Category Archives: Մուլտիպլիկացիա

Հայկական անիմացիոն կինոյի ստեղծումը


Հայկական անիմացիոն կինոն մեր կինոարվեստի ուշագրավ էջերից է: Այն ծնվել ու զարգացել է որպես մեծ կինոյի օրգանական շարունակություն` իր հետ բերելով կինոմտածողության նոր տարատեսակ:

Հայ կինոն արդեն ուներ մեկ տասնամյակի պատմություն, երբ քայլեր արվեցին մուլտիպլիկացիոն կինոն Հայաստանում հիմանդրելու ու զարգացնելու ուղղությամբ: Այդ նպատակով դեռևս 1934 թ. Հայկինոյի տարածքում կառուցվեց առանձին արտադրամաս: Մասնագետ կադրերի բացը լրացվեց դրսից հրավիրված ուժերի հաշվին: Այդ տարիներին Մոսկվայում բավականին մեծ ճանաչում ու հեղինակություն ուներ խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկը` հայազգի կինոռեժիսոր Լև Ատամանովը (Լևոն Ատամանյան), որն էլ հրավիրվեց Երևան: Հենց նա էլ, համաձայն 1936թ. հունիսի 10-ի պայմանագրի, ձեռնարկեց մուլտարտադրամասի կազմակերպումը` սկսելով փաստորեն զրոյական կետից (անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում, նկարիչ-մուլտիպլիկատորների ուսուցում-նախապատրաստում և այլն): Կազմակերպական խնդիրների դասի մեջ էր նաև թեմայի ընտրությունը. անվիճելի էր, որ այն պետք է լիներ հայ մանուկների ու պատանիների շրջանում լայն ճանաչում գտած ստեղծագործություն և միանգամայն բնական էր, որ ընտրությունը պիտի կանգներ Հովհաննես Թումանյանի <<Շունն ու կատուն>> ստեղծագործության վրա: Լև Ատամանովի հետ 1937 թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագիրը վկայում էր, որ այն պետք է լիներ մեկ մասանոց սև-սպիտակ ֆիլմ և հանձնվեր ոչ ուշ, քան հաջորդ տարվա ապրիլի 15-ը:

Շունն ու կատուն (1938 թ.)

———————————————-

Հայկական առաջին մոլտիպլիկացիոն կինոնկարի վրա աշխատելու համար Լև Ատամանովը Մոսկվայից հրավիրեց ճանաչված սցենարիստ Ալեքսանդր Պտուշկոյին, ում համահեղինակությամբ գրվեց ապագա ֆիլմի սցենարը: Հրավիրվածների մեջ էր նաև նկարիչ-մուլտիպլիկատոր Վլադիմիր Սուտեևը, նրա կազմած էսքիզները լայն քննարկման դրվեցին <<Պիոներ կանչ>> և <<Պիոներ ղեկ>> պարբերականներում:

Հայկական մուլտկինոյում <<Շունն ու կատուն>> նշանակալի էր նրանով, որ դարձավ կադրերի իսկական դարբնոց: Բավական է նշել, որ ֆիլմի ստեղծման աշխատանքների մեջ ներգրավված էին 25 երիտասարդ հայ նկարիչներ, որոնցից շատերը ձեռք բերեցին մուլտիպլիկատորի որակավորում և հետագայում շարունակեցին իրենց աշխատանքը այդ բնագավառւմ:

Ահա այսպես հիմնադրվեց հայկական անիմացիոն կինոն:

<<Շունն ու կատվին>> հաջորդեցին ռեժիսորի երկու նոր գործերը` <<Տերտերն ու այծը>> (1939 թ.) և <<Կախարդական գորգը>> (1949 թ.): 1949 թ.-ին Լև Ատամանովն անսպասելի մեկնում է Մոսկվա, և Հայաստանում դադարում է մուլտֆիլմերի արտադրությունը: Դրանից հետո գրեթե 2 տասնամյակ պահանջվեց, որպեսզի վերածնվի հայկական անիմացիոն կինոն և այստեղ անուրանալի են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Լաերտ Վաղարշյանի և նկարիչ բեմադրող Վալենտին Պոդպոմոգովի գործադրած ջանքերը: Հանգամանքների միանգամայն օրինաչափ զուգադիպմամբ այս անգամ ևս նոր ֆիլմի գրական հենք դարձավ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը` <<Մի կաթիլ մեղրը>>: Ֆիլմը նախկին Խորհրդային Միության մասշտաբով գտավ մեծ արձագանք ու ճանաչում:

1969 — 1974 թթ. <<Հայֆիլմի>> բեմադրող նկարիչներ Ռաֆայել Բաբայանն ու Ստեփան Անդրանիկյանը Վ. Պոդպոմոգովի գլխավորությամբ ամեն ինչ արեցին հայկական անիմացիոն կինոյի վերածննդի ու կայացման համար: Հայկական մուլտերի մասին արդեն բարձրաձայնում էին այդ բնագավառի այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են հանրաճանաչ մուլտիպլիկատորներ Իվան Իվանով-Վանոն, Ֆեոդոր Խիտրուկը, Բորիս Ստեպանցևը, Յուրի Նորշտեյնը, կինոգետներ Անատոլի Վոլկովը, Սերգեյ Ասենինը, Ալեքսեյ Օռլովը և ուրիշներ: Հայկական անիմացիոն կինոն արդեն դուրս էր գալիս միջազգային ասպարեզ, արժանանում մրցանակների:

Անցած դարի 70-80-ական թթ. հայկական մուլտիպլիկացիոն կինոն մտել էր կայուն զարգացման փուլ: Արդեն միջազգային մակարդակով էր խոսվում նրա մասին, որպես խորհրդային կինեմատոգրաֆի ուշագրավ ու ինքնատիպ էջ: Ռոբերտ Սահակյանցի գլխավորությամբ կյանք էր մտել երիտասարդ մուլտիպլիկատորների մի սերունդ, որը ստեղծագործորեն յուրացնելով նախորդների նվաճումները, բերում էր իր վառ անհատականությունը, ինքնատիպ մտածողությունը ծառայեցնում հայկական անիմացիոն կինոյին, պայմանավորում նրա որակական զարգացման նոր փուլը: 

Ռոբերտ Սահակյանց

——————————————————

Հայկական անիմացիոն կինոն շահեկանորեն առանձնանում էր իր ոճական բազմերանգությամբ, արտահայտչաձևերի բազմազանությամբ, կարճ խոսքի ու տարածքի մեջ ասելիքի դիպուկությամբ, պատկերային գունագեղությամբ: Ըստ այդմ զգալիորեն փոխվեցին կինոնկարների դրամատուրգիական կառուցվածքը, նկարչական ոճն ու ձևերը, ռիթմը, մոնտաժը, կերպարները, այն միջավայրը, որում գործում էին հերոսները:

1970-ական թթ. Հայաստանում սկիզբ առավ տիկնիկային (ծավալային) մուլտֆիլմերի արտադրությունը: Նման առաջին ֆիլմը ռեժիսոր Արմեն Միրաքյանի <<Սխալ արտահայտությունն>> էր (1973 թ.): Հետագայում անիմացիոն կինոնկարի այս տեսակում նկատելի հաջողություններ արձանագրեց ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանը: Այսօր նա ստեղծագործում է գծանկարային ֆիլմերի բնագավառում:

Հայաստանի անկախացման առաջին տարիներին հայկական կինեմատոգրաֆը որոշակի նահանջ ապրեց: Պատճառները թե օբյեկտիվ էին և թե սուբյեկտիվ: Երկրում առկա տնտեսական ճգնաժամի, ֆինանսների բացակայության պատճառով նկատելիորեն կրճատվեց ֆիլմարտադրությունը, կինոստուդիայի սեփականաշնորհման` շրջանառության մեջ դրված գաղափարը, ճակատագրի անորոշությունը ոչնչով չէր խոսում հօգուտ կինոյի: Ի դեպ, նույնն էր վիճակը նաև նախկին Խորհրդային Միությունը կազմած երկրների կինոստուդիաներում: Եվ, այսուհանդերձ, հայկական կինոն շարունակում էր գոյատևել: 1990-ականները ակտիվ որոնումների շրջան էին հայկական կինոյի կյանքում: Ստուդիան կապեր էր փնտրում մեծ աշխարհի հետ, ջանքերի արդյունքում երևան էին գալու առաջին համատեղ ֆիլմերը, այդ թվում` նաև անիմացիոն:

Նոր հազարամյակը հայկական կինոն, նրա կազմում նաև` անիմացիոնը, սկսել է քիչ թե շատ հաջող մեկնարկով: Ընդլայնվող ֆինանսական հնարավորությունները, արտասահմանյան երկրների ու կինոստուդիաների հետ համագործակցությունը հնարավորություն են տալիս ծրագրերում լինել ավելի հեռագնա: Մասնավորապես, այսօր հայկական անիմացիոն կինոյում, ի դեմս Ռոբերտ Սահակյանցի (Ռոբերտ Սահակյանցը մահացել է 2009 թ., իսկ այս գիրքը, որից տեղադրվել է այս նյութը, հրատարակվել է 2008թ.) և, հընթացս այլ կինոնկարների, ստեղծվում է մի ֆիլմաշար, որի ուսուցողական, դաստիարակչական դերն անգնահատելի է: Արդեն իսկ շարքի առաջին ֆիլմերը (<<Տիգրանակերտ>>, <<Բաղեշ>>, <<Սասուն>>) վկայում են, որ դրանք հավակնում են դառնալ մեր պատմությունը ներկայացնող նորագույն ձեռնարկներ, աճող սերնդին դաստիարակել արմատները ճանաչելու իմացությամբ: Խոշոր ծրագիր է իրականացնում կինոռեժիսոր Արման Մանարյանն` ի դեմս ութ մասին բաղկացած <<Սասունցի Դավիթ>> անիմացիոն կինոնկարի, որը հայկական մուլտիպլիկացիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ կինոնկարն է: Ստեղծագործական բուռն կյանքով են ապրում մուլտիպլիկատորներ Գայանե Մարտիրոսյանը, Լյուդմիլա Սահակյանցը, Նաիրա և Յուրի Մուրադյանները, Ստեփան Գալստյանը, Վլադիմիր Մայիլյանը, Ալիսա Քյուրդիանը, ուրիշները: Նրանց հետևից գալիս է շնորհալի սերունդ, և այս ամենը հույս է ներշնչում վստահաբար նայելու հայկական անիմացիոն կինոարվեստի ապագային:

Սույն գրքի հեղինակ, գրող, կինոգետ Սերգեյ Գալստյանը հրատարակել է շուրջ երկու տասնյակ գրքեր, որոնցից մեծ մասը նվիրված է հայկական կինոյին, նրա երախտավորներին: Մինչ այս նա երկու անգամ անդրադարձել է հայկական անիմացիոն կինոյին` <<Հրաշքներ, որ կատարվում են ամեն օր>> (1979)   և <<Երբ շնչավորվում է հեքիաթը>> (2003) գրքերով: Սերգեյ Գալստյանի այս աշխատանքը առավել ամբողջական է թե պատմության ուսումնասիրությամբ, թե իր ընդգրկումով:

%d bloggers like this: