Category Archives: Լուսանկարչություն

Լույսը լուսանկարչության մեջ


Լուսանկարչության մեջ պատկերի ստացման հիմնական միջոցը լույսն է: Լույսի օգնությամբ մարդը տեսնում է իրեն շրջապատող նյութական աշխարհը, տարածությունը, և այն ամենը ինչը գտնվում է նրա մեջ, ընկալում առարկաների ծավալն ու կառուցվածքը և որոշում գույնն ու երանգը: Առարկաներից անդրադարձած լուսային ճառագայթները լուսազգայուն նյութի վրա ստեղծում են լուսանկարչական պատկեր: Լուսանկարչության և կինոյի մեջ լույսը հանդիսանում է ստեղծագործական պատկերի օբյեկտիվ իրականության հիմնական միջոցը:

Լույսը ցույց է տալիս տարածությունը:Վարպետորեն կիրառված լույսը ընդունակ է վերարտադրել բնությունը այնպես, որ պատկերը կարող է ձեռք բերել տարբեր որակներ: Լույսի միջոցով կարելի է ընդգծել կամ փափկեցնել պատկերվող առարկաների և ֆիգուրների ռելիեֆը:

Մենք գիտենք, որ ինչքան շատ է լույս արձակում մարմինը, այնքան այն մեզ ավելի լուսավոր է թվում, և հակառակը, ինչքան քիչ է մարմինը լույս արձակւմ, այնքան այն մեզ մուգ է թվում: Հետևաբար պատկերվող մարմինների վրա ընկնող լույսի քանակը կախված կլինի նրանց լուսավորվածությունից: Լույս ու ստվերի որոշումը միշտ կապված է լույսի աղբյուրի բնույթի հետ: Լույս ու ստվերի բաշխումն ու բնութագիրը` արևային լուսավորվածությունից ստացված, տարբերվում է արհեստական լուսավորվածությունից, օրինակ լամպի լույսը:

Պատկերային արվեստում ստեղծագործելիս չափազանց կարևոր է ստեղծագործության մեջ ճիշտ փոխանցել լույսի աղբյուրի բնույթը, քանի որ դրանով է որոշվում ժամանակը և գործողության վայրը: Արևային կամ լուսնային լուսավորվածությունը, էլեկտրական լուսավորվածությունը կամ լույսից անդրադարձած լուսավորությունը համապատասխանաբար միշտ կբնութագրեն պատկերը: Եթե մեր առջև լինի մի քանի առարկա միևնույն մակերեսով`ներկված տարբեր գույներով, ոչ ամբողջովին կլանված լույս, ապա, փոխելով լույսի աղբյուրները, մենք կարող ենք լիարժեքորեն կառավարել նրանց տարբեր գունային երանգներում:

Փոխելով լույսի աղբյուրների ինտենսիվությունը մենք կարող ենք հասնել այն տպավորությանը, որ առարկաները, որոնք ներկված են մուգ գույներով, երևան ավելի լուսավոր, պայծառ և հակառակը, ավելի լուսավոր առարկաները կարող են ավելի մուգ թվալ: Այստեղից մենք կարող ենք եզրակացնել, որ լույսը հանդիսանում է երանգների փոփոխման և վերախմբավորման միջոց: Այնպես ինչպես լույսը հանդիսանում է երանգի կազմավորման և վերախմբավորման գլխավոր գործոնը, այնպես էլ պատկերվող առարկաների լուսավորությունը, ձևը և տարածությունը պետք է համապատասխանեն պատկերի երանգային լուծմանը:

Լուսանկարչի մոտ կարող է լինել լուսավորման երեք հնարավորություն.

  1. Երբ նա իր ձեռքի տակ ունի համապատասխան լուսավորման սարքեր, որոնց միջոցով կարող է լուսավորել նկարահանվող օբյեկտը:

  1. Երբ նա պետք է ընտրի նկարահանվող օբյեկտին համապատասխան լուսավորություն: Այդ ժամանակ օբյեկտին կամ պետք է դնել ավելի ճիշտ լուսավորության դիրքում, կամ էլ սպասել արևի ճառագայթների ավելի ճիշտ կողմնորոշմանը, եթե նկարահանումը տեղի է ունենում բնության մեջ:

Բնության մեջ մենք կարող ենք հետևել գույնով ու գեղանկարաչական առումով բացառիկ հետաքրքիր մոտիվների, որոնք, նկարահանված լինելով սև-սպիտակ-մոխրագույն տոներով, թողնում են անշունչ, անգույն տպավորություն: Վառ կանաչ ծառերը, կապույտ երկինքը, բազմերանգ ծառերը` լուսավորված արևի լույսով, բնական գունավորման մեջ կթողնեն ավելի վառ տպավորություն: Բայց լուսանկարչության մեջ, լինելով միանման երագներով, հավասար լուսավորվածության դեպքում նրանք կթվան անշունչ, անգույն և միանման: Եթե լուսանկարչին հարկավոր է պատկերել այսպիսի տեսարան, ապա նա պետք է սպասի արևի ճառագայթների ճիշտ կողմնորոշմանը, որոնք կմեծացնեն ստվերները, կփոխեն երկնքի երանգը և կստեղծեն այնպիսի տոնային վերախմբավորում, որը թույլ կտա արտահայտիչ կերպով և բազմազան երանգներով պատկերել օբյեկտները: Լուսանկարչության մեջ մենք կարող ենք խոսել երկու հնարավոր լուսավորության` ուղղված և ցրված լույսերի մասին:

Օբյեկտի լուսավորումը ուղղված լույսով (արևի լույս կամ լուսավորման սարք)  ստեղծում է լույսուստվերային ծավալային պատկեր: Անդրադարձած լույսի ներկայությունը` ուղղված լույսով նկարահանելիս, կարող է մի քանի անգամ փափկեցնել ստվերների հստակությունը (резкость) և դարձնել պատկերն ավելի պլաստիկ, պարզ երանգներով և միանգամայն ավելի թափանցիկ:

Բնության մեջ, արևի լույսի տակ ցրված լուսավորությունը հանդիսանում է լույսը` անդրադարձած լուսավոր առարկաներից և երկնքից: Արհեստական լուսավորության դեպքում գոյություն ունեն լուսավորման հատուկ սարքեր, որոնք տալիս են փափուկ ցրված լույս` կազմված կետային լույսի մի քանի աղբյուրից: Օգտագործելով անդրադարձած կամ ցրված լույսի աղբյուրները, լուսանկարիչը պետք է հասնի լույսի ու ստվերի հստակությանը: Արևի լույսը` կախված օրվա ժամից, տարվա եղանակից և ամպամածությունից, իր բնույթով կարող է լինել չափազանց հարուստ և բազմազան: Ճեղքելով ամպերը, արևի լույսը օբյեկտը կարող է լուսավորել բծերով, որոնք ստեղծում են բազմազան և արտահայտիչ էֆեկտներ: Եթե, օգտագործելով արևի լույսը, լուսանկարիչը ինչ-ինչ պատճառներով կարող է կախված լինել նրանից, ապա, օգտագործելով արհեստական լույսը, նա հանդիսանում է լույսի լիիրավ տնօրինողը և ըստ իր ցանկության կարող է փոխել լույսի աղբյուրները, երանգները:

Պատկերի մեջ լույս ու ստվերի որոշումը շատ կարևոր է, քանի որ դրա միջոցով է ուրվագծվում նկարահանվող օբյեկտի ձևը, կառուցվածքը, ծավալը, որոշվում օբյեկտի ռելիեֆը և նրա մակերեսի ֆակտուրան: Ուղղված լույսի փոփոխման դեպքում երանգների հարաբերակցությունը կփոխվի` այդ կամ այլ առարկայի լուսավորության ինտենսիվությունից: Հետևաբար տեղի կունենա աստիճանական փոփոխություն` սևից մինչև սպիտակ: Պատկերը` ստացված այս մեթոդով, մենք անվանում ենք լուսաստվերային և որի դեպքում պատկերը կլինի ավելի կոնտրաստային և ավելի ծավալային: Բնության մեջ ցրված լույսի օրինակ կարող է հանդիսանալ ցերեկային լուսավորությունը ամպամած եղանակին: Սյսպիսի լուսավորությանը բնորոշ է լույսի բաշխման հավասարությունը, բնության մեջ գտնվող առարկաների երանգների պահպանումը, ինչպես նաև լույսի կոնտրաստի և ստվերի բացակայությունը (այս դեպքում առարկաների երանգների հարաբերակցությունը կպահպանվի այնպես, ինչպես տեսնում ենք բնության մեջ):

Ցրող լույսը, որը կազմում է երանգային պատկեր, օգտագործում են այն ժամանակ, երբ տեսարանը պահանջում է թեթև երանգային անցումներ և տեսարանի հանդարտ, հանգիստ ընկալում: Ձևով և երանգներով բավականին տարբեր օբյեկտներում ուղղված լույսը կարող է կազմել ավելորդ գունագեղություն, գույների խայտաբղետություն` բազմաթիվ հստակ լույս ու ստվերների պատճառով: Այդպիսի դեպքերում լրացուցիչ լուսավորությունը կվերացնի լույս ու ստվերի հստակությունը և կօգնի պատկերի ավելի թեթև ընկալմանը: Եթե առարկաները ունեն կառուցվածքային թույլ մոդելավորում, թույլ արտահայտված ծավալ, ապա դրանք կարելի է շտկել օգտագործելով միայն ուղղված լույսը: Մարդկային դեմքերը` լուսավորված ցրված լույսով, երանգային պատկերում կարող են փոխանցվել ավելի պլաստիկ: Հնարավոր չէ ցույց տալ լուսավորման մի մեթոդի առավելությունը մյուսի հանդեպ, այնպես, ինչպես հնարավոր չէ ցույց տալ, թե ինչ դեպքերում կարելի է օգտվել այս կամ այն լուսավորման մեթոդից:

Լուսավորման մեթոդը լուսանկարչի կողմից ամեն անգամ պետք է որոշվի` կախված նրանից, թե ինչ բնույթի է պատկերվող օբյեկտը, ինչ թեմա է ընտրված կամ ինչ բովանդակություն ունի այն: Մենք վերևում նշեցինք, որ լույսը որոշում է առարկայի ձևի և ծավալի տեսանելիությունը: Տեսնենք, թե ինչպես է լույսը ազդում պատկերվող օբյեկտի ծավալի և ձևի ընկալմանը:

Ցանկացած առարկա, գոյություն ունենալով իրականության մեջ, կազմված է ինչ-որ նյութից, որը կազմում է նրա կշիռը: Առարկայի կշիռը մակերեսի վրա իր որոշիչ տեղն ունի, ինչպես նաև ունի իր ծավալը: Այդ ծավալը սահմանափակված է ուրվապատկերով: Այսպիսով, առարկայի արտաքին տեսքը որոշվում է նրա ձևով և ծավալով: Ծավալի զգացողությունը և առարկայի ուռուցիկությունը լուսանկարի պատկերման վրա ստեղծվում է պայծառ և մուգ երանգների աստիճանավորման միջոցով: Առարկաները իրենց ձևով կարող են տարբեր լինել: Մի ձևում կարող է արտահայտված լինել պարզությունը, մյուս ձևում` աղոտությունն ու ոչ հստակությունը: Մի առարկայի ձևը կարող է լինել կլորավուն և սահուն, մյուսինը` կտրուկ և անկյունային: Լույսը, որը մոդելավորում է առարկայի ձևը, բաժանվում է նրանց մակերեսների միջև` ֆիզիկայի օրենքի համաձայն: Հետևաբար ուղղված կամ այլ լույսի դեպքում, որը ընկած է առարկայի հարթությանը ուղղահայաց, առարկայի բոլոր ուռուցիկ հատվածները ավելի պայծառ կլուսավորվեն, քան գոգավոր հատվածները, քանի որ ուռուցիկ հատվածները ավելի մոտ կլինեն լույսի աղբյուրին, քան գոգավորները: Այդ տպավորությունը կարող է ուժեղացվել այն աստիճանի, եթե լույսն ընկնի առարկայի ուղղահայաց հարթությանը, իսկ անկյան տակ կառաջանան ստվերներ: Հետևաբար կարող ենք հասկանալ, որ լույսը մեծ չափով կարող է ուժեղացնել պատկերի ծավալի և ձևի տպավորությունը կամ լուսանկարչի պահանջներին համապատասխան կարող է թուլացնել այդ տպավորությունը:

Լույսը, առաջացնելով ստվերներ, բոլոր հարթություններին հավասար, կազմելով առարկայի ձևը, պատկերը դարձնում է ավելի հարթ: Եվ հակառակը, ստվերը կարող է ընդգծել առարկայի ուռուցիկությունն ու ծավալը: Լուսավորության տարբեր էֆետկներ ստանալու համար, ինչպես մենք վերևում նշեցինք, լուսանկարիչը առարկաների ձևն ու ծավալը բնութագրող լուսավորություն է ընտրում` օգտագործելով արևային կամ արհեստական լուսավորություն: Բնության մեջ լուսանկարիչը հասնում է այդ լուսավորությանը իհարկե որոշ ժամանակ սպասելով. երբ երկինքը պատված է ամպերով և արևային լույսի պայծառությունը փափկացվում է և երանգներում հայտնվում է մեծ թափանցիկություն, պարզություն կամ էլ դրան կարելի է հասնել` օգտագործելով անդրադարձնող էկրաններ կամ հայելիներ:

Արհեստական լուսավորության դեպքում կարելի է հասնել երանգների խորությանն ու պարզությանը` լուսավորման սարքերի շնորհիվ: Պատկերում լույս ու ստվերի աստիճանական նույնացումը նկարահանման և ընդհանրապես բնության մեջ ամենևին էլ լավ լուսանկարի երաշխիք չէ: Լույսի ու ստվերի աստիճանավորումը (градация) բնության մեջ միշտ չէ, որ լավ որակ է տալիս պատկերվող առարկաների պլաստիկ մշակման համար: Դրա համար էլ լուսանկարիչը կարող է փոխել այդ աստիճանավորումը` օգտագործելով իր նկարչական ունակությունները: Ցանկացած նյութ բնութագրվում է կշիռի և զանգվածի խտությամբ: Մենք գիտենք, որ երկաթը ծանր է ծառից: Լուսանկարում այդ տպավորությունը հասնում է օբյեկտի մակերեսի և կառուցվածքի ճիշտ փոխանցմանը: Առաձգականության, փափկության, կարծրության կամ ծանրության զգացողությունը, խտությունը, ծակոտկենությունը բնութագրում են նյութը, որից էլ պատրաստված է առարկան, և այդպիսով նրա մասին տալիս է ամբողջական պատկերացում: Այն լուսանկարներում, որտեղ չի փոխանցված պատկերվող առարկաների կշիռը, ծանրությունը, չկա նյութի բնութագիր, առարկաները միշտ թվում են թեթև, աննյութ, հետևաբար չեն համապատասխանում իրականությանը: Առարկայի նյութական բնութագիրը և նրա կշիռի զգացողությունը փոխանցվում են պատկերին նրա մակերևույթը, ֆակտուրան ցույց տալու միջոցով:

Արտահայտչական արվեստում նյութի ֆակտուրայի կոնտեքստում մենք հասկանում ենք նրա մակերևույթի կառուցվածքը և նրա արտաքինով կարող ենք դատել, թե ինչ նյութից է պատրաստված առարկան: Լույսի միջոցով մենք կարող ենք փոքրացնել կամ մեծացնել պատկերվող առարկայի տպավորությունը: Հետևաբար ըստ նկարչի ցանկության, երևակայության հնարավոր է փոխել պատկերվող առարկայի տպավորությունը` մեծից մինչև փոքր:

Կինեմատոգրաֆիայում քարե շինությունների մետաղե կամուրջների փայտե և կարտոնե մոդելները արհեստական լուսավորության շնորհիվ այնքան համոզիչ են երևում, որ հանդիսատեսի մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ կադրերն արված են բնության մեջ:

 

Ընդհանրապես տարբերում են կաթնագույն, փայլուն և պսպղուն մակերևույթներ:

Կաթնագույն մակերևույթները իրենց կառուցվածքի շնորհիվ հնարավորություն ունեն անդրադարձնել լույսը տարբեր կողմերով և ցրել դրանք: Փայլուն մակերևույթները անդրադարձնում են լույսը նրանց անկման անկյանը համապատասխան: Այդ պատճառով էլ փայլուն մակերևույթները ռակուրսից կախված կամ փայլուն են երևում կամ` մուգ: Փայլուն մակերևույթներ նկարահանելիս մեծ կոնտրաստից խուսափելու և պատկերը ճիշտ փոխանցելու համար անհրաժեշտ է փոխել փափուկ ցրող լույսը:

Ֆակտուրան փախանցելիս պատկերի հստակության աստիճանը ազդեցություն է թողնում նրա բնութագրի վրա: Ավելորդ հստակությունը կարող է ընդգծել ֆակտուրան շատ մասնրամասն, իսկ ոչ հստակությունը ընդհանրապես կջնջի ֆակտուրայի մասին պատկերացումը: Ռեալիստական լուսանկարներում նյութի ֆակտուրայի հայտնաբերումը շատ կարևոր է և պարտադիր: Լույսը, որը դրված է պատկերվող առարկայի ետևում, առաջացնում է սիլուետային պատկեր (ուրվապատկեր), որին բնորոշ է առարկայի պայծառությունը և ճիշտ գծագրված լինելը: Ստվերը ընդգծում է օբյեկտի մանրամասնությունները և խտությունից ու պարզությունից կախված առարկան ընկալվում է ընդհանրացված կամ էլ բացարձակ հարթ, եթե ստվերը խորն է: Այսպիսով, ճիշտ գծագրված, ընդգծված պատկեր ստանալու համար բավական է առարկան տեղադրել լույսի աղբյուրի դիմաց: Լույսը, որը լուսավորում է պատկերվող առարկան առջևից` այսպես կոչված <<հարթ, տափակ լույսը>>, հստակորեն կփափկեցնի առարկայի ուրվագիծը: Ճիշտ այդպես կփափկեցվի առարկայի մակերեսը, ֆակտուրան: Պատկերը, որը լուսավորված է առջևից, չի լինի բավականաչափ ծավալուն, քանի որ առարկայի վրա ընկած և առարկայից արձակվող ստվերները գրեթե կբացակայեն: Ավելի հստակ և արտահայտիչ է ընդգծում օբյեկտի ձևը կողմնային լուսավորումը (боковое освещение), որի դեպքում լույսի աղբյուրը դրված է անկյան տակ և առաջացնում է ստվերներ ոչ միայն տվյալ առարկայի այլ այդ առարկայի մակերևույթի ուռուցիկ հատվածների վրա: Լույսի աղբյուրի բարձրությունն ու անկյունը որոշում են ստվերների երկարությունը:

Պատկերվող առարկաներից ընկած ստվերների որոշումը արտահայտչական կոմպոզիցիայում ավելի մեծ նշանակություն ունի, քան հենց առարկաների դասավորությունը: Իրար խառնված ստվերները կարող են աղավաղել տվյալ առարկայի մասին պատկերացումները և հակառակը. լավ ընտրված ստվերը կարող է շատ ճշգրիտ որոշել առարկայի ձևը և դիրքը, դասավորությունը: Հայտնի է, որ ուժեղ լույսը, ինչպես նաև խորը ստվերը ցույց են տալիս ռելիեֆների հստակությունը,դետալները, նրանց ձևը: Սրանից հետևում է, որ լույս ու ստվերի որոշումը լույսի աղբյուրի ինտենսիվությունից կախված կարող է ստեղծել ուժեղ փայլող լույսի և խորը, մուգ ստվերի տպավորություն: Լույսի աղբյուրների բնույթից կախված, լույսը ու ստվերը տարբերվւմ են իրենց ձևով, աստիճանավորումով, լույսի մակերեսի հարաբերությամբ և պատկերվող տարածության ստվերներով: Այդ պատճառով էլ լույս ու ստվերի որոշման շնորհիվ մենք կարող ենք դատողություն անել լույսի աղբյուրի բնույթի մասին:

Ստվերը, հանդիսանալով մուգ տոնային լուսաբիծ, ազդում է կոմպոզիցիայի տոնային ըմբռնման վրա, բացի այդ, ստվերը, ունենալով ճշգրիտ գծային սահման, շատ հաճախ որոշում է կոմպոզիցիայի գծային կառուցվածքը: Բնության մեջ քիչ ընդգծվող, քիչ դեր ունեցող առարկաները և ֆիգուրները, լուսավորության շնորհիվ կարող են առաջ քաշված լինել առաջին պլան և հակառակը. բնության մեջ շատ առանձնացվող, աչքի ընկնող առարկաները և ֆիգուրները, որոնք չունեն որոշիչ նշանակություն, կարող են արտահայտիչ լինել լուսավորության շնորհիվ, և այդպիսով կլինեն առաջին պլանում և ուշադրության կենտրոնում: Այս ամենից հետևում է, որ լուսանկարիչը իր երևակայությամբ, լուսավորության շնորհիվ կարող է փոխել պատկերվող առարկայի արտահայտչականությունը: Ցանկացած պատկերվող օբյեկտ պահանջում է ոչ թե մեխանիկական մոտեցում, այլ դրա մեջ պետք է ներդրված լինի լուսանկարչի միտքն ու հմտությունը:

Օդային հեռանկարը փոխում է պատկերվող առարկայի երանգները և թուլացնում լույսի և ստվերի կոնտրաստը: Ինչքան հեռու են գտնվում առարկաները լույսի աղբյուրից, այնքան թույլ է թվում նրանց գունավորումը, գույների ինտենսիվությունը և լույսի ու ստվերի կոնտրաստը:

Օդային միջավայրը, կազմելով երանգային կամ օդային հեռանկար, կարող է փոխել իր խտությունն ու թափանցիկությունը` լույսի աղբյուրի դիրքից կախված: Օրինակ թեթև մշուշը, լուսավորված լինելով առջևի լույսով, կվերածվի խիտ, անթափանց միջավայրի` փակելով այնտեղ գտնվող առարկաները: Ավելի խիտ մշուշը` լուսավորված լինելով կողմնային կամ հետին լույսով, կդառնա ավելի թափանցիկ և թույլ կտա տարբերել նրա հետևում գտնվող առարկաները, նրանց գունավորումը` տալով պլաններին ճշգրիտ կոնտրաստ: Այստեղից հետևում է, որ լուսավորությունը ազդեցություն է թողնում տոնային կամ օդային հեռանկարի վրա:

Լույսի շնորհիվ է որոշվում առարկաների ձևն ու ծավալը և նրանց ֆակտուրան: Լույսը առաջացնում է երանգ և լույսի շնորհիվ կարող ենք արտահայտել կոմպոզիցիայի երանգային լուծումները:

Լույսի շնորհիվ կարող ենք ընդգծել գլխավորը լուսանկարում և խավարեցնել երկրորդականը:

Այսպիսով, լույսը, լինելով լուսանկարչի գլխավոր զենքը, կարող է նրան օգնել` ցույց տալու իր երևակայությունն ու միտքը, իղձն ու ցանկությունը:

 

%d bloggers like this: