Category Archives: ԽՍՀՄ ռեժիսորներ

Սերգեյ Էյզենշտեյն


Էյզենշտեյնը կինեմատոգրաֆիայի չգերազանցված մեծություններից է: Նրա անվան հետ է կապված մեր երկրի նորաստեղծ կինոարվեստի առաջին հաղթանակը համաշխարհային ասպարեզում:

Սերգեյ Էյզենշտեյնը ծնվել է 1898 թ. Ռիգայում, ճարտարապետի ընտանիքում, սովորել է Պետրոգրադի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում: 1918 թ.-ին մեկնում է կարմիր բանակ: Երեք տարի անց <<Մեքսիկացին>> ներկայացումով պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ հանդես է գալիս որպես ռեժիսոր և նկարիչ: 1921-1922 թթ. սովորել է պետական ռեժիսորական բարձրագույն արվեստանոցներում, ապա բեմադրել <<Իմաստունը>>: Կինոյով զբաղվում է 1924 թ.-ից և պետական առաջին կինոֆաբրիկայում <<Պրոլետկուլտ>> թատրոնի կոլեկտիվի մասնակցությամբ նկարահանում <<Գործադուլը>> (1925 թ.), որը <<Պրավդան>> համարեց <<պրոլետարական առաջին ճշմարտացի ֆիլմը>>:

Քսանյոթ տարեկան էր, երբ բեմադրեց համաշխարհային կինոարվեստի գոհարներից մեկը` <<Պոտյոմկին զրահանավը>> (1925 թ.), որը 1958 թ. Բրյուսելի համաշխարհային կինոփառատոնում դասվեց <<բոլոր ժամանակների տասներկու լավագույն ֆիլմերի շարքը>>: Հիրավի եզակի կենսագրություն ունի <<Պոտյոմկին զրահանավը>>: Կինոնկարն արդեն 20-ական թվականների վերջերին սկսել էր իր հաղթարշավը աշխարհի էկրաններում: Ավելի քան հինգ տասնամյակների ընթացքում բազմապատկվել է, հակառակ ամեն տեսակ քամիների, սովետական կինոարվեստի նավախումբը <<բաց ծով>> դուրս բերած <<Պոտյոմկին զրահանավի>> համաշխարհային փառքը, որը Անրի Բարբյուսի խոսքերով ասած. <<կարող էր ստեղծվել միայն Սովետական Ռուսաստանում, ազատագրված աշխատանքի երկրում>>:

1975 թ. աշնանը Փարիզի սպորտի պալատում տեղի ունեցավ <<Պոտյոմկին>> զրահանավի արտասովոր սխրանքը>> ներկայացման պրեմիերան, որը բեմադրել էր ֆրանսիացի նշանավոր դերասան և ռեժիսոր Ռոբերտ Հոսսեյնը: Այդ աշխատանքում նրան ոգեշնչել է սովետական կինոժապավենը: 1976 թ.` կինոնկարի էկրան բարձրանալու 50-ամյակին <<Մոսֆիլմի>> կինեմատոգրաֆիստները Սերգեյ Յուտկևիչի գլխավորությամբ վերականգնեցին կինոնկարի նախնական տարբերակը: Նրանք հետազոտական մեծ աշխատանք կատարեցին կինոնկարի մեջ մտցնելով կեսդարյա էկրանային կյանքի ընթացքում կորած կադրերը: Հնչյունային նոր տարբերակի մեջ օգտագործված է Դ. Շոստակովիչի երաժշտությունը, մասնավորապես հատվածներ նրա <<1905 թվական>> 11-րդ սիմֆոնիայից:

Գյուղի կոլեկտիվացման շրջանի մասին է պատմում. <<Հինը և նորը>> (1929 թ.) կինոնկարը: 1929 -ից մինչև 1932 թ. նա ռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի և Օպերատոր Էդուարդ Տիսսեի հետ շրջագայում է Արևմտյան Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Չնայած Մեքսիկայում նրա նկարահանած <<Կեցցե Մեքսիկան>> (1931 — 1932 թթ.) կինոէպոպեան մնաց անավարտ, և շուրջ հիսուն տարի պահվում էր Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում,սակայն, երկարատև բանակցություններից հետո նկարահանված նյութը վերադարձվեց ՍՍՀՄ պետֆիլմաֆոնդ: <<Մոսֆիլմ>> կինոստուդիայում Գրիգորի Ալեքսանդրովի ղեկավարությամբ ավարտվեց ֆիլմի վերականգնման աշխատանքը: 1979 թ. Մոսկովյան 11-րդ փառատոնում <<Կեցցե Մեքսիկան>> ֆիլմին շնորհվեց Ոսկե մրցանակ` համաշխարհային կինոյի զարգացման գործում նրա անանց նշանակության համար:

1938 թ. Էյզենշտեյնի անզուգական տաղանդը կրկին հավաստվեց, այս անգամ <<Ալեքսանդր Նևսկի>> կինոնկարով: Նրա վերջին ֆիլմը համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներից մեկը`<<Իվան Ահեղն>> է (1944 — 1945 թթ.), որի երկրորդ սերիան` <<Բոյարական դավադրությունը>> էկրան բարձրացավ 1958 թ.` հեղինակի մահից տասը տարի անց:

1977 թ. կինոնկարը ցուցադրվեց ամերիկյան հեռուստատեսությամբ և արժանացավ մամուլի բարձր գնահատականին: <<Նյու Յորք թայմս>> թերթը այն անվանեց <<Մեծ կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի դասական ստեղծագործությունը>>:

1978 թ. ականավոր կինոռեժիսորի 80-ամյակը նշվեց աշխարհի շատ երկրներում, կինոթատրոններում, հեռուստատեսությամբ, նրա կյանքի ու ստեղծագործության մասին կինոփաստաթղթերի ցուցադրմամբ, մամուլում մշակույթի հայտնի գործիչների բազմաթիվ ելույթներով: Գերմանացի հայտնի կինոքննադատ Յ. Ռայխովը գրեց. <<Հանդիսականի չթուլացող հետաքրքրությունը Էյզենշտեյնի ֆիլմերի նկատմամբ վկայում է, որ կինոարվեստի ստեղծագործություններն էլ կարող են կտավի կամ սիմֆոնիայի նման ապրել համաշխարհային գլուխգործոցների տևական կյանքով>>: Իսկ <<Նոյես Դոյչլանդ>> թերթը գրեց. <<Էյզենշտեյնի գործերը արդիական են, որովհետև նա հեղափոխության հուրը առաջիններից մեկը բերեց կինոարվեստ>>:

Այստեղ տեղին է մեջբերել Էյզենշտեյնի հետևյալ խոսքերը. <<Ես պետք է խոստովանեմ, որ կինեմատոգրաֆից պահանջում եմ թե գաղափարական ուղղվածություն և թե որոշակի միտում: Իմ կարծիքով, առանց որոշակի պատկերացնելու, թե ինչի համար ես անում, չի կարելի սկսել ֆիլմի ստեղծման աշխատանքները: Չի կարելի ոչինչ ստեղծել, չիմանալով,թե հանդիսատեսի որ զգացմունքները և կրքերն ես ուզում <<չարաշահել>>: Խնդրում եմ ներել այսպիսի արտահայտության համար: Այն <<գեղեցիկ>> չէ, բայց շատ դիպուկ է: Մենք ազդում ենք հանդիսատեսի զգացմունքների, կրքերի վրա, բայց դրանց համար նաև փականներ պետք է ունենանք, շանթարգել, իսկ այդ շանթարգելը հենց տենդենցն է, միտումը>>:

1979 թ. Փարիզում կազմակերպվեց Էյզենշտեյնի նկարչական գործերի ցուցահանդես, որն ընդգրկում էր 30 տարվա ընթացքում (1918-1948) ստեղծված 150 ստեղծագործություններ` գծանկարներ, դեկորացիաների էսքիզներ, ճամփորդական ճեպանկարներ:

Սերգեյ Էյզենշտեյնը մահացավ 1948 թ. փետրվարի 11-ին:

%d bloggers like this: