Հենրիկ Մալյան


<<Ստացվում է այնպես, որ իմ ստեղծագործական հիմնական ընթացքը խմորվում է այն ժամանակ, երբ չեմ նկարահանում կամ էլ նպատակ չունեմ: Նկարահանումների ընթացքում ստեղծագործական րոպեների համար քիչ ժամանակ է մնում: Մինչ նկարահանումներն սկսելը սցենարը կարդում եմ բազմաթիվ, նույնիսկ հարյուր, երկու հարյուր անգամ, մինչև որ այն դառնում է մարսված նյութ: Հերոսներին էկրանում տեսնում եմ գործողության մեջ, որոշում ամեն մեկի անելիքը: Դերաբաշխումը կատարելուց հետո կերպարներն այլևս ինձ համար սցենարում գրված անուններ չեն, այլ` որոշակի դերասաններ>>:

Այսպիսին է ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հենրիկ Մալյանի աշխատանքային ոճը:

Հենրիկ Սուրենի Մալյանը ծնվել է 1925 թ. Թելավիում (Վրաստան): Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` պրոֆեսոր Լևոն Քալանթարի ղեկավարությամբ: Դեռևս ուսանելու տարիներին բեմադրում է Օստրովսկու <<Եկամտաբեր պաշտոն>> դիպլոմային աշխատանքը` թատրոնի հետ կապելով իր ձգտումները: Սակայն Մալյանի տարերքը կինոն էր: Որոշ ժամանակ Արտաշատի ու Կիրովականի թատրոններում աշխատելուց հետո, 1954 թ. աշխատում է <<Հայֆիլմում>> որպես ռեժիսորի օգնական և ապա որպես ռեժիսոր մասնակցում է մի քանի ֆիլմերի նկարահանմանը:

<<Նվագախմբի տղաները>> (1960 թ., Հենրիկ Մարգարյանի հետ), <<Ճանապարհ դեպի կրկես>> (1963 թ., Լևոն Իսահակյանի հետ) և <<Կեղծ լրտես>> նովելը <<Մսյե Ժակը և ուրիշները>> կինոալմանախից (1965 թ.) կինոնկարները իրականացնելուց հետո, Մալյանը 1967 թ. բեմադրում է <<Եռանկյունին>> կինոնկարը, որը համարվեց շրջադարձային երևույթ ազգային կինոյում:

Անդրկովկասյան հանրապետությունների ու Ուկրաինայի կինոփառատոնում ֆիլմը արժանացավ <<Պրոմեթևս — 68>> մրցանակին, բարձր գնահատականի արժանացավ նաև Լենինգրադի համամիութենական կինոփառատոնում և մեծ հաջողությամբ ցուցադրվեց ինչպես միութենական, այնպես էլ արտասահմանյան բազմաթիվ էկրաններում: 1975 թ. Հենրիկ Մալյանին և այդ կինոժապավենն ստեղծող մյուս արվեստագետներին շնորհվեց Հայկական ՍՍՀ պետական մրցանակ:

Մալյանի հաջորդ` նուրբ երգիծանքով, բանաստեղծականությամբ ու դրամատիզմով հագեցած <<Մենք ենք, մեր սարերը>> (1970 թ.) ֆիլմը, 1976 թ. Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում անցկացված հեղինակային ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կողմից ճանաչվեց` տարբեր երկրներից ներկայացված 23 գեղարվեստական ֆիլմերից լավագույնը: <<Ունիտա>> թերթը գրեց .<<Ֆիլմը զարմացնում է իր բանաստեղծականությամբ, կենսական ուժով: Սովետական կինեմատոգրաֆը հասել է հսկայական հաջողությունների>>:

1972 թ. Մալյանը նկարահանեց <<Հայրիկը>>, որի մասին <<Պրավդան>> դրվատանքով արտահայտվեց:

1977 թ. ռեժիսորը սցենարի վերածեց և էկրանավորեց Հրաչյա Քոչարի <<Նահապետը>> վիպակը, որի հիմքում մեծ եղեռնից փրկված ռանչպար Նահապետի ճակատագիրն է: 1978 թ. Երևանի 11-րդ համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակը շնորհվեց <<Նահապետ>> ֆիլմին:

<<Լիտերատուրնայա գազետան>> գրեց.

<<Նահապետը հայ գյուղացի է, որի համար 1915 թ. 1.5 մլն որդիներ և դուստրեր կորցրած, ցեղասպանության բոլոր սարսափներն ապրած հարազատ ժողովրդի ողբերգությունը դարձել է անձնական ողբերգություն, նրա ընտանիքի բոլոր անդամներին մորթոտել են և նրանց հետ կտրվել է ապագայի հավատը, կորել հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Հոկտեմբերը, որ հիմնովին փոխեց ժողովուրդների ճակատագրերը, Նահապետի նմաններին բարոյական վերածնունդ բերեց: Կինոնկարը հավատարիմ է հայկական ազգային կինոարվեստի ավանդույթներին (ինչպես այժմ արդեն դասական <<Պեպոն>> ) և միաժամանակ խիստ արդիական>>:

Հունական <<Ռիզոսպաստիս>> թերթում  Դիմիտրիս Դանիկասը գրել է. <<Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հայկական կոտորածը, որ դուրս է մղված կապիտալիստական երկրների հիշողությունից, ֆիլմում արդիականություն է ստանում, հնչում որպես կյանքի ու պայքարի կոչ:

Ունենալով հայ ազգային կինեմատոգրաֆի բոլոր հատկանիշները (սյուժե, լեզու, պատմություն, տեղայնություն, արևելյան կոլորիտ), հայ ռեժիսորի ֆիլմը պատմում է ոչ թե կոտորածի մասին, այլ հանուն նոր կյանքի մարդու պայքարի մասին: Ըստ էության սա ֆիլմ-ընդհանրացում է, կինոնկար, ուր պատկերվում է ավերված երկրի վերականգնումը: Այն կարող էր նույն հաջողությամբ լինել մեկ այլ երկրի պատմություն:

Ռեժիսորի վարպետության մասին է վկայում այն հանգամանքը, որ նա ոչ մի տեղ չի անվանակոչում նրանց, ովքեր կազմակերպել էին կոտորածը (իսկ դրանք թուրքերն էին) և չի վերարտադրում բռնության հրեշավոր տեսարաններ: Դրա փոխարեն, նա այդ ամենը իրականացնում է գեղագիտական բարձր ճաշակով մտահղացված խորհրդանշանների և կինոյի զուսպ ու արժեքավոր հնարանքների միջոցով>>:

Իսկ ֆրանսիացի կինոտեսաբան Օդե Ֆրանսուան նշեց. <<Ողջունենք <<Նահապետը ֆիլմը>>, որն արժանի է այս ժողովրդի պատմությանը>>:

1980 թ. Մալյանը էկրանավորեց <<Կտոր մը երկինք>> ֆիլմը ըստ Վ. Թոթովենցի <<Բաց կապույտ ծաղիկներ>> պատմվածքի: Այս կինոժապավենը ցուցադրվել է Ֆրանսիայում, Լաոսում, ԳՖՀ-ում` սովետական կինոյի օրերին, Վենետիկի, Վիեննայի, Մանիլայի միջազգային կինոփառատոններում, Անգլիայում կայացած <<Կինոփառատոների փառատոնին>>, Լոնդոնում, Վենետիկում տեղի ունեցած հայկական ֆիլմերի օրերին, Նյու Յորքում կազմակերպված ամենամյա ավանդական փառատոնում, ինչպես նաև 1981 թ. Դելիում կայացած 8-րդ միջազգային կինոփառատոնում: <<Տրուդ>> թերթը գրեց. <<Մեր կարծիքով փառատոնին ներկայացված սիրո թեմայով լավագույն կինոնկարը հայ ռեժիսոր Հենրիկ Մալյանի <<Կտոր մը երկինք>> ֆիլմն էր>>:

Ժյուրիի նախագահ Գ. Չուխրայը ասել է. <<Կտոր մը երկինք>> ֆիլմը փառատոնում հնչեց որպես զանգի ղողանջը անապատում>>:

1981 թ. Վիլնյուսի 14-րդ համամիութենական կինոփառատոնում Հենրիկ Մալյանն արժանացավ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար սահմանված մրցանակին: Ինչպես նշվեց մամուլի կենտրոնում <<Կինեմատոգրաֆիստների համար ամենապատվավոր մրցանակը շնորհվեց հայ ռեժիսորին>>: (Տեղին է նշել նաև, որ <<Կտոր մը երկինք>> ֆիլմի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին շնորհվեց երաժշտական լավագույն լուծման համար սահմանված մրցանակը, իսկ Թորիկի դերակատար Աշոտ Ադամյանը համարվեց կինոփառատոնի ամենահմայիչ դերասանը):

<<Կտոր մը երկնքի>> մասին բուլղարացի կինոքննադատ Դիմա Դամովը հետևյալ կերպ է արտահայտվել. <<Իմ կարծիքով, այս ֆիլմը հայկական և ամբողջ սովետական կինոարվեստի մեծ հաջողությունն է, հաջողություն, որն արժանացավ հանդիսականի մեծ մրցանակին: Որովհետև այդ կինոնկարում կա և հումոր և թախիծ և կոչ` մարդու մեջ պահպանելու ամենայն բարին>>: Իսկ հայտնի կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը ասաց. <<Ըստ իս, փառատոնին ներկայացված լավագույն ֆիլմը սովետական կինոյի առաջատար ռեժիսորներից մեկի` Հենրիկ Մալյանի <<Կտոր մը երկինքն էր>>: Դա մի հոյակապ ֆիլմ է, և ես գտնում եմ, որ եթե մեր ֆիլմերը թեկուզև մոտենան այդ կինոնկարի մակարդակին, մեր կինոն դրանից միայն կշահի:

Մալյանի ֆիլմը շատ ազգային է: Իմ կարծիքով միայն ճշմարիտ ազգային արվեստը կարող է համամարդկային դառնալ: Եվ միայն այն դեպքում, երբ արվեստագետը հենվում է իր ժողովրդի արմատների և պատմության վրա կարող է խոսել ցանկացած լեզվով, միայն այդ դեպքում հասկանալի կլինի բոլորին>>:

1982 թ. Մալյանը կենտրոնական հեռուստատեսության պատվերով նկարահանեց <<Մի կաթիլ մեղրը>> ֆիլմը, որն ստեղծվել է կինոդերասանի թատրոն-ստուդիայում բեմադրված Հովհաննես Թումանյանի <<Հեքիաթները>> ներկայացման հիման վրա:

Մալյանը սցենարի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Իսրայելյանի <<Գիքորը>> կինոնկարի (1982 թ.), որը Տալլինում կայացած համամիութենական 15-րդ կինոփառատոնում արժանացավ մանկապատանեկան ֆիլմի համար սահմանված 2-րդ մրցանակին ու դիպլոմին:

Մալյանը ղեկավարել է նաև Երևանի կինոդերասանի թատրոն-ստուդիան:

Հենրիկ Մալյանը հանկարծամահ է եղել 1988 թ. մարտի 14-ին:

Posted on Հուլիսի 18, 2012, in Հայ ռեժիսորներ, Ռեժիսորական արվեստ, Ռեժիսորներ. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: