Category Archives: Հայ ռեժիսորներ

Արտաշես Հայարտյան


Հայ դերասան և ռեժիսոր: Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ (1966 թ.): Արվեստի վաստակավոր գործիչ (1956 թ.):

1921 թվականին ավարտում է Երևանի դրամատիկական ստուդիան: 1922-1923 թթ. սովորում է Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում: Այնուհետև` 1923 թ. սովորում է Պետական կինեմատոգրաֆիական տեխնիկումի դերասանական ֆակուլտետում: 

Արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հայարտյանը ծնվել է 1899 թ. հոկտեմբերի 27-ին` Նախիջևանում: 1927 թ. ավարտում է կինոինստիտուտը և շարունակում է աշխատել Մոսկվայի կինոստուդիայում, որտեղ և բեմադրում է <<Պյոտր Իվանովիչ>>, <<Ես փոքր չեմ>> և <<Հոտաղ>> ֆիլմերը:

1931 թ. ավարտում է ВГИК-ի երկամյա բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Ղեկավարներ` Սերգեյ Էյզենշտեյն և Աբրահամ Ռոմ):

1935 թ. Հայարտյանը աշխատանքի է հրավիրվում Հայկինո: 1937 թ. նա թողարկում է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը` <<Կարո>>-ն, որի սցենարը գրել էր ինքը` դրամատուրգ Ս. Տայցի հետ` Ա. Գայդարի <<Դպրոցը>> վիպակի մոտիվներով:

1940 թ. էկրան է բարձրանում Հայարտյանի երկրորդ գեղարվեստական ֆիլմը` <<Մեր կոլխոզի մարդիկ>>: Այնուհետև երկար տարիներ Հայարտյանը ստիպված է լինում զբաղվել կրկնօրինակումներով: Եվ միայն 1955 թ.-ին նրան հնարավորություն է տրվում նկարահանել <<Պատվի համար>> գեղարվեստական ֆիլմը, որը ցուցադրվում է Մոսկվայում` 1956 թ. Հայ արվեստի և գրականության տասնօրյակի օրերին:

Հայկինոյում բեմադրած հենց առաջին` <<Կարո>> ֆիլմում, Հայարտյանը ցույց տվեց իր ռեժիսորական ունակությունները:

Իր երկրորդ` <<Մեր կոլխոզի մարդիկ>>, ֆիլմում Հայարտյանը խորացնում է հեղինակի նպատակը` ցույց տալով կոլտնտեսական երիտասարդության ձգտումը դեպի գիտությունն ու տեխնիկան: Ընտրելով կինոկոմեդիայի ժանրը` ռեժիսորին հաջողվում է ստեղծել կենսուրախ և աշխույժ մի ֆիլմ, պատկերել գյուղի հին ու նոր մարդկանց` իրենց համագործակցության մեջ:

<<Պատվի համար>>-ում Հայարտյանը հանդես է գալիս որպես կլասիկ երկի հաջող էկրանավորող: Օգտագործելով կինոյի հնարավորությունները, նա կարողացել է բացահայտել դրամատուրգի մտահղացումները, ավելի բազմակողմանիորեն տալ միջավայրը, ավելի ցայտուն կերպով բնորոշել ֆիլմի հերոսներին: Անշուշտ, ռեժիսորական վարժ աշխատանքի արդյունք են այն դրվագների նկարահանումները, ուր ցույց է տրված նավթի շատրվանը, Սուրենի զեխ կյանքը, փաստաթղթերը և այլն: 

Հայարտյանը մահացել է 1978 թ. ապրիլի 13-ին Հայաստանում:

Հենրիկ Մալյան


<<Ստացվում է այնպես, որ իմ ստեղծագործական հիմնական ընթացքը խմորվում է այն ժամանակ, երբ չեմ նկարահանում կամ էլ նպատակ չունեմ: Նկարահանումների ընթացքում ստեղծագործական րոպեների համար քիչ ժամանակ է մնում: Մինչ նկարահանումներն սկսելը սցենարը կարդում եմ բազմաթիվ, նույնիսկ հարյուր, երկու հարյուր անգամ, մինչև որ այն դառնում է մարսված նյութ: Հերոսներին էկրանում տեսնում եմ գործողության մեջ, որոշում ամեն մեկի անելիքը: Դերաբաշխումը կատարելուց հետո կերպարներն այլևս ինձ համար սցենարում գրված անուններ չեն, այլ` որոշակի դերասաններ>>:

Այսպիսին է ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հենրիկ Մալյանի աշխատանքային ոճը:

Հենրիկ Սուրենի Մալյանը ծնվել է 1925 թ. Թելավիում (Վրաստան): Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` պրոֆեսոր Լևոն Քալանթարի ղեկավարությամբ: Դեռևս ուսանելու տարիներին բեմադրում է Օստրովսկու <<Եկամտաբեր պաշտոն>> դիպլոմային աշխատանքը` թատրոնի հետ կապելով իր ձգտումները: Սակայն Մալյանի տարերքը կինոն էր: Որոշ ժամանակ Արտաշատի ու Կիրովականի թատրոններում աշխատելուց հետո, 1954 թ. աշխատում է <<Հայֆիլմում>> որպես ռեժիսորի օգնական և ապա որպես ռեժիսոր մասնակցում է մի քանի ֆիլմերի նկարահանմանը:

<<Նվագախմբի տղաները>> (1960 թ., Հենրիկ Մարգարյանի հետ), <<Ճանապարհ դեպի կրկես>> (1963 թ., Լևոն Իսահակյանի հետ) և <<Կեղծ լրտես>> նովելը <<Մսյե Ժակը և ուրիշները>> կինոալմանախից (1965 թ.) կինոնկարները իրականացնելուց հետո, Մալյանը 1967 թ. բեմադրում է <<Եռանկյունին>> կինոնկարը, որը համարվեց շրջադարձային երևույթ ազգային կինոյում:

Անդրկովկասյան հանրապետությունների ու Ուկրաինայի կինոփառատոնում ֆիլմը արժանացավ <<Պրոմեթևս — 68>> մրցանակին, բարձր գնահատականի արժանացավ նաև Լենինգրադի համամիութենական կինոփառատոնում և մեծ հաջողությամբ ցուցադրվեց ինչպես միութենական, այնպես էլ արտասահմանյան բազմաթիվ էկրաններում: 1975 թ. Հենրիկ Մալյանին և այդ կինոժապավենն ստեղծող մյուս արվեստագետներին շնորհվեց Հայկական ՍՍՀ պետական մրցանակ:

Մալյանի հաջորդ` նուրբ երգիծանքով, բանաստեղծականությամբ ու դրամատիզմով հագեցած <<Մենք ենք, մեր սարերը>> (1970 թ.) ֆիլմը, 1976 թ. Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում անցկացված հեղինակային ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կողմից ճանաչվեց` տարբեր երկրներից ներկայացված 23 գեղարվեստական ֆիլմերից լավագույնը: <<Ունիտա>> թերթը գրեց .<<Ֆիլմը զարմացնում է իր բանաստեղծականությամբ, կենսական ուժով: Սովետական կինեմատոգրաֆը հասել է հսկայական հաջողությունների>>:

1972 թ. Մալյանը նկարահանեց <<Հայրիկը>>, որի մասին <<Պրավդան>> դրվատանքով արտահայտվեց:

1977 թ. ռեժիսորը սցենարի վերածեց և էկրանավորեց Հրաչյա Քոչարի <<Նահապետը>> վիպակը, որի հիմքում մեծ եղեռնից փրկված ռանչպար Նահապետի ճակատագիրն է: 1978 թ. Երևանի 11-րդ համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակը շնորհվեց <<Նահապետ>> ֆիլմին:

<<Լիտերատուրնայա գազետան>> գրեց.

<<Նահապետը հայ գյուղացի է, որի համար 1915 թ. 1.5 մլն որդիներ և դուստրեր կորցրած, ցեղասպանության բոլոր սարսափներն ապրած հարազատ ժողովրդի ողբերգությունը դարձել է անձնական ողբերգություն, նրա ընտանիքի բոլոր անդամներին մորթոտել են և նրանց հետ կտրվել է ապագայի հավատը, կորել հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Հոկտեմբերը, որ հիմնովին փոխեց ժողովուրդների ճակատագրերը, Նահապետի նմաններին բարոյական վերածնունդ բերեց: Կինոնկարը հավատարիմ է հայկական ազգային կինոարվեստի ավանդույթներին (ինչպես այժմ արդեն դասական <<Պեպոն>> ) և միաժամանակ խիստ արդիական>>:

Հունական <<Ռիզոսպաստիս>> թերթում  Դիմիտրիս Դանիկասը գրել է. <<Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հայկական կոտորածը, որ դուրս է մղված կապիտալիստական երկրների հիշողությունից, ֆիլմում արդիականություն է ստանում, հնչում որպես կյանքի ու պայքարի կոչ:

Ունենալով հայ ազգային կինեմատոգրաֆի բոլոր հատկանիշները (սյուժե, լեզու, պատմություն, տեղայնություն, արևելյան կոլորիտ), հայ ռեժիսորի ֆիլմը պատմում է ոչ թե կոտորածի մասին, այլ հանուն նոր կյանքի մարդու պայքարի մասին: Ըստ էության սա ֆիլմ-ընդհանրացում է, կինոնկար, ուր պատկերվում է ավերված երկրի վերականգնումը: Այն կարող էր նույն հաջողությամբ լինել մեկ այլ երկրի պատմություն:

Ռեժիսորի վարպետության մասին է վկայում այն հանգամանքը, որ նա ոչ մի տեղ չի անվանակոչում նրանց, ովքեր կազմակերպել էին կոտորածը (իսկ դրանք թուրքերն էին) և չի վերարտադրում բռնության հրեշավոր տեսարաններ: Դրա փոխարեն, նա այդ ամենը իրականացնում է գեղագիտական բարձր ճաշակով մտահղացված խորհրդանշանների և կինոյի զուսպ ու արժեքավոր հնարանքների միջոցով>>:

Իսկ ֆրանսիացի կինոտեսաբան Օդե Ֆրանսուան նշեց. <<Ողջունենք <<Նահապետը ֆիլմը>>, որն արժանի է այս ժողովրդի պատմությանը>>:

1980 թ. Մալյանը էկրանավորեց <<Կտոր մը երկինք>> ֆիլմը ըստ Վ. Թոթովենցի <<Բաց կապույտ ծաղիկներ>> պատմվածքի: Այս կինոժապավենը ցուցադրվել է Ֆրանսիայում, Լաոսում, ԳՖՀ-ում` սովետական կինոյի օրերին, Վենետիկի, Վիեննայի, Մանիլայի միջազգային կինոփառատոններում, Անգլիայում կայացած <<Կինոփառատոների փառատոնին>>, Լոնդոնում, Վենետիկում տեղի ունեցած հայկական ֆիլմերի օրերին, Նյու Յորքում կազմակերպված ամենամյա ավանդական փառատոնում, ինչպես նաև 1981 թ. Դելիում կայացած 8-րդ միջազգային կինոփառատոնում: <<Տրուդ>> թերթը գրեց. <<Մեր կարծիքով փառատոնին ներկայացված սիրո թեմայով լավագույն կինոնկարը հայ ռեժիսոր Հենրիկ Մալյանի <<Կտոր մը երկինք>> ֆիլմն էր>>:

Ժյուրիի նախագահ Գ. Չուխրայը ասել է. <<Կտոր մը երկինք>> ֆիլմը փառատոնում հնչեց որպես զանգի ղողանջը անապատում>>:

1981 թ. Վիլնյուսի 14-րդ համամիութենական կինոփառատոնում Հենրիկ Մալյանն արժանացավ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար սահմանված մրցանակին: Ինչպես նշվեց մամուլի կենտրոնում <<Կինեմատոգրաֆիստների համար ամենապատվավոր մրցանակը շնորհվեց հայ ռեժիսորին>>: (Տեղին է նշել նաև, որ <<Կտոր մը երկինք>> ֆիլմի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին շնորհվեց երաժշտական լավագույն լուծման համար սահմանված մրցանակը, իսկ Թորիկի դերակատար Աշոտ Ադամյանը համարվեց կինոփառատոնի ամենահմայիչ դերասանը):

<<Կտոր մը երկնքի>> մասին բուլղարացի կինոքննադատ Դիմա Դամովը հետևյալ կերպ է արտահայտվել. <<Իմ կարծիքով, այս ֆիլմը հայկական և ամբողջ սովետական կինոարվեստի մեծ հաջողությունն է, հաջողություն, որն արժանացավ հանդիսականի մեծ մրցանակին: Որովհետև այդ կինոնկարում կա և հումոր և թախիծ և կոչ` մարդու մեջ պահպանելու ամենայն բարին>>: Իսկ հայտնի կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը ասաց. <<Ըստ իս, փառատոնին ներկայացված լավագույն ֆիլմը սովետական կինոյի առաջատար ռեժիսորներից մեկի` Հենրիկ Մալյանի <<Կտոր մը երկինքն էր>>: Դա մի հոյակապ ֆիլմ է, և ես գտնում եմ, որ եթե մեր ֆիլմերը թեկուզև մոտենան այդ կինոնկարի մակարդակին, մեր կինոն դրանից միայն կշահի:

Մալյանի ֆիլմը շատ ազգային է: Իմ կարծիքով միայն ճշմարիտ ազգային արվեստը կարող է համամարդկային դառնալ: Եվ միայն այն դեպքում, երբ արվեստագետը հենվում է իր ժողովրդի արմատների և պատմության վրա կարող է խոսել ցանկացած լեզվով, միայն այդ դեպքում հասկանալի կլինի բոլորին>>:

1982 թ. Մալյանը կենտրոնական հեռուստատեսության պատվերով նկարահանեց <<Մի կաթիլ մեղրը>> ֆիլմը, որն ստեղծվել է կինոդերասանի թատրոն-ստուդիայում բեմադրված Հովհաննես Թումանյանի <<Հեքիաթները>> ներկայացման հիման վրա:

Մալյանը սցենարի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Իսրայելյանի <<Գիքորը>> կինոնկարի (1982 թ.), որը Տալլինում կայացած համամիութենական 15-րդ կինոփառատոնում արժանացավ մանկապատանեկան ֆիլմի համար սահմանված 2-րդ մրցանակին ու դիպլոմին:

Մալյանը ղեկավարել է նաև Երևանի կինոդերասանի թատրոն-ստուդիան:

Հենրիկ Մալյանը հանկարծամահ է եղել 1988 թ. մարտի 14-ին:

Յուրի Երզնկյան (Юрий Арамаисович Ерзинкян)


Յուրի Արամայիսի Երզնկյանը ծնվել է 1922 թ.-ին Թբիլիսիում: <<Հայֆիլմ>> կինոստուդիայում ավելի քան երկու տասնամյակների ռեժիսորական գործունեության ընթացքում նա ստեղծել է շուրջ տասնհինգ գեղարվեստական և բազմաթիվ փաստագրական ֆիլմեր:

Յուրի Երզնկյանն իր ռեժիսորական գործունեությունը կինոյում սկսեց նկարահանելով բազմաթիվ կինոժուռնալներ ու վավերագրական կինոակնարկներ, որոնք երիտասարդ ռեժիսորին դասեցին հանրապետության ակնառու վավերագրողների շարքը: Զուգահեռաբար նա ձևավորում է թատերական ներկայացումներ, մասնակցում գեղարվեստական ցուցահանդեսների, նկարում քաղաքական ծաղրանկարներ ու երգիծական պլակատներ: 1952 թ. Նա ավարտում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը:

1955 թ.-ին էկրան է բարձրանում Երզնկյանի (ռեժիսոր Համասի Մարտիրոսյանի համագործակցությամբ) գեղարվեստաան անդրանիկ աշխատանքը` <<Հասցեատիրոջ որոնումները>> կինոնկարը: Այնուհետև նկարահանում է <<Հովազաձորի գերիները>> (1957 թ.), <<Առաջին սիրո երգը>> (1958 թ., ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի համագործակցությամբ), <<Իմ ընկերոջ մասին>> (1959 թ.), Փառքի օղակներ (1963 թ.), <<Դժվարին անցում>> ( 1964 թ.), <<Ապրում էր մարդը>> (1968 թ.), <<Կամուրջները մոռացության վրայով>> (1969 թ.) և այլ կինոնկարներ:

Չնայած այս ֆիլմերը թեմատիկայով, գեղարվեստական արժանիքներով ու ժանրային առանձնահատկություններով տարբեր են, սակայն միասնական են հեղինակային զգացումով ու ժամանակակից հրատապ պրոբլեմներին արձագանքելու ձգտումով:

Յուրի Երզնկյանի ստեղծագործական կյանքում կարևոր իրադարձություն էր <<Խաթաբալա>> կինոնկարը (1971 թ., ըստ Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի):

Այդ առթիվ նա ասել է.

<< Խաթաբալայի>> էկրանացման գաղափարը ես փայփայել եմ երկար տարիներ: Չգիտեմ, թե երբ է դա ծնվել: Գուցե պատանեկությանս տարիներին, որ անց եմ կացրել Թբիլիսիում, գուցե թատրոնի հետ առնչվելիս, երբ ինձ բախտ է վիճակվել տեսնել կատակերգության բազմաթիվ ինքնատիպ ու անկրկնելի բեմադրություններ: Գուցե սերը դեպի այդ գործը ինձ տվել է իմ ուսուցիչը` մեծ արվեստագետ Ռուբեն Սիմոնովը, որը երկար տարիներ երազում էր <<Խաթաբալան>> բեմադրել Վախթանգովի անվան թատրոնում>>:

ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի վերջին աշխատանքներից են <<Հայկական որմնանկարներ>> (1972 թ., որի առանցքը կազմում է Էդգար Հովհաննիսյանի բալետային երաժշտությունը, նրա <<Դավիթ և Խանդութ>>, <<Անտունի>>, <<Հավերժական կուռք>> բալետների պարային սյուիտները) Ակսել Բակունցի հայտնի <<Միրհավը>> պատմվածքի հիման վրա նկարահանված <<Այս կանաչ-կարմիր աշխարհը>> (1975 թ.) և <<Սգավոր ձյունը>> (1978 թ. ըստ Անրի Թրուայայի համանուն վիպակի) կինոնկարները:

1979 թ. <<Սգավոր ձյունը>> կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվեց ՀՍՍՀ պետական մրցանակ:

Յուրի Երզնկյանը մահացել է 1996 թ.-ին, դեկտեմբերի 19-ին Մոսկվայում, թաղված է Երևանում:

%d bloggers like this: