Category Archives: Գիտություն

Ֆրուստրացիան և պաշտպանական մեխանիզմները երազներում


Քունը ընդհանրապես կարելի է ֆրուստրացիաներից խույս տալու ընդհանուր մեխանիզմ համարել. քնած մարդը չի նկատում, չի գիտակցում այն իրական դժվարություններն ու խոչընդոտները, որոնք ծառացել են նրա առջև և թույլ չեն տալիս իրականացնել իր ցանկություններն ու նպատակները: Դիտումները ցույց են տալիս, որ կյանքի պատասխանատու փուլերի վրա հասնելը (օրինակ՝ ճակատամարտին մասնակցելու կամ կարևոր հրապարակային ելույթ ունենալու անխուսափելիությունը, հարազատի մահը և այլն) շատ մարդկանց կյանքում ուղեկցվում է քնկոտության առաջացմամբ: Շատերը ուղղակի հայտարարում են, որ կուզենային քնել՝ այդ ամենը մոռացության տալու համար: Այսպիսի քնկոտությունը կարելի է համարել տհաճ ու սարսափելի երևույթներից խույս տալու ավելի ընդհանուր պաշտպանական մեխանիզմի տարբերակներից մեկը: Քնելով, մարդն իր գիտակցության ոլորտից արտամղում է այն ամենը, ինչ նրան ֆրուստրացիայի է ենթարկում: Քնելու ցանկություն առաջ է գալիս նաև այն ժամանակ, երբ մարդը կանխատեսում է, որ ֆրուստրացիայի է ենթարկվելու և ունենալու է սարսափելի զգացում:

Սակայն քնելը մարդուն միայն մասամբ է ազատում ֆրուստրացիաներից, քանի որ կյանքի դժվարությունները, արտաքին ու ներքին կոնֆլիկտները մեծ չափով դրսևորվում են երազներում, որոնցում, ինչպես արդեն գիտենք, դրանց լուծման ու հաղթահարման և, ուրեմն, ցանկությունների երևակայական ու սիմվոլիկ բավարարման փորձեր են կատարվում: Երազներում արտացոլվում է ընդհանուր առմամբ մարդու ֆրուստրացված լինելու աստիճանը: Տևական ու կրկնվող ֆրուստրացիաները հանգեցնում են ընդհանուր (ճնշվածության) վիճակի: Պարզվում է, որ այդպիսի անձանց երազներում միջինից ավելի շատ են մազոխիստական տարրերը՝ իր անձի մերժման պատկերները, ստորացումները, հուսախաբությունները և այլն: Դրանք ֆրուստրացիաների նկատմամբ նևրոտիկ հակազդումներ են: Երազների ուսումնասիրություն հաճախ մարդուն հուզող խնդիրների մեջ թափանցելու լավագույն ուղին է: Այստեղ կարելի է տեսնել նաև զանազան պաշտպանական մեխանիզմների ձևավորման պրոցեսները: Մեր կարծիքով, երազներում  կարելի է տեսնել այն ցանկալի պաշտպանական հակազդումները, որոնցով անձը կուզենար պատասխանել ֆրուստրատորներին, բայց որը իրական կյանքում հնարավոր չէ: Եթե այդպես է, ապա երազներում կատարվող մտածողության ու երևակայության պրոցեսներում սկզբունքորեն պետք է հնարավոր լինի գտնել նաև ցանկալի պաշտպանական հակազդումների ձևափոխման և վարքի ու հոգեբանական պաշտպանության այնպիսի ձևերի մշակման մեխանիզմները, որոնք ընդունելի են երազ տեսնողի իրական կյանքում կիրառելու համար: Այս ենթադրությունը մենք առաջ ենք քաշում ելնելով այն փաստից, որ պաշտպանական մեխանիզմների ձևավորումը հիմնականում կատարվում է ենթագիտակցորեն և, ուրեմն, պետք է արտացոլվի այնպիսի բնորոշ ու ծավալուն ենթագիտակցական երևույթներում, ինչպիսիք երազներն են: Նրանցում կարելի է տեսնել այնպիսի երևույթներ, ինչպես. մեկ հակազդման փոխարինումը մյուսով, բարդ ֆրուստրացնող իրադրությունը հաղթահարելու համար մի շարք պաշտպանական մեխանիզմների միավորումը և պաշտպանական բարդույթների (կոմպլեքների) ստեղծումը, անձի տարբեր միտումների, հակումների, դիրքորոշումների պայքարը և այլն: Երազների վերլուծության միջոցով այս բոլոր երևույթների մանրակրկիտ ուսումնասիրությունն ու նկարագրությունը զգալի չափով առաջ կշարժի մարդու կյանքի և հոգեկան զարգացման ընթացքի օրինաչափությունների իմացությունը:

Երազները, ինչպես ցույց են տվել Կ. Հոլլի, Վ. Ն. Կասատկինի և այլ մասնագետների կուտակած վիճակագրական տվյալները, մեծ մասամբ հագեցված են տհաճ իրադարձություններով: Դա վերաբերում է ոչ միայն հիվանդների, այլև առողջ մարդկանց երազներին; Եթե երազները հիմնականում ցանկությունների կատարման ցիմվոլիկ արտահայտություններ լինեին, ապա նրանք պետք է հաճելի լինեին վտեսնողի համար: Ելնելով այս փաստից կարելի է ենթադրել, որ երազներում բացահայտորեն կամ սիմվոլների օգնությամբ դրսևորվում են մարդուն ֆրուստրացնող այն իրադրությունները, որոնք չեն կորցրել իրենց այժմեականությունը: Երազներում կատարվում է դրանց հաղթահարման փորձ և, ուրեմն, անձին հուզող խնդիրների ընտրական վերարտադրություն ու վերլուծություն: Այս դրույթները դժվար չէ լուսաբանել մեծաթիվ փաստերով: Հոգեբաններին և երազների նկատմամբ ուշադրություն հանդես բերող մարդկանց քաջ հայտնի է, որ եթե կյանքի տվյալ փուլում մարդը ունեցել է մեծ կորուստներ ու նշանակալի կոնֆլիկտներ, ապա նույնիսկ գիտափորձի պայմաններում (արտաքին գրգռիչների ազդեցության տակ) նա տեսնում է երազներ, որոնցում ներկայացված են հենց այդ ֆրուստրացնող իրադրությունները: Այս իմաստով հետաքրքրական է Վ. Ն. Կասատկինի նկարագրած դեպքերից մեկը. մայրը, որը պատերազմում կորցրել էր որդուն, երազներում, գրեթե առանց աբցառությունների, տեսնում էր իր զոհված որդուն, ընդ որում այդ երազները հագեցված էին տագնապով ու սարսափներով:

Այդպիսի տագնապալից երազները աստիճանաբար կարող են պակասել ու անգամ չքանալ. եթե համապատասխան տհաճ իրադրություն վերացել է: Բայց շատ ֆրուստրացիաներ պահպանվում են ողջ կյանքում և երազներում մարդիկ դեռ երկար ժամանակ վերադառնում են դրանց: Այդպիսի խոր ու տևական ազդեցություն է գործում հատկապես սիրելի մարդկանց կորուստը: Բայց ժամանակի ընթացքում այդպիսի երազներում առաջ եկող հույզերի բնույթը փոխվում է: Վ. Ն. Կասատկինը նկարագրում է մի կնոջ, որը ամուսնու մահից հետո ամեն օր սարսափելի մղձավանջային երազներ էր տեսնում. մեկ ինիչ-որ կմախքներ նրան քարշ էին տալիս դեպի ամուսնու գերեզմանը, այլ դեպքերում նա տեսնում էր ամուսնու արդեն քայքայված մարմինը, որ գալիս էր նրան տանելու և կանչում էր իր ձայնով: Նա տեսնում էր նաև մեռելների խմբեր, որոնց մեջ՝ նաև իր ամուսնուն: Ժամանակի ընթացքում այդպիսի մղձավանջային երազների քանակությունը աստիճանաբար նվազեց, իսկ սարսափին փոխարինելու եկավ թախիծը: Ամուսնու մահվան պատճառով առաջ եկած ֆրուստրացիան աստիճանաբար կորցրեց իր այժմեականությունը: Նկատվել  է նաև, որ թույլ նյարդային համակարգ ունեցող անձինք հարազատին կորցնելուց հետո 1-2 ամիս նրան իրենց երազներում չեն տեսնում: Մեր կարծիքով այս երևույթը պայմանավորված է այդպիսի մարդկանց հոգեկանում տհաճ տպավորությունները ճնշող, արտամղող մեխանիզմների աշխատանքի հատուկ արդյունավետությամբ, որը նպաստում է ֆրուստրացիաներից հաջողությամբ պաշտպանվելուն անգամ ենթագիտակցական մակարդակում:

Պետք է նկատել, որ մեծ թվով  երազներում տհաճ տպավորությունները մոռացության մատնելու, գիտակցությունից և նույնիսկ նախագիտակցական (երազային) ոլորտից արտամղելու միտումը նկատվում է հստակորեն: Դրանք առաջին հերթին այն երազներն են, որոնցում շատ են սիմվոլները: Բայց կան նաև երազներ, որոնցում ֆրուստրացնող իրավիճակներում կոնֆլիկտները ներկայացված են լինում բացահայտ կերպով, իսկ դա նշանակում է, որ արտամղման մեխանիզմը ինչ-որ պատճառով չի գործել:

Նյութի աղբյուր

Ա. Ա. Նալչաջյան — Անձն իր երազներում, <<Հայաստան>> հրատարակչություն, 1982 թ.

Ֆրուստրացիա և մարդուն ֆրուստրացնող հիմնական տիպական վիճակները


frustration

Հաճախ է պատահաում, երբ մարդը հայտնվում է այնպիսի հոգեվիճակում, երբ կորցնում է կյանքում իր հենման կետը, երբ այն ամենը, ինչին ինքը մինչ այդ հավատացել ու վստահել է ինչ-ինչ արտաքին և ներքին ուժերի ազդեցության տակ փլուզվել է, ի չիք է դարձել: Ստեֆան Ցվեյգը ինքնասպան եղավ հենց այդ պատճառով (քանի որ փլուզվել էր ամբողջ արժեքային համակարգը):

Երբ կյանքը դառնում է անիմաստ, երբ քո հանդեպ անարդար են և մարդը ստիպված է անտեղի արդարանալ: Այս և նման բազում իրավիճակներ մարդուն գցում են այնպիսի հոգեվիճակի մեջ, որը ստացել է ֆրուստրացիա անվանումը: Ֆրուստրացիան նաև այնպիսի հոգեվիճակ է, երբ մարդը ստիպված է լինում հաղթահարել իր կյանքի ճանապարհին հայտնված խոչընդոտներն ու արգելքները: Երբ մարդը անազատության մեջ է թե հոգեբանական և թե ֆիզիկական, երբ նրան չեն հասկանում կան անտեսում են, երբ նրա ինքնագիտակցականին վտանգ է սպառնում: Ֆրուստրացիան կարող է դրսևորվել մարդու կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ կենցաղից մինչև ստեղծագործական աշխատանք և գրեթե չունի տարիքային սահմանափակումներ: Ֆրուստրացիաների վերապրումը իր հերթին պայմանավորված է տվյալ անձի խառնվածքով: Անդրադառնալով ֆրուստրացիաների խնդրին լեհ հոգեբան Յոզեֆ Պետերը նշում է, որ կյանքում կան հատուկ իրավիճակներ, որոնք մարդուն գցում են ֆրուստրացիաների մեջ, դրանցից են նյութական շահը, խանդը, նախանձը, վրեժխնդրությունը, շանտաժը, վախը: Պետերը նաև նշում է, որ մարդկության ողջ պատմության ընթացքում և հատկապես մեր օրերում մարդկությունը ամենից ավելի կատաղի պայքար է մղում հետևյալ արժեքների համար.

1. կյանքի նյութական պայմանների

2. ազատության

3. սիրո և սեռական հաճույքի օբյեկտի

4. գաղափարների, համոզմունքների, կյանքը իմաստավորող արժեքների համար

Պետերը նաև նշում է, որ որքան այդ արժեքները մարդու համար անհասանելի են կամ դժվար հասանելի, այնքան ավելի կատաղի, մոլի է մրցակցությունը կամ ձգտումը: Ֆրուստրացիաները, անշուշտ, անհետևանք չեն անցնում և իրենց հերթին հանգեցնում են ագրեսիաների:

Նյութի աղբյուր

Դասախոսություն

Գրականությունը և հոգեբանությունը



Գրականությունը և հոգեբանությունը

Հասարակական հարաբերությունների զարգացման արդի փուլում լուրջ նշանակություն է տրվում հոգեբանության ուսումնասիրությանը։ Գրականության և արվեստի մեջ, իբրև գիտական խնդիր, առավել մեծ տեղ է տրվում այս բնագավառին, քանի որ վերջինիս ուշադրության առարկան մարդն է իր ներաշխարհային ողջ հարստությամբ։ Հիշյալ ոլորտներում՝ մասնավորապես գրականության, հոգեբանական դիտարկումները կատարվում են երեք ուղղությամբ՝ ստեղծագործողի հոգեբանություն (գրողի անձը. կենսագրությունը, անհատականությունը), ստեղծագործություն հոգեբանություն (գրական ստեղծագործությունը իբրև գեղարվեստական մտածողության գործընթաց ) և ստեղծագործության ընկալման հոգեբանություն (գրական երկի ազդեցությունը ընթերցողի, ունկնդրի վրա)։

Առաջին և երկրորդ մոտեցումների առարկան գրողն է, երկրորդինը` ընթերցողը։ Հոգեբանական կապը այսաեղ փոխադարձված է։ Գրողի հոգեբանական գիտակցությունը ուղղված է ընթերցողին, ընթերցողինը` գրողին։ Հոգեբանական գործոնների այս ամբողջական համալիրը հնարավոր է ուսումնասիրել վերոհիշյալ գործառական առանձնացումների ձևով։

Սկսենք ստեղծագործողի հոգեբանությունից, որի հիմքում ընկած է գրողի կենսագրությունը։

Գրականությունը և գրողի կենսագրությունը

Հեղինակի կենսագրության ուսումնասիրությունը գրականագիտական ամենահին և ամենափորձված մեթոդներից է։ Մոտեցման այս եղանակը հնարավորություն է տալիս գեղարվեստական երկը դիտել հեղինակի կենսագրության պրիզմայի միջով՝ հաշվի առնելով այն ժամանակաշրջանն ու հասարակական միջավայրը, որի ընթացքում և որի մեջ ապրում ու ստեղծագործում է հեղինակը։ Կիրառվող մեթոդն իր վերապահումներն ունի, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել։ Գրող-գրական երկ կապի խնդիրը գրականության պատմաբանը դիտում է պատճառահետևանքային սկզբունքով՝ ժամանակ, հասարակական կյանք, գրողի կենսագրություն, գրական երկ տրամաբանական հաջորդականությամբ։ Գրականության հոգեբանը միշտ չէ, որ հաշվի է նստում այս հաջորդականության հետ, քանի որ և ժամանակը, և՛ հասարակական կյանքը գրողի էության մեջ անձնավորված են, իսկ նրա գրական երկը, այս տեսանկյունից՝ գեղարվեստորեն վերացարկված։ Այստեղ արդեն պատմության տրամաբանությունը իր տեղը զիջում է իրավիճակային հոգեբանությանը, ինչը մեզ ստիպում է մտածել՝ գրական երկը կենսագրությա՞ն հետևանք է, թե ինքը կենսագրություն է։ Գրականության պատմաբաններն ամեն ինչ անում են վերականգնելու համար հեղինակի կենսագրության փաստերը հաշվի առնելով, որ դրանք չափազանց կարևոր են գրողի այս կամ այն երկը լուսաբանելու համար։ Փաստեբի բացակայության դեպքում (նկատի ունենք հին և հնագույն շրջանի հեղինակներին), գրական երկից է բխեցվում հեղինակի կենսագրությունը։ Եվ մեկի, և՛ մյուսի դեպքում հեղինակի կենսագրությունը պաշտոնական փաստաթղթի տեսք է ընդունում, որի անվերապահության վրա չի կարելի հենվել, հատկապես, երբ ուսումնասիրվում է կենսագրություն–գրական երկ կապը։ Պետք է հիշել, որ գրական ստեղծագործությունը հասցեագրման երկդիմություն ունի։ Այն մի կողմից ուղղված է հեղինակին, մյուս կողմից՝ ուրիշներին և այդ ուրիշներից` ընթերցողներին։ Սա արդեն ոչ թե գրականության պատմաբանի կամ տեսաբանի, այլ հոգեբանի խնդիրն է։ Այստեղից է առաջ գալիս գրականության ուսումնասիրության համադրական մեթոդի անհրաժեշտությունը։ Հին ժողովուրդների գրականության պատմության փորձը ցույց է տալիս, որ անցյալի շատ գրողների կենսագրական մանրամասները դատապարտվում են անհայտության, և միայն պաշտոնական վավերագրերի կամ էլ ժամանակներին մոտ կանգնած հեղինակի կցկտուր տեղեկությունների հիման վրա է հնարավոր լինում «վերականգնել» նրանց անցած կյանքի ճանապարհը։ Տեղեկատվական վերագրումներով տառապող կենսագրությունները չեն կարող հոգեբանական դիտարկումների հիմք դառնալ։

Վարքը հին գրականության վավերագրական ժանրերից է, որի մեջ այս կամ այն չափով ներկայացում մատենագրի կենսագրական տեղեկությունները (Կորյունի «Վարք Մաշտոցին», Ներսես Շնորհալու, Գևորգ Սկևռացու վարքերը և այլն): Կենսագրությունների համար տեղեկագրական աղբյուրներ կարող են հանդիսանալ նաև վկայաբանությունները, ներբողյանները: Այս կենսագրական բնույթի պատումները, սակայն, ամբողջական չեն այն իմաստով, որ նրանցում չեն ընդգրկվում վարքագրական հերոսի կենսագրական ողջ մանրամասները, այլ շեշտը դրվում է նրա կյանքի ամենանշանակալից իրողության, փաստի վրա։ Առանձնացվող փաստերն էլ նևրկայացվում են հերոսի իդեալականացման սկզբունքով, ինչը չեզոքացնում է նրա հողեղեն կյանքի իրական շեշտը։ Այս աղբյուրների վրա հենվող հոգեվերլուծական ենթադրությունները չեն կարող հանդես բերվել մաքուր տեսքով, քանի որ վերլուծության աղբյուրը միջնորդավորված է. վարքագրի ձայնը խանգարում է վարքագրական հերոսի ձայնի ինքնությանը։ Փաստագրական շերտերի սուբյեկտիվացումը հանգեցնում է նրան, որ հետագա շրջանի ուսումնասիրողներին տեղ է թողնում կամայական ենթադրություններ անել, հեղինակին դուրս բերել իր ապրած ժամանակաշրջանից, ետ ու առաջ տանել։ Նման ճակատագրի են արժանացել V դ. հայ պատմիչները՝ Խորենացին,Եղիշեն։ Հայ և արևմտյան շատ գիտնականներ Խորենացուն V դարից տարել հասցրել են 7-9-րդ դդ։ (Քարիեր,Գուտշմիդտ, Թոմսոն, Մանանդյան և ուրիշներ)։ Կենսագրության հավաստիությունը հատկապես կարևոր է մատենագրի, գրողի այս կամ այն ստեղծագործության գրության թվականի ճշտման համար։ Վերջինս շատ բան է տալիս տվյալ գործի բովանդակային շերտերը բացելու առումով։ Դիպուկ օրինակ է Սայաթ-Նովայի ծննդյան և նրա առանձին գործերի գրության թվերի անորոշության փաստը, որը մինչև այսօր տաք բանավեճերի տեղիք է տափս։ Գրական երկի գրության, ինչպես նաև նրա հղացման կենսափաստի հավաստիությունը լայն հնարավորություն է ընձեռում հասկանալու ստեղծագործության ներքին բովանդակությունը, այն տրամադրությունը, որն ուղղակի թե անուղղակի կապ ունի ժամանակաշրջանի հասարակական կյանքի ընդհանուր տրամադրությունների հետ։ Արևմտյան հոգեվերլուծության թևի առանձին մասնագետներ, ելնելով այս սկզբունքից, Շեքսպիրի ապրած կյանքի դեպրեսիվ վիճակների հետ են կապում նրա ողբերգությունների լույս աշխարհ գալը։ Այս մոտեցումը, իհարկե, միշտ չէ որ գիտական քննություն է բռնում։ Մեզանում Հակոբ Պարոնյանի ապրած կյանքի դրամատիզմը և նրա ստեղծած կատակերգությունների զուգահեռը ճիշտ հակառակն են հաստատում։ Թեև Դուրյանի, Մեծարենցի, Տերյանի,Հերանուշ Արշակյանի անձնական ճակատագրերը, հատկապես հիվանդության փաստը, շատ որոշակի դեր են խաղացել նրանց բանաստեղծական տրամադրությունների լինելիության գործում։

Գրական երկը գրողի կենսագրության, նրա հոգևոր փորձի արդյունքն է։ Առանց այս մանրամասների ճշտման հնարավոր չէ վերջնական կարծիք հայտնել գրողի ստեղծագործության մասին, չափել վերջինիս բովանդակային տարողությունը։

Ստեղծագործողի հոգեբանությունը

Գրողի ստեղծագործական հոգեբանությունը հնուց ի վեր սուր հետաքրքրությունների առարկա է եղել։ Հին հույները բանաստեղծական օժտվածությունը համարել են խելագարության արգասիք կամ էլ վերագրել աստվածներին։ Հենց այս կարծիքի վրա է հիմնվում Լոմբրոզոյի «Հանճար և խելագարություն» ուսումնասիրաթյունը, որի մեջ ելնելով կոնկրետ հեղինակների ստեղծագործական փորձից ինչպես նաև սեփական հոգեվերլուծություններից ձգտում է հիմնավորել երևույթը։ Այս առումով չափազանց ուշագրավ դիտարկումներ են Զիգմոնդ Ֆրոյդի, Վիգոտսկու, Արնաուդովի, Օվսիանիկով-Կուլիկովսկու գործերր։

Ստեղծագործական պահերի բացատրությունը դյուրին չէ։ Մենք գործ ունենք մարդու ենթագիտակցական բռնկումների հետ։ Հանրահայտ է Պլատոնի այն պնդումը, թե պոետները անգամ ի վիճակի չեն բացատրել, թե ինչպես են իրենք ստեղծագործում։

Կոստանդին Երզնկացին երևույթը համարել է «շնորհքն ի յոգւոյն»։ «Ոմանք չարախօսին, — գրել է նա, — թե որպէ՞ս խոսի սա այսպիսի բան, զի վարդապետի չէ աշակերտել: Զի այլ է աշակերտելն եւ այլ շնորհքն ի յոգւոյն»։

Եղեւ յանկարծակի
Ինչ բան խոսիլ՝ ով ուզենայ,
Այնպէս, որ ես ի յիմ Խօսից շարելըն զարմացայ
Սիրով ու մեծ յուսով Ես այս բանիս ի փորձ մտայ,
Զհոգիս փոխան տըւի
Եւ ապա ես այն հոգոյն հասա»։

Այս մասին ուշագրավ խոստովանաթյունները շատ են։ Մեծ արվեստագետների գիտակցության մեջ երևույթի վերացարկման պահը անսպասելի և արագ դրսևորում ունի։ Ենթագիտակցական այս մտահոգությունը պահի մեջ նվաճում է այն, ինչ ընդունակ չէ անել տրամաբանությունը։ «Ամենաուժեղ բանը ինտուիցիան է,- նկատել է Թումանյանը իր զրույցներում, — պայծառատեսությունը, հայտնությունը։ Նա կայծակի թռիչք ունի՝ վայրկենապես լասավորում է. հրաբխի ուժ՝ կատաղի կերպով ժայթքում է»։ Ժամանակակիցների գործերից երևում է, որ բանաստեղծին շատ են հետաքրքրել մեծ արվեստագետների ստեղծագործական կյանքի հետ կապված երևույթները։ Նման գրանցումների մենք հանդիպում ենք Թումանյանի օրագրերում, գրառումներում, ծոցատետրերում։ Հոգեբանական բռնկումների այսպիսի պահեր Թումանյանը շատ է ունեցել: Այս առիթով բանաստեղծը ուշագրավ մտքեր է փոխանակել գրչակից ընկերների հետ։ Նվ. Թումանյանը գրում է. «… Զրուցում էին բանաստեղծի ստեղծագործական աշխարհի, ստեղծագործական պրոցեսի շուրջ, խոսում էին փիլիսոփաներից Կանտ, Պետրաժիցկի։ Հայրիկը Բերգսոնի գիրքն էր կարդացել ու շատ էր հավանել»: «Կարևորը կանխատեսությունն է, ինտուիցիան, — մի ուրիշ անգամ նկատել է բանաստեղծը, — երևակայությունը, ներդաշնակության զգացումը, հոգու խորթությունը, երբ բանաստեղծը խորասուզվում է ստեղծագործական ոլորտները, երբ շարժվում են նրա ինտուիտիվ զգացումները, երբ լցված, ներշնչված ապրում է մեծ սարսուռը։ Հենց էն ժամանակ է բանաստեղծը բանաստեղծ»։ Բանաստեղծությունը խորհուրդներով, օրենքներով չեն գրում։ Եթե բանաստեղծի մեջ առաջանում է այս ներքին մղումը, նա գրում է։ Երիտասարդ բանաստեղծին ուղղված իր խոսքում Թումանյանը նկատել է «Ամենից շատ և ամենից լավ բանաստեղծը ինքն է իրեն հասկանում, և իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուժեղ առաջնորդը»։ Դեկարտի պնդմամբ՝ ինտուիցիան ամբողջական մտքի անսպասելի նվաճում է։ Իսկ Բերգսոնը այն համարում է «ինտելեկտուալ համակրանքի» իմացություն։ Սրանք սկզբնապես գրողի գիտակցության մեջ հանդես են գալիս անշոշափելի, ցրված տպավորությունների ձևով։ Չարենցը իր օրագրում այսպիսի մի գրառում ունի։

«cie profundis» * 13.4.1937, Երևանում, իմ բնակարանում, անկողնում, ինչպես միշտ։ Մարտի 1-ին լրացավ իմ կյանքի քառասուն տարին։ Յուրաքանչյուր գաղափար վերջերս սկսվում է ճյուղավորվել իմ ուղեղամ և զարգանալ «ճյուղավոր» հաջորդականությամբ։ Մի ներքին անզսպելի մղում «ոստային» սիստեմով, այսինքն՝ ինչպես աճում է ծառը։ Հիմնական գաղափարը դառնում է ծառի բունը, որ բարձրանալով սկսում է տալ ճյուղեր և ամեն ճյուղ իր հերթին` ոստեր, որոնք և իրենց հերթին դառնում են նոր ճյուղեր և այսպես անվերջ…»։

Հիմնական իդեան — ծառ —

քառասունամյակիս առավոտը (երբ ես նայեցի հայելուն) —
→ →
մարդը հոգու մեջ՝ ինքն իր դեմ
→ →
ճյուղք առաջին
→ → →
a b c

Ես, կին — ինքն իր դեմ և այլն, և այլն, և այլն, և այլն։ Նույնը՝ անվերջ։ Ոստեր՝ a, b, c։ Եթե այսպես շարունակվի, դժվար թե հնարավոր լինի երբևիցե վերադառնալ բուն նյութին. ահավասիկ այն, ինչը մեծ հանճարների մեջ ամենազարմանալին է, ներքին երկաթե կոնտրոլ, որպեսզի ոչ թե նյութը տիրապետի հեղինակին, այլ հեղինակը նյութին»։

Չարենցի այս հետաքրքիր գրառումը խոսում է այն մասին, որ ստեղծագործելու պահին գրողի գիտակցության մեջ նույն գաղափարից ծնվող բազմաթիվ զուգորթություններ են առաջ գալիս։ Սա նշան է այն բանի, որ գրողի հղացման հիմնական գիծը վերջնականապես կազմակերպված չէ։ Բանաստեղծի ակնարկած «տվյալ գաղափարը» սոսկ տեսական կառույցն է։ Գործնական իրականացման դեպքում բազմաթիվ տարբերակներ է տալիս։ Գրողը չի կողմնորոշվում հիմնական իդեան ընտրելու մեջ։ «Սա վտանգավոր է, — նկատել է Դ. Դեմիրճյանը, — գրողը պետք է հեռու մնա ամեն բանի մասին գրելուց։ Նա պետք է կտրականապես որոշի գործի գլխավոր իդեան»։ Այս դեպքում գեղարվեստական խնդրի լուծումը պահանջում է մտավոր կենտրոնացում, ինչը հնարավորություն է ընձեռում կանխել մտքի զգացմունքային շեղումները։ Այս շեղումները վերջնականապես վերացվում են գրական երկը վերամշակելու ընթացքում։ Ավ. Իսահակյանը ճիշտ է նկատում, որ սրտով, զգացմունքով, ինտուիցիայով գրում են, տրամաբանությամբ մշակում։

Ստեղծագործական երևակայություն

Երևակայությունը գրողի ստեղծագործական մտածողության կարևոր պայմաններից է։ Այն զուգորդական մտածողության արդյունք է՝ սերտորեն պայմանավորված գրողի ինտելեկտուալ կարողության, կենսափորձի ու հոգեբանաթյան հետ։ Երևակայության որակական համակառույցը ներկայանամ է երեք հիմնական գործոնների` իմացականի, զգացականի և ենթագիտակցականի բարդ համադրության ձևով։ Ստեղծագործական երևակայության դրսևորման մեջ իր ակտիվ դերն ունի հույզը, ապրումը, նպատակին հասնելու ձգտումը, որոնք նույնքան կարևոր են գիտական մտածողության մեջ։ Այդ մասին հետաքրքիր ասույթներ ունեն Պուանկարեն, Էյնշտեյնը։ Զգայականի գործոնը միանշանակ չէ, այն ունի ստենիկ (ոգևորող, ոգեշնչող, հաճույք, ուրախություն պատճառող) և աստենիկ (ճնշող, մտահոգող, ցավի զգացողություն առաջացնող) դրսևորումներ։ Ընդ որում, գրողի երևակայության «լիցքավորման» համար երկուսն էլ համարժեք նշանակություն ունեն։

Զգայականի պարզագույն դրսևորումը ի սկզբանե կենսաբանական է։ Արվեստի հոգեբաններից շատերը (Օվսյանիկով-Կուլիկովսկի, Յակոբսոն, Վիգոտսկի, Առնաուդով և ուրիշներ) հույզի՝ զգայականության հիմքում նշմարում են «անհրաժեշտ հետաքրքրություն», «ցանկություն և երազանք» գործոնները, որոնց ժամանակին ուշադրություն են դարձրել Պլատոնն ու Արիստոտելը։ Անցումը զգայականից դեպի երևակայականը միջնորդված է։ Այս զգացումը կարող է ամենևին էլ կապ չունենալ երևակայությամբ արտացոլվող առարկայի եբևույթի հետ։ Ասենք՝ նոր չորացած խոտի բույրը բանաստեղծին կարող է հիշեցնել իր մանկությունը։ Մտապատկերի մեջ այդ զուգորդական դրսևորումները հնարավոր չէ կտրուկ օրինաչափությունների ենթարկել։ Հոգեվերլուծության մեջ այդ դրսևորումները կապում են գրողի, արվեստագետի կենսափորձի հետ։ Հույզի առարկայի հանդիպման հաճախականությունը մեղմում է զգայական լարվածությունը, կանխում երևակայության թռիչքը «Մի քանի անգամ կրկնված տեսակցությունը, — գրել է Մուրացանը, — մոռացնում է առաջին հանդիպման հրապույրը»։ Կենսական իրականությունից ստացած անմիջական տպավորությունը միշտ չէ որ կարող է սնել երևակայությունը։ «Թարմ տպավորությունով գրելը, — նկատել է Շիրվանզադեն, — գուցե ունի իր լավ կողմերը սակայն ինձ թվում է, որ գրողը թարմ ազդեցությամբ շատ անգամ կարող է հափշտակվել երևույթների աննշան մանրամասներով և էականը չզատել երկրորդականից, այսինքն՝ իրականը անցողականից։ Տպավորությունների գրականությանը մի տեսակ ձուլարան է, ուր գաղափարը, այսպես ասած, հալվում ու աստիճանաբար զտվում է ավելորդ տարրերից, մնում է էականը, այսինքն այն՝ ինչ կարող է դիմանալ ժամանակի մաշիչ զորությանը»։ Երևակայության համար կարևոր գործոն է երազը, երազանքը։ Նիցշեն իր «Ողբերգության առաջացումը» աշխատության մեջ բերում է Լուկրեցիոսի այն կարծիքը, թե աստվածների հոյակապ պատկերները մարդկանց հոգու, մեջ հայտնվել են երազում։ Երազում է տեսել ու հիացել մեծ քանդակագործը գերմարդու մարմնի աննկարագրելի համամասնությունը, իսկ հելլենացի պոետը իր բանաստեղծական պատկերը նույնպես երազի մեջ է տեսել, նա երևի երազանքին կտար այն բացատրությունը, ինչ տալիս է Հանս Սաքսը իր «Մեստերլինգներում»։

Իմ բարեկամ պոեզիան երազ է, Տեսիլք, երազային խտացում. Ապրում է բանաստեղծի ոգևորությունը Երազի մեջ, միստիկական հագեցվածությամբ, Եվ արվեստը, անկասկած, Երազների արձագանք է։

Ստեղծագործական երևակայությունը հաճախ կապում են նաև պատրանքի հետ։ Մտքի մեջ պատրանքները առարկայանում են և տալիս այնպիսի մի որակ, որ բոլորովին նոր է, անսպասելի նոր։ Կարդանք Շանթի այս տողերը՝

Երբ գեղեցիկ թարմ աղջիկը ժպտեցավ՝
Սիրտս դողաց հուզումով մի ներդաշնակ,
Սիրեցի ալ միայն՝ ոչ այն, որ անցավ,
Այլ անոր նուրբ հափշտակիչ դեմքին տակ
Նոր էակ մը, որ մտքես հոն՝ անցուցի.
Ես պատրանքը սիրեցի։

Հարազատ մարդու, բնության, միջավայրի կարոտը Թումանյանին մղել է պատրանքային վերհուշի աշխարհը։ Մտապատկերի ձեևով մշուշոտ ու երազային ստվերներից հառել է կարոտի առարկան։

Եվ մտքումս ահա լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի, Տեսարանները հայրենի երկրի,
Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լի ու լի հրճվանք։

Այս ապրումի արտահայտությունն է նաև բանաստեղծի «Պատրանքը», որը հայ պոեզիայի բացառիկ նմուշներից է։ Նմանատիպ ապրումների դրսևորում է Շանթի «Հին աստվածներում» այն պահը, երբ Սեդան հայտնվում է Աբեղայի մտապատրանքների մեջ։ Նույնն են միգանուշների, ճգնավորների պատկերները, ունայնության փոսի տեսարանը։

Երևակայության գերլարվածությունը հաճախ գրողին ծայրահեղության է մղում։ Թումանյանը ճիշտ է նկատել. «Երևակայությունը խենթ է, համարձակ, երևակայությունը թռչող Պեգասն է, զգույշ պիտի լինել, ոսկե սանձով պիտի պահել»։ Բուլղարացի արվեստի հոգեբան Միխաիլ Առնաուդովը, խոսելով երևակայության ձևերի մասին, նկատել է. «Երևակայության ձևերը տարբերվում են իրարից գլխավորապես նրանով, թե ինչ մասնակցություն է ունենում գրողի քննական միտքը փաստերի ընտրության և նրանց գեղարվեստական վերացարկման ժամանակ, և նաև նրանով, թե գրական երկում որքանով են համապատասխանում իրար ռեալ իրականությունն ու հեղինակների երևակայած պատկերները։ Երևակայության այդ տեսակները քիչ չեն, բայց դրանց մեջ առանձնանամ են հատկապես երկուսը՝ հեքիաթայինն ու միստիկականը։ Հեքիաթայինը հաճախ համարվում է երևակայության «ցածրագույն» ձևը։ Ընդ որում, «ցածրագույն ձևակերպումը վերաբերում է հեքիաթայինի տրամաբանական շերտին։ Հքիաթայինում կարծես տրամաբանությունը չի կարգավորում զգայականը։ Դ. Դեմիրճյանը ճիշտ է նկատել. «Դատողությունը, տրամաբանությունը, փիլիսոփայությունը սառեցնում է էմոցիան»։ Մյուս կողմից, իհարկե, զգայականն արվեստում կանխում է տրամաբանականի չոր անվերապահությունը։ Ըստ Ռիբոյի՝ «Ստեղծագործական երևակայության համար կարգավորող գործոնը մարդու ներզգայությունն է, որը իրականի նկատմամբ գերակայողի դիրքում է։ «Բայց կարգավորիչը, այնուամենայնիվ, արտաքին աշխարհն է։ Այս դեպքում էլ իրականությունն է գերակշռողը»։ Հեքիաթային երևակայությունը, որի հերոսները ամենակարող արարածներ են, իր դրսևորման ձևերով հեռու, բայց փիլիսոփայական ենթատեքստով մոտ է կյանքին։ Ըստ Լևի Բրյուլի՝ դրսևորման այս ձևը հատուկ է հնագույն մարդկանց գիտակցաթյանը, ուստի այն կոլեկտիվ պատկերացում է և սովորաբար շեղումներ չի տալիս։ Հեքիաթային երևակայության ծնունդը հաճախ կապում են մարդու հալածականության հետ։ Նա այլ ճանապարհ չգտնելով, անհնարինը հնարավոր է դարձնում երևակայությամբ։ «Լեգենդները, — գրել է Ավ. Իսահակյանը, մի որևէ ժողովրդի ազնիվի, վեհի, գեղեցիկ ցանկաթյունների իրականացումներ են, մարդկային տենչերը, զգացումները առասպելների, լեգենդների մեջ են գտնում բավարարվածություն, վարձատրություն»։ Հեքիաթային երևակայության մեջ խնդիրների իրականացման թե ուղիները, թե միջոցներն ու միջավայրը ռեալ իրականության հակապատկերն են։ Այստեղ ամեն ինչ բացարձակ է, իրագործմամբ անսպասելի, ավարտվածությամբ՝ իդեալական։ Բաղձալի իդեալը իրականացնող հերոսը կռիվ է տալիս չար ուժերի դեմ, նվաճում աննվաճելին։ Խաթարված իրականության ներդաշնակմանը նա հասնում է հատուցման և փոխհատուցման ճանապարհով։ Հեքիաթներում շրջապատող միջավայրը անձնավորված, շնչավորված է։ Բնաթյունը հետևում է հերոսի ճակատագրին։ Այն վերջինիս համար կարող է դառնալ սրտակից բարեկամ կամ ահավոր թշնամի, նայած, թե ինչ խնդիր է հետապնդում հերոսը։

Միստիկական երևակայությունը որակական ընդհանրություններ ունի հեքիաթայինի հետ։ Երևակայության այս որակին անդրադարձել են Նիցշեն, Ռիբոն, Լևի Բրյուլը, Ֆրեյդը։ Միստիկական երևակայությունը հատկապես հատուկ է միջնադարյան գրականությանը, թեև վերջինիս դրսևորման սահմաններն ավելի լայն են։ Ռիբոյի ըմբռնմամբ. «Միստիկական եբևակայությունր չի սահմանափակվամ միայն կրոնական գիտակցության ոլորտներով, բայց ինչպես ցույց է տալիս պատմությունը, այստեղ այն հասնում է իր լիարժեք զարգացմանը»։ Միստիկականի մեջ միշտ առկա է մարդ-աստված զուգահեռը։ Նրանում ենթադրվում են իրականությունից վեր թաքնված խորհրդավորություններ, որոնք կարող են պարզվել, եթե մարդը ամբողջությամբ նվիրվի դրանց հայտնաբերմանը։ Այստեղ, ինչպես հեքիաթայինում, մարդու միտքը ձգտում է բացարձակ կատարյալին։ Միստիկ երևակայության մեջ շրջանցվում է երևույթների պատճառահետևանքային ուղիղ կապը։ Այստեղ գործում է «զգացմունքների տրամաբանությունը»։ Մտքի անսովոր պարաբոլիզմը արտահայտելու համար գրողը դիմում է անսովոր հակադրությունների, պատկերավորման միջոցներին։ Միտքը այստեղ հանգում է անսովոր ճառագումների։ Այդ պատճառով էլ «չարաշահվում են» համեմատությունները, փոխարաբերությունները, մակդիրները, միստիկ երևակայությունը դիմում է բառաբարդման բոլոր հնարավոր միջոցներին, գործի դնում այլաբանության հզոր զենքը։ Այս առումով Նարեկացին համաշխարհային գրականության մեջ անգերազանցելի է։ Նրա միտքը գործում է շղթայական ռեակցիայի օրենքներով։ Մեծարենցը ճիշտ է նկատել, ասելով, թե Նարեկացին գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը։ Դժվար է շոշափելիորեն պատկերացնել միստիկ բանաստեղծի մտքի ներքին լարվածությունը, նրա հոգեկան բեռի ծանրությունը։ Լսում ենք միայն գերլարված հոգու պարպման ձայնը։

Ստեղծագործական ոգևորություն

Ոգևորությունը գրողի ստեղծագործական հոգեբանության կարևոր դրսևորումներից է։ Ոգևորությունը՝ հոգու լավատեսական տրամադրությունը, ենթագիտակցական սկիզբ ունի։ Սրանում գիտակցությունն ու ենթագիտակցությունը «համագործակցամ են»։ Ոգևորությունը գրողի մեջ առաջացնում է մտքի ներուժի կենտրոնացում, կամային ուղղվածություն։ Այն նպատակին հասնելու ներքին կենտրոնացում է, ստեղծագործական նախաձեռնության մղող շարժիչ ուժ։ Ոգևորությամբ և կամքի ուժով շատ բան կարելի է անել։ «Էնտուզիազմը, ոգևորությունը ամեն բանի գաղտնիք է։ Դրանք ամեն ինչ կարող են անել, շարժող գործոններ են դրանք։ Նույնը և գեղարվեստի մեջ։ Առանց ոգևորության շնչի գեղարվեստը ոչինչ է»։ Գրողները, արվեստագետները միշտ ապրում են այս ոգևորությունը՝ «մուսայի հայտնությունը»։ Նրանք մեծ նշանակաթյուն են տալիս ոգևորությանը, գտնելով, որ դրա հետ պետք է զգույշ վարվել։ Հատկապես չի կարելի այն սառեցնել, մարել։ Ինչպիսի արագությամբ այն վրա է հասնում, նույնպիսի արագությամբ էլ կարող է հեռանալ։ Արգասաբեր ոգևորության համար պայմաններ են պետք, որպեսզի չխանգարվի գրողի ստեղծագործական կյանքի ռիթմը։ «Հիմա ես խուսափում եմ ստեղծագործական ոգևորությունից, — իր զրույցների ժամանակ ասել է Թումանյանը,- նույնիսկ վախենում, որովհետև տեսնում եմ, որ իրականությունն ու տրամաբանությունը իրար չեն բռնում, իրար չեն համապատասխանում։ Հիմա ես մեծ տրամադրություն ունեմ և ցանկություն կա մեջս գրականությամբ պարապելու, բայց չեմ անում, չեմ սկսում, որովհետև կարճ է տևելու, խանգարելու են։ Եվ ինչքա՜ն են խանգարել ու ինչ դատարկ բաների պատճառով։ Խանգարումներ շատ են եղել իմ կյանքում, շա՜տ»։ Թերևս դա է եղել պատճառը, որ Թումանյանը ստեղծագործել է գիշերը, մենակության պահերին, երբ բոլորը քնել են, հանգստությունն է իշխել շուրջը, երբ աշխատասենյակամ խոր լռություն է տիրել։ «Մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան, և դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լայն, խաղաղ, անվրդո՜վ ծփում է, և սիրտը քաղցր-քաղցր ճմլում՝ երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով։ Եվ այդ րոպեների մեջն է, որ հայտնագործություններ են անում մարդիկ, ստեղծագործում են, իհարկե, առավել ևս բանաստեղծ մարդիկ»։ Մենակությունն, անշուշտ, ստեղծագործական ինքնակենտրոնացման, հետևաբար և ոգևորության կարևոր պայմաններից է, և դա է պատճառը, որ շատ գրողներ ստեղծագործել են առանձնացած, այն էլ՝ գիշերը։ Անատոլ Ֆրանսը միշտ պատվիրել է ծառային փակել իրեն սենյակում՝ հանգիստ ստեղծագործելու համար։ Շիլլերը ստեղծագործել է միայն գիշերը։ Անգամ սովորություն է ունեցել ոտքերը դնել ջրի մեջ, որ չքնի։ Բալզակը ամբողջ գիշերը սուրճ է խմել, որ չքնի, կարողանա աշխատել։ Րաֆֆին նույնպես։ Գրողներից ոմանց համար մենակ լինելու մյուս միջոցը բնության մեջ առանձնանալն է եղել։ «Բնության ծոցում են միշտ հղացել իմ ընտիր բանաստեղծությունները,- ասել է Թումանյանը,- նա ինչ բանաստեղծ է, որ պիտի չորս պատերի մեջ մտած մոռացության տա բնության հմայքը, նրա վեհությունը, նրա անհուն խորությունը»։ Վարյա Խնդամուրյանին հասցեագրված նամակում Թումանյանը գրել է. «Ամբողջ օրը զբոսանքներ եմ կատարում, թաղվում եմ անտառների խորքում, բարձրանում սարերի գլուխները, նստում եմ ժայռերի գագաթներին ու մտորում, ցնդում։ Հաճախ հենց այս անտառներում, այդ ժայռերի վրա ոտանավորներ եմ գրում»։ Ստեղծագործական ոգևորության համար, ուրեմն առանձին պայմաններ են պետք։ Զարմանալին այն է, որ Թումանյանը հատկապես ստեղծագործել է հիվանդ ժամանակ։ Ցոլակ Խանզադյանին գրած նամակում նկատել է. «Չեմ սխալվիլ, եթե ասեմ՝ իմ գրվածքների 80 տոկոսը հիվանդ ժամանակ եմ գրել, մեկ էլ՝ երբ հիվանդության պատճառով մի տեղ են ղրկել՝ մի երկու-երեք ամսով, հատկապես՝ Աբաթոման»։

Այս վիճակները բավական արգասաբեր են եղել Գյոթեի, Ռոմեն Ռոլանի, Ջոն Գոլսուորսի համար։ «Ես հիվանդ ժամանակ այնքան բան եմ սովորել,- ասել է Գյոթեն,- որքան չէի կարող սովորել իմ ամբողջ կյանքում»։ Ոգևորությունը ստեղծագործական արգասավորության հիմքն է։ Գրողի ապրած կյանքի բարենպաստությունը (անձնական, հասարակական) կարող է հզոր լիցք դառնալ աշխատելու, ստեղծագործելու համար։ Այս առումով հայ գրողի վիճակը միշտ էլ անբարենպաստ է եղել։ Թերևս դա է նկատի ունեցել Թումանյանը՝ հայ գրականությունը համարելով խանգարված ժողովրդի խանգարված գրականություն։ Պատահական չեն Թումանյանի այս տողերը՝

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի,
Խափան, խոպան ու անպտուղ, անցավ աոանց արդյունքի։
Ինչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին։

Սակայն նաև կան դեպքեր, երբ արվեստագետին խանգարող ոչ մի արտաքին հանգամանքներ չկան, բայց նա չի ստեղծագործում։ Այս շրջանը ընդունված է համարել ստեղծագործական ապատիայի, հղացումների, որոնումների շրջան։ «Ապատիայի շրջանը իսկապես հղացումի շրջան է,- հաստատում է Թումանյանը,- էդ ժամանակն է, որ բանաստեղծը լցվում է, խորանում է, հասունանում, թեպետև առանց աղմուկի ու ալեկոծումի։ Ինչպես շերամի որդը բոժոժի շինելը, երբ սկսում է ծածկել, փակվել ու ներսից հյուսում է իր բոժոժը, ասում են՝ մեռնում է, բայց դա հենց էդ ժամանակն է, որ մետաքսը շինում է»։ Ստեղծագործական գործընթացը գրողից պահանջում է մտավոր ու ֆիզիկական ուժերի լարվածություն։ Գեղարվեստական երկի ծնունդը չի կարող երբեք հեշտ ու հանգիստ ընթանալ։ Ճշմարիտ արվեստը հնարավոր չէ պատկերացնել առանց գեղագիտական իդեայի համառ որոնման։

Դժվար ու դժնի տենդով գրել եմ երգերս,
Իբրև հդգնած մշակ՝ տարել եմ երգս ես
Ուղիներով կյանքի թե՝ մառ, թե մութ, թե՛ կեզ.
Եվ տքնությունը հաճախ ինձ՝ արևից զրկել է։
(Չարենց)

«Ստեղծագործությունը ինքը մեծ հաճույք է, բայց տանջանքը նա է, երբ ստեղծագործողը մնում է երկու քարի արանքում՝ իրականության և բարձր ստեղծագործության»։

Գրական երկի ընկալման հոգեբանությունը

Ճիշտ է նկատված, որ գրականությունը հասարակական ինստիտուտ է, առանց վերջինիս հասցեագրման ու արձագանքի հնարավոր չէ պատկերացնել գրականության գոյությունը։ Գրողը այս կամ այն երկը ստեղծելիս, ինչպես մի ուրիշ առիթով նկատել ենք, հաշվի է առնում «հասարակական կարծիք», «ժամանակի պահանջ» պայմանները։ Սրանք ակտիվորեն ներգործում են գեղարվեստական երկի գաղափարական ու գեղագիտական համակառույցի ձևավորման վրա՝ դառնալով խնդրի իրագործման կողմնորոշիչ ազդակներ։ Շիրվանզադեն հստակ է դնում հարցը. «Որքան գրականությունը մեծ ազդեցություն ունի հասարակական մտքի ու հոգու զարգացման վրա, նույնքան յուր կողմից հասարակությունը ներգործական դեր է կատարում ագգային գրականության նկատմամբ։ Հեղինակը և ընթերցողը այն երկու տարրերն են, որոնց փոխադարձ հարաբերությունից առաջանում է գրական ստեղծագործությունը»։ Եվ այս փոխադարձ կապը ոչ միայն բովանդակային, այլև ձևակառուցվածքային ուղղվածություն ունի։ «Առաջդ բացեմ մի գաղտնիք, որ ոչ ոք չգիտե, — գրել է Սևակը իր ծանոթներից մեկին,- «Ականջդ» գործը սկզբնապես գրված էր իբրև պոեմ, կոչվում էր «ինքներգություն»։ Հետո դարձավ «Մարդերգություն», այնուհետև, նկատի ունենալով մեր ընթերցողների ընդհանուր ոգին, որոշեցի, պոեմի համարակալված գլուխները անջատելով, գրել առանձին էջերի վրա՝ վերնագրելով, ջանալով նրանց տալ համեմատական անկախություն»։

Գրական երկի ընկալման հոգեբանության ուսումնասիրությունը դյուրին խնդիր չէ։ Դժվարությունը պայմանավորված է գրող–մասսայական ընթերցող կապի օբյեկտիվ գործողության գործակցի հայտնաբերման հետ։ Կոնկրետ գրական երկի մասին ունեցած մասսայական ընթերցողի կարծիքը որևէ ձևով չի գրանցվում, եթե իհարկե շրջանցենք քննադատության, գրական ասուլիսների արձագանքները, վիճակագրական բնույթի անկետային տվյալները։ Գրանցման առումով նույնքան անառարկայական է հասարակության սոցիալական պատվերի՝ գրողի կողմից իրականացնելու և չիրականացնելու փաստը։ Բայց բոլոր դեպքերում, այսպես թե այնպես, գրական երկի ներքին օբյեկտիվ կյանքը մշտապես ենթարկված է ընթերցողների սուբյեկտիվ ընկալմանը։ Կյանքի գեղարվեստական վերացարկումը և վերջինիս մեկնաբանությունը արժեքայնության համապատասխանություն չունեն, ուստի օբյեկտիվորեն անհնար է շրջանցել մարդկային «ես»–ի ակտիվ միջամտությունը, որքան էլ ֆենոմենալիստները փորձում են առաջադրել «վերանձնականության» պայմանը, որը իբր կապ չունի անհատի փորձի հետ։ Գուսսլերյան «մաքուր գիտակցություն» առկայության փաստը վիճելի է, ուստի և բացարձակ օբյեկտիվության պայմանը վերանում է։

Գրական երկի ընկալման հոգեբանության մասին խոսելիս անհնար է շրջանցել մշակութային գործառության սոցիո-դինամիկայի հարցը։ Աբրահամ Մոլը իր ուսումնասիրության մեջ նկատել է, որ ժամանակակից իրականությունում մարդկանց հաղորդակցման գերմիջոցների առկայության պայմաններում չեզոքանում է տարբեր ժողովուրդների մշակութային ըմբռնումների տարածաժամանակային ներփակվածությունը, մեկուսացումը։ Չափազանց ակտիվ է մշակութային ազդեցության ու փոխազդեցության շարժունակությունը։ Հոգևոր արժեքների յուրացմանը հատկապես նպաստում են գրական ու գիտական տեղեկատվության տիրաժավորումը, հաղորդակցման տեխնիկական միջոցները՝ ռադիոն, հեռուստատեսությունը, կինոն։ Այս պայմաններում անհատը, եթե հասարակությունից մեկուսացված չէ, մշակութային համընդհանուր մակարդակը ուղղակի թե անուղղակի ձևով ազդում է նրա վրա։ Այդ ազդեցությունը պայմանավորված է անհատի մտավոր ընդունակություններով, սոցիալական համակեցությամբ ու դիրքորոշմամբ։ Ժամանակակից պայմաններում մարդու «իմացության էկրանի» վրա դրոշմվող տեղեկատվական նիշերի խտությունը շատ ավելի մեծ է, քան, ասենք, անցյալի մարդու։ Մերօրյա մարդը ոչ միայն ինքն է «հայթայթում» այդ տեղեկատվությունը (իբրև մասնագիտական իմացություն, գեղարվեստ, գրականություն, պատմություն, լեզու և այլն), այլև վերջիններս տարբեր ձևերով ու նպատակներով մատուցվում են նրան՝ դառնալով կենսական անհրաժեշտություն։ Անհատի ինտելեկտուալ կարողությունների համակողմանիությունը գրական երկի ընկալման առաջնային պայմանն է։ Այս համակողմանիությամբ է պայմանավորված երկի ընկալման հարաբերական լիարժեքությունը։

Իսկապես ստեղծագործությունը տեղեկատվական և զգայական շերտերի բարդ համադրություն է, ինչով էլ պայմանավորված է նրա բազմաձայնությունը։ Բայց, եթե իմացական շերտերը ընկալման ընթացքում ինչ–որ չափերով հաղթահարվում են տրամաբանությամբ, ապա նույնը չի կարելի ասել զգայականի մասին։ Այն բազմաբարդ դրսևորում և ուղղվածություն ունի՝ պայմանավորված ընթերցողի բարոյահոգեբանական, ֆիզիկական, սոցիալական կացության, տարիքային, սեռային ու բազմաթիվ այլ հատկանիշներով։ Ըստ Ա. Ի. Լուկի, միայն հումորն ու սրամտությունը մարդկային ապրումների 70-ից դրսևորումներ են տալիս։ Այս հաշվարկները, կարծում ենք, լուրջ չեն, բայց և այնպես խոսում են մարդու կողմից երևույթների ընկալման հարաբերականության մասին։ Հարաբերականության պայմանը չի հաղթահարվում նաև գրական երկի դատողական շերտերի ընկալման ընթացքում։ Այստեղ նույնպես կան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ։ Առանձնացնող գործոն է ընկալողի մասնագիտական կողմնորոշվածությունը և սրանով պայմանավորված հետաքրքրասիրությունը։ Մասնագետ ընթերցողը, որպես օրենք, տրոհում է գրական երկի գիտակցության շերտերի ամբողջական համակարգը և ընտրում տեղեկատվական այն փաստերը, որոնք անհրաժեշտ են իր գիտական կոնդենցիան հաստատելու համար։ Այդպես է արվում հատկապես հին շրջանի համադրական բնույթ ունեցող տեքստերի հետ։ Ասենք, Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ընթերցելիս, որ ավեի ճիշտ է ասել ուսումնասիրելիս, պատմաբանը կարող է բոլորովին ուշադրություն չդարձնէլ նրա գեղարվեստական հատկանիշներին, գրականագետը ճիշտ հակառակը՝ շրջանցել պատմական փաստերը։

Փիլիսոփան, աստվածաբանը, լեզվաբանը այդ նույն պատմությանը նայում են իրենց մասնագիտական հետաքրքրասիրությունից ելնելով։ Գործնականորեն անհնար է սպառել գեղարվեստական երկի դիտարկման ուղղվածությունը, մանավանդ, երբ նկատի ենք ունենում ընթերցման ժամանակի պահանջները, որոնք շարունակ փոխվում են, այսինքն՝ միևնույն երկը տարբեր ժամանակներում տարբեր տեսանկյուններով է ընկալվում։ Ուստի, թե՛ հոգեբանական և թե՝ փորձաիմացական առումով անհնար է ընկալել երկը իր ամբողջության մեջ։ Դրա համար էլ ընթերցողը միշտ մի բան թողնում է, մի բան բացառում, շրջանցում իրեն չհետաքրքրող այս կամ այն փաստը։ Այս խնդրում որոշակի դեր է խաղում նաև գրական ստեղծագործության կրոնական բնույթը։ Ինչ խոսք, ժամանակակից ընթերցողի համար այդ գործոնը գուցե այնքան էլ կարևոր չէ, բայց անցյալ դարաշրջաններում երկի կրոնական գիտակցությունը կարևոր դեր է խաղացել: Դավանանքի տարադիրքության պատճառով անսահման գրականություն է ոչնչացվել։ Մովսես Խորենացին Ալեքսանդրիայում եղած ժամանակ ցավով է նկատել, որ Պղոտեանեսին Մարկոսի փոխարինելը մատենագրական ավերածությունների տեղիք է տվել։ Ընթերցողի մեջ բուռն արձագանք են առաջ բերում գրական երկում արտահայտված ազգային արժանապատվությունը շոյող կամ նսեմացնող գաղափարները։ Սա ավելի սուր ձևով է արտահայտվում ազգային փոքրամասնությանը պատկանող ընթերցողի մեջ։ Գրական երկի ընկալման մասնավորումը բացատրվում է նաև ազգային մտածողության յուրահատկությամբ։ Ազգային մտածողության սուր հագեցվածություն ունեցող երկերը շատ դեպքերում մինչև վերջ ընկալելի չեն օտար ընթերցողների համար։ Այսպիսի գործերը պահանջում են հոգեհարազատ ընթերցող։ Երևույթը դրսևորվում է նաև գրականության ոճային տարբերությունների դեպքում։ Այս տարակառույց գեղարվեստական համակարգերը յուրացնելու համար պահանջվում է ակտիվ, շրջահայաց, ճաշակավոր ընթերցող։

Որոշակի հետաքրքրություն և անտարբերություն կարող է առաջ բերել այն գեղարվեստական ստեղծագործությունը, որն անընդհատ ինչ-ինչ եղանակով տպագրվում է, ներկայացվում ռադիոյով, հեռուստատեսությամբ։ Նման գործերը, որքան էլ որ արժեքավոր լինեն, կարող են անտարբերություն առաջ բերել ընթերցողների շրջաններում։ Հակառակ արձագանք են գտնում այն գործերը, որոնք հազվագյուտ են հրատարակվում, կամ էլ արգելվում են գրաքննության կողմից։

Տարաբնույթ ընկալման պատճառներր շատ են և հնարավոր չէ բոլորին անդրադառնալ։ Այս ամենի մեջ հատուկ ուսումնասիրության պահանջ է դնում, այսպես կոչված, գրական երկի «ենթատեքստային ազատ տարածությունը»։ Երևույթը պայմանավորված է ոչ միայն գրական երկի արժեքայնությամբ, բովանդակային մեծ խտացումներով, այլև ընթերցողի երևակայությամբ։ Այս երևակայությունը որքան կարևոր է գրողի, նույնքան և ընթերցողի համար։

Երկի «ազատ» կամ «սպիտակ» տարածության գոյությունը գրականության գաղտնիքներից է։ Ամեն մի տաղանդավոր երկի շուրջ հարյուրավոր ուսումնասիրություններ են ստեղծվում, որոնցից յուրաքանչյուրը ծավալով ավելի մեծ է քան ինքը՝ երկը։ Մեծ գրողների գործերում այս ազատ տարածությունը լրացվում է բարձր ընթերցողների երևակայությամբ։ Թույլ գրողների երկերում էլ կա այդ ազատ տարածությունը, սակայն դա պարզապես ազատ տարածություն է։

Դրդապատճառներ


Դրդապատճառների խնդիրը հոգեբանության կարևորագույն, նույնիսկ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող խնդիրներից է, քանզի պարզել մարդու մոտիվացիոն ոլորտի կառուցվածքը նշանակում է իմանալ նրան առաջ մղող շարժիչ ուժերի` դրդդապատճառների բնույթն ու փոխադարձ կապը: Դրդապատճառ ասելով մենք նկատի ունենք այն շարժիչ ուժերը, որոնք մարդուն մղում են ակտիվության:Անդրադառնալով դրդապատճառների խնդրին, նշենք, որ նրանք պատճառական կամ պատճառահետևանքային կապով կապված են պահանջմունքների հետ, որտեղ դրդապատճառները մատնացույց են անում այս կամ այն պահանջմունքը կամ բավարարում: Օրինակ, ջուր խմելու դրդապատճառը պայմանավորված է ծարավի պահանջմունքով: Իր բնույթով, կառուցվածքով, նշանակությամբ, դրդապատճառները բաժանվում են 3 հիմնական խմբերի` պարզ և բարդ, արտաքին և ներքին, գիտակցված և չգիտակցված:

Պարզ և բարդ դրդապատճառներ

Անդրադառնալով դրդապատճառների այս խմբին, նախ պարզենք, թե քանի պահանջմունք են նրանք մատնացույց անում կամ բավարարում, ուստի կարող են պարզ համարվել բոլոր այն դրդապատճառները, որոնք մատնացույց են անում կամ բավարարում են միայն մեկ մեկուսացված պահանջմունք, իսկ բարդ են համարվում այն դրդապատճառները, որոնք մատնացույց են անում կամ բավարարում մեկից ավելի պահանջմունքներ, սակայն այդպես կարող է թվալ միայն առաջին հայացքից: Իրականում բոլոր դրդապատճառներն էլ բարդ են, որտեղ կան տվյալ մարդու համար գլխավորները և երկրորդականները: Օրինակ, մադը եթե դեղ է խմում ու մենք հարցնում են ինչի համար է խմում, ապա նա կպատասխանի <<առողջանալու համար>>: Բայց մյուսի համար դեղ խմելը ոչ միայն ապաքինում է, այլ նաև ապաքինումն է ամեն առումով` նպատակների ու իղձերի իրականացում, մյուսի համար բեռ չդառնալը և այլն:

Արտաքին և ներքին դրդապատճառներ

Անդրադառնալով դրդապատճառների այս խմբին, պետք է պարզել դրանց ներգործության ոլորտը, միջավայրը, այսինքն, թե որտեղից են ներգործում մարդու վրա, ուստի արտաքին են համարվում բոլոր այն դրդապատճառները, որոնք մարդու վրա ներգործում են արտաքին աշխարհից: Այդպիսի դրդապատճառներից են մարդու միջավայրը, շփման ոլորտները, բնակլիմայական պայմանները:

Մարդու զգացմունքները ձևավորվում են արտաքին աշխարհի հետ ունեցած շփումներից, բախումներից, փոխհարաբերություններից, ուստի մենք կարող ենք ասել, որ զգացմունքները որպես դրդապատճառ արտաքին են:Ներքին են համարվում այն դրդապատճառները, որոնք պայմանավորված են մարդու ներքին  ոլորտներով` սեռով, տարիքով, արտաքինով, առողջությամբ, ընդունակություններով, ծագումնաբանությամբ, ինչպես նաև կամային որակներով, խառնվածքով:

Հոգեբանության բաժինները


Մարդաբանական գիտական համակարգում հոգեբանությունը զբաղեցնում է իր ուրույն տեղը: Հատկապես մեր օրերում հոգեբանությունը շատ անելիքներ ունի` որպես մարդու հետ շփման, տեսնելու, ճանաչելու, օգնելու  ուրույն միջոց: Այսօր ամենամեծ մասսայականություն վայելող ոլորտներից մեկն է և դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Նախ ինքն իրեն ճանաչելու մշտական ձգտումը, այնուհետև կյանքի բարդացմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է մարդու շփման ոլորտների ընդլայնմամբ` նրա զբաղվածությամբ, ընտանիքով, մասնագիտությամբ, տարաբնույթ շփումներով և այլն: Որպես գիտություն հոգեբանությունը մինչև 19-րդ դարի 2-րդ կեսը հանդես է եկել փիլիսոփայության մի մասը կազմելով: Միայն 19-րդ դարի երկրորդ կեսից առանձնացավ փիլիսոփայությունից` դառնալով ինքնուրույն գիտություն` հետապնդելով իր խնդիրները և նպատակները, ստեղծելով հետազոտության իր մեթոդները: Լայպցիգում, Բեռլինում, Ֆրանսիայում, Ռուսաստանում բացվեցին գիտահետազոտական կենտրոններ և հոգեբանության իբրև գիտության զարգացման գործում իրենց մեծ ներդրումն ունեցան այնպիսի անվանի գիտնականներ, ինչպիսիք են Հելմհոլցը, անգլիացի գիտնական Գալտոնը, ռուս գիտնական Լազուրսկին: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարում արդեն հոգեբանության մեջ սկսում է ձևավորվել և վերելք է ապրում հետազոտության այնպիսի մեթոդներ ինչպիսին է հոգեվերլուծությունը (Շարկո, Բրեյեր, Ֆրոյդ):

Որպես գիտություն հոգեբանությունը միատարր չէ: Այն կազմված է տարբեր բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը իր առջև ունի իր խնդիրները, նպատակներն ու մեթոդները: Այդ մեթոդներից է դիտման մեթոդը, զրույցը, խաղը, թեստը: Հոգեբանության բաժիններից են կենդանաբանական հոգեբանությունը կամ զոոհոգեբանությունը, մանկական հոգեբանությունը, մանկավարժական, աշխատանքային, սոցիալական, ստեղծագործական, քրեական, արդյունաբերական կամ գովազդի, ռազմական, մարզական և այլն:

17-րդ դարի փիլիսոփայություն — Ֆրենսիս Բեկոն


17-րդ դարի փիլիսոփայությունը պատմության  նոր փուլ է, որը անվանում են նոր ժամանակների փիլիսոփայություն: 16-17 դդ. ընթացքում Արևմտյան Եվրոպայի առավել զարգացած երկրներում, ֆեոդալական հասարակարգի ընդերքում զարգանում է նոր, կապիտալիստական արտադրաեղանակը, տեղի են ունենում բուրժուական հեղափոխություններ` Նիդերլանդներում (16-րդ դ. վերջ), Անգլիայում(17 դ. կես) և 1789-1794 թթ. Ֆրանսիայում: Այդ հեղափոխության հիմքը հանդիսացավ մանուֆակտուրային արտադրության զարգացումը: Փոփոխությունները կատարվում էին ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց գիտակցության մեջ: Այն փոխվում էր զարգացող գիտության և, առաջին հերթին, փորձարարական-մաթեմատիկական բնագիտության շնորհիվ: 17-րդ դ. անվանում են գիտական հեղափոխությունների դար: Փոխվում է գիտության խնդիրների և դերի ըմբռնումը: Ոչ թե գիտություն գիտության համար, այլ բնության հանդեպ մարդու իշխանության մեծացման համար:

Նոր կողմնորոշում ստացավ նաև փիլիսոփայությունը: Եթե միջին դարերում փիլիսոփայությունը հանդես էր գալիս կրոնական զգեստով, Վերածծնդի դարաշրջանում` արվեստի հետ սերտ կապակցված, ապա 17-դ. նա սկսում է հենարան փնտրել գիտության մեջ: 17-րդ դ. փիլիսոփայությունը հասկանալու համար պետք է հաշվի առնել երկու հանգամանք` 1. նոր տիպի գիտության` փորձարարական բնագիտության յուրահատկությունները  և 2. իմացաբանական և մեթոդաբանական խնդիրների առաջին պլան մղվելը: Շարունակվում է պայքարը փորձի վրա հիմնված նոմինալիզմի և բանականությանը առաջնություն տվող ռացիոնալիզմի միջև, ինչը 17-րդ դ. ներկայանում է որպես էմպիրիզմ և ռացիոնալիզմ: Ձևավորվում է լավատեսական աշխարհայացք, քանի որ մարդը հավատում է , որ ինքն է կերտում իր ապագան: Արմատավորվում է դեիզմը: 

Տիեզերքը դարձավ անդեմ, անկիրք, անհոգի, մաքրվեց արժեքներից, ղեկավարվեց բնության օրենքներով: Բնության և Աստծո, հոգու և բնության փոխհարաբերության խնդիրները դարձան բանականության և բնության (մատերիայի), օբյեկտի և սուբյեկտի փոխհարաբերության խնդիրներ: Միջնադարյան կրոնին փոխարինելու եկան իմացաբանական սենսուալիզմը, ռացիոնալիզմը, գիտական էմպիրիզմը: Կարևորվեց մտածողության գլխավոր մեթոդի հայտնագործումը, որը, գործելով բոլոր գիտություններում,թույլ կտա բացահայտել  բացարձակ ճշմարտությունը: Դա է պատճառը, որ նոր ժամանակներում փիլիսոփայության գլխավոր խնդիրները դարձան իմացության տեսությունը, ճշմարիտ գիտելիքի մշակումը, մտածողության օրենքների բացահայտումը,  օրենքներ, որոնք գործելու են բոլոր գիտություններում: Հնարավոր չէ ճանաչել Աստծուն, բնությունը, մարդուն, հասարակությունը` չբացահայտելով բանականության օրենքները:  Այդ օրենքները պետք է բացահայտի փիլիսոփայությունը և մշակի այնպիսի մեթոդներ, որոնք կիրառելի լինեն բոլոր գիտություններում:

Գիտելիքները շատ են, իսկ դրանց ճշմարտացիությունը ստուգող մեթոդ դեռևս մշակված չէ: Պետք է բացահայտել մտքի այն առաջնային սկզբունքները, որոնց վրա կառուցված է ճշմարիտ փիլիսոփայությունը, իսկ փիլիսոփայության շնորհիվ` նաև մյուս գիտությունները:

Ֆրենսիս Բեկոն (1561-1626 թթ.)

Առաջին փիլիսոփան, որը գիտակցաբար իր առջև խնդիր դրեց գիտափորձի հիման վրա ստեղծել գիտական ճանաչողության նոր մեթոդ, Ֆրենսիս Բեկոնն էր: Անգլիական բարձրաստիճան պաշտոնյայի որդի Բեկոնը ինքն էլ դարձավ Անգլիայի լորդ-կանցլեր: Բեկոնի աշխատություններն են «Նոր օրգանոն», որը նրա «Գիտությունների մեծ վերականգնում» երկի երկրորդ մասն է: «Գիտությունների արժանապատվության և բազմապատկման մասին», «Քաղաքական և բարոյական փորձեր», «Նոր Ատլանտիդա»: Դրանցից գլխավորը «Նոր օրգանոն»- ն է (1620): Այդ անվանումը ցույց է տալիս, որ գիտության և նրա մեթոդի իր ըմբռնումը Բեկոնը գիտակցաբար հակադրել է այն ըմբռնմանը, որի վրա հենվում է Արիստոտելի «Օրգանոնը» (տրամաբանական աշխատությունների ժողովածուն): «Նոր Ատլանտիդան» ուտոպիա է, որտեղ շարադրված է գիտության կազմակերպման պետական ծրագիրը: Ուտոպիական հասարակության գիտատեխնիկական կենտրոնը
(«Սողոմոնի տունը») պետք է ոչ միայն պլանավորի, այլ նաև ներմուծի գիտատեխիկական հայտնագործությունները արտադրություն: Բեկոնը գիտական էմպիրիզմի նախահայրն է:
Բեկոնի դերը այն է, որ նա 1. գիտակցել է գիտելիքի նորացման անհրաժեշտությունը 2. տվել է բնության անկողմնակալ ուսումնասիրության գաղափարը, 3. ցույց է տվել այդ նպատակին հասնելու ծրագիրը, որին հետևել են շատ գիտնականներ: Ըստ Բեկոնի, հզոր է այն մարդը, ով կարող է, իսկ կարող է այն մարդը, ով գիտելիք ունի: «Գիտելիքը` ուժ է»: Բնությունը հնազանդեցնում են` խոնարհվերով նրա առջև: Գիտելիքը իսկական ուժ կարող է դառնալ, եթե ճշմարիտ է և հենվում է բնության մեջ տեղի ունեցող երևույթների բացահայտման վրա: Գիտելիքը ինքնանպատակ չէ, այլ միջոց բնության երևույթների ուսումնասիրության համար, որպեսզի նրանք ծառայեն մարդուն: Գիտությունը, որը մարդուն չի բերում պրակտիկ օգուտ, նա համարում է ճոխություն: Իմացության բարձրագույն խնդիրը Բեկոնը հռչակեց բնության նվաճումը և մարդկային կյանքի կատարելագործումը: Գիտության իմաստը մարդուն օգուտ բերելն է: Սակայն միայն այն գիտությունն է ի վիճակի հաղթելու բնությունը և իշխելու նրան, որը ինքը «Հպատակվում է բնությանը, այսինքն` ղեկավարվում է նրա օրենքների իմացությամբ»:
Բեկոնը տարբերում է 2 տեսակի փորձ` պտղաբեր և լուսաբեր: Առաջինի նպատակը մարդուն անմիջական օգուտ բերելն է, երկրորդի նպատակը ոչ թե անմիջական օգուտն է, այլ բնության օրինաչափությունների ճանաչումը: Գիտության վերափոխման նախադրյալ Բեկոնը համարում էր ողջ սխոլաստիկայի քննադատությունը և կասկածը այն ամենի ճշմարտության նկատմամբ, ինչը մինչ այդ համարվում էր ճշմարիտ: Այդ կասկածը ինքնանպատակ չէ, այլ միայն միջոց ճշմարիտ ուղին գտնելու համար:
Գիտելիքի անհավաստիությունը, ըստ Բեկոնի, պայմանավորված է մտահանգման և ապացուցման մտահայեցողական ձևի անհուսալիությամբ: Հենվելով Արիստոտելի տրամաբանության վրա սխոլաստիկան այդպիսի ձև է համարում սիլլոգիզմը, որը բաղկացած է դատողություններից, իսկ դատողությունները` հասկացություններից: Բայց հասկացությունները սովորաբար ձեռք են բերվում հապճեպ և անբավարար հիմնավորված ընդհանրացման ճանապարհով: Այդ պատճառով էլ գիտության ռեֆորմի առաջին պայմանը ընդհանրացման, (հասկացությունների կազմման) մեթոդի կատարելագործումն է: Քանի որ ընդհանրացման պրոցեսը ինդուկցիան է, ուստի գիտության ռեֆորմի տրամաբանական հիմք պետք է լինի ինդուկցիայի նոր տեսությունը:

Լրիվ ինդուկցիա — թվարկվում են դասի բոլոր առարկաները և ոչ լրիվ ինդուկցիա: Պետք է ստեղծել «ճշմարիտ ինդուկցիա»: Մինչ Բեկոնը փիլիսոփաները ուշադրություն են դարձրել այն դեպքերին ու փաստերին, որոնք հաստատում են ապացուցվող կամ ընդհանրացվող դրույթը: Բեկոնը ընդգծել է այն դեպքերի նշանակությունը, որոնք հերքում են ընդհանրացումը, հակասում են նրան: Դրանք այսպես կոչված ժխտական օրինակներն են: Արդեն այդպիսի մի եզակի դեպք ի վիճակի է հերքելու հապճեպ արված ընդհանրացումը: Ըստ Բեկոնի, ժխտական օրինակների հանդեպ արհամարհանքը սխալների, սնահավատությունների և նախապաշարումների գլխավոր պատճառն է: Օր.` «բոլոր կարապները սպիտակ են» դատողությունը թվում է ճշմարիտ, քանի դեռ չես հանդիպում սև կարապի: Ուստի, պետք է փնտրել փաստեր, որոնք և’ հաստատում են, և’ ժխտում են տվյալ եզրահանգումը:
Եթե հաջողվի հայտնաբերել այնպիսի հատկանիշ, որը միշտ ուղեկցում է որևէ երևույթ և բացակայում է, երբ այդ երևույթը չկա, ապա այդ հատկանիշը կարելի է համարել այդ երևույթի «ձևը» կամ «բնությունը»: Օրինակ իր մեթոդի օգնությամբ Բեկոնը հայտնաբերեց, որ մարմնի մասնիկների շարժումը ջերմության «ձևն» է:
Գիտության ռեֆորմի պայման պետք է լինի նաև բանականության ձերբազատումը մոլորություններից: Բեկոնը իմացության ճանապարհին ընկած մոլորությունների, «կուռքերի» (կեղծ պատկերների) 4 տեսակ` սեռի, քարանձավի, հրապարակի և թատրոնի:
«Սեռի կուռքերը» այն խոչընդոտներն են, որոնք պայմանավորված են մարդկանց ընդհանուր բնությամբ: Նրանք արմատավորված են զգացմունքների և բանականության մեջ: Նրանց առաջացման պատճառները մարդկային ոգու միակերպությունն է, կրքերից ներշնչվելը, ընկալման եղանակները: Մարդիկ դատում են բնության մասին ըստ իրենց սուբյեկտիվ պատկերացումների (Ծառը լաց է լինում, Երկինքը մռայլվեց): Միտքը նման է անհարթ հայելու, որը, պարզելով առարկաների բնույթը, առարկաները տեսնում է խեղաթյուրված ձևով: Այստեղից առաջանում են սխալները, որոնք բխում են մարդկանց զգացմունքների անկատարությունից, տարբեր ցանկությունների, հակումների ազդեցությունից: Օրինակ մարդու բանականությունը հակված է պաշտպանելու ընդունելի կարծիքը, կամ մարդիկ ճշմարիտ են համարում այն գիտելիքը, որը արդեն յուրացրել են կամ դյուրին են ուսումնասիրել:
«Քարանձավի կուռքերը» այն սխալներն են, որոնք հատուկ են ոչ թե մարդկային ամբողջ ցեղին, այլ միայն մարդկանց որոշ խմբերին, առանձին մարդկանց: Դրանք սեռի կուռքերի անհատական շեղումներն են: Ամեն մի մարդ աշխարհին նայում է իր քարանձավից, այսինքն` իր ներաշխարհից: Այս կուռքի առաջացումը կախված է մարդու հոգու և մարմնի հատկություններից, դաստիարակությունից, սովորություներից, պատահականություններից: Օրինակ ոմանք հակված են պաշտելու հինը, մյուսները` նորը: Մենք դաստիարակում ենք երեխաներին մեր տեսանկյունից, մեր չափանիշներից ելնելով` առանց հաշվի առնելու, որ նոր սերունդ է աշխարհ եկել սեփական պատկերացումներով:
«Հրապարակի կուռքերը» կամ «Շուկայի կուռքերը» առաջանում են խոսքի միջոցով մարդկանց հաղորդակցման հետևանքով, բառերի, հասկացությունների սխալ գործածությունից: Մարդիկ օգտագործում են բառեր, որոնց ծագումը և իմաստը անորոշ է: Հաճախ փիլիսոփաները վիճում են ոչ թե ըստ էության, այլ բառերի շուրջ (սխոլաստիկա): Շատ դեպքերում բառերի նշանակությունը սահմանվել է ոչ թե առարկայի էության, այլ այդ առարկայի պատահական տպավորությունների հիման վրա: Հրապարակի կուռքերի հաղթահարման ձևը բառերի ճիշտ կազմավորումն է: Անհրաժեշտ է ճիշտ օգտագործել բառերը, խուսափել երկիմաստությունից:

«Թատրոնի կուռքերը» այն խոչընդոտներն են, որոնք գիտության մեջ ծնվում են անքննադատաբար յուրացված կեղծ կարծիքներից: «Թատրոնի կուռքերը» բնատուր չեն, նրանք առաջանում են այն բանի հետևանքով, որ միտքը ենթարկվում է սխալ հայացքներին: Նրանք մարդու բանականություն են թափանցում մտացածին տեսություններից ու փիլիսոփայության ուսմունքներից: Օրինակ` սոփեստների, ռացիոնալիստների, սնոտիապաշտների: Ռացիոնալիստական փիլիսոփայությունը փորձից վերցնում է հայտնի փաստեր և, չուսումնասիրելով, հույսը դնում մտքի գործունեության վրա: Էմպիրիկ փիլիսոփայությունը հիմնվում է մի քանի փաստերի վրա և դրանից այն կողմ ոչինչ չի տեսնում: Ավելի վտանգավոր է, երբ փիլիսոփայությունը խառնվում է աստվածաբանական-կրոնական, սնոտի գիտելիքների վրա: Բեկոնը չի ընդունում Արիստոտելի փիլիսոփայությունը:
Միտքը նա նմանեցնում է հայելու, որը այլանդակում է այն ամենը, ինչ արտացոլում է:
Բեկոնը ստեղծում է նաև ուսմունք հետազոտության մասին: Ուսումնասիրելով գիտությունների պատմությունը` Բեկոնը եկավ այն եզրակացության, որ հստակորեն հանդես են գալիս հետազոտության 2 ուղի կամ մեթոդ` դոգմատիկական և էմպիրիկ` փորձնական: Դոգմատիկական մեթոդին հետևող գիտնականը իր աշխատանքը սկսում է ընդհանուր մտահայեցողական դրույթներից և ձգտում է նրանցից բխեցնել բոլոր մասնավոր դեպքերը: Դոգմատիկը նման է սարդի, որն ինքն իրենից հյուսում է իր ոստայնը:
Էմպիրիկ, փորձնական մեթոդին հետևող գիտնականը ձգտում է միայն փաստերի առավելագույն կուտակմանը: Նա նման է մրջյունի, որն անկանոն կերպով մրջնանոց է քարշտալիս այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին: Այս ուղին երբեմն անվանում են նեղ կամ պարզ էմպիրիզմ, որը Բեկոնը քննադատում է:
Իսկական մեթոդը փորձում տրված նյութերի մտավոր վերամշակումն է: Այդպիսի մեթոդին հետևող գիտնականը նման է մեղվի, որը հավաքած հյութից ինքը պատրաստում է մեղր: Ոչ թե պասիվ հայեցողությունն է ընդլայնում գիտությունը, այլ գիտափորձը, այսինքն` բնության մտադրված ակտիվ փորձառումը: Գիտնականը գիտափորձով ստանում է բնության կողմից իր առջև դրված հարցերի պատասխանները (փորձի ու բանականության միավորում):
Գիտությունների դասակարգման հիմքում Բեկոնը դնում է մարդու ճանաչողական ունակությունները` հիշողությունը (պատմություն, երևակայությունը, արվեստ) և բանախոհությունը (տեսական գիտություններ, փիլիսոփայություն):
Փիլիսոփայության առարկաներն են` Աստված, բնությունը և մարդը: Փիլիսոփայությունը բաժանվում է 3 մասի` բնական աստվածաբանություն, բնափիլիսոփայություն և մարդաբանություն, որի մեջ մտնում է հոգեբանությունը, տրամաբանությունը, բարոյագիտությունը և քաղաքագիտությունը:

Կենդանիների հոգեկանը և մարդու հոգեկանը


Կենդանիների հոգեկանի առանձնահատկությունները

 

Կենդանիների գլխուղեղի զարգացումը և նրանց արտացոլող, հոգեկան գործունեության նոր, ավելի բարդ ձևերի առաջացումը կատարվւմ է կյանքի որոշակի պայմանների ազդեցությամբ, շրջապատող միջավայրին կենդանիների համալրվելու պրոցեսում:

Մշտապես փոփոխվող արտաքին միջավայրը որոշակի փոփոխություններ է առաջացնում ոչ միայն կենդանիների օրգանիզմի կառուցվածքում, այլև նրանց վարքի ձևերի ու եղանակների մեջ: Միջավայրին հաջողությամբ հարմարվելը կախում ունի կենդանու` կենսապայմանների փոփոխմանը համապատասխան իր վարքը արագորեն փոփոխելու ընդունակությունից: Հասկանալի է, որ կենդանու վարքի ճկունությունը և փոփոխականությունը ուղղակի կախման մեջ են գտնվում նյարդային համակարգի և արտացոլման ձևերի մակարդակից:

Կենդանիները շրջապատի միջավայրին հարմարվում են արտոցոլող գործունեության այնպիսի ձևերի միջոցով, ինչպիսիք են ոչ պայմանական ռեֆլեքսները, բնազդները, ձեռք բերված հմտությունները և բանական գործունեության պարզագույն ձևերը:

Կենդանիների բնազդները

Վարքի բնազդային ձևը բնածին է, այն կենդանուն <<տրված>> է պատրաստի վիճակում` արդեն նրա ծննդյան օրվանից: Բնազդները մշակվում են մի քանի սերունդների կուտակած և ամրապնդված այն հատկությունների շնորհիվ, որոնք ձեռք են բերել տվյալ տեսակի կենդանիները արտաքին պայմանների ազդեցությամբ: Հենց դրանով է բացատրվում, որ բնազդային գործողությունները լավ են համապատասխանում կենդանիների տվյալ տեսակի համար սովորական կենսապայմաններին: Այդպիսի բնազդային գործողությունների օրինակ են թռչունների կողմից բների պատրաստումը, նրանց չվելը և այլ բաներ:

Բնազդները կենդանուն ապահովում են շրջապատող միջավայրին հաջող հարմարվելու և անհրաժեշտ կենսական պահանջների բավարարման գործում: Սկյուռը, ենթարկվելով բնազդին, կառուցում է իր բունը և սննդի պաշար է կուտակում: Ճիճվահիվանդությամբ տառապող շունը սկսում է ուտել գնդաշածաղիկ խոտաբույսը, որն ունի բուժիչ հատկություն:

Բոլոր բնազդային գործողությունները կատարվում են առանց իմանալու և հասկանալու նրանց արդյունքները, բայց անվիճելի է դրանց օգտակարությունը օրգանիզմի համար:

Բազմաթիվ դիտողություններն  ու փաստերը ցույց են տալիս, որ կենդանու կենսապայմանների փոփոխման դեպքում երբեմն շատ նպատակահարմարև կատարյալ բնազդային գործողությունները վերածվում են անիմաստ և նույնիսկ վնասակար գործողությունների:

Եթե սնունդ հայթայթելու գնացած թանձրահավի ձուն, որ նա տաքացնում է` ճուտ հանելու համար, մենք տեղափոխենք, դնենք մի փոքր այն կողմ, ապա նա վերադառնալով կնստի իր նախկին տեղը և կշարունակի <<տաքացնել>>, ամենևին հոգ չտանելով իր տեսադաշտից ոչ հեռու գտնվող ձվի մաին:

Բնազդներն ամենևին չեն մնում անփոփոխ: Կենդանիները, ընկնելով նոր կենսապայմանների մեջ, ստիպված են փոխել իրենց վարքը, որի հետևանքով ձեռք են բերվում նոր հատկություններ, որոնք հետագայում, փոխանցվելով սերնդե-սերունդ, ուժեղանում են և ամրապնդվում մի քանի սերունդներում:

Օրգանիզմի նոր, վերստին ձեռք բերած և հին, ամրապնդված հատկությունները սերտորեն կապված են միմյանց հետ:

Եթե պայմանական ռեֆլեքսները, առաջանալով որոշակի կենսապայմաններում, այնուհետև պետք է կրկնվեն կենդանու տվյալ տեսակի մի շարք սերունդներում, ապա դրանք կարող են ամրապնդվել, դառնալ ժառանգական և փոխանցվել հաջորդ սերնդին: Եվ, ընդհակառակը, այն անպայման ռեֆլեքսները, որոնք չեն ապահովում կենդանու հաջող հարմարվելը միջավայրի փոփոխված պայմաններին, աստիճանաբար մահանում են և դադարում ժառանգաբար անցնել սերունդներին:

Կենդանիների ունակությունները

Կենդանիների կյանքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք չեն կարող հաջողությամբ հարմարվել փոփոխված պայմաններին` հենվելով միայն իրենց վարքի բնածին ձևերի` ոչ պայմանական ռեֆլեքսների և բնազդների վրա: Վարքի հին, բնածին ձևերը լրացվում են նոր, ձեռքբերովի ձևերով` ունակություններով:

Կենդանիների ունակություններ կոչվում են այն գործողությունները, որ նրանք ձեռք են բերում իրենց անհատական փորձի միջոցով:

Կենդանիներին ունակություններ կարելի է պատվաստել ինչպես նրանց կյանքի բնական պայմաններում, այնպես էլ հատուկ վարժեցման, մարզման միջոցով: Փորձերը ցույց են տալիս, որ ունակություններ ձեռք բերելու ընդունակություն ունեն ոչ միայն բարձր, այլև անգամ ստորին աստիճանի վրա գտնվող կենդանիները: Սակայն որքան ավելի կազմակերպված և բարդ է օրգանիզմը, որքան ավելի շատ է զարգացած կենդանու նյարդային համակարգը, այնքան ավելի բարձր է զարգացած ունակություններ ձեռք բերելու ընդունակությունը:

Ունակություններ համեմատաբար ավելի դյուրին է ձեռք բերում ուտիճը (տարականը): Նրան կարելի է ընտելացնել սննդանյութը վերցնել միայն շախմատի տախտակի սև քառակուսիների վրայից: Կարելի է մեղվին այնպես վարժեցնել, որ նա նստի որոշակի գույն ունեցող թղթի վրա և այլն:

Ունակություններ ձեռք բերելու մեծ հնարավորություններ ունեն բարձրակարգ կենդանիները: Հիշենք, թե ինչպես են կենդանիներին ընտելացնում և վարժեցնում մարզիչները:

Կենդանիների` ձեռք բերված ունակությունների վրա հիմնված վարքը նրանց հնարավորություն է տալիս ավելի դյուրին և լավ հարմարվելու նոր կենսապայմաններին, քան բնազդային վարքը:

 

Կենդանիների ինտելեկտուալ (բանական) վարքը

 

Փոփոխված կենսապայմաններին հարմարվելու ավելի բարձր և ճկուն ձև ունեն այն կենդանիները, որոնք օժտված են բանական գործունեության սաղմերով: Օրինակ, այդպիսի կենդանիներ են մարդանման կապիկները:

Ի. Պ. Պավլովի և նրա աշակերտների կատարած հետազոտությունները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ մարդանման կապիկներն ընդունակ են լուծելու այնպիսի բանական խնդիրներ, որոնք պահանջում են կապեր և հարաբերություններ հաստատել առարկաների միջև, կատարել կոմբինացված և նպատակասլաց գործողություններ: Գործողությունների այդ նպատակասլացությունը մենք նկատում ենք ոչ միայն պարզ, այլև մի շարք իրար հաջորդող գործողություններից բաղկացած խնդիրների լուծման մեջ:

Գ. Զ. Ռոգինսկու փորձերում նկարագրվում են նմանօրինակ խնդիրների լուծման ժամանակ կապիկների կատարած գործողություններն ու եղանակները: Պետեր կապիկի առաջ, վանդակից դուրս գտնվող սեղանի վրա դրված էր խնձոր, որը նա չի կարող վերցնել ձեռքով: Պետերն այն վերցնում է իր ձեռքում գտնվող մակարոնի ձողիկի օգնությամբ:

Ավելի բարդ փորձ կատարվեց մյուս կապիկի` Պարիսի հետ: Վանդակից մեկ մետր հեռավորության վրա գտնվող սեղանի վրա դրված է խնձորը: Պարիսն անմիջապես դեպի խնձորն է մեկնում ձողը, բայց այն կարճ է: Վերցնում է մի այլ ձող, բայց այն էլ շատ հաստ է: Նա սկսում է բոլոր կողմերից կրծոտել ձողը և կրկին անհաջող փորձեր է կատարում խնձորը ձեռք բերելու համար: Պարիսը այդ եղանակով փորձեց 15 ձող: Չհասնելով արդյունքի, նա վազում է դեպի վանդակի կենտրոնը, նետվում դեպի բարձր կախված ձողը, ատամներով նրանից կտրում 1.5 — 2 սանտիմետր տրամագիծ և 0.75 սանտիմետր երկարությամբ ձող և, վերադառնալով վանդակ, դեպի իրեն է գլորում խնձորը:

Ի. Պ. Պավլովի փորձերի ժամանակ Ռաֆայել կապիկը լուծում էր ավելի բարդ խնդիրներ: Նա հրապուրանքին տիրանալու համար սովորեց բացել զանազան փականներ, դրա համար ընտրելով որոշակի չափի և կտրվածքի բանալի-ձողեր, կարողանում էր ջուր լցնել կրակի վրա, առանձին արկղերից պատրաստում էր աստիճաններ ունեցող աշտարակ և այլն:

Այդ բոլոր օրինակները խոսում են այն մասին, որ կապիկների մոտ նկատվում են բանական գործողություններ: Բայց, ասում է Ի. Պ. Պավլովը, կապիկը ոչ թե մտածում և խորհում է, ինչպես այդ անում է մարդը, այլ պրակտիկորեն օգտակար գործողություններ է կատարում:

<<Նրա մտածողությունը դուք տեսնում եք նրա արարքներում>>, <<… այդ ողջ գործունեությունը, երբ կապիկը փորձում է և մեկը, և մյուսը, հենց այդ էլ մտածողություն է գործողություններով, որը դուք տեսնում եք սեփական աչքերով: Դա զուգորդումների մի շարք է, որոնցից մի մասը ստացվել է անցյալում, մի մասն էլ այժմ կազմվում և ստացվում է ձեր աչքերի առաջ, կոմբինացվում ձեր աչքերի առաջ… իհարկե դա տարրական բանականություն է…>>:

Կապիկի երկրորդ ազդանշանային, խոսքի ժամանակավոր այն կապերի բացակայությունը, որոնց օգնությամբ և ձևավորվում են մտքերը, նրան զրկում է իր գործողությունները նախապես կշռադատելու և պլաարդու մոտ:նավորելու հնարավորությունից: Իր գործողությունները պլանավորելու, նպատակասլաց խորհելու ընդունակությունը երևան է գալիս միայն խոսելու ընդունակություն ձեռք բերած մարդու մոտ:

Բջջի կառուցվածքը


Բջիջը, նրա կառուցվածքը և քիմիական բաղադրությունը

Բջջի կառուցվածքը

Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը:

Բջիջները տարբերվում են իրենց չափերով, ձևով և ֆունկցիաներով, բայց դրանք բոլորն էլ ունեն կառուցվածքի որոշ ընդհանուր գծեր:

1.Յուրաքանչյուր բջջի հիմնական մասերն են` ցիտոպլազման և կորիզը

Բջջում գտնվում են թելանման գոյացումներ` քրոմոսոմները

2. Մարդու մարմնի բջջի կորիզում (սեռական բջիջներից բացի) կա 46-ական քրոմոսոմ: Քրոմոսոմները` օրգանիզմի ժառանգական սկզբնակները կրողներն են, որոնք ծնողներից փոխանցվում են սերնդին:

Բջիջը ծածկված է մեմբրանով. Վերջինս կազմված է մի քանի շերտ մոլեկուլներից և ապահովում է նյութերի ընտրողական թափանցելիությունը: Ցիտոպլազմայում` բջջի կիսահեղուկ ներքին միջավայրում դասավորված են մանրագույն կառուցվածքները` օրգանոիդները: Բջջի օրգանոիդներն են` էնդոպլազմային ցանցը, ռիբոսոմները, միտոքոնդրիումները, լիզոսոմները, Գոլջիի կոմպլեքսը, բջջակենտրոնը, մեմբրանը: Օրգանոիդները, մարմնի օրգանների նման, կատարում են որոշակի ֆունկցիաներ, որոնք ապահովում են բջջի կենսագործունեությունը: Օրինակ, ռիբոսոմ կոչվող օրգանոիդում, գոյանում են սպիտակուցներ, միտոքոնդրիումներում մշակվում են էներգիայի աղբյուր ծառայող նյութերը:

Բջջի քիմիական բաղադրությունը

Բջջի բաղադրության մեջ մտնում են տարբեր քիմիական միացություններ: Դրանց մի մասը` անօրգանական միացությունները, հանդիպում են նաև անկենդան բնության մեջ: Սակայն բջիջներին առավել բնորոշ են օրգանական միացությունները, որոնց մոլեկուլները շատ բարդ կառուցվածք ունեն:

Բջջի անօրգանական միացությունները

Ջուրը և աղերը անօրգանական միացություններ են: Բջիջներում ամենից շատ ջուրն է: Այն անհրաժեշտ է կենսական բոլոր պրոցեսների համար: Ջուրը լավ լուծիչ է: Ջրային լուծույթում ընթանում է տարբեր նյութերի քիմիական փոխազդեցությունը: Լուծված վիճակում գտնվող սննդանյութերը միջբջջային նյութից մեմբրանի միջով թափանցում են բջջի մեջ: Ջուրը նպաստում է նաև բջջից այնպիսի նյութերի հեռացմանը, որոնք առաջանում են նրանում ընթացող ռեակցիաների հետևանքով:

Աղերը բջիջների ցիտոպլազմայում և կորիզում գտնվում են փոքր կոնցենտրացիաներով, բայց դրանց դերը բջիջների կյանքում շատ մեծ է: Բջջի կենսագործունեության համար առավել կարևոր են K, Na, Ca, Mg աղերը և այլն:

Բջջի օրգանական միացությունները

Բջջի ֆունկցիաների իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է օրգանական միացություններին: Դրանցից ամենամեծ նշանակություն ունեն սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և նուկլեինաթթուները:

Սպիտակուցները յուրաքանչյուր կենդանի բջջի հիմնական և առավել բարդ նյութերն են: Սպիտակուցային մոլեկուլը չփաերով հարյուրավոր և հազարավոր անգամ գերազանցում են անօրգանական միացությունների մոլեկուլներին: Առանց սպիտակուցների կյանք չկա: Որոշ սպիտակուցներ արագացնում են քիմիական ռեակցիաները, կատարելով կատալիզատորների դեր: Այդպիսի սպիտակուցները անվանում են ֆերմենտներ:

Ճարպերը և ածխաջրերն ավելի պարզ կառուցվածք ունեն: Դրանք բջջի շինանյութերն են և էներգիայի աղբյուր են օրգանիզմի կենսագործունեության պրոցեսների համար:

Նուկլեինաթթուները առաջանում են բջջակորիզում: Այստեղից էլ առաջացել է դրանց անունը (նուկլեուս լատ. նշանակում է կորիզ): Քրոմոսոմների կազմության մեջ մտնելով նուկլեինաթթուները մասնակցում են բջջի ժառանգական հատկությունների պահպանմանը և փոխանցմանը: Նուկլեինաթթուներն ապահովում են սպիտակուցների առաջացումը:

Կարելի է արդյոք տեսնել հայելին


Ահա ևս մեկ ապացույց, որ մենք բավականաչափ ծանոթ չենք սովորական հայելուն. վերնագրում դրված հարցին մեծամասնությունը սխալ է պատասխանում, թեպետև բոլորը ամեն օր նայում են հայելու մեջ: Նրանք, ովքեր համոզված են, որ հայելին կարելի է տեսնել, սխալվում են: Լավ մաքուր հայելին անտեսանելի է: Կարելի է տեսնել հայելու շրջանակը, նրա եզրերը, նրա մեջ անդրադարձող առարկաները, բայց հայելին, եթե միայն այն կեղտոտված չէ, հնարավոր չէ տեսնել: Յուրաքանչյուր անդրադարձնող մակերևույթ, ի տարբերություն ցրող մակերևույթի, ինքնին անտեսանելի է: (Ցրող կոչվում է այնպիսի մակերևույթը, որը ցրում է լույսի ճառագայթները բոլոր հնարավոր ուղղություններով: Առօրյա կյանքում մենք անդրադարձնող մակերևույթներն անվանում ենք ողորկ, իսկ ցրող մակերևույթները` փայլատ):

Բոլոր հնարքները, ֆոկուսները և պատրանքները, որոնք հիմնվում են հայելիների օգտագործման վրա, հիմնված են հենց այն բանի վրա, որ ինքը` հայելին, անտեսանելի է, իսկ երևացողը միայն նրա մեջ անդրադարձող առարկաներն են:

Ճառագայթային օպտիկայի հիմնական դրույթները


                      Ներածություն

Լույսի ինտերֆերենցի և դիֆրակցիայի երևույթները ցույց են տալիս, որ լույսը տարածվում է ալիքային տեսության օրենքների համաձայն: Այս օրենքների միջոցով մենք կարող ենք լուծել թե համասեռ միջավայրում և թե ցանկացած օպտիկական սիստեմների միջով լույսի տարածման վերաբերյալ խնդիրները, այսինքն` այս կամ այն մակերևութներով և դիաֆրագմաներով սահմանափակված, տարբեր միջավայրերի միակցության միջով լույսի տարածման վերաբերյալ խնդիրները: Սակայն կարևոր գործնական նշանակություն ունեցող հարցերի մի շատ մեծ շրջանում, մասնավորապես, լույսի փնջի ձևավորման (լուսատեխնիկա) հարցերում և պատկերներ առաջանալու (օպտատեխնիկա) հարցերում, երկրաչափական օպտիկայի պատկերացումների օգնությամբ լուծումը կարելի է ստանալ շատ ավելի պարզ ճանապարհով: Երկրաչափական օպտիկան գործ ունի բեկման և անդրադարձման հայտնի օրենքներին ենթարկվող և իրարից անկախ առանձին լուսային ճառագայթի գաղափարների հետ:

Լուսային ճառագայթի գաղափարը կարելի է ստանալ դիտարկելով ռեալ լուսային փունջը. որից անցքով ու նեղ դիաֆրագմաների միջոցով մենք առանձնացնում ենք նեղ և զուգահեռ փունջ: Որքան այդ անցքի տրամագիծը փոքր լինի, այնքան առանձնացրած փունջը նեղ կստացվի, և սահմանում, անցնելով ցանկացած չափով նեղ անցքերի, մենք կարող ենք հուսալ ստանալու լուսային ճառագայթը որպես երկրաչափական գիծ: Սակայն մենք գիտենք, որ դիֆրակցիայի երևույթի հեևանքով, նեղ փնջի (ճառագայթի) ցանկացած չափով առանձնացման նման պրոցեսը. անհնարին է: D տրամագծով դիաֆրագմայի միջով անցկացրած լուսային փունջի անխուսափելի լայնացումը որոշվում է   կարգի դիֆրակցիայի անկյունով (1-ին մինիմումի ուղղությունը): Միայն սահմանային դեպքում, երբ λ=O, կստանանք, որ նման լայնացում տեղի չի ունենում, և միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել ճառագայթի մասին որպես երկրաչափական գծի, որի ուղղությունը որոշում է լուսային էներգիայի տարածման ուղղությունը: Այսպիսով, լուսային ճառագայթը աբստրակտ մաթեմատիկական գաղափար է և ոչ թե ֆիզիկական կերպար, և երկրաչափական օպտիկան ռեալ ալիքային օպտիկայի այն սահմանային դեպքն է միայն, որը համապատասխանում է չքացող փոքր լուսային ալիքի երկարությունը:

 առնչությունը ցույց է տալիս, որ եթե էկրանի կամ անցքի D չափը λ ալիքի երկարության համեմատությամբ մեծ է, ապա համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածվելը խախտող անկյունային շեղումը կարող է շատ փոքր լինել: Ուստի ռեալ օպտիկայում, որտեղ λ-ն վերջավոր մեծություն է, երկրաչափական օպտիկայի օրենքներից շեղումները այնքան ավելի քիչ պետք է լինեն, որքան մեծ է D-ի չափը: Դրան համապատասխան սովորական փորձերում մենք դիտում ենք, որ երբ լուսավորում ենք մեծ չափերի մարմինները, ապա կտրուկ ստվերներ են առաջանում: Սակայն առանց դժվարության կարելի է ցույց տալ, որ դիֆրակցիոն շեղումը այս դեպքերում ևս գոյություն ունի: Եթե առարկայից R հեռավորության վրա գտնվող էկրանի վրա ստվեր գցենք, ապա դիֆրակցիոն շերտերի գծային չափերը կունենան  ≈αR=λ/DR արժեքները և, ուրեմն, մեծ R-ի դեպքում կարող են դիտվել, նույնիսկ, եթե անգամ :

Դժվար չէ հասկանալ, որ օբյեկտների երկու սիստեմները (անցքերի և էկրանների) կտան լրիվ նույնանման դիֆրակցիոն պատկերներ, եթե լույսի աղբյուրի և դիտողի աչքի դասավորությունը և անցքերի ու էկրանների չափերն այնպիսիք են, որ երկու օբյեկտներին էլ համապատասխանում է ֆրենելյան գոտիների և նրանց մասերի միևնույն թիվը: Իրոք, դիֆրակցիոն պատկերի բնույթը որոշվում է հենց ֆրենելյան զոնաների թվով, այլ ոչ թե էկրանների ու անցքերի բացարձակ չափերով:

Հարթ ալիքի դեպքում (անսահման հեռացված աղբյուր) ֆրենելյան գոտու մակերեսը հավասար է  fλ-ի, որտեղ f-ը հեռավորությունն է մինչև դիտողի աչքը, իսկ զոնայի շառավիղը` :

Այսպիսով, որպեսզի գոտիների թիվը իրար հավասար լինեն, f հեռավորությունը, x մեծության անցքի դեպքում, պետք է այնպես ընտրել, որ  մեծությունն ունենա միևնույն արժեքը: Այսպիսինն է դիֆրակցիոն պատկերների նմանության պայմանը: Ինչպես երևում է  և  չափի երկու նման օբյեկտների դեպքում, միատեսակ դիֆրակցիոն պատկեր կարելի  կլինի դիտել, եթե  և  հեռավորությունները մինչև դիտողի տեղը, ընտրված լինեն այնպես, որ

:

Այսպես, Վ. Կ. Արկադևի փորձերում մոդելների վրա դիֆրակցիոն պատկերը հնարավոր էր իրականացնել ափսե բռնող ձեռքից 11 կիլոմետրով հեռացրած էկրանի վրա. դա հեշտությամբ իրականացվում է 40 մետր հեռավորությունից ձեռքը և ափսեն փոխարինելով թիթեղից կտրած անգամ փոքրացրած մասշտաբի մոդելով:

Օգտվելով ճառագայթային օպտիկայի օրենքներից չի կարելի մոռանալ, որ դրանք իրականության միայն առաջին մոտեցումն են, և որ լույսի տարածման և ոչ մի դեպք չի կատարվում առանց դիֆրակցիոն երևույթների: Հետևաբար, պետք է հասկանալ այդ ճառագայթային (երկրաչափական) կառուցումների ալիքային (դիֆրակցիոն) իմաստը: Համապատասխանորեն պարզ է դառնում, որ ճառագայթային օպտիկայի օրենքները սահմանափակ կիրառություն ունեն և պետք է կարողանալ կողմնորոշվել, թե որ պայմաններում այդ օրենքների կիրառությունը թույլատրելի է և գործնականում փորձի հետ համապատասխանության մեջ է գտնվում: Ըստ որում, ստացվում է, որ նույնիսկ գործնական օպտիկայում ամենանուրբ հարցերը (օրինակ` օպտիկական գործիքների լուծիչ ուժի հարցը) լուծվում են դիֆրակցիայի տեսության միջոցով:

%d bloggers like this: