Հնագույն կառուցվածքները հայկական բարձրավանդակում


Հայկական բարձրավանդակի աշխարհագրական տարածքում վաղնջական ժամանակներից բնակվել են տարբեր ցեղախմբեր` հայերի հեռավոր նախնիները, թողնելով պալեոլիթի (հին քարի դարի), նեոլիթի (նոր քարի դարի), էնեոլիթի (պղնձե քարեդարյան) և բրոնզի ու երկաթի վաղագույն դարաշրջանների բազմաթիվ հուշարձաններ` ոսկրե, քարե ու մետաղե գործիքներ, զենքեր, հնագույն բնակատեղիներ ու կացարաններ, կարասային ու քարարկղային դամբարաններ, մեծակերտ հուշարձանների խմբին պատկանող մենհիրներ (մենաքարեր), կրոմլեխներ ու դոլմեններ, պաշտամունքայի այլևայլ կոթողներ: Գեղարվեստական ստեղծագործության վաղագույն օրինակներ են ժայռապատկերները, մետաղագործական և բրուտագործական իրերը: Թվարկվածները պատկանում են մ.թ.ա. 7-1 հազարամյակների միջև ընկած ժամանակաշրջանին:

Պալեոլիթյան դարաշրջանի մարդը ծածկույթ ունենալու մտահոգությամբ սկզբնապես օգտվել է բնական պատսպարաններից, գլխավորապես քարայրերից, որոնցով այնքան հարուստ է հայկական լեռնաշխարհը: Արթին լեռան ստորոտներին, Հրազդանի կիրճում, Գեղարդաձորում և այլուր կատարված պեղումները ցույց են տվել, որ բնական այդ քարայրերը (երբեմն խիստ դժվարամատչելի տեղերում) ծառայել են որպես վաղագույն կացարաններ, ըստ որում ոչ միայն հեռավոր անցյալում, այլև միջին դարերում (Անի, Սպիտակ, Գեղադիր, Գեղարդաձոր) և նույնիսկ ուշ միջնադարում (Գորիս, Շինուհայր, Խնձորեսկ և այլն):

Ճարտարապետության պատմաբաններից մեկը, խոսելով այդ հեռավոր ժամանակաշրջանի մարդու կացարանների մասին, նշել է. <<Ամեն լեռ մի իշխանություն էր, ամեն ժայռ` մի ամրություն և, ամեն քարայր` մարդկային բնակարան>>:

Մարքսիզմի դասականների բնութագրմամբ այդ դարաշրջանը եղել է <<մարդկային ցեղի մանկությունը: Մարդիկ դեռ գտնվում էին իրենց նախնական բնակավայրերում, արևադարձային և մերձարևադարձային անտառներում: Նրանք ապրում էին, գոնե մասամբ, ծառերի վրա. միայն դրանով կարելի է բացատրել նրանց գոյության պաշտպանելու փաստը խոշոր գիշատիչ կենդանիների մեջ>>:

Բնակարանի անհրաժեշտությունը նախնադարյան համայնական հասարակարգում հանգեցնում է քարի ու փայտի օգտագործմամբ պարզունակ բնակարանների կառուցման, որոնց մնացորդների հաճախ ենք հանդիպում հայկական լեռնաշխարհում: Շինարարական գործունեության հետագա խորացումն իր հերթին հանգեցնում է բնակատեղիների ամբողջական համալիրների ստեղծմանը:

Թ. Թորամանյանը, որը մասնագիտական առումով Հայաստանի նախնադարյան բնակատեղիների առաջին հետազոտողներից է, այսպես է բնութագրում դրանց կառուցման մեջ նկատելի որոշ սկզբունքները. <<Ամրոց կամ բերդ շինելու համար,- գրում է նա,-երևում է, որ մի ընդհանուր կանոն ունեցել են նախնիք տեղի ընտրության և այս ընդհանուր կանոնեն հազվադեպ բացառությամբ շեղվել են: Ամրոցը պետք է շինվեր մի բարձր սարի վրա, որը միևնույն ժամանակ լիներ նաև մի հրաբխային խիտ քարքարուտ: Այս սարը գագաթից շրջապատելուց հետո, գագաթի վրա կշինվեր տոհմապետի բնակարանը և անոր համար պետք եղած առանձին հարկաբաժինները: Սարը, իր դիրքին և հարմարության, գագաթից մինչև ստորոտը, պետք է որ շրջապատված լիներ երեքից մինչև յոթը կարգ պարիսպներով: Տոհմատիրական ամրոցի բարձր սարը հեռվից պետք է շրջապատված լիներ բարձր բլուրներով, որոնց գագաթների վրա ևս շինված էին ամրոցի պարիսպներ…: Իսկ այս մեծ ու փոքր բլուրների ընդգրկած միջավայրը քաղաքատեղին էր, որը նույնպես բարձր էր դաշտերից, անտարակույս, անմատչելիությունն ի նկատի ունենալով>>: Այսպիսով, որպես կանոն, բերդշեները հատակագծային երկմաս կառուցվածք ունեին` բաղկացած բերդից ու բնակավայրից: Բերդը (կամ միջնաբերդը, ամրոցը) կառուցվում էր բնականորեն անառիկ, շրջապատի նկատմամբ իշխող դիրք ունեցող բարձունքին (բլրի կամ քարաժայռի վրա), իսկ բնակավայրը` նրա ստորոտին սփռված համեմատաբար հարթ տարածքում:

Ամրացված այդ բնակավայրերը շրջապատվում էին պարսպապատերով,որոնք առանձին-առանձին իրենց պաշտպանության տակ էին առնում միջնաբերդն ու բնակավայրը, միևնույն ժամանակ ապահովելով դրանց կապը միմյանց հետ:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հնագույն (նեոլիթյան, էնեոլիթյան, բրոնզեդարյան, երկաթեդարյան) բնակատեղիներից հիշատակելի են` Մասիս բլուրի, Խաթունարխի, Թեղուտի, Շրեշ բլուրի, Շենգավիթի, Հառիճի, Այգեվանի, Մոխրաբլուրի, Սևանի ավազանի (Լճաշեն, Կամո. Մարտունի), Շամշադինի, Իջևանի, Արագածի լանջերի (Շամիրամ, Վերին նավեր, Հոռոմ, Սպանդարյան), Լոռիի և բազմաթիվ այլ բնակատեղիներ ու ամրոցներ:

Դրանց լավագույն` նելոիթյան, էնեոլիթյան և վաղբրոնզեդարյան հուշարձաններն իրենց կառուցողական տեխնիկայով առանձնանում են, որպես հում աղբյուսաշար կառուցվածքներ և պահպանվել են իբրև մոխրաբլուր (թեփե) հուշարձաններ` բնորոշ հին արևելյան ճարտարապետությանը: Սկասծ վաղ բրոնզեդարից (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) հանդես են գալիս կիկլոպյան շինությունները,որոնց կառուցման համար օգտագործվել է մարդկային բիրտ ուժ, աշխատատար ջանքեր:

Տեղի բարդ ռելիեֆը թելադրել է առանձին բնակավայրերում բնակարանը կառուցել գետնի մեջ` ամբողջովին կամ կիսաթաղ վիճակում: Սենյակների չափերի մեծության դեպքում նրանց քարե ծածկերը (ինչպես Լճաշենի և Կիրովականի ստորգետնյա դամբարաններում), հենվել են փայտյա սյուներից ու հեծաններից կազմված հիմնակազմիչ համակարգի վրա: Քարակերտ նման բնակարանները հանդիպում են շրջանաձև (Օշական, Աղավնատուն, Լճաշեն), օվալաձև և ուղղանկյուն (Օշական, Զորաքար և այլն) հատակագծերով: Առաջանալով նեոլիթի վերջին շրջանում, դրանք հաջորդ դարաշրջաններում որոշ կատարելագործման են ենթարկվել` սենյակների չափերի ու կազմի, ինչպես և գործադրած շինարվեստի տեսակետից:

Բնակարանի ծավալատարածական ձևերի մասին պարզորոշ գաղափար է տալիս Աստղի բլուրի (Իջևանի շրջան) պեղումների ժամանակ գտնված թրծակավե մանրակերտը: Մ.թ.ա. 6-5-րդ դդ. վերագրվող այդ կերտվածքը (անկախ նրանից բնակելի տուն է, թե պաշտամունքային տաճար) նման է Էտրուրիայում (Միջին Իտալիա) և այլ վայրերում հայտնաբերված և նույն ժամանակով թվագրվող քարից ու թրծակավից պատրաստված մանրակերտներին:

Համեմատական ուսումնասիրության տվյալներով համարյա բնակարանի նմանությամբ են կառուցված Լճաշենի, Կիրովականի, Շամիրամի, Օշականի, Նորաբացի, Արծվաբերդի և այլ վայրերի խոշոր դամբարանախցերը,որոնց ծածկի կառուցման համար որպես հենարան օգտագործվել են փայտե գերանները, իսկ մյուսներում` խոշոր սալաքարերից կառուցված` 2-3 աստիճանով կեղծ թաղերը: Այս երևույթը հետևանք է հին աշխարհում հանդերձյալ կյանքի այնքան տարածված հավատքի, որն առկա է նաև Հայաստանի թվարկված հուշարձաններում:

Կիկլոպյան տեխնիկայով կառուցված ամրոցները, որոնցից հնագույններն են (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) Շենգավիթը, Քաղսին, Գեղարոտը, Այրումը, հետագայում լայնորեն տարածվում են ամբողջ Հայկական բարձրավանդակում: Իրենց շինարարական տեխնիկայով դրանք հանդիսանում են րեբեմն մի քանի մետր լայնությամբ և բարձրությամբ անմշակ քարերից,առանց շաղախի օգտագործման կառույցներ, որոնք իրենց հատակագծային հորինվածքով կրկնում են տեղանքի ձևերը և այդ պատճառով ունեն տարբեր, չկրկնվող հատակագծային լուծումներ: Սակայն վաղ շրջանի որոշ ժամանակահատվածի ամրոցները աշտարակներ և որմնանեցուկներ` որմնահեցեր (կոնտրֆորսեր), չունեն, դրանք կրկին հանդես են գալիս մ.թ.ա. 1-ին հազարամյակից և աչքի են ընկնում իրենց զանգվածեղ պատերի խիստ կտրտված բազմանկյունությամբ:

Նախնադարյան հասարակության զարգացման փուլերում այդ տեխնիկան մնալով նույնը, որոշ կատարելագործման է ենթարկվել:

Թ. Թորամանյանը կիկլոպյան տեխնիկայով կառուցված պատերը տարբերակում է հետևյալ 3 խմբերի.

ա) մեծազանգված քարերից կառուցված պատեր, որոնց քարերի վրա գործիքի հետքեր չկան, լարաձիգ ուղղություն չունեն, ավելի շուտ քարակուտակումներ են, քան կանոնավորությամբ հյուսված պատեր.

բ) պատեր. որոնք նույնպես կառուցված են մեծազանգված քարերից, սակայն ունեն պատահյուսության քիչ թե շատ կատարելագործման հատկանիշներ: Անկանոն ձևի քարերով կատարված շարվածքում առաջացած դատարկությունները լրացվել են մանր քարերով

գ) պատի քարերը համեմատաբար փոքր են. նկատելի է լարաձիգ ուղղությամբ շարելու և մետաղական գործիքներով քարերին ձև տալու ճիգեր: Ձևավոր քարերը օգտագործված են պատերի և մուտքերի անկյուններում, բերջիններիս բարավորներում:

Կիրառելի է եղել կիկլոպյան տեխնիկայով եռաշերտ պատերի կառուցման մի եղանակը, որում դրսի և ներսի շարքերը շարվում էին մեծաչափ անձև քարերով, իսկ միջուկը լիցքավորում հողախառն փոքր քարերով ու խիբարով: Պատերի այսպիսի տարբերակը պետք է դիտել որպես միջնադարում լայն կիրառություն ստացած <<Միդիս>> շարվածքի նախօրինակը: Որմնահյուսության մի այլ տարբերակ է ներկայացնում Զորաքարի տարածքը պարփակող պարսպապատը, որում ուղղաձիգ տեղադրված մեծաչափ քարերը մի ծայրով ագուցված են գետնի մեջ:

Շենգավիթի բնակատեղին, որ գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի (այժմ` Երևանյան լճի) ձախ ափին` երեք կողմերից ձորերով շրջապատված բարձունքի վրա. պեղվել է 1936-1938 և 1958-1980 թվականներին: Այն եղել է էնեոլիթի և վաղ բրոնզի դարաշրջաններին պատկանող, երբեմնի անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող մարդկանց բնակավայր և գոյատևել է շուրջ երկու հազարամյակ (մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներ): Պեղումների շնորհիվ հաջորդաբար բացվել է մշակութային չորս շերտ, ի հայտ է բերվել հնագիտական հարուստ նյութ:

Բնակատեղին ընդգրկում է շուրջ վեց հա տարածք, պարփակված է անմշակ քարերից կառուցված, աշտարակավոր, որմնահեց ելուստներ ունեցող կիկլպոյան պարսպապատով: Պաշտպանական համակարգի մասն է կազմել հյուսիսային կողմից դեպի գետն իջնող ստորգետնյա սալածածկ գաղտնուղին: Բնակավայրի կառուցապատումը անկանոն է` ծուռումուռ նրբանցքներով, մշակութային չորս շերտերին պատկանող կացարաններով ու տնտեսական շինություններով: Հատակագծում կլոր և ուղղանկյուն շինությունները (առաջինները` կամարապատ, երկրորդները` տափակ տանիքներով) միակցված են: Այդ շինությունների ստորին շարքերը շարված են գետաքարերով, իսկ վերևինները` հում աղյուսով, ներսից ու դրսից ծեփված կավաշաղախի բարակ շերտով: Կացարանները տեղաբաշխված են կենտրոնական, կլոր հատակագծով (հավանաբար պաշտամունքային նշանակություն ունեցող) շենքի շուրջը: Հայտնաբերված բազմապիսի հնագիտական նյութերի մեջ ուշագրավ են թրծված կավից պատրաստված կլորաձև անշարժ և շարժական օջախները:

Լճաշենի (նախկին Օրդաքլու, Սևանի շրջան) բերդ-շենը,որը գտնվում է գյուղից 3 կմ դեպի հարավ, նախապես հիմնադրվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին, որպես բնակավայր, ապա 3-րդ հազարամյակի երկրորդ քառորդում վերածվել է բերդշենի: Այն բաղկացած է բնակատեղիից ու ամրոցից, առաջինը` շուրջ 35 հա, երկրորդը` 1 հա տարածքով:

Բնակավայրն ու ամրոցը շրջապատված են եղել 3-4 մ հաստություն ունեցող պարսպապատերով, որոնց ընդհանուր երկարությունը շուրջ 5 կմ է (առանձին հատվածներում պահպանվել են մինչև 7 մետր բարձրությամբ): Դրանք կառուցված են խոշորաչափ (տեղ-տեղ 3 մետր խորանարդ մեծությամբ) բազալտե անմշակ քարերով: Եռաշերտ պարսպապատի միջուկը կազմում է փոքր քարերով ու խճով կատարված լիցքը:

Ձորակներով ու քարափներով շրջապատված ամրոցի ձվաձև տարածքը, ունենալով 50-100 մ բարձրություն, իր դիրքով իշխում է տեղանքի վրա, ունի բնական անառիկություն, որպիսին լրացվել է եռաշերտ պարիսպներով: Պաշտպանական այդ հուսալի համակարգի մասն է կազմել գաղտնուղին, որի մուտքը նկատելի է պարիսպների հյուսիս-արևելյան անկյան մոտ: Ամրոցն ունեցել է չորս մուտք. դրանցից արևմտյանը (հետագայում շարված-փակված) ունի 6 մետր լայնություն և ամփոփված է երկու աշտարակների միջև: Նույն ձևով է լուծված հետագայում վերակառուցված հյուսիսային մուտքը: Հարավային և արևելյան մուտքերն ավելի նեղ են: Պարիսպների առանձին հատվածներ լարաշար են (ուղղագիծ), մուտքերն ու աշտարակները կառուցված են կիսամշակ, հարթ կողմերով դեպի դուրսը դրված քարերով: Վերակառուցումների հետևանքով ամրոցը մի տեսակ լաբիրինթոսի է վերածվել ու դժվար է գաղափար կազմել նրա ներքին բաժանումների մասին:

Ընդարձակ բնակատեղիում ավերակ դրությամբ պահպանվել են շատ բնակարաններ, որոնց մինչև 1.5 հաստությամբ պատերը նույնպես կառուցված են կիկլոպյան տեխնիկայով: Բնակարաններն ընդարձակ են, երբեմն միջնորմներով բաժանված 2-4 մասերի: Դրանցում գտնվել են պատերի մեջ տեղավորված ծխնելույզներով օջախներ, կրակարաններ (փայտածուխի ու կիսահալ երկաթի մնացորդներով), լողարան (հատակի տակով անցնող ջրատարով), կավամաններ ու կենցաղային բազմապիսի իրեր, որոնք վերաբերում են բերդշենի երկարատև կյանքի տարբեր ժամանակաշրջաններին:

Բերդշենի բրոնզեդարյան ժամանակաշրջանի դամբարանադաշտը սփռված է գյուղից հարավ-արևելք, 3 կմ հեռավորությամբ: 800 մետր երկարություն, 100 մետր լայնություն և շուրջը 800 դամբարան պարունակող ու հիմնականում դամբարանաբլուրներից, կրոմլեխներից ու քարարկղային գերեզմաններից բաղկացած այդ դամբարանադաշտը խոշորագուններից է ամբողջ Հայաստանում և նախկին ԽՍՀՄ-ում: Դրանցից 200-250 մետր հեռավորությամբ դեպի հարավ-արևելք և արևելք, գյուղին կից կան նույն ժամանակաշրջանին պատկանող երկու այլ դամբարանադաշտեր:

Դրանցում և Սևանա լճի ջրերից ազատված տարածքի վրա Հ. Մնացականյանի ղեկավարությամբ 1956-1973 թթ. կատարված պեղումները հնագիտական բացառիկ արշեքավոր նյութերով հարստացրին հայկական բարձրավանդակի բրոնզեդարյան ժամանակաշրջանի նյութական մշակույթի պատմությունը: Դամբարաններում հայտնաբերվածներից առանձին հետաքրքրություն են ներկայացնում շուրջ 20 դիասայլերն ու ճաղավոր անիվներով մարտակառքերը, բազմապիսի բրոնզե առարկաները (տարբեր տեսակի զենքեր, արձանիկներ, ամանեղեն և այլն): Պեղումներով ձեռք բերված նյութերը լույս են սփռում նաև բնակավայրերի կառուցապատման և դամբարանների կառուցման հարցերի վրա: Դամբարանադաշտին հարակից բնակավայրում, ուղղագիծ փողոցների երկու կողմերում, կառուցված են հատակագծում ուղղանկյուն և շրջանաձև կացարաններ` ճյուղերից հոյսւված միջնորմերով: Գետնի մեջ թաղված դամբարանների պատերը կառուցված են կողք-կողքի ուղղաձիգ, գետնին ագուցված մեծաչափ անմշակ սալերով, որոնցով նրանք ծածկվել են` հենվելով փայտյա կանգնակներից ու մարդակներից բաղկացած կոնստրուկտիվ համակարգի վրա: Դամբարանների մի խումբ ծածկված է նույն չափսի սալերով, առանց հենակների, կեղծ կամարի ձևով: Հիրավի, Լճաշենի կիկլոպյան հուշարձանների բազմաբովանդակ համալիրը ներկայանում է իր ժամանակաշրջանի նյութական մշակույթի շատ կողմերով` այդ թվում բերդաշինության և կառուցողական արվեստի:

Հոռոմի (Արթիկի շրջան) նախնադարյան ընդարձակ (շուրջ 4 կմ քառակուսի)  բնակավայրը գտնվում է Հոռոմ և Վարդաքար (նախկին Թումարտաշ) գյուղերի միջև ընկած մի բլրաշատ տարածքի վրա: Հնավայրի հետազոտողները այն քաղաք կամ բերդաքաղաք են համարել: Իրականում դա մեծ տարածք ընդգրկող, իր կազմում մի քանի ամրոցներ ունեցող, կիկլոպյան կառուցվածքներով հարուստ չափազանց ինքնատիպ բերդշեն է, որտեղից հայտնաբերված հնագիտական նյութերը թվագրվում են մ.թ.ա. 3-րդ հզ.-12-11 թթ.:

<<Հոռոմի նախնադարյան ավերակ քաղաքը,- գրում է Թ. Թորամանյանը,-թերևս միակն է, որ իր մեջ հնագույն քաղաքակրթության ամեն մի նմուշ պահելե զատ, քաղաքատեղը տակավին այնպիսի վիճակի մեջ է, որի հատակագիծը կարելի է հանել աննշան վրիպումներով: Այսօր էլ դեռ պարզ են լայն ու նեղ փողոցները, հրապարակները, մեծ ու փոքր շենքերը, մանավանդ հասարակաց բնակությունից հատուկ տների բաժանումները իրենց մի քանի հարամասունքներով>>:

Մանթաշի և Բալըխլիի գետակների ձորակներով սահմանափակված, բարդ ռելիեֆով քարաշատ այս տարածքը մեծագույն աշխատատարությամբ է վերածվել ամրացված բնակավայրի, օժտվել պաշտպանական կառուցվածքների չափազանց բարդ ու խառնիճաղանջ համակարգով, որն ընդգրկում է ամբողջ բնակավայրը, ներառյալ բլուրների գագաթներին տեղադրված ամրոցները:

Բերդշենի տարածքում գտնվող բազմաթիվ մեծ և փոքր բլուրների (կոնդերի) գլխավոր շարքը շուրջ 2 կմ երկարությամբ ձգվում է հյուսիսից հարավ: Հյուսիսային վերջավորության մոտ բլուրներից երեքը լինելով համեմատաբար բարձր (30, 50 և 70 մ), իշխող դիրք ունեն շրջապատի հարթավայրի նկատմամբ, ու դատելով գագաթներին պահպանված կառուցվածքների մնացորդներից, միջնաբերդի դեր են կատարել:

Հիշյալ երեք բլուրները շրջապատված են կիկլոպյան տեխնիկայով կառուցված կրկնակի պարիսպներով, որոնք տեղ-տեղ պահպանվել են 2 մ բարձրությամբ, 1 ն-ից ավելի հաստությամբ: Առավել խոշոր քարերն ունեն 1-2 մ երկարություն, 1 մ-ի չափ բարձրություն: Գագաթների ուսումնասիրությունը բերել է այն եզրակացության, որ նախապես դրանք կտրվել-հարթվել են, քարերն օգտագործելով այդտեղի շենքերի ու պարիսպների կառուցման համար: Եթե նկատի ունենանք, որ այդ հարթակներն ունեն 50×100, 100×200 մ չափեր, ապա պարզ կլինի, թե որքան աշխատատար է եղել դրանց ստեղծումը:ստ մոտավոր հաշվումների, Հոռոմի պաշտպանական պարսպապատերի ընդհանուր երկարությունը կազմել է 7 կմ:

Բնակավայրի ողջ տարածքը պատած է հյուսիսից-հարավ ու արևելքից-արևմուտք ձգված գլխավոր և երկրորդական փողոցների ցանցով: Բեկբեկուն այդ փողոցների երկու կողմերը կառուցապատված են քառանկյունի (6×7 մ չափերի) բնակարաններով (մեկ, երբեմն երկու բաժանումներով), իրականացված մեծաչափ անմշակ որձաքարերով: Բնակավայրում ուշագրավ է կարմիր գույնի տուֆաքարով սալահատակված հրապարակը: Ակներև է, որ մեծ չափերի (0.5 x 1 x 2 մ) այդ քարերը բերված են նույն շրջանի այլ քարհանքերից: Կարելի է ենթադրել, որ բնակավայրում հրապարակը պաշտամունքային կենտրոնի նշանակություն է ունեցել:

Բերդշենի տարածքում և շրջապատում կան կրոմլեխներ, քարարկղային դամբարաններ, որոնց պեղումներով հայտնաբերված նյութերը (երկաթե գեղարդներ, դաշույններ, դանակներ, բրոնզե ապարանջաններ և այլն) թույլ են տվել դրանք թվագրել մ. թ. ա. 9-8-րդ դդ. :

Ծաղկահովտի (Հաջի-Խալիլի, Արագածի շրջան) բնակատեղին, ունենալով որոշ ընդհանրություններ Հոռոմի հետ, միևնույն ժամանակ իր հատակագծային հորինվածքով ու պաշտպանական կառուցվածքների համակարգով ունի էական առանձնահատկություն: Կիկլոպյան տեխնիկայով կառուցված այս բերդշենի կազմում բացի բարձր բլրի վրա տեղադրված ամրոցից և այդ բլրալանջերին սփռված բնակավայրի տներից ու փողոցներից, եղել են նաև մի քանի ամրոցիկներ` անպարիսպ բնակավայրը շրջապատող բլրակների վրա: Բնակավայրում ապրողներն անհրաժեշտության դեպքում կարող էին պատսպարվել մեծ և փոքր ամրոցներում:

Ծաղկահովտի բերդշենը ինքնատիպ է նաև պաշտպանական կառուցվածքների համակարգով: Ամրոցի մեծազանգված կոնաձև բլուրը ներքևից վերև շրջապատված է օղակաձև հինգ շարք պարսպապատերով, որոնք հատվում են բլրի գագաթից մինչև ստորոտներն իջնող մեծ թվով շառավղային ուղղություն ունեցող պարսպապատերով: Այդպիսի հնարանքի շնորհիվ բլրի լանջերը համատարած ծածկվել են պարսպապատերի (ավելի ճիշտ կլինի ասել` քարաշեն խոչընդոտների) հատումներում առաջացած քառակուսի մեկուսարանների ցանցով: Դրանց շնորհիվ թշնամու համար խիստ դժվարանում էր նվաճել ամրոցի գագաթը, ուր տեղավորված էր մի քանի բաժանումներ ունեցող և հավանաբար ցեղապետին պատկանող քառակուսի հատակագծով տունը:

Բնակավայրից մեծ ամրոց կարելի էր բարձրանալ հյուսիսային լանջի կողմում գտնվող երկու դարապսներով, որոնցից առաջինը բացված էր ներքևի, իսկ երկրորդը` վերևի օղակաձև պարսպապատերի մեջ: Բացի դրանցից, մեկ ուրիշ մուտք էլ, հավանաբար գաղտնուղու դեր կատարող, թողնված էր բլրի խիստ զառիթափ հյուսիսային լանջի կողմից: Ամրոցի պաշտպանական այսպիսի համակարգը տիպական է համարվում մյուս բերդշեների ամրոցների համար:

Ծաղկահովտի բերդշենը հետաքրքիր է նաև ջրամատակարարման կազմակերպման տեսակետից: Այստեղ, փոքր ամրոցների մոտ, ստեղծվել է ջրամբար, որը լցվել է աղբյուրների, ձնհալի և անձրևների ջրերով:

Արագած լեռան լանջերին տեղաբաշխված բերդշեները` Գուսանագյուղինը (Կապըլի), Գառնահովտինը (Ադիաման), Լեռնակերտինը (Շիրվանջուղ) և այլն, ունեն ընդհանրություններ Հոռոմի և Ծաղկահովտի բերդշեների հետ, այն տարբերությամբ, որ դրանցից մի քանիսում (օրինակ Գուսանագյուղի) կյանքը հարատևել է հաջորդ ժամանակաշրջաններում, որի հետևանքով նրանց տարածքի վրա առաջացել են միջնադարյան ամրոցներ, որոնց պատերը բարձրացվել են հնագույն կիկլոպյան ամրոցների հիմքերի վրա:

Մեծամորի ամրացված բնակավայրը (Էջմիածնի շրջանի Տարոնիկ (Զեյվա)  գյուղից ոչ հեռու, համանուն գետի ակունքի մոտ), Արարատյան դաշտի հնագույն բնակատեղիներից է: Որպես այդպիսի առաջանալով մ.թ.ա. 4-րդ հազարամյակի կեսին, անընդմեջ բնակեցված է եղել մինչև ուշ միջնադար: Պատկանել է երկրագործությամբ, անասնապահությամբ ու արհեստներով զբաղվող համայնքի, ունեցել պաշտամունքային, աստղագիտական և արտադրական (մետաղաձուլման) նշանակություն:

Սկզբանպես ընդգրկել է 30 հա տարածք, վաղ երկաթի դարաշրջանում վերածվելով քաղաքի, գերաճել է մինչև 80 հա: Գրեթե բոլոր կողմերից շրջապատված է ջրերով (հյուսիս-արևելյան կողմից` Մեծամոր գետով, իսկ արևելյան կողմից պաշտպանվել է արհեստական խրամատ-ջրապատնեշով): Տեղանքի բնական անառիկությունը լրացվել է պաշտպանական կառուցվածքների համակարգով, որը պարբերաբար, բնակավայրի պատմության տարբեր շրջաններում, նորոգվել-ամրացվել է:

Կիկլոպյան տեխնիկայով կառուցված աշտարակավոր պարիսպներով պաշտպանված մեծ բլրի վրայի ամրոցում հիմնականում տեղադրված են եղել իշխանական վերնախավին ու քրմական դասին պատկանող բնակարանները, տաճարային համալիրն ու արտադրական (ձուլարաններ, արհեստանոցներ` մետաղի հարստացման հարմարանքներով) կառույցները: Նախաուրարտական շրջանի Մեծամորի բնակավայրային մասը բաղկացած է եղել բնակելի թաղամասերից:

Մետաղաձուլման խոշոր արտադրության առկայության մասին են վկայում աղյուսակերտ ու գլանաձև ձուլարանները, դրանց մոտ գտնվող ձուլման կաղապարները, խարամի մնացորդները: 1965 թ-ից սկսած Մեծամորի պեղումները ընձեռել են հնագիտական շատ հարուստ նյութեր, այդ թվում նաև Վանի թագավորության և անտիկ շրջաններին պատկանող:

Վանի թագավորության կողմից մ.թ.ա. 8-րդ դարում գրավվելով, Մեծամորը հրդեհվել ու ավերվել է, ապա վերստին վերաշինվել, շարունակելով իր արտադրական նշանակությունը:

Դամբարանադաշտը գտնվում է բնակավայրի միջնաբերդից 0.5 կմ արևելք և հարավ-արևմուտք, զբաղեցնելով շուրջ 50 հա տարածք: Այստեղ պեղված են համայնքի ավագանուն և այլ ներկայացուցիչներին պատկանող քարակերտ հսկայածավալ դամբարաններ` դագաղի համար փայտե պատգարակով, ոսկուց, արծաթից, բրոնզից, անագից և այլ նյութերից պատրաստված իրերով, ջնարակած բազմագույն կավամաններով և այլն, որոնք վկայում են արհեստների բարձր մակարդակի մասին:

Զորաքարի կամ Ղողունդաշի բնակատեղիի (Սիսիանի շրջկենտրոնից 3-4 կմ հյուսիս-արևելք) ավերակները սփռված են հրվանդանաձև մի սարահարթի վրա, որը ոչ մեծ թեքությամբ իջնում է դեպի հյուսիս-արևմտյան կողմը: Մյուս ձորը հրվանդանին սահմանակցում է հարավից: Այսպիսով, Զորաքարի բավականաչափ ընդարձակ տարածքը բնականոն պաշտպանված էր ու բնակավայր ստեղծելու համար նպաստավոր: Միայն սարահարթին սահմանակից արևելյան կողմից կարիք է եղել պաշտպանական պատնեշ ստեղծել, որպիսի իրականացվել է:

Ի տարբերություն վերոհիշյալ հնագույն բնակատեղերի, Զորաքարը համապատասխան բլրի բացակայության պատճառով ամրոց կամ միջնաբերդ չի ունեցել, այսինքն` մեկ մասից բաղկացած բնակատեղիի օրինակ է, թերևս միակը: Շինարվեստի առումով տարբերվում է նաև պաշտպանական համակարգը, որը բեկբեկուն գծով ձգված է հյուսիսից-հարավ (ձորից-ձոր), միջին մասում հատվելով ներսից մի քանի դոլմեն պարունակող կրոմլեխի (28-30 մ) հետ: Պարիսպների դեր կատարող այդ գիծը կառուցված է խիտ կերպով գետնին ցցած մեծաչափ (2 մ և ավելի բարձրությամբ) քարերով, որոնք հաստ կողմով դրված են գետնիւ մեջ, բարակով` ուղղված վեր: Քարերի բարակ մասերում անցքերի առկայությունը վկայում է, որ դրանցով անցկացված պարանների միջոցով այդ քարերը հորիկով քարշ տալով բերվել են այլ վայրերից: Միևնույն ժամանակ հիմք կա եզրակացնելու, որ դրանք բացվել են երկաթե գործիքների օգնությամբ:

<<Քարացած>> այս բնակավայրի (ուր կարելի էր մտնել կրոմլեխի հարավային և հյուսիսային կողմերում գտնվող դարպասներով) տարածքում պահպանվել են կիսով չափ գետնի մեջ թաղված մեծ թվով բնակարաններ: Դրանք բոլորը ուղղանկյուն են, 2.5-3.0 մ լայնությամբ, 3-4 մ խորությամբ և 2 մ-ի չափ բարձրությամբ: Առանձին սենյակների վրա պահպանված մեծաչափ քարերից ստեղծված ծածկերը վկայում են քարանյութով այն իրականացնելու վաղագույն փորձի մասին: Սահմանափակ պեղումները (որոնց արդյունքը տակավին հրատարակված չէ) բերել են այն եզրակացության, որ Զորաքարի բնակավայրը կարող է թվագրվել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբով:

Posted on Հունիսի 22, 2012, in Կերպարվեստ. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: