Category Archives: Բանաստեղծություններ

Հովհաննես Շիրազ – Ձմեռ քնեի` զարթնեի գարուն

Ձմեռ քնեի` զարթնեի գարուն,

Կես դարս դառնար քսան տարեկան,

Դառնայի պարմանն ամենասիրուն`

Իմ հայոց Արա Գեղեցիկի նման,

Քեզ համար միայն, իմ վերջին գարուն,

Միայն քեզ համար, քեզ համար միայն…

———————————————————————-

Քնար Հայաստանի: Գիրք երրորդ:

<<Հայաստան հրատարակչություն>>

Երևան  1974

Հովհաննես Շիրազ – Փոքրիկ, սևաչվի մի աղջիկ տեսա

                      1.

Փոքրիկ, սևաչվի մի աղջիկ տեսա,

Ասես ճաճանչն էր վաղվա արևի,

Երբ նրան կարմիր մի խնձոր տվի`

Հազիվ թոթովեց իմ անունը նա:

                      2.

Եկ շոյեմ` քանի փոքր ես, իմ ծավի,

Չէ որ չես թողնի, երբ որ մեծանաս,

Չէ որ չես թողնի, երբ արծըվանաս,

Կհանեմ այնժամ աչքն էլ իմ արծվի…

—————————————————————

Քնար Հայաստանի: Գիրք երրորդ:

<<Հայաստան հրատարակչություն>>

Երևան  1974

Հովհաննես Շիրազ – Ցերեկներս քրիստոնյա, գիշերներս հեթանոս

Ինչպես սերը հեթանոս`
Սուրբ է մերը հեթանոս,
Եկ, այս գիշեր ետ բերենք
Գիշերները հեթանոս,
Այնպես, որ մեզ նախանձեն
Աստվածները հեթանոս:
———————————————————-
 

1.

Քեզնով լիքն եմ այս գիշեր, ու թվում է, թե կրկին

Դու իմ զոհն ես այս գիշեր, դու իմ սիրո վանքի գառ,

Ես քո գրկում, այս գիշեր, դրախտ ունեմ իմ գրկին,

Դու ողջ գիշեր ինձ զոհվիր, լույսը բացվի` արևս առ:

2.

Ինչ եմ անում քո, պաղ քույր, կարապավիզ լուսընկան,

Կարապներն էլ երանի կտան մեջքդ գրկողին,

Դու` գրկիս մեջ, ես` քո մեջ, ու թող այսպես հոգիս տամ,

Զույգ թևերս կամրջած բույր մազերիդ հեղեղին:

3.

Գիտեմ ինչու ես նազում` քո գերին եմ այս գիշեր,

Մի ստինքիդ մեջ է դեռ աստվածուհիս Անահիտ,

Մյուսիդ մեջ` Աստղիկն է, որ աչքիդ մեջ մշուշվել`

Ինձ դարձնում են թե´ գերին և թե´ արքան համբույրիդ:

4.

Օ՜, դու իմն ես այս գիշեր, ինչպես շուրթերս անբաժան,

Համբույրներիս արևից մի նվաղիր լուսնորեն, -

Ես ուզում եմ դեռ գրկել ու համբուրել քեզ այնքան,

Ինչքան պիտի մինչև մահ շուրթերս իրար համբուրեն:

5.

Քրիստոնյա ցերեկներն անէանան թող անհետ,

Քո շուրթերում բնակվեն գիշերներս հեթանոս,

Գիշերներս հեթանոս հեթանոսվեն միշտ քեզ հետ,

Սիրո մեջ էլ եկ ցմահ բարբարոսվենք մենք անխոս:

6.

Ուրիշ բան չեմ աղերսում մշտադրուժ իմ բախտից,

Իմ ողջ կյանքը մի հավերժ գիշեր լիներ քո գրկում, -

Ձեռ քաշեի անմարմին, անմարմնախոս դրախտից,-

Հավատայի, որ սիրտդ լոկ ինձ համար է զարկում:

———————————————————-

Քնար Հայաստանի: Գիրք երրորդ:

<<Հայաստան հրատարակչություն>>

Երևան  1974