարները։ Սա ավելի սուր ձևով է արտահայտվում ազգային փոքրամասնությանը պատկանող ընթերցողի մեջ։ Գրական երկի ընկալման մասնավորումը բացատրվում է նաև ազգային մտածողության յուրահատկությամբ։ Ազգային մտածողության սուր հագեցվածություն ունեցող երկերը շատ դեպքերում մինչև վերջ ընկալելի չեն օտար ընթերցողների համար։ Այսպիսի գործերը պահանջում են հոգեհարազատ ընթերցող։ Երևույթը դրսևորվում է նաև գրականության ոճային տարբերությունների դեպքում։ Այս տարակառույց գեղարվեստական համակարգերը յուրացնելու համար պահանջվում է ակտիվ, շրջահայաց, ճաշակավոր ընթերցող։

Որոշակի հետաքրքրություն և անտարբերություն կարող է առաջ բերել այն գեղարվեստական ստեղծագործությունը, որն անընդհատ ինչ-ինչ եղանակով տպագրվում է, ներկայացվում ռադիոյով, հեռուստատեսությամբ։ Նման գործերը, որքան էլ որ արժեքավոր լինեն, կարող են անտարբերություն առաջ բերել ընթերցողների շրջաններում։ Հակառակ արձագանք են գտնում այն գործերը, որոնք հազվագյուտ են հրատարակվում, կամ էլ արգելվում են գրաքննության կողմից։

Տարաբնույթ ընկալման պատճառներր շատ են և հնարավոր չէ բոլորին անդրադառնալ։ Այս ամենի մեջ հատուկ ուսումնասիրության պահանջ է դնում, այսպես կոչված, գրական երկի «ենթատեքստային ազատ տարածությունը»։ Երևույթը պայմանավորված է ոչ միայն գրական երկի արժեքայնությամբ, բովանդակային մեծ խտացումներով, այլև ընթերցողի երևակայությամբ։ Այս երևակայությունը որքան կարևոր է գրողի, նույնքան և ընթերցողի համար։

Երկի «ազատ» կամ «սպիտակ» տարածության գոյությունը գրականության գաղտնիքներից է։ Ամեն մի տաղանդավոր երկի շուրջ հարյուրավոր ուսումնասիրություններ են ստեղծվում, որոնցից յուրաքանչյուրը ծավալով ավելի մեծ է քան ինքը՝ երկը։ Մեծ գրողների գործերում այս ազատ տարածությունը լրացվում է բարձր ընթերցողների երևակայությամբ։ Թույլ գրողների երկերում էլ կա այդ ազատ տարածությունը, սակայն դա պարզապես ազատ տարածություն է։

Դրդապատճառներ


Դրդապատճառների խնդիրը հոգեբանության կարևորագույն, նույնիսկ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող խնդիրներից է, քանզի պարզել մարդու մոտիվացիոն ոլորտի կառուցվածքը նշանակում է իմանալ նրան առաջ մղող շարժիչ ուժերի` դրդդապատճառների բնույթն ու փոխադարձ կապը: Դրդապատճառ ասելով մենք նկատի ունենք այն շարժիչ ուժերը, որոնք մարդուն մղում են ակտիվության:Անդրադառնալով դրդապատճառների խնդրին, նշենք, որ նրանք պատճառական կամ պատճառահետևանքային կապով կապված են պահանջմունքների հետ, որտեղ դրդապատճառները մատնացույց են անում այս կամ այն պահանջմունքը կամ բավարարում: Օրինակ, ջուր խմելու դրդապատճառը պայմանավորված է ծարավի պահանջմունքով: Իր բնույթով, կառուցվածքով, նշանակությամբ, դրդապատճառները բաժանվում են 3 հիմնական խմբերի` պարզ և բարդ, արտաքին և ներքին, գիտակցված և չգիտակցված:

Պարզ և բարդ դրդապատճառներ

Անդրադառնալով դրդապատճառների այս խմբին, նախ պարզենք, թե քանի պահանջմունք են նրանք մատնացույց անում կամ բավարարում, ուստի կարող են պարզ համարվել բոլոր այն դրդապատճառները, որոնք մատնացույց են անում կամ բավարարում են միայն մեկ մեկուսացված պահանջմունք, իսկ բարդ են համարվում այն դրդապատճառները, որոնք մատնացույց են անում կամ բավարարում մեկից ավելի պահանջմունքներ, սակայն այդպես կարող է թվալ միայն առաջին հայացքից: Իրականում բոլոր դրդապատճառներն էլ բարդ են, որտեղ կան տվյալ մարդու համար գլխավորները և երկրորդականները: Օրինակ, մադը եթե դեղ է խմում ու մենք հարցնում են ինչի համար է խմում, ապա նա կպատասխանի <<առողջանալու համար>>: Բայց մյուսի համար դեղ խմելը ոչ միայն ապաքինում է, այլ նաև ապաքինումն է ամեն առումով` նպատակների ու իղձերի իրականացում, մյուսի համար բեռ չդառնալը և այլն:

Արտաքին և ներքին դրդապատճառներ

Անդրադառնալով դրդապատճառների այս խմբին, պետք է պարզել դրանց ներգործության ոլորտը, միջավայրը, այսինքն, թե որտեղից են ներգործում մարդու վրա, ուստի արտաքին են համարվում բոլոր այն դրդապատճառները, որոնք մարդու վրա ներգործում են արտաքին աշխարհից: Այդպիսի դրդապատճառներից են մարդու միջավայրը, շփման ոլորտները, բնակլիմայական պայմանները:

Մարդու զգացմունքները ձևավորվում են արտաքին աշխարհի հետ ունեցած շփումներից, բախումներից, փոխհարաբերություններից, ուստի մենք կարող ենք ասել, որ զգացմունքները որպես դրդապատճառ արտաքին են:Ներքին են համարվում այն դրդապատճառները, որոնք պայմանավորված են մարդու ներքին  ոլորտներով` սեռով, տարիքով, արտաքինով, առողջությամբ, ընդունակություններով, ծագումնաբանությամբ, ինչպես նաև կամային որակներով, խառնվածքով:

Հոգեբանության բաժինները


Մարդաբանական գիտական համակարգում հոգեբանությունը զբաղեցնում է իր ուրույն տեղը: Հատկապես մեր օրերում հոգեբանությունը շատ անելիքներ ունի` որպես մարդու հետ շփման, տեսնելու, ճանաչելու, օգնելու  ուրույն միջոց: Այսօր ամենամեծ մասսայականություն վայելող ոլորտներից մեկն է և դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Նախ ինքն իրեն ճանաչելու մշտական ձգտումը, այնուհետև կյանքի բարդացմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է մարդու շփման ոլորտների ընդլայնմամբ` նրա զբաղվածությամբ, ընտանիքով, մասնագիտությամբ, տարաբնույթ շփումներով և այլն: Որպես գիտություն հոգեբանությունը մինչև 19-րդ դարի 2-րդ կեսը հանդես է եկել փիլիսոփայության մի մասը կազմելով: Միայն 19-րդ դարի երկրորդ կեսից առանձնացավ փիլիսոփայությունից` դառնալով ինքնուրույն գիտություն` հետապնդելով իր խնդիրները և նպատակները, ստեղծելով հետազոտության իր մեթոդները: Լայպցիգում, Բեռլինում, Ֆրանսիայում, Ռուսաստանում բացվեցին գիտահետազոտական կենտրոններ և հոգեբանության իբրև գիտության զարգացման գործում իրենց մեծ ներդրումն ունեցան այնպիսի անվանի գիտնականներ, ինչպիսիք են Հելմհոլցը, անգլիացի գիտնական Գալտոնը, ռուս գիտնական Լազուրսկին: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարում արդեն հոգեբանության մեջ սկսում է ձևավորվել և վերելք է ապրում հետազոտության այնպիսի մեթոդներ ինչպիսին է հոգեվերլուծությունը (Շարկո, Բրեյեր, Ֆրոյդ):

Որպես գիտություն հոգեբանությունը միատարր չէ: Այն կազմված է տարբեր բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը իր առջև ունի իր խնդիրները, նպատակներն ու մեթոդները: Այդ մեթոդներից է դիտման մեթոդը, զրույցը, խաղը, թեստը: Հոգեբանության բաժիններից են կենդանաբանական հոգեբանությունը կամ զոոհոգեբանությունը, մանկական հոգեբանությունը, մանկավարժական, աշխատանքային, սոցիալական, ստեղծագործական, քրեական, արդյունաբերական կամ գովազդի, ռազմական, մարզական և այլն:

Կենդանիների հոգեկանը և մարդու հոգեկանը


Կենդանիների հոգեկանի առանձնահատկությունները

 

Կենդանիների գլխուղեղի զարգացումը և նրանց արտացոլող, հոգեկան գործունեության նոր, ավելի բարդ ձևերի առաջացումը կատարվւմ է կյանքի որոշակի պայմանների ազդեցությամբ, շրջապատող միջավայրին կենդանիների համալրվելու պրոցեսում:

Մշտապես փոփոխվող արտաքին միջավայրը որոշակի փոփոխություններ է առաջացնում ոչ միայն կենդանիների օրգանիզմի կառուցվածքում, այլև նրանց վարքի ձևերի ու եղանակների մեջ: Միջավայրին հաջողությամբ հարմարվելը կախում ունի կենդանու` կենսապայմանների փոփոխմանը համապատասխան իր վարքը արագորեն փոփոխելու ընդունակությունից: Հասկանալի է, որ կենդանու վարքի ճկունությունը և փոփոխականությունը ուղղակի կախման մեջ են գտնվում նյարդային համակարգի և արտացոլման ձևերի մակարդակից:

Կենդանիները շրջապատի միջավայրին հարմարվում են արտոցոլող գործունեության այնպիսի ձևերի միջոցով, ինչպիսիք են ոչ պայմանական ռեֆլեքսները, բնազդները, ձեռք բերված հմտությունները և բանական գործունեության պարզագույն ձևերը:

Կենդանիների բնազդները

Վարքի բնազդային ձևը բնածին է, այն կենդանուն <<տրված>> է պատրաստի վիճակում` արդեն նրա ծննդյան օրվանից: Բնազդները մշակվում են մի քանի սերունդների կուտակած և ամրապնդված այն հատկությունների շնորհիվ, որոնք ձեռք են բերել տվյալ տեսակի կենդանիները արտաքին պայմանների ազդեցությամբ: Հենց դրանով է բացատրվում, որ բնազդային գործողությունները լավ են համապատասխանում կենդանիների տվյալ տեսակի համար սովորական կենսապայմաններին: Այդպիսի բնազդային գործողությունների օրինակ են թռչունների կողմից բների պատրաստումը, նրանց չվելը և այլ բաներ:

Բնազդները կենդանուն ապահովում են շրջապատող միջավայրին հաջող հարմարվելու և անհրաժեշտ կենսական պահանջների բավարարման գործում: Սկյուռը, ենթարկվելով բնազդին, կառուցում է իր բունը և սննդի պաշար է կուտակում: Ճիճվահիվանդությամբ տառապող շունը սկսում է ուտել գնդաշածաղիկ խոտաբույսը, որն ունի բուժիչ հատկություն:

Բոլոր բնազդային գործողությունները կատարվում են առանց իմանալու և հասկանալու նրանց արդյունքները, բայց անվիճելի է դրանց օգտակարությունը օրգանիզմի համար:

Բազմաթիվ դիտողություններն  ու փաստերը ցույց են տալիս, որ կենդանու կենսապայմանների փոփոխման դեպքում երբեմն շատ նպատակահարմարև կատարյալ բնազդային գործողությունները վերածվում են անիմաստ և նույնիսկ վնասակար գործողությունների:

Եթե սնունդ հայթայթելու գնացած թանձրահավի ձուն, որ նա տաքացնում է` ճուտ հանելու համար, մենք տեղափոխենք, դնենք մի փոքր այն կողմ, ապա նա վերադառնալով կնստի իր նախկին տեղը և կշարունակի <<տաքացնել>>, ամենևին հոգ չտանելով իր տեսադաշտից ոչ հեռու գտնվող ձվի մաին:

Բնազդներն ամենևին չեն մնում անփոփոխ: Կենդանիները, ընկնելով նոր կենսապայմանների մեջ, ստիպված են փոխել իրենց վարքը, որի հետևանքով ձեռք են բերվում նոր հատկություններ, որոնք հետագայում, փոխանցվելով սերնդե-սերունդ, ուժեղանում են և ամրապնդվում մի քանի սերունդներում:

Օրգանիզմի նոր, վերստին ձեռք բերած և հին, ամրապնդված հատկությունները սերտորեն կապված են միմյանց հետ:

Եթե պայմանական ռեֆլեքսները, առաջանալով որոշակի կենսապայմաններում, այնուհետև պետք է կրկնվեն կենդանու տվյալ տեսակի մի շարք սերունդներում, ապա դրանք կարող են ամրապնդվել, դառնալ ժառանգական և փոխանցվել հաջորդ սերնդին: Եվ, ընդհակառակը, այն անպայման ռեֆլեքսները, որոնք չեն ապահովում կենդանու հաջող հարմարվելը միջավայրի փոփոխված պայմաններին, աստիճանաբար մահանում են և դադարում ժառանգաբար անցնել սերունդներին:

Կենդանիների ունակությունները

Կենդանիների կյանքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք չեն կարող հաջողությամբ հարմարվել փոփոխված պայմաններին` հենվելով միայն իրենց վարքի բնածին ձևերի` ոչ պայմանական ռեֆլեքսների և բնազդների վրա: Վարքի հին, բնածին ձևերը լրացվում են նոր, ձեռքբերովի ձևերով` ունակություններով:

Կենդանիների ունակություններ կոչվում են այն գործողությունները, որ նրանք ձեռք են բերում իրենց անհատական փորձի միջոցով:

Կենդանիներին ունակություններ կարելի է պատվաստել ինչպես նրանց կյանքի բնական պայմաններում, այնպես էլ հատուկ վարժեցման, մարզման միջոցով: Փորձերը ցույց են տալիս, որ ունակություններ ձեռք բերելու ընդունակություն ունեն ոչ միայն բարձր, այլև անգամ ստորին աստիճանի վրա գտնվող կենդանիները: Սակայն որքան ավելի կազմակերպված և բարդ է օրգանիզմը, որքան ավելի շատ է զարգացած կենդանու նյարդային համակարգը, այնքան ավելի բարձր է զարգացած ունակություններ ձեռք բերելու ընդունակությունը:

Ունակություններ համեմատաբար ավելի դյուրին է ձեռք բերում ուտիճը (տարականը): Նրան կարելի է ընտելացնել սննդանյութը վերցնել միայն շախմատի տախտակի սև քառակուսիների վրայից: Կարելի է մեղվին այնպես վարժեցնել, որ նա նստի որոշակի գույն ունեցող թղթի վրա և այլն:

Ունակություններ ձեռք բերելու մեծ հնարավորություններ ունեն բարձրակարգ կենդանիները: Հիշենք, թե ինչպես են կենդանիներին ընտելացնում և վարժեցնում մարզիչները:

Կենդանիների` ձեռք բերված ունակությունների վրա հիմնված վարքը նրանց հնարավորություն է տալիս ավելի դյուրին և լավ հարմարվելու նոր կենսապայմաններին, քան բնազդային վարքը:

 

Կենդանիների ինտելեկտուալ (բանական) վարքը

 

Փոփոխված կենսապայմաններին հարմարվելու ավելի բարձր և ճկուն ձև ունեն այն կենդանիները, որոնք օժտված են բանական գործունեության սաղմերով: Օրինակ, այդպիսի կենդանիներ են մարդանման կապիկները:

Ի. Պ. Պավլովի և նրա աշակերտների կատարած հետազոտությունները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ մարդանման կապիկներն ընդունակ են լուծելու այնպիսի բանական խնդիրներ, որոնք պահանջում են կապեր և հարաբերություններ հաստատել առարկաների միջև, կատարել կոմբինացված և նպատակասլաց գործողություններ: Գործողությունների այդ նպատակասլացությունը մենք նկատում ենք ոչ միայն պարզ, այլև մի շարք իրար հաջորդող գործողություններից բաղկացած խնդիրների լուծման մեջ:

Գ. Զ. Ռոգինսկու փորձերում նկարագրվում են նմանօրինակ խնդիրների լուծման ժամանակ կապիկների կատարած գործողություններն ու եղանակները: Պետեր կապիկի առաջ, վանդակից դուրս գտնվող սեղանի վրա դրված էր խնձոր, որը նա չի կարող վերցնել ձեռքով: Պետերն այն վերցնում է իր ձեռքում գտնվող մակարոնի ձողիկի օգնությամբ:

Ավելի բարդ փորձ կատարվեց մյուս կապիկի` Պարիսի հետ: Վանդակից մեկ մետր հեռավորության վրա գտնվող սեղանի վրա դրված է խնձորը: Պարիսն անմիջապես դեպի խնձորն է մեկնում ձողը, բայց այն կարճ է: Վերցնում է մի այլ ձող, բայց այն էլ շատ հաստ է: Նա սկսում է բոլոր կողմերից կրծոտել ձողը և կրկին անհաջող փորձեր է կատարում խնձորը ձեռք բերելու համար: Պարիսը այդ եղանակով փորձեց 15 ձող: Չհասնելով արդյունքի, նա վազում է դեպի վանդակի կենտրոնը, նետվում դեպի բարձր կախված ձողը, ատամներով նրանից կտրում 1.5 — 2 սանտիմետր տրամագիծ և 0.75 սանտիմետր երկարությամբ ձող և, վերադառնալով վանդակ, դեպի իրեն է գլորում խնձորը:

Ի. Պ. Պավլովի փորձերի ժամանակ Ռաֆայել կապիկը լուծում էր ավելի բարդ խնդիրներ: Նա հրապուրանքին տիրանալու համար սովորեց բացել զանազան փականներ, դրա համար ընտրելով որոշակի չափի և կտրվածքի բանալի-ձողեր, կարողանում էր ջուր լցնել կրակի վրա, առանձին արկղերից պատրաստում էր աստիճաններ ունեցող աշտարակ և այլն:

Այդ բոլոր օրինակները խոսում են այն մասին, որ կապիկների մոտ նկատվում են բանական գործողություններ: Բայց, ասում է Ի. Պ. Պավլովը, կապիկը ոչ թե մտածում և խորհում է, ինչպես այդ անում է մարդը, այլ պրակտիկորեն օգտակար գործողություններ է կատարում:

<<Նրա մտածողությունը դուք տեսնում եք նրա արարքներում>>, <<… այդ ողջ գործունեությունը, երբ կապիկը փորձում է և մեկը, և մյուսը, հենց այդ էլ մտածողություն է գործողություններով, որը դուք տեսնում եք սեփական աչքերով: Դա զուգորդումների մի շարք է, որոնցից մի մասը ստացվել է անցյալում, մի մասն էլ այժմ կազմվում և ստացվում է ձեր աչքերի առաջ, կոմբինացվում ձեր աչքերի առաջ… իհարկե դա տարրական բանականություն է…>>:

Կապիկի երկրորդ ազդանշանային, խոսքի ժամանակավոր այն կապերի բացակայությունը, որոնց օգնությամբ և ձևավորվում են մտքերը, նրան զրկում է իր գործողությունները նախապես կշռադատելու և պլաարդու մոտ:նավորելու հնարավորությունից: Իր գործողությունները պլանավորելու, նպատակասլաց խորհելու ընդունակությունը երևան է գալիս միայն խոսելու ընդունակություն ձեռք բերած մարդու մոտ:

Մարդու բարձրագույն նյարդային գործունեության հիմնական օրինաչափությունները


Ի. Պ. Պավլովի ուսմունքից արվող էական հետևություններն այն բանի ընդունումն են, որ ռուս մեծ ֆիզիկոսի կատարած հետազոտությունների հիմքում ընկած է կենդանի օրգանիզմի` իբրև մի միասնական ամբողջության, իբրև չափազանց բարդ համակարգի մասին պատկերացումը, համակարգ, որը կազմված է ոչ միայն մեկը մյուսի հետ կապված մասերի գրեթե անհամար շարքերից, այլև մի միասնական ամբողջություն է մեզ շրջապատող բնության հետ:

Օրգանիզմի ամեն մի ֆունկցիա կարող է ճիշտ հասկացվել, եթե այն քննարկվի ոչ թե առանձին, այլ մյուս ֆունկցիաների հետ անխզելի կապի մեջ: Միայն այդ ձևով կարող է հասկացվել թե´ օրգանիզմի ամբողջական գործունեությունը, թե´նրա փոխազդեցությունը շրջապատող միջավայրի հետ:Բարձրագույն նյարդային գործունեությունը հոգեկան գործունեության ֆիզիոլոգիական հիմքն է հանդիսանում: Հոգեկան գործունեությունն այնպիսին է, որ նա իրականացվում է ուղեղի կողմից, այդ պատճառով էլ այն ենթարկվում է ուղեղի ֆիզիոլոգիայի բոլոր օրենքներին: Հոգեբանական հետազոտությունը պետք է հենվի գլխուղեղի գործունեության ֆիզիոլոգիական ուսումնասիրության արդյունքների վրա: Ֆիզիոլոգիականի և հոգեկանի փոխհարաբերությունը արտահայտվում է հետևյալ կերպ:Բարձրակարգ նյարդային գործունեությունը հոգեկանի առաջացման անհրաժեշտ նախապայմանն է: Առանց դրա հոգեկան և ոչ մի տեսակ, երևույթ ծագել կամ զարգանալ չի կարող: Ինքը հոգեկան երևույթը` ուղեղի արտացոլող գործունեության արդյունքը, հիմնականը լինելով իբրև օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ պատկեր, չի ձուլվում, չի նույնանում ֆիզիոլոգիական պրոցեսների հետ, որովհետև այն ոչ ֆիզիոլոգիական պրոցես է և ոչ էլ արտացոլվող նյութական առարկան: Այն իր բնությամբ իդեական է, գիտելիք է, հասկացության մտապատկեր:Հոգեկան երևույթների յուրահատկությունը պայմանավորում է նրանց ուսումնասիրման այլ, հոգեբանական պլան, որով չեն զբաղվում ֆիզիոլոգները:Կենդանիների և մարդու նյարդային համակարգի գործունեության հիմնական մեխանիզմը ռեֆլեքսն է:

Ռեֆլեքս անվանում ենք զգայարանների գրգռմանը նյարդային համակարգի պատասխան գործողությունը:

Ռեֆլեքսի միասնական օղակում ընդունված է տարբերել զգացող, կենտրոնական և շարժիչ մասերը:Ռեֆլեքսը կատարվում է մոտավորապես հետևյալ կերպ. գրգռիչը առաջացնում է գրգիռ զգացող նյարդի վերջնային ճյուղավորումներում, զգացող նյարդի միջոցով գրգիռը հաղորդվում է կենտրոնին (ուղեղին): Գրգռման պրոցեսը զգացող և շարժող կենտրոնից անցնում է շարժիչ նյարդին, որի միջոցով գործող արտաքին մկանները պատասխան են տալիս գրգիռին:Սակայն ֆիզիոլոգների վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ռեֆլեքսի նման սխեման լիովին չի բացահայտում այդ բարդ պրոցեսը:Օրգանիզմը անհրաժեշտորեն ինֆորմացիա է ստանում կատարված գործողության արդյունքների, ընթացող գործողության յուրաքանչյուր փուլի մասին:Ուղեղն առանց այդ ինֆորմացիայի չի կարող կազմակերպել նպատակասլաց գործունեություն, հակազդող որևէ պատահական (խանգարիչ) գործոնների միջամտման դեպքում չի կարող ուղղել գործողությունը, չի կարող անհրաժեշտ պահին, արդյունքի հասնելուց հետո, դադարեցնել գործունեությունը:Այդ պատճառով անհրաժեշտություն ստեղծվեց ռեֆլեկտոր աղեղի փակ լինելու հին պատկերացումներից անցնելու նորին, բաց լինելու պատկերացմանը: Արտաքին գրգռիչին օրգանիզմի տված պատասխանով չի դադարում ռեֆլեքսը, չի ավարտվում ռեֆլեկտոր գործունեությունը:Այն շարունակվում է հետևյալ ընթացքով: Աշխատող մկաններից անմիջապես դեպի ուղեղ հետադարձ հաղորդում (ինֆորմացիա) է գնում հատուկ նյարդերի միջոցով: Այդ հաղորդումը, որը վերաբերում է ռեֆլեկտոր գործունեությանը, գլխուղեղին հնարավորություն է տալիս անընդհատ ընթացքի մեջ լինելու, կանգնեցնելու, ուղղելու, շտկելու, շարունակելու գործունեությունը մինչև նրա վերջնական կատարելագործմանը հասնելը:

Այդ կապը (գործունեության օբյեկտից ստացվող ինֆորմացիայի հակադարձ հոսանքը)  պարտադիր տարր է հանդիսսանում: Առան այդ կապի օրգանիզմը կտրված կլիներ այն միջավայրից, որի մեջ նա ապրում է և որի փոփոխմանն է ուղղված նրա գործունեությունը, այդ թվում նաև արտադրության գործիքների օգտագործման հետ կապված մարդկային գործունեությունը: Հակադարձ կապերով ստացված ինֆորմացիան համեմատվում է ուղեղում պահպանվող ինֆորմացիայի հետ: Հակադարձ ազդանշանները և դրանց հիման վրա գործողությունների շտկումը, ուղղումները առաջանում են ոչ միայն գործողության վերջում, այլև նրա ընթացքում:

Այսպիսով, նյարդային համակարգը գործում է ոչ թե որպես մի պարզ ավտոմատ: Նյարդային համակարգի աշխատանքը հարմարվում է արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին:

Ռեֆլեքսներն իրենց ծագմամբ  լինում են բնածին և ձեռքբերովի, կամ, ըստ Ի. Պ. Պավլովի դասակարգման, ոչ պայմանական, և պայմանական:

Այդ բացատրենք օրինակով: Եթե շան բերանը լցնենք որևէ թթվի չափավորված լուծույթ, ապա ականատես կլինենք կենդանու ցայտունորեն արտահայտված պաշտպանման հակազդեցությանը, այսինքն` շունը իր բերանի եռանդագին շարժումով դուրս կմղի լուծույթը, միաժամանակ շան բերանում առատորեն կարտադրվի թուք, որով լորձաթաղանթը մաքրվում է թթվի մնացորդներից:

Վերցնենք մի այլ փորձ: Շան բերանը թթու լցնելուց առաջ կենդանու վրա ներգործենք որևէ չեզոք գրգռիչով, ասենք` կարմիր լույսով: Մի քանի անգամ իրար ետևից շանը ցույց տալով այդ երկու տարբեր գրգռիչները` թթուն և լույսը, մենք նկատում ենք, որ շունը կարմիր լույսին արձագանքում է ճիշտ այնպես, ինչպես թթվին, այսինքն նրա բերանը կատարում է նույնպիսի շարժումներ և նունպես թուք է արտադրում:

Առաջին փորձի ժամանակ զգայող նյարդերից գրգիռը շարժիչ նյարդերին փոխանցվում է անմիջականորեն և առանց որևէ նախապատրաստության, առանց որևէ նախնական պայմանի, երկրորդ դեպքում գրգիռի այդ փոխանցումը հնարավոր դարձավ միայն ուղեղի մեծ կիսագնդդերի կեղևում ոչ պայմանական և պայմանական գրռիչների միջև կապ հաստատելուց հետո, նյարդային ուղու հարթումից հետո:

Կենդանու և մարդու ոչ պայմանական ռեֆլեքսի նյարդային ապարատը պատրաստի վիճակում մենք տեսնում ենք արդեն ծննդյան օրվանից, կամ այն ձևավորվում է ինքնաբերաբար, անպայմանորեն օրգանիզմի հետագա զարգացման ընթացքում: Պայմանական ռեֆլեքսի նյարդային ապարատը ուղեղի մեծ կիսագնդերի կեղևում կրկին առաջանում է կենդանում կամ մարդու գործունեության միայն որոշակի պայմանններում:

Անպայման և պայմանական ռեֆլեքսները կատարում են շրջապատող միջավայրի հետ օրգանիզմի կապի և հավասարակշռության ֆունկցիան, ապահովում են նրա հարմարվելը և նորմալ կենսագործունեությունը տվյալ միջավայրում, փոփոխվող և անփոփոխ կյանքի պայմանները: Պետք է հիշել, որ մարդու ոչ պայմանական ռեֆլեքսներն ընթանում են որոշ չափով այլ կերպ, քան կենդանիներինը: Մարդու գրգռմանը տրվող յուրաքանչյուր ոչ պայմանական պատասխան կարող է արգելակվել: Օրինակ, մարդն իր կամքի ուժով և դիմացկունությամբ կարող է արգելակել օրգանիզմի բնական արձագանքը ոչ պայմանական ցավային գրգռիչներին:

Բարձրադաս կենդանիների և հատկապես մարդու պայմանական ռեֆլեքսներն առաջանում են մշտապես: Այդ երևույթը բացատրվում է արտաքին միջավայրի փոփոխականությամբ, հարաշարժությամբ, որին պետք է հարմարվի նյարդային համակարգը` նրա հետ հաստատելով ժամանակավոր նոր կապեր:

Այսպիսով, եթե անպայման ռեֆլեքսներն օրգանիզմին տալիս են  սոսկ խիստ սահմանափակ կողմնորոշում շրջապատող միջավայրում, ապա պայմանական ռեֆլեքսներն ապահովում են համապարփակ կողմնորոշում: Դրա հիման վրա էլ  Ի. Պ. Պավլովը պայմանական ռեֆլեքսը, այսինքն ժամանկավոր կապը, անվանել է համապարփակ երևույթ նյարդային համակրագի գործունեության մեջ:

Յուրաքանչյուր պայմանական ռեֆլեքս առաջանում է պայմանի (սննդային, պաշտպանական, կողմնորոշիչ և այլն) հիման վրա:

Պայմանական ռեֆլեքսի առաջացումը դա գլխուղեղի կեղևում գրգռման երկու օջախների միջև նյարդային կապի հաստատումն է:

Այն տեղի է ունենում հետևյալ կերպ. կենդանու վրա միաժամանակ ներգործում են երկու գրգռիչով, որոնցից մեկն առաջացնում է անպայման ռեֆլեքս (օրինակ` ուտելիք), իսկ մյուսը չեզոք է, չի առաջացնում անպայման ռեֆլեքս (օրինակ` զանգը): Այդ երկու գրգռիչներն ուղեղի կենտրոնում ստեղծում են գրգռման երկու օջախ, որոնց միջև առաջանում է կապ, որն սկզբում թույլ է, իսկ հետո, այդ երկու գրգռիչների միաժամանկյա, հաճախակի համընկնման հետևանքով, ավելի է ամրանում:Նյարդային կապի կազմավորման այդ պրոցեսը տեղի է ունենում` ենթարկվելով ֆիզիոլոգիական որոշակի օրինաչափության. նյարդային գրգիռը միշտ ուղղվում է թույլ գրգռման վիճակում գտնվող ուղեղի մի տեղամասից դեպի ավելի ուժեղ գրգռված կետը: Գրգռման ուժեղ օջախը կարծես դեպի իրեն է ձգում ավելի թույլին, դրանով իսկ թույլի հաշվին ավելի ուժեղանալով:

Եվ այսպես, անպայման գրգռիչը գլխուղեղի կեղևում առաջացնում է գրգռման ավելի ուժգին պրոցես, քան չեզոքը, և այդ պատճառով նրա առաջացրած գրգռման պրոցեսը դեպի իրեն է ձգում ավելի թույլ, չեզոք գրգռիչի առաջացրած գրգռման պրոցեսը:

Ահա օրգանիզմի այսպիսի արձագանքն արտաքին միջավայրի ներգործություններին, որոնք նախորդում են էականորեն կարևոր գրգռիչին, ներկայացնում է պայմանական-ռեֆլեկտորային նյարդային գործունեության բնորոշ առանձնահատկությունը:

Գլխուղեղի կեղևի` նյարդային համակարգի բարձրագույն բաժնի գործունեությունն ընթանում է համաձայնեցված և կանոնավոր: Բարձրագույն նյարդային գործունեությունը հիմնված է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի ֆունկցիաների նրբագույն կոորդինացման վրա: Այդպիսի կոորդինացումն իրականացվում է գրգռման և արգելակման պրոցեսների փոխգործության շնորհիվ:

Եվ այսպես, բարձրագույն նյարդային գործունեությունը բնութագրվում է ոչ միայն գրգռման, այլև արգելակման պրոցեսներով:Գրգռումը և արգելակումը գլխուղեղի կեղևում տեղի ունեցող երկու հիմնական նյարդային պրոցեսներն են: Գրգռման պրոցեսներն իրենց գործունեության բնույթով հակադիր են արգելակման պրոցեսներին: Եթե գրգռման պրոցեսները կապված են կեղևի ակտիվ գործունեության հետ, ապա արգելակման պրոցեսներն ուղղված են գործունեության կասեցմանը, կեղևում առաջացած գրգռման պրոցեսի արգելակմանը:

Արգելակումը հատկապես կարևոր նշանակություն ունի կեղևի ակտիվ գործող բջիջների համար: Արգելակումը, կասեցնելով նյարդային բջիջների գործունեությունը, պայմաններ է ստեղծում նրանց աշխատունակությունը վերականգնելու համար. չափազանց ուժգին և տևական գրգռման դեպքում արգելակումը պաշտպանում է նյարդային բջիջները կազմալուծումից: Արգելակումը բարդ, նյարդային լարված գործունեություն է, որ կատարվում է ոչ միայն բջիջներին հանգիստ տալու, այլև մարդուն շրջապատի աշխարհում լավագույնս կողմնորոշելու նպատակով:

Ի. Պ. Պավլովը մշտապես ընդգծում էր արգելակման պահպանիչ դերը և նրա բուժական նշանակությունը կեղևի նյարդային բջիջների նորմալ գործունեության վերականգնման համար:Ի. Պ. Պավլովըի լաբորատորիայում կատարված հետազոտություններով ապացուցված է, որ ուղեղի մեծ կիսագնդերի կեղևում տեղի են ունենում արգելակման երկու հիմնական պրոցես` արտաքին արգելակում և ներքին արգելակում:

Արտաքին արգելակումը հանդիսանում է անպայման, այսինքն բնածին է: Դա արգելակման ավելի պարզ ձևն է:

Արտաքին արգելակումը ուղեղի գրգռման վիճակում գտնվող մի քանի կենտրոնների փոխգործության արդյունքն է: Այդ բացատրենք օրինակով:

Դատարկ ստամոքսի ազդանշանների ազդեցությամբ սննդային նյարդային կենտրոնն սկսում է գրգռվել, որը սուբյեկտիվորեն արտահայտվում է քաղցի զգացման մեջ: Բայց այն պահին, երբ մարդը փորձում է հագեցնել իր քաղցը, նա նկատում է, որ սննդանյութն անորակ է, նրա օգտագործումը կարող է հանգեցնել թունավորման: Դա առաջացնում է նյարդային գրգռման նոր օջախ: Գրգռման այդ երկու օջախների միջև հաստատվում է փոխգործողություն, և երկրորդ օջախն սկսում է արգելակել առաջին օջախի գրգիռը: Մարդը հրաժարվում է այդ սննդանյութերն օգտագործելուց: Նման փաստերի մենք միշտ հանդիպում ենք:

Լաբորատորային պայմաններում այդ արգելակումը կարելի է առաջացնել արհեստականորեն: Ենթադրենք, որ մշակվել է կենդանու պայմանական սննդային ռեֆլեքս զանգի միջոցով (այսինքն նրա համար ազդանշան է ծառայում զանգը): Եթե զանգը տալու ժամանակ սկսի գործել մի որևէ ուրիշ, բավականաչափ ուժգին նոր գրգիռ (օրինակ սենյակ մտնի մի կողմնակի մարդ), ապա պայմանական ռեֆլեքսը կարգելակվի` թքաթորումը կդադարի: Երկու դեպքում էլ այդ երևույթը բացատրվում է նրանով, որ գրգռման նոր օջախի երևան գալը առաջացնում է արգելակում կեղևի մյուս տեղամասերում, և գործող ռեֆլեքսն արգելակում է:

Արտաքին արգելակման տարատեսակությունը, կամ հատուկ ձևն է այսպես կոչված անդրսահմանային, կամ պահպանիչ արգելակումը: Այդ արգելակումն առաջանում է անմիջականորեն գերհզոր պայմանակն գրգռիչի ազդեցությամբ, որն առաջացրել է նյարդային բջիջների գերառավելագույն (չափազանց ուժեղ) գրգիռ, որը կարող է քայքայել նրանց: Հենց որ գրգիռը հասնում է այն սահմանին, որից այն կողմ կարող է սկսվել նյարդային բջիջների քայքայումը, գործողության մեջ է մտնում պահպանիչ արգելակումը:

Ներքին արգելակումը մշակվում է անհատական կյանքի պրոցեսում: Դա արգելակման բարձրագույն ձևն է, այն հատուկ է միայն ուղեղի մեծ կիսագնդերի կեղևին:

Պայմանական ռեֆլեքսների միայն մարումը (անհետացումն) հանդիսանում է ներքին արգելակում: Եթե, օրինակ, մի քանի անգամ շանը տանք պայմանական գրգռիչ (զանգ), առանց այն ամրապնդելու անպայման գրգռիչով (սննդով), նա շուտով կդադարի պայմանական ռեֆլեքս ցույց տալուց (այսինքն` թուք արտադրելուց):Ինչ տեղի ունեցավ այստեղ: Պայմանական ռեֆլեքսի արգելակում: Ինչու է տեղի ունենում այդ արգելակումը, որովհետև իր կենսական նշանակությունը կորցրած ազդանշանը, որը տվյալ պայմաններում պիտանի չէ օրգանիզմի համար, առաջ չի բերում ռեֆլեքս, այն ժամանակավորապես արգելակվում է: Բայց որոշ ժամանակ անց այդ նույն ազդանշանը կարող է կրկին առաջ բերել պայմանական ռեֆլեքս: Դա ցույց է տալիս, որ նախկինում կազմավորված ժամանակավոր նյարդային կապը ոչ թե քայքայվում, այլ սոսկ արգելակվում է:

Ի. Պ. Պավլովի թեորիայի համաձայն, սովորական քունը նունպես մի ներքին արգելակում է, որն սկզբում ընդգրկում է մեծ կիսագնդերի կեղևը, իսկ հետո նաև կեղևատակի կենտրոնները:

Այդ տարածվող արգելակման հետևանքով քնի ժամանակ մարդու բոլոր զգայարանների գործունեությունը խիստ նվազած է, պայմանական ռեֆլեքսներն արգելակված են և գիտակցությունը չի գործում, ուղեղը հանգստանում է: Ինչով է բացատրվում ուղեղի այդ երկու հիմնական նյարդային պրոցեսների աշխատանքի նման հստակ համաձայնեցվածությունը:

Կեղևի գործունեությունը ցանկացած պահին ներկայացնում է գրգռման և արգելակման պրոցեսների մի բարդ պատկեր, պրոցեսներ, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ և գտնվում են մշտական փոխգործության մեջ:

Գլխուղեղի կեղևում տեղի ունեցող գրգռման և արգելակման պրոցեսները ենթարկվում են երկու հիմնական օրենքի` 1. իռադիացիայի և կոնցենտրացման օրենքին և 2. փոխադարձ ինդուկցիայի օրենքին:

Գրգռման և արգելակման իռադիացիայի և կոնցենտրացիայի օրենքը հետևյալն է`

Երբ այս կամ այն գրգռիչի ազդեցությամբ գրգիռ է առաջանում ուղեղի կեղևի որևէ տեղամասում, ապա այն չի մնում նույն տեղում, այլ անմիջապես տարածվում է մեծ կիսագնդերի ողջ կեղևում:

Այդ երևույթը կոչվում է գրգիռի իռադիացիա. միաժամանակ առաջանում է մի այլ պրոցես` արգելակում, որը սահմանափակում է գրգռման պրոցեսը և այն ուղղում է դեպի որոշակի հուն և որոշակի կետ` (կենտրոն): Այդ երևույթը կոչվում է գրգիռի կոնցենտրացիա:

Նույն բանն է նկատվում նաև արգելակման պրոցեսի ուսումնասիրման ժամանակ: Կեղևի համապատասխան կետում առաջացած արգելակումը սկզբում նունպես իռադիացիայի է ենթարկվում, ապա կոնցենտրացվում: Նկատված է, որ գրգռման և արգելակման իռադիացիայի պրոցեսներն ավարտվում են ավելի արագ, քան կոնցենտրացման պրոցեսները:

Բոլորին հայտնի են գրգռման տարածման փաստերը, գրգիռներ, որոնք կայծակնորեն, մի ակնթարթում համակում են մեր ամբողջ էությունը, մեր մեջ առաջ բերելով բուռն ապրումներ և բազմաթիվ գործողություններ: Եվ երբեմն քիչ ժամանակ չի անցնում մինչև որ մեր վարքը դառնում է չափավոր, զուսպ, կենտրոնացած: Մեզնից յուրաքանչյուրը գիտե, թե որքան դժվար է հանգստանում <<գազազած>> երեխան: Տարածված արգելակման վիճակւմ գտնվող մարդը դանդաղորեն է ազատվում նրանից: Դա կարելի է տեսնել հետևյալ օրինակով. մարդուն հաղորդել են շատ տհաճ նորություն — նա նստել է աթոռին և երկար ժամանակ գտնվում է լիակատար անշարժ վիճակում, կարծես թե շղթայված է, և անցնում է զգալի ժամանակ, մինչև որ նա սկսում է երևան բերել որևէ շարժական ռեակցիա:

Ի. Պ. Պավլովի լաբորատորիաներում կատարված հետազոտությունների շնորհիվ հայտնագործվեց մեծ կիսագնդերի կեղևում գործող գրգռման և արգելակման փոխադարձ ինդուկցիայի օրենքը:Փորձի տվյալների հիմքի վրա հաստատվեց հետևյալը. եթե կեղևի որևէ մասում առաջանում է գրգիռ, ապա հարևան մյուս մասերում զարգանում է արգելակման պրոցեսը, այսինքն` առաջ է գալիս խիստ նվազած գրգռականություն:Այդ երևույթը կոչվում է բացասական ինդուկցիա: Բացասական ինդուկցիան արտաքին արգելակման արդյունք է: Այդ ֆիզիոլոգիական օրինաչափությունը հանդիսանում է նյարդային մեխանիզմ, օրինակ` այնպիսի հոգեկան երևույթի, ինչպիսին է ուշադրության շեղումը կամ նվազումը օբյեկտի նկատմամբ` որևէ նոր, ուժեղ արտաքին ներգործության տակ:    

Դրական ինդուկցիան բնութագրվում է արգելակումից հետո առաջացած պայմանական ռեֆլեքսի ուժեղացմամբ: Այլ խոսքով ասած, եթե մեծ կիսագնդերի կեղևի որևէ տեղամասում առկա է արգելակման պրոցեսը, ապա նրա հարևան տեղամասերում զարգանում է գրգռման պրոցեսը, որի հետևանքով ուժեղանում է ուղեղի այդ տեղամասերի հետ կապված ռեֆլեկտորային գործունեությունը:

Ուղեղի մեծ կիսագնդերի կեղևը, իր վրա կրելով արտաքին աշխարհից և օրգանիզմից եկած զանազան ազդանշանների ներգործությունը, կատարում է բարդ վերլուծական-համադրական բնույթի  գործունեություն, այսինքն` բարդ գրգռիչները, բարդ ազդանշանները բաժանում է մասերի, դրանք համեմատում է իր անցյալի փորձի հետ, նրանից առանձնացնում է ամենահիմնականները, նշանակալիցները և ապա միավորում է այդ հիմնականի տարրերը:

Գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի այդ բարդ անալիտիկ-սինթետիկ գործունեությունը հակադարձ նյարդային կապերի լայն և բազմակողմանի ակտիվության շնորհիվ մարդուն հնարավորություն է տալիս իր կենսապայմաններին լավագույն կերպով համալրվելու, իսկ երբեմն էլ անհրաժեշտության դեպքում նաև փոխելու այդ կենսապայմանները:

Մարդու ուղեղի կիսագնդերի կեղևի վերլուծական-համադրիչ գործունեությունը զգալիորեն ավելի կատարյալ է, քան կենդանիներինը: Դա բացատրվում է նրանով, որ մարդը տիրապետում է հոդաբաշխված լեզվին, որը զարգացել է նրա հասարակական աշխատանքային պրակտիկայի պրոցեսում:

Բառերը և բառակապակցությունները, որ լսում է մարդը, նույնպես նրան ազդանշան են տալիս իրականության որոշակի առարկաների և երևույթների մասին, ասես փոխարինում են նրանց: Ի. Պ. Պավլովը բառերը և բառակապակցություններն անվանել է իրականության երկրորդ ազդարարային համակարգ. այն մարդու հասարակական կյանքի արդյունքն է և հատուկ է միայն նրան, կենդանիները չունեն երկրորդ ազդանշանային համակարգ:

<< Զարգացող կենդանական աշխարհում մարդու երևան գալու փուլում,- գրում է Ի. Պ. Պավլովը,- կազմավորվեց նյարդային գործունեության մեխանիզմի մի արտասովոր հավելում: Կենդանու համար իրականությունն ազդանշանվում է գրեթե բացառապես միայն գրգռականությամբ և մեծ կիսագնդերում նրանց թողած հետքերով, որոնք անմիջականորեն փոխանցվում են օրգանիզմի տեսողական, լսողական և այլ ռեցեպտորների հատուկ բջիջներին… Դա իրականության առաջին ազդարարային համակարգն է, որն ընդհանուր է մարդու և կենդանիների համար: Բայց բառը կազմել է իրականության երկրորդ, հատկապես մեր ազդարարային համակարգը, լինելով առաջին ազդարարների ազդանշանը:

Ի. Պ. Պավլովը, որոշելով մարդու կյանքում բանավոր ներգործությունների նշանակությունը, այնուհետև գրում է. <<.. Բառը մարդու համար նույնպիսի ռեալ պայմանական գրգռիչ է, ինչպես և մնացած այն ամենը, ինչը ընդհանուր է մարդու և կենդանիների համար, բայց դրա հետ մեկտեղ նա այնպիսի համապարփակ գրգռիչ է, ինչպես ոչ մի այլ բան, այն քանակական և որակական տեսակետից երբեք չի կարելի համեմատել կենդանիների պայմանական գրգռիչների հետ:Բառը, շնորհիվ չափահաս մարդու ամբողջ նախընթաց կյանքի, կապված է մեծ կիսագնդեր եկող արտաքին և ներքին բոլոր գրգռիչների հետ, նրանց բոլորին ազդանշանում է, ամեն ինչում փոխարինում նրանց և դրա համար էլ կարող է առաջ բերել օրգանիզմի այն բոլոր գործողությունները, ռեակցիաները, որոնք պայմանավորում են այդ գրգռումները>>:

Մարդու այդ երկու ազդարարային համակարգերը անխզելիորեն կապված են միմյանց հետ և գտնվում են մշտական փոխգործողության մեջ: Երկրորդ ազդարարային համակարգը կազմում է մարդկային մտածողության հիմքը, հնարավորություն է տալիս ընդհանրացված ձևով պահպանել կուտակված գիտելիքները, ծառայում է որպես հաղորդակցության միջոց մարդկանց միջև:

Երկրորդ ազդարարային համակարգի միջոցով, առաջինի հետ նրա փոխգործողության մեջ, իրականացվում է հասարակական պայմանների վճռական ազդեցությունը մարդու գիտակցության զարգացման վրա: Մարդու բուն իսկ գիտակցությունը հասարակական գործունեության մեջ դրսևորվում է երկրորդ ազդարարային համակարգի միջոցով, այսինքն` խոսքի, լեզվի միջոցով:

Բոլոր ռեֆլեկտորային գործողությունները գտնվում են փոխգործողության մեջ, որոշում են մեկը մյուսին: Դա բացատրվում է նրանով, որ բարձրագույն նյարդային գործունեությունը մի բարդ ու ներդաշնակ համակարգ է:

Նյարդային կապերի համակարգը, ինչպես նաև առանձին նյարդային կապը, ձևավորվում և ամրապնդվում է տևական, բազմիցս կրկնվելու հետևանքով: Այդ եղանակով կազմավորվող կապերի համակարգը սովորական է դառնում օրգանիզմի համար և վերարտադրվում է առանց հատուկ ջանքերի: Համակարգությունը հեշտացնում է նյարդային գործունեությունը:

Պավլովյան լաբորատորիաներում կատարված բազմաթիվ փորձերը ցույց են տվել, որ եթե մի քանի օրվա ընթացքում որոշակի կարգով կիրառվի պայմանական գրգռիչների (դրական և բացասական) համակարգը, ապա դրա հետևանքով կենդանին միանգամից կվերարտադրի ռեակցիայի ամբողջ համակարգը:

Գլխուղեղի կեղևում գրգռման և արգելակման օջախների այդպիսի կայուն և պարզորոշ բաշխումը, որն ապահովում է օրգանիզմի ռեակցիաների որոշակի համակարգ, կոչվում է դինամիկ ստերեոտիպ:

Ընդ որում, ռեֆլեքսների համակարգը վերարտադրվում է ոչ միայն այն ժամանակ, երբ գրգռիչները ներկայացվում են որոշակի, հաջորդականության կարգով, այլև այն ժամանակ, երբ այդ կարգը փոփոխվում է, այսինքն, երբ դրական գրգռիչի փոխարեն ներկայանում է բացասականը` արգելակողր, և ընդհակառակը: Ավելին, որոշ դեպքերում ռեֆլեքսների համակարգի վերարտադրման համար չի պահանջվում նույնիսկ համապատասխան քանակությամբ գրգռիչներ: Բավական է գեթ մի ազդանշան, որը մտնում է գրգռիչների համակարգի մեջ, որպեսզի ռեակցիաները տեղի ունենան մեկը մյուսի ետևից:

Պատկերացրեք, որ մենք շան օրգանիզմում մշակում ենք ռեֆլեքսների համակարգ, այնպիսի տարբեր գրգռիչներով, որոնք դասավորված էին հետևյալ կարգով. լույս-դրական, զանգ-բացասական, էլեկտրահոսանք-դրական, ջերմային հոսանք-բացասական, մետրոնոմ-դրական:

Այն բանից հետո, երբ ռեֆլեքսների այդ համակարգը ամրապնդվել է և կենդանին առաջին գրգռիչին տալիս է դրական արձագանք, երկրորդին տալիս է արգելակող արձագանք և այլն, մենք փոխում ենք գրգռիների կարգը. դրականների փոխարեն տալիս ենք արգելակման գրգռիչներ:

Թվում է, թե գրգռիչների փոփոխմանը համապատասխան պետք է փոփոխվեին նաև շան արձագանքները: Սակայն այդպիսի բան տեղի չի ունենում, շունը շարունակում է արձագանքել գրգռիչների խստիվ համակարգին, այսինքն` սկզբում դրական է արձագանքում զանգին, որն այժմ տրվում է որպես առաջին, իսկ լույսին, որը դրվում է երկրորդ տեղում, բացասական է արձագանքում: Օրգանիզմն ընտելանում է որոշակի եղանակով գործելուն:

Դինամիկ ստերեոտիպը օրգանիզմի` արտաքին միջավայրի կրկնվող, միօրինակ ներգործություններին հարմարվելու արդյունքն է, և հենց որ արտաքին միջավայրի միօրինակությունը փոխվում է, ապա, բնականաբար, պետք է փոխվի նաև հին ստերեոտիպը:

Ի. Պ. Պավլովը նշում է, որ ինչքան հին և կայուն է ստերեոտիպը, այնքան ավելի համառորեն և տևական ժամանակով է պահպանվում նրա իներտությունը, անշարժությունը, այնքան նա ավելի դժվարությամբ է վերափոխվում: Ավելին, առանձին դեպքերում ստերեոտիպը գրեթե չի փոփոխվում, և նրա խախտումը սուր կոնֆլիկտներ է ստեղծում շրջապատող իրականության հետ: Ի. Պ. Պավլովը ասում էր, որ դինամիկ ստերեոտիպի դժվար վերափոխումն ամենից ավելի պարզորոշ հանդես է գալիս ծերերի, թույլ նյարդային համակարգ ունեցող մարդկանց օրգանիզմում:

<<Ոչ բարդ գործ կատարող գրասենյակային որևէ աշխատող հանգիստ, կանոնավոր աշխատում է մինչև 70 տարի, բայց բավական է, որ նա թողնի աշխատանքը և դրանով իսկ խախտի իր կենսական ստերեոտիպը, խախտվում է նրա օրգանիզմի նորմալ վիճակը, սկսում է արագորեն քայքայվել>>:

Դինամիկ ստերեոտիպի վերափոխումն առանձնապես դժվար է ընթանում այն մարդկանց մոտ, որոնք պատկանում են նյարդային գործունեության թույլ (մելանխոլիկ), չհավասարակշռված (խոլերիկ) տիպերին: Այդ բացատրվում է նրանով, որ ստերեոտիպի վերափոխումը միշտ էլ նյարդային համակարգի համար չափազանց դժվար և լարված գործունեություն է: Ամենից հաջող և արագորեն են հաղթահարում դինամիկ ստերեոտիպի վերափոխումը այն մարդիկ, որոնք ունեն ուժեղ և հավասարակշռված տիպի նյարդային գործունեություն:

Ի. Պ. Պավլովի կողմից հայտնագործված բարձրագույն նյարդային գործունեության հիմնական օրենքները բացառիկ կարևոր նշանակություն ունեն գիտական հոգեբանության զարգացման համար:

Չնայած Ի. Պ. Պավլովը հիմնականում հետազոտել է կենդանիներին, բայց նրա բացահայտած օրինաչափությունները որոշ դեպքերում կարելի է կիրառել նաև մարդու նկատմամբ: Սակայն մարդու հոգեկան կյանքի պարզաբանման համար օգտագործելով պավլովյան ուսմունքի հետևությունները, միշտ պետք է հաշվի առնել, որ չի կարելի մեխանիկորեն մարդու նկատմամբ կիրառել այն, ինչը ձեռք է բերվել կենդանիների վրա կատարված հետազոտություններով:

Մարդն ունի հատուկ, <<արտասովոր հավելում>>` երկրորդ ազդանշանային համակարգը: Բացի դրանից, մարդը տևական, շատ հազարամյակների ընթացքում իրականացված հասարակական դաստիարակության արգասիք է, դաստիարակություն, որն էապես փոխել և ձևավորել է նրա հոգեկանի բնույթը: Ի. Պ. Պավլովի ուսմունքի սկզբունքային դրույթներից ամենից կարևորն են երկուսը.

1) Հոգեկան երևույթների առաջացման պայմանավորվածությունը արտաքին որոշակի ներգործություններով: (Չկա այնպիսի հոգեկան երևույթ, որը ծագեր ինքնաբերաբար, արտաքին ներգործությունից անկախ):

2) Վերլուծական համադրական գործունեության կողմից գրգիռների <<ընտրությունը>>, նրանց դիֆերենցումը և հետագա միավորումը իրագործվում է նույնպես արտաքին գրգիռներին, օբյեկտիվորեն գոյություն ունեցող կապերին նրանց համապատասխանության հիման վրա: Այս սկզբունքը հենց մարմնավորված է Ի. Պ. Պավլովի կողմից մշակած դինամիկ ստերեոտիպի ուսմունքում:

Ի. Պ. Պավլովի ուսմունքի գործնական նշանակությունն այն է, որ այդ ուսմունքը հնարավորություն է տալիս հասկանալու ուզածդ հոգեկան պրոցեսի նյարդային մեխանիզմները:

                                                        

%d bloggers like this: