Մեծ Հայքը և նրա վարչական բաժանումը


Հայաստանը քաղաքակրթված հին աշխարհի բաղկացուցիչ մասերից մեկն էր, և , իբրև այդպիսին, նա հայտնի էր պատմության վաղագույն ժամանակներից: Բուն Հայաստանի մասին իսկական հիշատակություններն սկսվում են Ուրարտական պետության անկումից անմիջապես հետո: Հայաստանի հնագույն շրջանի տերիտորիայի և վարչական բաժանման վերաբերյալ հիշատակություններ են կատարել Հերոդոտը, Քսենոֆոնը, Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Պտղոմեոսը և հայտնի այլ հեղինակներ: Սելևկյան տիրապետության ժամանակներից սկսած (4-2-րդ դար մ.թ.ա.) հայաբնակ բոլոր շրջանները բաժանված էին երեք խոշոր վարչական միավորների` Փոքր Հայք, Ծոփք և Մեծ Հայք, որոնք մ.թ.ա. 2-րդ դարում դարձան առանձին-առանձին անկախ պետություններ: Դրանց մեջ ամենից զորեղը Մեծ Հայքի պետությունն էր, որտեղ մ.թ.ա. 2-րդ դարից մինչև  մ.թ.ա. 5-րդ դարը թագավորում էին նախ Արտաշեսյանները, ապա Արշակունիները:

Արտաշեսյանների օրոք, մանավանդ Արտաշես Առաջինի և Տիգրան Երկորդի թագավորության շրջանում, Մեծ Հայքի տերիտորիան` հարևան հայկական ու մասամբ ոչ հայկական շրջանների, ինչպես նաև Ծոփքի ու Փոքր Հայքի հաշվին ընդարձակվելով, հասավ իր առավելագույն սահմաններին: Նրա սահմանները, որ գրեթե առանց էական փոփոխության մնացին նաև 1-4-րդ դարերում, Տիգրան 2-րդ-ի օրոք հասնում էին արևելքում Կասպից ծով, արևմուտքում` Եփրատ, հյուսիսում` Կուր գետը, իսկ հարավում Կորդվաց լեռների հարավային վերջավորությունները: Նշված սահմանների միջև ամփոփված երկիրը, որը,եթե բացառելու լինենք արևելյան մի քանի շրջաններ, հիմնականում համընկնում է Հայկական լեռնաշխարհի հետ, պատմությանը հայտնի է Մեծ Հայք կամ ուղղակի Հայաստան անունով, անկախ ժամանակի ընթացքում նրա կրած տերիտորիալ ու վարչական-քաղաքական փոփոխություններից:

Մեծ Հայքն իր մեջ լիովին չէր ընդգրկում հայաբնակ բոլոր շրջանները, ինչպես նաև նրա մեջ մտնող որոշ տերիտորիաներ (Փայտակարանը, Պարսկահայքի ու Կորճեքի որոշ մասերը) հայաբնակ չէին: Մեծ Հայքը վարչական առումով Արտաշեսյաների թագավորության շրջանում բաժանվում էր զորավարությունների (վարչատերիտորիալ և զինվորական միավորներ) ու բդեշխությունների, իսկ Արշակունիների օրոք` նախարարությունների ու բդեշխությունների: Հետագայում Սասանյանների, Արաբական խալիֆայության, Բագրատունիների թագավորության, սելջուկների տիրապետության շրջանում և հետագա դարերում երկրի ներքին վարչա-տերիտորիալ բաժանումներն ըստ էության բազմաթիվ անգամ ենթարկվում են փոփոխությունների: Սակայն դարեր շարունակ պատմագիրների ու աշխարհագիրների մոտ գործածության մեջ է մնում Մեծ Հայքի տերիտորիալ այն բաժանումը, որը տրվում է 7-րդ դարի <<Աշխարհացույցում>>: Անանիա Շիրակացին,որին այժմ վերագրում են այդ <<Աշխարհացույց>>-ը, Մեծ Հայքը <<աշխարհների>> (նահանգ, կողմ, տուն) ու գավառների է բաժանել` ելնելով երկրի ներքին վարչական և բնա-աշխարհագրական պայմաններից:

Ըստ <<Աշխարհացույց>>-ի Մեծ Հայքը բաղկացած էր 15 աշխարհներից, որոնք բոլորը միասին ունեին 191 գավառ:Այդ աշխարհները հետևյալներն էին.

1. Տայք (Ճորոխ գետի միջին հոսանքի շրջանում)

2. Բարձր Հայք կամ Կարինի աշխարհ (Արևմտյան Եփրատի վերին ու միջին հոսանքների ավազանում և Ճորոխի վերնագավառում)

3. Ծոփք կամ Չորրորդ Հայք (Արածանիի ստորին և Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքի շրջանում)

4. Աղձնիք (Հայկական Տավրոսի և Արևմտյան Տիգրիսի միջև)

5. Կորճեք (Կորճայք) կամ Կորդվաց <<աշխարհ>> (Արևելյան Տիգրիսի հարավ)

6. Մոկք (Արևելյան Տիգրիսի աջ կողմում)

7. Պարսկահայք (Ուրմիա լճի հյուսիս-արևմտյան և արևմտյան կողմում)

8. Փայտակարան (Կուր և Արաքս գետերի միջև` այժմյան Լեռնային Ղարաբաղն ու Միլլիի տափաստանը միասին վերցրած)

9. Ուտի կամ Ուտիք (Սևանա ու Արեգունի լեռների և Կուրի միջև)

10. Սյունիք (15237 քառ.մ, ուներ 12 գավառ)

11. Գուգարք (Աղստևից մինչև Ճորոխի ավազան)

12. Տուրուբերան կամ Տարոնի երկիր (Արածանիի միջին հոսանքի շրջանում և Արաքսի ծայր վերնագավառում)

13. Վասպուրական (Վանա և Ուրմիա լճերի և Արաքսի ու Հայկական Տավրոսի արևելյան հատվածի միջև)

14. Այրարատ (Իր մեջ ընդգրկում էր Արաքսի միջին հոսանքի ավազանը և Արածանիի վերնագավառը)

15. Արցախ (11528 քառ.մ, ուներ 12 գավառ)

Հայ ժողովրդի պատմության մեջ առանձնապես կարևոր դեր են խաղացել Բարձր Հայքը, Չորրորդ Հայքը, Տուրուբերանը, Վասպուրականը, Սյունիքը, Գուգարքը և, հատկապես Այրարատը: Բարձր Հայքի գավառներից նշանավոր էին` Դարանաղի գավառն իր Անի ամրոցով, Եկեղյաց գավառը` Երիզա ավանով (Երզնկա), Մանանաղի գավառը, որն առանձնապես հայտնի դարձավ Թոնդրակյան շարժման ժամանակ, Կարինը Կարին քաղաքով և Սպեր գավառը Սպեր (այժմ` Իսպիր) գյուղաքաղաքով: Չորրորդ Հայքը հնում հայտնի էր  Ծոփք անունով, 4-րդ դարի երկրորդ կեսից այն կոչվում է Նախարարական Հայաստան, իսկ 6-րդ դարից` Հուստինիանոսի ռեֆորմից հետո, արդեն կոչվեց Չորրորդ Հայք: Այս աշխարհի գավառներից նշանավոր էին Հանձիթը` Խարբերդ քաղաքով և Հռանդեա վայրով, Մեծ Ծոփքը, Անգեղ տուն գավառը` Անգղ ամրոցով և այլն: Տուրուբերան աշխարհի ամենանշանավոր գավառը Տարոնն էր` Աշտիշատ ու Գլակա վանքերով, Ողական ամրոցով, Մուշ գյուղաքաղաքով և նշանավոր Հացեկաց ու Խորնի գյուղերով: Նրա մյուս գավառներից էին Բզնունիքը, Խոռխոռունիքը, Խութը և այլն:

  Վասպուրականը Մեծ Հայքի ամենաբազմագավառ <<աշխարհն >> էր, նրա գավառների թիվը հասնում էր մինչև 37-ի: Հայտնի էին հատկապես Ռշտունիքը` Ոստան գյուղաքաղաքով, Նարեկա վանքով և Աղթամար կղզով, Տոսպը` Վան քաղաքով և Արտամետ գյուղաքաղաքով, Արտազը` Ավարայրի դաշտով և Եղինդ գյուղով, Աղբակը` Արծրունիների Ադամակերտ ոստանով, Նախճավանը` Նախճավան քաղաքով և գուսաններով հայտնի գինեվետ Գողթն գավառը: Սյունիքի նշանավոր գավառներից էին Արևիքը (այժմյան Մեղրու շրջանը), Բաղքը (Ղափանը), Ծղուկը (Սիսիանի և Գորիսի մի մասը), Վայոց Ձորը (Եղեգնաձոր և Ազիզբեկով շրջանները միասին վերցրած) և Գեղարքունիք գավառը (Մարտունի, Կամո և Սևան շրջանները միասին վերցրած):

 Մեծ Հայքի ամենահայտնի <<աշխարհ>>-ը Այրարատն էր, հայ պետականության, կուլտուրական ու տնտեսական կյանքի ամենանշանավոր կենտչոնը: Բավական է ասել, որ հայկական պետականության մայրաքաղաքների մեծագույն մասը գտնվում էր Այրարատում: Այրարատյան <<աշխարհ>>-ի գավառներից հայտնի էին` Բասենը` Վաղարշավան քաղաքով, Արշարունիքը` Երվանդաշատ ու Բագարան քաղաքներով, Երվանդավան դզյակով և Արտագերս ամրոցով, Վանանդը` Կարս բերդով, Շիրակը` Անի բերդով, Արագածոտնը` Արմավիր ու Վաղարշապատ քաղաքներով, Կոտայքը` Երևան գյուղաքաղաքով, Մազազը` Գառնի բերդաքաղաքով, Բագրեվանդը` Վաղարշակերտ գյուղաքաղաքով, Ծաղկոտնը` Շահապիվան վանքով, Կոգովիտը` Բագրատունիների ոստան Դարոյնքով (Բայազետ), Ոստանը` Արտաշատ և Դվին քաղաքներով: Հայ մատենագիրները, հատկապես Ղազար Փարպեցին, մեծ գովեստով են խոսում Այրարատի արգավանդության մասին:

Մեծ Հայքից բացի հայ ժողովուրդը զանգվածներով բնակչության մեծամասնություն է կազմել նաև Փոքր Հայքում, որն սկզբում գրավում էր միայն Իրիս (Եշիլ-իրմակ) գետի և նրա աջակողմյան Գայլ (Կելկիդ) գետերի վերին ու միջին հոսանքների ավազանները, բայց հետագայում, 4-րդ դարից սկսած, երբ այն բաժանվեց Առաջին և Երկրորդ Հայք պրովինցիաների (առաջինը Սեբաստիա, երկրորդը` Մալաթիա կենտրոնով), նրա տերիտորիան զգալի չափով մեծացրին հարևան շրջանների հաշվին: Ավելի ուշ Մեծ Հայքից եկող բնակիչները Փոքր Հայքից բացի բնակություն հաստատեցին նաև նրա հարավային հարևան` նախկին Կապադովկիայի տերիտորիայում, իսկ 10-րդ դարից` Կիլիկիայում, որտեղ 11-րդ դարում նրանք ստեղծեցին իրենց պետականությունը:

Արաբական պետության ժամանակներից սկսած` մեկը մյուսին փոխարինող արտաքին նվաճողները միշտ ցանկացել են աղավաղել, փոխել Հայաստանի աշխարհագրական անունները: Այդ պատճառով էլ մենք Հայաստանում հանդիպում ենք ամենատարբեր օտարածին աշխարհագրական անունների: Սակայն նրա բնակչության հիմնական զանգվածները և աշխարհագրական անունների մեծ մասը, ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը, մնացին հայերն ու հայկական անունները:

Posted on Հոկտեմբերի 10, 2011, in Հայոց պատմություն. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: