Category Archives: Դիցաբանություն

Ինչ է դիցը


<<Քանզի ես փնտրում եմ ձեզ և ոչ թե ձերը>>, — Պողոս Առաքյալ:

Աշխարհը միտք է այն պահից, երբ նա ասաց ֆիաթ (եղիցի), և այդ աշխարհը չգիտես թե ուր, կորցրեց միտքը, որի հետ զրուցում էր, երբ մանուկ էր` դից էր: Միտքը դարձավ գիտակցություն և իրենից վանեց դիցը` իր սկիզբը, ակունքը, ինչն էլ դարձավ նրա վերջը:

Դից բառը ռուսերեն նշանակում է миф, հունարեն` միթոզ, լատիներեն` լոգոս: Այն նշանակում է միտք, խոսք, որից էլ սկսվում է Հովհաննեսի կտակարանը. <<Սկզբում բանն էր ու բանը Աստծունն էր>>:

Ի սկզբանե ամեն ինչ ունի իր սկիզբը ամբողջի մեջ, և որպեսզի որևէ բան հասկանալ և բացատրել, պետք է այն կապել ամբողջի հետ: Դիցաբանական մտքին հաջորդում է գիտական միտքը, որը պահանջում է մասնատում: Ճանաչողության իսկական ճանապարհն անցնում է ասոցիատիվ հիշողության միջով մինչև արքետիպեր, որի վրա ազդում է էյդետիկ էներգիան (էյդոս — գաղափար): Ճանաչել կնշանակի ակտիվացնել հիշողության անսահման տարածքը, որտեղ միտքը իմ <<Եսի>> իր տարիքն է: Գիտությունը զարգացավ սահմանափակման միջոցով, որը դարձավ մեթոդ: Մենք մեզ անվանում ենք անհատ (ինդիվիտ, չմասնատվող, ամբողջ), բայց արդեն վաղուց մենք դիվիդ ենք (մասնատված), այն դեպքում, երբ անհատ նշանակում էր մարդու հավերժ չմեռնող սկզբունք: Այսօրվա աշխարհի ֆիզիոգնոմիան իր վրա է կրում <<ժամանակավորի>> կնիքը: Միեզ արդեն քիչ է հուզում <<մեծագույն լքվածության թախիծը>>: Հարցը` <<Ինչ է ճշմարտությունը>> այսօր իմաստազրկված է: Երբ Տերտուլիանին հարցնում էին <<Ինչ է հավատքը>>, նա պատասխանում էր` <<քանզի աբսուրդ է>>: Ճշմարտությունն այսօր դժվար է փնտրել, քանզի ամեն ոք ունի իր ճշմարտությունը: Այս դեպքում պետք է հասկանալ, որ ճշմարտությունն այլևս չկա, որովհետև ճշմարտությունը մեկն է` դա նա է, ինչը ժամանակավոր չէ: Այն ժամանակից և տարածությունից զատ է: Հոգին է, որ անընդհատ պահանջում է վերադարձ դեպի հայրենիք: Պողոսը գրում է. <<Երբ նա այցելում է, մնացած բոլորը իմաստազրկվում է: Այն ջնջում է սահմանը իմ և աշխարհի միջև>>: Այս առիթով հիշենք Քրիստոսի խոսքերը աշակերտներին. <<Արթուն եղեք և աղոթեք, քանզի կգա տանտերը, որ ձեզ քնած չգտնի (Մարկոսի գրքից): Իմ արքայությունը այս աշխարհից չէ>>: Այսինքն պահանջվում է արթնացնել աստվածայինը քո մեջ:

Կետեր որոնք բնութագրում են դիցը

1. Դիցը ոչ թե հորինված է, այլ ձեռքբերված:

2. Հսկայական տիեզերական իմացության հոգևոր լաբիրինթոս, որ գալիս է ասելու, որ մարդը ոչ միայն երկրային, այլ նաև երկնային է:

3. Հենց ինքը լաբիրինթոսը խորհրդավորում է և պատկերում դիցաբանական մտածողությունը, այսինքն գիտակցության կերպարանքն է:

4. Դիցը և կոսմոգոնիա է (տիեզերածնություն), և թեոգոնիա (աստվածածնություն), համընդհանուր մոգական մտածողություն:

5. Դիցից նաև ծնվել են հավատքը, նատուր փիլիսոփայությունը (առաջին գիտությունը), աստղաբաշխությունը, նումերոլոգիան (թվագիտություն), քիմիան, բժշկությունը, արվեստը, միստերիան, որից հետագայում կծնվի նաև հունական ողբերգությունը:

6. Դիցը համածավալէ և ապահովում է գենետիկ կապը բոլոր ոլորտների միջև

7. Դիցը ալֆան և օմեգան է (սկիզբ, վերջ), որն ապահովում է գաղափարի և իրականության կապը, կերպարի և նյութի (իրի) կապը:

8. Դիցում մենք գործ ունենք համընդհանուր, ստեղծագործ, արարիչ սկզբունքների հետ, որոնց անվնւմ ենք Աստվածներ: Այսինքն Աստվածներ կնշանակի աշխարհի ռեալ, տիեզերական, ստեղծագործ կենտրոններ:

9. Ցանկացած իմաստ դիցում տրված է պոտենցիալ, ինչպես քաոսում և ոչ մեկը իմաստներից չի սահմանափակվում, այլ դառնում է հնարավորություն:

10. Դիցը և անունն է, և էությունը, ժամանակը և տարածությւնը, որտեղ գաղափարը համընկնում է զգայական կերպարի հետ:

11. Դիցաբանական կերպարը վեր է խոյանում մեկանգամյա հնարավորությունից դեպի հավերժություն: Սա նա է, որ երբեք չի եղել, այլ միշտ կայանում է:

Տարբեր պատմական ժամանակաշրջաններում դիցը հասունացել է և եղել բոլոր ազգերի մոտ: Համաշխարհային դիցաբանական միտքը գալիս է ասելու, որ բոլոր հիմնական թեմաները նրանց բոլորի մոտ առկա են, օրինակ` ջրհեղեղը: Շատ հին են դիցերը նվիրված արևի (սոլյարային), լուսնի (լունարային) և աստղերի (աստրալային) ծննդին:: Շատ հին են նաև դիցերը նվիրված տիեզերածնությանը, ինչպես նաև մարդոու ծննդին (անթրոպոգոնիկ դիցեր): Շատ կարևոր են նաև դիցերը նվիրված հրաշք ծննդին, հանդերձյալ աշխարհին և ճակատագրին: Ամենաուշը առաջացան էսխատոլոգիկ դիցերը` աշխարհի վերջին դիցերը:

Ափրոդիտե (Աֆրոդիտե)


Փափկակյաց ու թեթևամիտ Ափրոդիտե աստվածուհին աստվածների ու մահկանացուների սրտերում սեր է զարթնեցնում: Այդ իշխանության շնորհիվ նա տիրում է ամբողջ աշխարհին: Ոչ ոք չի կարող խուսափել նրա իշխանությունից` մինչև իսկ աստվածները: Միայն ռազմաշունչ Աթենասը, Հեստիան և Արտեմիսն են, որ չեն ենթարկվում նրա զորությանը:

Բարձրահասակ, բարեկազմ, քնքուշ դիմագծերով, մեղմ ալիք տվող ոսկեփայլ վարսերով, որ պսակի պես ծածկում է նրա գեղանի գլուխը, Ափրոդիտեն աստվածային գեղեցկության և անանց երիտասարդության մարմնացումն է: Երբ նա քայլում է` իր գեղեցկությամբ շողալով, բուրումնավետ զգեստների մեջ, այդ ժամանակ արևն ավելի պայծառ է շողում, ծաղիկները` ավելի փարթամորեն ծաղկում: Անտառի վայրի գազանները թավուտից դուրս են գալիս ու վազում նրա մոտ, երամ-երամ դեպի Ափրոդիտեն են թռչում հավքերը, երբ նա քայլում է անտառի միջով: Առյուծները, հովազներն ու արջերը հեզորեն գգվում են նրան: Անայլայլ գնում է վայրի գազանների միջով Ափրոդիտեն` հպարտ իր ճաճանչափայլ գեղեցկությամբ: Նրան ուղեկցող օրեադներն ու քարիսները` գեղեցկության ու նազանքի աստվածուհիները, ծառայում են նրան. շքեղազարդ զգեստներ են հագցնում, սանրում ոսկեփրփուր վարսերը, պսակում գլուխը շողշողուն ապարոշով:

Կիթերա կղզու մոտ, ծովի ալիքների ձյունասպիտակ փրփուրից է ծնվել Ափրոդիտեն` ւրանոսի դուստրը: Թեթևասահ, փաղաքուշ զեփյուռը նրան բերեց Կիպրոս: Այնտեղ դեռատի օրեադները շրջապատեցին ծովային ալիքներից ելած սիրո աստվածուհուն: Նրան զուգեցին ոսկեհյուս զգեստներով և բուրումնավետ ծաղիկների պսակ դրին գլխին: Ուր էլ որ ոտքը դներ Ափրոդիտեն` այնտեղ փարթամորեն ծաղիկներ էին բացվում: Օդը լիուլի հագենում էր բուրմունքով: Էրոսն ու Հիմերոսը հրաշագեղ աստվածուհուն բարձրացրին Օլիմպոս: Բարձրագոչ ողջույն տվին նրան աստվածները: Այդ ժամանակից ի վեր մշտապես Օլիմպոսի աստվածների մեջ է ապրում ոսկեշող Ափրոդիտեն` հավերժ դեռատի, գեղեցկագույնը աստվածներից

Արտեմիս


Հավերժ դեռատի, չքնաղ այս դիցուհին ծնվել է Դելոս կղզում, իր եղբոր` ոսկեգանգուր Ապոլոնի հետ միևնույն ժամանակ: Նրանք երկվորյակ են: Քրոջն ու եղբորը մտերմացնում են ամենաանկեղծ սերը, ամենասերտ բարեկամությունը: Նրանք խորապես սիրում են նաև իրենց մորը` Լետոյին:

  Բոլորին կյանք է տալիս Արտեմիսը: Նա հոգ է տանում այն ամենի համար, ինչ ապրում է երկրի վրա և այն ամենի, ինչ աճում է անտառում ու դաշտում: Նա հոգ է տանում նաև վայրի գազանների, ընտանի կենդանիների ու մարդկանց համար: Նա է աճեցնում խոտը, ծաղիկներն ու ծառերը, նա է բարեմաղթում ծնունդը, հարսանիքն ու ամուսնությունը: Առատ զոհաբերություններ են անում հույն կանայք Զևսի պանծալի դուստր Արտեմիսին, որ բարեմաղթում է ու երջանկություն տալիս ամուսնությանը, հիվանդություններ է սփռում ու դարմանում:

   Հավերժ դեռատի, պայծառ օրվա պես չքնաղ Արտեմիս դիցուհին` աղեղն ու կապարճը ուսը գցած, որսորդի նիզակը ձեռքին, ցնծությամբ որս է անում սաղարթախիտ անտառներում և արևով ողողված դաշտերում: Հավերժահարսների աղմկոտ բազմությունը ուղեկցում է նրան, իսկ նա` վսեմաշուք ու գեղեցիկ, որսորդ աղջկա կարճ` հազիվ մինչև ծնկները հասնող զգեստով, թեթևաքայլ սլանում է լեռների անտառապատ լանջերին: Եվ նրա անվրեպ նետերից չեն ճողոպրի ոչ երկյուղած եղջերուն ու երկչոտ վիթը, ոչ էլ եղեգնուտի մեջ թաքնվող գազազած վարազը: Արտեմիսին արագաքայլ հետևում են ուղեկից հավերժահարսները: Ցնծագին ծիծաղը, կանչերը, շների ոհմակի հաչոցները հեռու են տարածվում լեռներում, և լեռնային արձագանքը բարձրագոչ պատասխան է տալիս:

    Իսկ երբ հոգնում է դիցուհին որս անելիս` հավերժահարսների հետ շտապում է Դելփիքի սրբավայրը, սիրելի եղբոր` նետաձիգ Ապոլոնի մոտ: Այնտեղ հանգիստ է առնում Արտեմիսը: Ապոլոնի ոսկեղեն կիթառի աստվածային հնչյունների նվագակցությամբ նա խմբապար է բռնում մուսաների ու հավերժահարսների հետ: Խմբապարի առջևից ընթանում է Արտեմիսը` բարեկազմ ու գեղեցիկ: Նա գեղեցիկ է բոլոր հավերժահարսներից ու մուսաներից և բոլորից բարձր է մի գլխով: Արտեմիսը սիրում է հանգիստ առնել նաև զովությամբ հագեցած կանաչապատ անձավներում` հեռու մահկանացուների աչքերից: Վայ նրան, ով կխանգարի նրա անդորրը: Այդպես զոհվեց և պատանի Ակտեոնը` Ավտոնոեի, Թեբեի թագավոր Կադմոսի դստեր որդին:

Ապոլոն


                   Ապոլոնի ծնունդը

Լույսի աստված ոսկեգանգուր Ապոլոնը ծնվել է Դելոս կղզում: Նրա մայրը` Լետոն, հալածված Հերայի ցասումից, ոչ մի տեղ չէր կարող ապաստան գտնել: Հետապնդվելով Հերայի ուղարկած Պիթոն հրեշից` նա թափառեց աշխարհով մեկ և, վերջապես, թաքնվեց Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալիքների վրա: Լետոյի` Դելոս բարձրանալուն պես, ծովի հորձանուտի միջից վեր խոյացան վիթխարի սյուները և կանգնեցրին այդ ամայի կղզին: Եվ կղզին անսասան քարացավ այն տեղում, ուր կանգնած է մինչ օրս: Դելոսի շուրջբոլորը շառաչում է ծովը: Անձուկ տեսքով բարձրացել էին Դելոսի ժայռերը` մերկ ու ամայի, առանց նվազագույն բուսականության: Միայն ծովային ճայերն էին, որ ապաստան էին գտնում այդ ժայռերի վրա և իրենց տխուր կանչերով լցնում կղզին: Բայց ահա ծնվեց լույսի աստված Ապոլոնը, և ամենուրեք հորդաց պայծառ լույսի հեղեղը: Լույսը, որպես ոսկի, ողողեց Դելոսի ժայռերը: Շուրջբոլորն ամեն ինչ շաղկեց ու շողշողաց. և մոտակա ժայռերը, և Կինթոս սարը, և հովիտը, և ծովը: Նորածին աստծուն բարձրագոչ փառաբանեցին Դելոս կղզում հավաքված աստվածները` նրան ամբրոսիա և նեկտար մատուցելով: Ամբողջ բնությունը, աստվածուհիների հետ մեկտեղ, ցնծության մեջ էր:

Ապոլոնի կռիվը Պիթոնի հետ և Դելփիքյան

գուշակավայրի հիմնադրումը

Լուսաշող պատանի Ապոլոնը ճախրում է լազուր երկնքում կիթառը ձեռքին, արծաթաձույլ աղեղն ուսը գցած: Ոսկեղեն նետերը զրնգում են նրա կապարճի մեջ: Հպարտ ու ցնծագին` ճախրում է Ապոլոնը երկրից բարձր ու վեր` սպառնալով ամենայն չարի, այն ամենին, ինչ խավարի ծնունդ է: Նա ձգտում է այնտեղ, ու ապրում էր իր մորը` Լետոյին հետապնդող դժխեմ Պիթոնը: Ապոլոնն ուզում է վրեժխնդիր լինել Պիթոնից` մորը պատճառած բոլոր չարիքների համար:

   Ապոլոնը շուտ հասավ մթամած կիրճը` Պիթոնի կացարանը: Չորսբոլորը վեր էին խոյանում ժայռերը` մխրճվելով բարձր երկնքի մեջ: Խավարն էր թագավորում կիրճում: Կիրճի խորքով սրընթաց հոսում էր լեռնային հեղեղը` փրփուրից ճերմակած, իսկ հեղեղի վրա քուլա-քուլա կուտակվել էին ամպերը: Դուրս սողաց իր որջից սոսկալի Պիթոնը: Նրա վիթխարի թեփուկապատ մարմինը ժայռերի միջև գալարվում էր անհամար օղակներով: Ժայռերն ու սարերը ցնցվում էին նրա մարմնի ծանրությունից ու շարժվում էին իրենց տեղերից: Կատաղի Պիթոնը ամեն ինչ ամայացնում էր, մահ էր սփռում շուրջը: Նրանից սարսափահար փախչում էին հավերժահարսները և ամեն կենդանի արարած: Ելավ Պիթոնը` հզոր ու կատաղի, բաց արեց իր սոսկալի երախը և արդեն ուզում էր կլանել ոսկեգանգուր Ապոլոնին: Այդ պահին լսվեց պրկվող աղեղնալարի զնգոցը, կայծակի պես փայլատակեց անվրեպ ոսկեղեն նետը, որին հաջորդեցին երկրորդը, երրորդը…

   Նետերն անձրևի պես թափվում էին Պիթոնի վրա, և նա անշնչացած գետին տապալվեց: Բարձրագոչ հնչեց Պիթոնին հաղթող ոսկեգանգուր Ապոլոնի ցնծագին հաղթական երգը (պեան) և այդ երգը կրկնեցին աստծո կիթառի ոսկեղեն լարը: Ապոլոնը թաղեց Պիթոնի մարմինն այնտեղ, ուր սրբազան Դելփիքն էր և հենց Դելփիքում էլ հիմնադրեց սրբավայր ու գուշակավայր, որպեսզի այնտեղ կանխագուշակվի իր հոր` Զևսի կամքը մարդկանց համար:

    Բարձրադիր ափից Ապոլոնը ծովի մեջ հեռու հեռվում նկատեց Կրետեի ծովագնացների նավը: Դելփինի կերպարանքով նա իրեն կապուտակ ծովը նետեց, հասավ նավին և լուսաշող աստղի պես ծովի ալիքներից թռավ նավախելի վրա: Ապոլոնը նավը բերեց հասցրեց Կրիսա քաղաքի նավահանգիստը և Կրետեի ծովայիններին, արգավանդ հովտի միջով, ոսկե կիթառի վրա նվագելով, տարավ Դելփիք: Եվ նրանց դարձրեց իր սրբավայրի առաջին քուրմերը:

Զևս


                           Զևսի ծնունդը

Քրոնոսը վստահ էր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում: Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը` Ուրանոսին: Նա վախենում էր իր զավակներից: Եվ հրամայեց Քրոնոսը իր կնոջը` Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց: Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով:

Հինգին Քրոնոսն արդեն կուլ տվեց. Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ), և Պոսեյդոնին: Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել: Իր ծնողների` Ուրանոս-Երկնքի և Գեա-Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին` Զևսը: Այդ անձավում նա թաքցրեց իր որդուն դաժան հորից, և որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա: Քրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից:

Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում: Հավերժահարսներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով: Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից: Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի կուրետները (կիսաստվածներ, Զևսի պահապաններն ու պաշտպանները: Հետագայում Կրետեում կուրետներ էին կոչում Զևսի և Հռեայի քուրմերին) և ամեն անգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինում, նրանք սրերով խփում էին վահաններին, որպեսզի Քրոնոսը չլսի նրա լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը:

Զևսը տապալում է Քրոնոսին: Օլիմպոսի աստվածների պայքարը տիտանների դեմ

Աճեց ու առնացավ հզոր ու սքանչելի աստված Զևսը: Նա ըմբոստացավ հոր դեմ և ստիպեց նորից լույս աշխարհ բերել կլանած երեխաներին: Քրոնոսը բերանից իրար հետևից դուրս թափեց իր գեղեցիկ և լուսավոր աստված-զավակներին: Նրանք պայքարի մեջ մտան Քրոնոսի ու տիտանների դեմ` աշխարհի տիրապետությունը նվաճելու համար:

Համառ ու ահավոր էր այդ պայքարը: Քրոնոսի զավակները հաստատվեցին բարձրաբերձ Օլիմպոսի վրա: Նրանց կողմն անցան նաև տիտաններից մի քանիսը և ամենից առաջ` տիտան Օվկիանոսը և նրա դուստր Ստիքսը` իր զավակների` ձգտման, Հզորության ու Հաղթանակի հետ: Օլիմպոսցի աստվածների համար դա վտանգավոր պայքար էր: Հզոր ու ահեղ էին նրանց ոսոխները` տիտանները: Բայց կիկլոպները Զևսին օգնության հասան: Նրանք Զևսի համար որոտ և կայծակ էին կոփում, իսկ Զևսը դրանք նետում էր տիտանների վրա: Պայքարն արդեն տասը տարի էր, ինչ շարունակվում էր, բայց հաղթանակը չէր թեքվում ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմը: Վերջապես, Զևսը վճռեց երկրի ընդերքից ազատել հարյուրաձեռք հսկաներին, և նրանց օգնության կանչեց: Սոսկալի և լեռան պես վիթխարի` նրանք ելան երկրի ընդերքից ու նետվեցին կռվի մեջ: Նրանք լեռներից ահագին ապառաժներ էին պոկում ու շպրտում տիտանների վրա: Բյուրավոր ժայռեր էին թռչում տիտաններին ընդառաջ, երբ նրանք մոտենում էին Օլիմպոսին: Տնքում էր Երկիրը, թոհուբոհը հագեցրել էր օդը, շուրջբոլորն ամեն ինչ ցնցվում էր: Նույնիսկ Տարտարոսն էի ցնցվում այդ պայքարիվ: Զևսը իրար հետևից նետում էր բոցեղեն կայծակներ և խլացուցիչ դղրդացող որոտներ: Բոցը բռնեց ամբողջ երկիրը, ծովերը եռացին, ծուխն ու գարշահոտությունը թանձրությամբ պատեցին ամեն ինչ:

Վերջապես հզոր տիտանները ցնցվեցի: Նրանց ուժը կոտրվել էր, նրանք պարտված էին: Օլիմպացիները կապկպեցին նրանց և նետեցին դշխեմ Տարտարոսը` հավերժական խավարի մեջ: Տարտարոսի պղնձակոփ անխորտակելի դարպասի մոտ պահապան կանգնեցին հարյուրաձեռք հսկաները. և հսկում են նրանք, որ հզոր տիտանները Տարտարոսից դուրս չգան: Աշխարհի վրա տիտանների իշխանության վերջը եկավ:

           Զևսի պայքարը Տիփոնի դեմ

Բայց դրանով պայքարը չավարտվեց: Գեա-Երկիրը շատ զայրացավ օլիմպացի Զևսի վրա, որ նա այդքան անողոք վարվեց պարտված տիտանների հետ, որոնք իր զավակներն էին: Նա ամուսնացավ դժնադեմ Տարտարոսի հետ և աշխարհ բերեց հարյուրգլխանի ահռելի հրեշ Տիփոնին: Վիթխարի, իր հրեշային հարյուր գլխով` ելավ Տիփոնը երկրի ընդերքից: Վայրենի ոռնոցով նա սասանեց օդը: Այդ ոռնոցի մեջ և շների հաչոց էր լսվում, և մարդկային ձայներ, և կատաղի ցուլի բառաչ, և առյւծի մռնչյուն: Քուլա-ուլա բոց էր գալարվում Տիփոնի շուրջը, և հողը ճոճվում էր նրա ծանր քայլերի տակ: Աստվածները սոսկումից ցնցվեցին: Բայց շանթարձակ Զևսը խիզախությամբ նետվեց նրա վրա, և բռնեկց կռիվը: Նորից փայլատակեցին կայծակները Զևսի ձեռքում, ալիք տալով տարածվեցին որոտի ձայները: Երկինքն ու երկրակամարը ցնցվեցին հիմնիվեր: Վերստին երկիրը բռնկվեց վառվռուն բոցերով, ինչպես տիտանների դեմ կռվելու ժամանակ: Տիփոնի մերձենալուն պես արդեն ծովերը եռ էին գալիս:Շանթարձակ Զևսի բոցեղեն կայծակները հարյուրներով ցած էին թափվում. թվում էր, թե նրան կրակից օդն էլ է այրվում, և այրվում են մթամած ամպրոպային ամպերը: Զևսը մոխրացրեց Տիփոնի բոլոր հարյուր գլուխները: Փուլ եկավ Տփոնը երկրի վրա, նրա մարմնից մի այնպիսի տոթ էր բխում, որ չորսբոլորն ամեն ինչ հալվում էր: Զևսը վերցրեց Տփոնի դին և նետեց խավար Տարտարոսը, որ ծնել էր նրան: Բայց Տարտարոսում էլ Տիփոնը դեռ սպառնում է աստվածներին և ամենայն կենդանի արարածի: Փոթորիկներ ու հրաբուխներ է առաջ բերում: Նա կես-կին, կես-օձ էքիդնայի հետ միասին, ծնել է ահռելի երկգլխանի շուն Օրթոսին, դժոխային շուն Կերբերին, Լերնեյան հիդրային և Քիմերային: Տիփոնը հաճախ ցնցում է երկիրը:

  Հաղթեցին օլիմպացի աստվածներն իրենց ոսոխներին: Այլևս ոչ ոք չէր կարող ընդդիմանալ նրանց իշխանությանը: Այժմ արդեն նրանք կարող էին հանգիստ տիրել աշխարհին: Նրանցից հզորագույնը` շանթարձակ Զևսը, իրեն վերցրեց երկինքը, Պոսեյդոնը` ծովը, իսկ Հադեսը` մեռյալ հոգիների ստորեկրյա թագավորությունը: Իսկ երկիրը մնաց իբրև ընդհանուրի տիրապետություն: Թեև Քրոնոսի որդիները բաժանեցին իրար մեջ աշխարհի իշխանությունը, բայց և այնպես նրանց բոլորի վրա իշխում է երկնքի տիրակալ Զևսը. նա է իշխում մարդկանց ու աստվածների վրա, ամեն ինչ աշխարհում նրան է ենթակա:

                      Օլիմպոս

Լուսավոր ու բարձրաբերձ Օլիմպոս լեռան վրա, շրջապատված բազում աստվածներով, իշխում է Զևսը: Այստեղ են և նրա ամուսին Հերան, և ոսկեգանգուր Ապոլոնը` իր քրոջ, Արտեմիսի հետ, և ոսկեշող Աֆրոդիտեն (Ափրոդիտեն), և Զևսի հզոր դուստր Աթենասը և շատ ուրիշ աստվածնր: Երեք սքանչելի օրեադներ հսկում էին բարձրաբերձ Օլիմպոսի մուտքը և բարձրացնում դարպասը փակող թանձր ամպը, երբ երբ աստվածներն իջնում են երկիր կամ ելնում Զևսի լուսաշող պալատները: Օլիմպոսից բարձր լայնորեն տարածվւմ է կապտավուն, անհուն երկինքը և նրանից ոսկեղեն լույս է հորդում: Զևսի թագավորության մեջ ոչ անձրև է գալիս, ոչ ձյուն. այնտեղ հավերժ պայծառ ու բերկրալի ամառ է: Իսկ ցածում քուլա-քուլա սահում են ամպերը, երբեմն-երբեմն ծածկելով հեռավոր երկիրը: Այնտեղ, երկրի վրա, գարնանն ու ամռանը հաջորդում են աշունն ու ձմեռը: Հրճվանքին և ուրախությանը փոխարինելու են գալիս դժվախտությունն ու վիշտը, բայց դա վաղանցուկ է. Օլիմպոսում կրկին տիրում է հրճվանքը:

Խրախճանք են անում աստվածներն իրենց ոսկեղեն պալատներում, որոնք Զևսի որդին` Հեփեստոսն է կառուցել: Զևս արքան բազմած է իր բարձրադիր ոսկեհուռ գահին: Զևսի առնական աստվածային հիասքանչ դեմքը շնչում է վսեմությամբ և իր իշխանության ու հզորության վեհափառ գիտակցությամբ: Նրա գահի մոտ են խաղաղության աստվածուհի Էյրենեն և Զևսի մշտական ուղեկից` հաղթանակի թևավոր աստվածուհի Նիկեն: Ահա ներս էմտնում գեղանի ու վեսմափայլ աստվածուհի Հերան` Զևսի կինը: Զևսը հարգալից վերաբերմունք ունի կնոջ հանդեպ: Հերային` ամուսնության հովանավորին, հարգանքով են շրջապատում Օլիմպոսի բոլոր աստվածները: Երբ, շողալով իր գեղեցկությամբ, շքեղ զգեստների մեջ, մեծն Հերան մտնում է խրախճանքի դահլիճը, բոլոր աստվածները ոտքի են ելնում ու խոնարհվում ամպրոպային Զևսի կնոջ առաջ: Իսկ նա, հպարտ իր հզորությամբ, քայլում է դեպի ոսկեհուռ գահը և բազմում աստվածների ու մարդկանց թագավորի` Զևսի կողքին: Հերայի գահի մոտ կանգնում է նրա սուրհանդակը, ծիածանի աստվածուհի` թեթևաթև Իրիսը` մշտապես պատրաստ սրընթաց սավառնելու ծիածանային թևերով և ի կատար ածելու Հերայի հրամանները երկրի ամենահեռավոր ծայրերում:

   Խրախճանք են անում աստվածները: Զևսի դուստրը` դեռատի Հեբեն, և Տրոյայի արքայի որդի Գանիմեդեսը, Զևսի սիրելի, որ նրանից անմահություն է ստացել` նրանց ամբրոսիա ու նեկտար` աստվածային ուտեստ ու խմիչք է մատուցում: Գեղեցիկ քարիսները ու մուսաները զվարճացնում են նրանց երգով ու պարով: Ձեռք ձեռքի տված նրանք շուրջպար են բռնում, իսկ աստվածները սքանչանում են սրանց թեթևասահ շարժումներով և հավերժ դեռատի հրաշք գեղեցկությամբ:Գնալով ավելի ուրախ է դառնում օլիմպացիների խրախճանքը: Այդ խրախճանքներում են վճռում աստվածներն իրենց գործերը, որոշում աշխարհի ու մարդկանց բախտը:

  Զևսն Օլիմպոսի մարդկանց առաքում է իր շնորհները և երկրի վրա կարգ և օրենքներ հաստատում: Զևսի ձեռքին է մարդկանց ճակատագիրը. երջանկությունն ու դժբախտությունը, բարին ու չարը, կյանքն ու մահը,- ամեն ինչ նրա ձեռքին է: Երկու մեծ կարաս կա դրված Զևսի պալատի դարպասի մոտ: Մեկի մեջ բարին է, մյուսի մեջ` չարը: Զևսը նրանց միջից առնում է չարն ու բարին և ուղարկում մարդկանց: Վայ նրան, ում շանթարձակը միայն չարիքի կարասից է բաժին հանում: Վայ նրան, ով կխախտի Զևսի սահմանած կարգը երկրի վրա և չի հետևի նրա օրենքներին: Քրոնոսի որդին ահեղորեն կկիտի իր թավ հոնքերը, և այդ ժամանակ սև ամպերը կպատեն երկինքը: Կզայրանա մեծն Զևսը, և նրա գլխի մազերը ահեղորեն ցից-ցից կկանգնեն, աչքերը կշողան անզուսպ փայլով, ցասմնալից կմեկնի իր ամենազոր աջը և որոտը կգլրվի երկնքով մեկ, կփայլատակի բոցեղեն կայծակը, և կցնցվի բարձրաբերձ Օլիմպոսը:

  Միայն Զևսը չէ, որ պահպանում է օրենքները: Նրա գահի մոտ կանգնած է օրենքների պահապան աստվածուհի Թեմիսը: Նա, շանթարձակի հրամանով, աստվածների հավաք է հրավիրում լուսաշող Օլիմպոսում և ժողովրդական հավաքներ` երկրի վրա, ու հետևում, որ կարգն ու օրենքը չխախտվեն: Օլիմպոսում է և Զևսի դուստրը` աստվածուհի Դիկեն, որ հետևում է արդարադատությանը: Խիստ պատիժ է տալիս Զևսը անարդար դատավորներին, երբ Դիկեն նրան իմաց է տալիս, թե նրանք չեն հետևում Զևսի սահմանած օրենքներին: Աստվածուհի Դիկեն ճշմարտության պաշտպանն է և խաբեության թշնամին: Զևսը աշխարհում կարգ ու արդարություն է պահպանում և մարդկանց վրա երջանկություն ու վիշտ սփռում: Թեև մարդկանց երջանկությունն ու դժբախտությունը Զևսն է ուղարկում , այնուամենայնիվ, մարդկանց բախտը տնօրինում են ճակատագրի անողոք աստվածներ` մոյրաները, որոնք ապրում են լուսավոր Օլիմպոսում: Զևսի ճակատագիրն էլ է նրանց ձեռքին: Իշխում է ճակատագիրը և մահկանացուների, և աստվածների վրա: Եվ ոչ ոք չի կարող խուսափել անողոք ճակատագրից: Չկա այնպիսի ուժ, այնպիսի իշխանություն, որ կարողանա փոխել թեկուզ մի փոքր բան այն ամենի մեջ, ինչ նախատեսված է աստվածների ու մահկանացուների համար: Ճակատագրի առաջ պիտի միայն խոնարհվել հլու-հնազանդ ու ենթարկվել նրա կամքին: Միայն մոյրաներն են, որ գիտեն ճակատագրի կամքը: Մոյրա Կլոթոն մանում է մարդու կյանքի թելը` որոշելով նրա տևողությունը: Թելը կտրվում է և կյանքի վերջը գալիս է: Մոյրա Լաքեսիսը, առանց նայելու, վիճակ է հանում մարդկանց կյանքի համար: Ոչ ոք չի կարող փոխել մոյրաների որոշած ճակատագրերը, քանի որ երրորդ մոյրան` Ատրոպոսը, երկար փաթեթի մեջ գրի է առնում այն ամենը, ինչ մարդու համար կյանքում կանխատեսել են նրա քույրերը, իսկ այն ինչ մտնում է այդ փաթեթի մեջ, անխուսափելի է: Անողոք են մեծ ու դաժան մոյրաները:

   Օլիմպոսում է և ճակատագրի աստվածուհին` Տիքեն, երջանկության ու բարօրության աստվածուհին: Առատության եղջյուրից, աստվածային այն այծի եղջյուրից, որի կաթով սնուցվել էր Զևսը, նա նվերներ է շռայլում մարդկանց. և երջանիկ է այն մարդը, որ իր կյանքի ճանապարհին կհանդիպի երջանկության աստվածուհի Տիքեին, բայց որքան հազվադեպ է պատահում այդ, և որքան դժբախտ է այն մարդը, որից, նվերները տալուն պես, աստվածուհի Տիքեն երես կդարձնի:

   Եվ այսպես, լուսավոր աստվածների բազմությամբ շրջապատված, Օլիմպոսի վրա իշխում է մարդկանց ու աստվածների արքա Զևսը` կարգ ու արդարություն պահպանելով բովանդակ աշխարհում:


Թեոգոնիա: Աշխարհի և աստվածների ծագումը


Ամենից առաջ գոյություն է ունեցել միայն հավիտենական, անսահման մթին Քաոսը: Նրա մեջ էր ամփոփված աշխարհի կյանքի աղբյուրը: Ամեն ինչ առաջացել է անսահման Քաոսից` ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները: Քաոսից է առաջացել նաև Երկրի աստվածուհին` Գեան: Լայնատարած է նա, մաենազոր, նա կյանք է տալիս այն ամենին, ինչ որ ապրում և աճում է նրա վրա: Երկրի ընդերքում շատ խոր և հեռու, այնքան հեռու, որքան հեռու է մեզնից անսահման լուսավոր երկինքը, անչափելի խորության մեջ ծնվեց մռայլ Տարտարոսը` ահավոր անդունդը, լեցուն հավիտենական խավարով: Քաոսից` կենսատու աղբյուրից, ծնվեց նաև հզոր ուժը` ամեն ինչին կենդանություն տվող Սերը` Էրոսը: Սկսվեց աշխարհի ստեղծումը: Անսահման Քաոսը ծնեց հավերժական Խավարը` Էրեբոսը, և մութ Գիշերը` Նիքսը: Իսկ Խավարից ու Գիշերից առաջ եկան հավերժական Լույսը` Եթերը, հրճվալից ու պայծառ օրը` Հեմերան: Լույսը հորդեց աշխարհով մեկ, և գիշերն ու ցերեկն սկսեցին հաջորդել իրար:

Հզոր ու բարեշնորհ Երկիրը ծնունդ տվեց անծայրածիր կապուտակ Երկնքին` Ուրանոսին, և տարաշվեց Երկինքը Երկրի վրա: Հպարտությամբ դեպի Երկինք խորացան Երկրի ծնած բարձրագագաթ Լեռները, և տարածվեց հարատև աղմկող Ծովը: Մայր Երկրից են ծնունդ առել Երկինքը, Լեռները և Ծովը. նրանք հայր չունեն:

Ուրանոս-Երկինքը տիրակալ դարձավ աշխարհին: Նա իրեն կնության առավ բարեշնորհ Երկրին: Վեց որդի և վեց դուստր` հզոր ու ահեղ տիտաններ ունեին Ուրանոսն ու Գեան: Նրանց որդին` տիտան Օվկիանոսը, որ անեզր գետի պես ողողում էր ամբողջ Երկիրը, և աստվածուհի Թետիսը լույս աշխարհ բերին բոլոր գետերը, որոնք ալիք տալով հոսում են դեպի ծով և դեպի ծովային աստվածուհիները` օվկիանուհիները: Տիտան Հիպերիոնն ու Թեան աշխարհ բերեցին իրենց զավակներին` Արև-Հելիոսին, Լուսին-Սելենեին և բոսորագույն Արշալույսին` Էոսին (Ավրորա): Աստրեային և Էոսից ծնունդ առան գիշերվա խաղաղ երկնքում վառվող բոլոր աստղերը և բոլոր քամիները. հյուսիսային մոլեգին քամին` Բորեասը, արևելյանը` Էվրոսը, հարավային խոնավ քամին` Նոտոսը և արևմտյան փաղաքուշ քամին` Զեփյուռը, որ անձրևաբեր ամպեր է կուտակում:

Տիտաններից բացի, ամենազոր Երկիրը առաջ բերեց երեք հսկաների` միակնանի կիկլոպներին և լեռան պես վիթխարի, հիսունգլխանի, հարյուրաձեռք երեք հսկաներին  (հեկատոնքեյրերին), որոնք այդպես են կոչվում յուրաքանչյուրը հարյուր ձեռք ունենալու պատճառով: Նրանց ահեղ ուժին ոչինչ չի կարող դիմագրավել, նրանց տարերային ուժը սահման չի ճանաչում:

Ատեց Ուրանոսն իր հսկա-զավակներին. Երկրի աստվածուհու ընդերքում կալանեց նրանց խորին խավարում և թույլ չտվեց լույս աշխարհ դուրս գալ: Տառապում էր նրանց մայր Երկիրը: Նրան ճնշում էր իր ընդերքում ամփոփված ահավոր բեռը: Նա իր մոտ կանչեց տիտան զավակներին ու համոզեց ըմբոստանալ հոր` Ուրանոսի դեմ, բայց նրանք վախեցան ձեռք բարձրացնել իրենց հոր վրա: Նրանցից միայն կրտսերը` նենգամիտ Քրոնոսը խորամանկությամբ տապալեց հորը և խլեց նրա իշխանությունը: Գիշեր աստվածուհին, իբրև պատիժ Քրոնոսին, ծնեց մի ամբողջ կույտ սոսկալի աստվածություններ. Թանատոսին-մահ, Էրիսին-պառակտություն, Ապատեին-խաբեություն, Կերերին-ոչնչացում, Հիպնոսին-Քուն` բազում ծանր ու մռայլ երազներով, անողոք Նեմեսիսին-վրեժխնդրություն և շատ ուրիշների: Սոսկում, պառակտություն, խաբեություն, կռիվ ու դժբախտություն բերին այդ աստվածները աշխարհ, որտեղ հոր գահի վրա տիրակալ դարձավ Քրոնոսը:

%d bloggers like this: