Հակոբ Կոջոյան (1883-1959թթ.) – Ամբողջական և ծավալուն կենսագրությունը

                          Նախաբան

Հակոբ Կոջոյանի արվեստ: Այդ արվեստը նկարչի կենդանի երևակայության և գեղեցիկի խոր զգացման ծնունդն է: Այդ արվեստում առկա է անկրկնելիության ճշմարիտ ուժը, որի կնիքը միշտ զգացվում է վարպետի ստեղծագործության վրա: Գունանկարը, գրաֆիկան, կիրառական արվեստը, ստեղծագործական որոնումների ողջ բազմազանությամբ հրապուրել են Կոջոյանին անփոփոխ և մշտապես: Նա նկարում էր յուղաներկով և տեմպերայով, ջրաներկով ու գուաշով, տուշով ու մատիտով, նրան հետաքրքրում էին փորագրությունն ու մեցոտինոն:

Հակոբ Կոջոյանի կերպարների աշխարհը կենդանություն է առնում Հայաստանի պետական պատկերասրահում, նկարչի դահլիճում. հրեղեն Քուռկիկ Ջալալիին հեծած սուրացող Սասունցի Դավիթը, կախարդական վրձնով շնչավորված <<Հազարան բլբուլի>> պոեզիան, խստաշունչ ու հին Հայաստան երկրի բնապատկերները` Գեղարդի քարե սիմֆոնիան, ձյունապսակ Արարատ- լեգենդը…

Կոջոյանը քաջատեղյակ էր Արևմտյան Եվրոպայի գեղարվեստական մշակույթին, Արևելքի կյանքին ու արվեստին, ռուս մինչհեղափոխական գեղանկարչությանն ու գրաֆիկային, սակայն նրա ստեղծագործությունը մշտապես պահպանեց վառ արտահայտված ազգային բնույթը: Այդ ստեղծագործությունը սերտորեն կապված է Հայաստանի գեղարվեստական մշակույթի ակունքների ու ավանդույթների հետ և, միաժամանակ, նոր ժամանակների արվեստի պատմության էջեր է բացում:

Հաստոցային և գրքի գրաֆիկայի ասպարեզում վարպետի գեղարվեստական կուլտուրան, նկարազարդողի նուրբ կատարելությունը, նրա աշխատանքը ետհեղափոխական շրջանի հայկական գրքի առաջին հրատարակությունների վրա թույլ են տալիս Կոջոյանին համարել հայ սովետական գրաֆիկայի հիմնադիրը:

Հակոբ Կոջոյանի արվեստը գլխավոր տեղերից մեկն է գրավում Հայաստանի գեղարվեստական տարեգրության մեջ: Թումանյանի, Չարենցի, Սպենդիարյանի և Սարյանի հետ մեկտեղ, Կոջոյանն էլ պատկանում է մեր ժամանակների հայ մշակույթի գործիչների առաջին բույլքին, որ կանգնած էր նրա զարգացման ակունքների մոտ:

              Կյանքը և գործունեությունը

Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883 թ. Ախալցխա քաղաքում, ոսկերչի ընտանիքում: Ապագա նկարչի մանկության տարիներն անցել են Վլադիկավկազում (այժմ` Օրջոնիկիձե): Այստեղ նա ուսանում է քաղաքային վարժարանում և միաժամանակ աշխատում հոր արհեստանոցում` ոսկերչություն, փորագրման և դրվագման արվեստ սովորելով ավագ եղբայրներից: Վլադիկավկազում ապրելու շրջանում Կոջոյանը մտերմանում է ապագա օսեթական նշանավոր գեղանկարիչ Մախարբեկ Տուգանովի հետ: Տուգանովը, որ Կոջոյանից մեծ էր մի քանի տարով, սկսում է պարապել, օգնել նրան գունանկարի տեղնիկայի յուրացման ասպարեզում: Կոջոյանն իր անդրանիկ` <<Ոսկերիչ վարպետներ>> գունանկարչական էտյուդն արել է 1898-ին:

Տասնվեցամյա Հակոբը մեկնում է Մոսկվա և սովորում փորագրիչ Պրուսովի արվեստանոցում: Այնուհետև, Տուգանովի խորհրդով, Կոջոյանը որոշում է գեղարվեստական մասնագիտական կրթություն ստանալ Մյունխենում:

Այդ ժամանակ Մյունխենը, Փարիզի հետ մեկտեղ, Եվրոպայի մշակութային առաջատար կենտրոններից էր: Այդ քաղաքը նկարիչների համար հետաքրքրություն էր ներկայացնում Գլիպտոտեկայի, Հին պինակոտեկայի և գեղարվեստի ակադեմիայի հարուստ հավաքածուների շնորհիվ: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մյունխենում են իրենց ուսումնառությունն անցկացրել Մ. Դոբուժինսկին, Վ. Ֆավորսկին, հայ նկարիչներից` Վ. Սուրենյանցը (80-ական թթ.) և Հ. Հակոբյանը (90-ական թթ.):

Մյունխենում իննսունականների սկզբին Հակոբ Կոջոյանն ընդունվեց նկարիչ Անտոն Աշբեի ստուդիան: Ռուս հայտնի գրաֆիկ Մ. Դոբուժինսկին իր հուշերում թողել է Աշբեի կենդանի ու հետաքրքիր դիմանկարը` դպրոցի նկարագրության հետ մեկտեղ:

<<… Աշբեն համարյա ամեն օր այցելում էր դպրոց: Նա իսկական հեքիաթային թզուկ էր` խոշոր գլխով, ճակատին ընկած գանգուր մազափնջով, խռիվ բեղերով… Մանկավարժ Աշբեն շատ հմուտ էր: Աշբեն սովորեցնում էր լուսաստվերը գլխի գծանկարի վրա տեղաբաշխել գնդի վրա ստվրների և ռեֆլեքսների տեղաբաշխմանը համապատասխան… Ես հիշում եմ դպրոցում աշակերտներից մի քանիսի աշխատանքները, ովքեր նկարում էին միայն ուղիղ գծերով, ապագա կուբիստական գծանկարների նման: <<Աշբեի սիստեմում>> ամենաարժեքավոր ձևի ընդհանրացումն ու պարզեցումն էր, որ ինչպես բոլոր սկսնակների, այնպես էլ ինձ համար իսկապես նոր ու թարմ խոսք էր>>:

Սակայն Աշբեի մեթոդը նաև որոշակի սահմանափակություններ ուներ իր մեջ, որ ժամանակի ընթացքում ի հայտ եկան ինչպես գծանկարի, այնպես էլ գունանկարի համակարգում. վերջինս <<գունագեղ էր ու թանձր>> և, ըստ Դոբուժինսկու <<զուրկ ամենագլխավորից` տոնից… Ես նկատեցի, որ նրանք, ովքեր շատ վաղուց էին պարապում Աշբեի մոտ, նմանվել էին իրար ու ընկել շաբլոնի մեջ>>:

Գերմանիայում ուսանելու տարիները նպաստեցին այն բանին, որ Կոջոյանը ծանոթացավ հին վարպետների գունանկարչությանն ու գեղարվեստական նոր հոսանքներին: Կոջոյանը հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում Դյուրերի ստեղծագործության հանդեպ` ուսումնասիրելով նրա փորագրությունները, ինչպես նաև Հոլբեյնի և Կրանախի նկարչական ժառանգության նկատմամբ:

Շուտով Կոջոյանն ընդունվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիան, որը 1907 թ. ավարտելուց հետո մեկնում է Փարիզ և երկու տարի մնում այնտեղ: Ռուսաստան վերադառնալով, նկարիչն ապրում է Մոսկվայում` հիմնականում զբաղվելով հաստոցային գեղանկարչությամբ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կոջոյանը զորակոչվում է բանակ և հնարավորություն չի ունենում զբաղվելու գեղարվեստական ստեղծագործությամբ:

Կոջոյանի վաղ շրջանի աշխատանքները գրեթե չեն պահպանվել, բացառություն են կազմում <<Նկարիչ Դուբախի դիմանկարը>>, 1907-ի <<Ինքնադիմանկարը>>, նկարչի մորը պատկերող մատիտանկարը, որը արտահայտչորեն հաղորդում է հարազատ մարդու դիմագծերն ու հագուստի մանրամասները:Բայց դրանք ավելի շուտ էտյուդային փորձեր են, որոնք, բնականաբար, պատկերացում չեն տալիս այդ տարիների նրա արվեստի բնույթի մասին: Կոջոյանի ուղին արվեստում իր հետևողական զարգացմամբ ու ամբողջականությամբ ակներև է դառնում սոսկ 1918 թվականից, այն ժամանակվանից, երբ նա գալիս է Հայաստան:

 
 
 Հակոբ Կոջոյան`  <<Ինքնադիմանկար>>
——————————————————————————————–

1918 թ.-ին Կոջոյանը Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբի հետ եղավ Անիում: Հայաստանի միջնադարյան միջնադարյան մայրաքաղաքն իր ավերակներով, անցյալում նշանավոր և այժմ մասնակիորեն պահպանված պալատներով և եկեղեցական շինություններով, որմնանկարային գեղանկարչության բեկոր-նշումներով հափշտակեց նկարչին, բորբոքեց նրա երևակայությունը: Տեղում արված ջրանկար էտյուդներն ու ճեպանկարները հետագայում ընկան <<Անիի ավերակները>> նկարի հիմքում (1919 թ.): Կապույտ ֆոնի վրա դարչնագույն տոներով պատկերված են ամրոցի պարիսպներն ու պալատի ավերակները` ցայտուն եզրագծերով: Խստաշունչ պարզությունն ու էպիկական ուժը հուզական խոր հնչեղություն են հաղորդում այս ոչ մեծածավալ աշխատանքին: Միաժամանակ Կոջոյանի դիմանկարը, որ պատկերման բնույթով  վավերական չէ, պատմական է իր փիլիսոփայական-գեղարվեստական իմաստավորմամբ: Այստեղ տիրապետողը նկարչի խոհերն են ստեղծագործական մեծ ժառանգության շուրջ, պատմական ողբերգություն ապրած հայ ժողովրդի ճակատագրի շուրջ: Հետագա տարիներին թե գունանկարում և թե գրաֆիկայում Կոջոյանը վերստին անդրադարձավ Անիի թեմային: 1925 թ.-ին այս թեմայով արված նկարներից մեկը պահպանվում է Ռուսական թանգարանի հավաքածուում:

20-ական թվականների սկզբին Կոջոյանը մոտ երկու տարի ապրեց Իրանում` Թավրիզում: Նրա հայացքի դեմ հառնում էին Երկնագույն մզկիթի ավերակները, Ալիշահի ամրոցի պարիսպները, երկնի կապույտի մեջ մխրճված մինարեները: Արևելյան քաղաքի կյանքն էր նրա առջև` նեղլիկ փողոցների եռուզեռով, ուր բազմալեզու ամբոխի մեջ հայտնվում էին չադրայով կանայք, հանդիսավոր ճեմող սպիտակ չալմայով մոլլաներ, դերվիշներ, ուր օդը լի էր զրնգուն աղմուկով` գոյացած առևտրականների ծիծաղից, հայհոյանքներից ու կանչերից: Նկարչի տպավորություններն իրենց արտացոլումը գտան <<Փողոց Թավրիզում>> և <<Ճաշարան Թավրիզում>> ժանրային կտավներում: Կոջոյանի ներկայացրած կերպարներից յուրաքանչյուրը սուր զգացված է բնավորությամբ, արտաքին նկարագրով, շարժուձևով: Եվ, միաժամանակ, նկարիչը պատկերվածի մեջ գրոտեսկի տարրեր է ներմուծում, որոնք կտավներին որոշ պայմանականություն են հաղորդում:

 
 
<<Փողոց Թավրիզում>>

——————————————————————————————

Այս շրջանում Կոջոյանն աշխատում էր առավելապես տեմպերայով: <<Ճաշարան Թավրիզում>> նկարում գունային գամման փոքր-ինչ մեղմված է, կառուցված մոխրավուն-կապույտ երանգների զուգորդումով: <<Փողոց Թավրիզում>> կտավում գույնն ավելի գործուն դեր է խաղում. այն կարմրավուն, նարնջագույն հարթությունների հնչեղության մեջ է, կապույտով ու սպիտակով արված մանրամասների մեջ: Գույնն այստեղ առավել շարժուն է իր փոխներգործությամբ, սակայն պահպանում է տեմպերայի տեխնիկային հատուկ` հնչեղության մեղմված բնույթը: Թավրիզյան նկարներում ի հայտ եկավ Կոջոյանի կոմպոզիցիոն վարպետությունը ևս. վերջինս արտահայտվում է միասնական գործողությամբ ի մի բերված` փողոցի տարածության լուծման և մարդկանց շարժումների բնույթի մեջ, ինտերյերի խորքի հաղորդման և զույգ տրամախաչվող առանցքների ծայրերին տեղադրված չորս ֆիգուրներով տեսողական դաշտի կոնֆիգուրացիայի կառուցման մեջ:

 
 
<<Ճաշարան Թավրիզում>>

——————————————————————————————–

Իրանում ապրելու շրջանում Կոջոյանը ստեղծեց նաև մի քանի փոքրածավալ նկարներ` <<Թավրիզի երեխաները>>, <<Պարսկական շուկա>>, <<Պարսկուհի>>, <<Թավրիզի շները>>: Այս բոլոր կտավները կապված են իրար հետ գեղարվեստական ընկալման ընդհանրությամբ` ինչպես կերպարային սկզբունքի, այնպես էլ գունանկարային տարածության մտածողության ձևի իմաստով, ոճի այն ներքին զգացողությամբ, որ բնորոշ է Կոջոյանի այդ տարիների գործերին:

1922 թ., Սովետական Հայաստանի կառավարության հրավերով, նկարիչը վերադարձավ Երևան և սկսեց մասնակցել երիտասարդ հանրապետության մշակույթի կառուցման գործին:

Կոջոյանի քսանական թվականների արվեստն աչքի է ընկնում բացառիկ բազմակողմանիությամբ: Նա շարունակեց զբաղվել հաստոցային գրաֆիկայով, սկսեց աշխատել սովետական առաջին հանդեսների և գրքերի ձևավորման վրա, դիմել, փայտափորագրության տեխնիկային: Բնանկարային ժանրի գունանկարչական կտավների հետ մեկտեղ, Կոջոյանն այդ շրջանում անցավ պատմա-հեղափոխական թեմայի մշակմանը:Պրոֆեսիոնալ բարձր վարպետությամբ են հատկանշվում քսանական թվականներին Կոջոյանի արած գրաֆիկական աշխատանքները: Այդ շրջանի լավագույն և բարդ գործերից է <<Սասունցի Դավիթ>> գրաֆիկական կոմպոզիցիան:

 
 
<<Սասունցի Դավիթ>> գրաֆիկական կոմպոզիցիա
——————————————————————————————-

Հայ ժողովրդական էպոսը Կոջոյանի համար, նրա ողջ ստեղծագործական կյանքում նաց իբրև բանաստեղծական մեծ բովանդակություն ունեցող անգերազանցելի հուշարձան: Էպոսի լեզուն, նրա կերպարային աշխարհը, օտար նվաճողների լծից ազատագրվելու համար ժողովրդի արդարացի պայքարի բուն գաղափարը խորապես հոգեհարազատ էին Կոջոյանին և նկարչական մարմնավորման ասպարեզում անսահման հնարավորություններ էին բացում նրա առջև:

Կոմպոզիցիայի կենտրոնում Սասունցի Դավթի ֆիգուրն է Քուռկիկ Ջալալիի վրա, Թուր-Կեծակին ձեռքին: Շուրջը զետեղված են էպոսի երրորդ ճյուղի թեմաներով նկարազարդումները` գառնարած Դավթի մանկությունը, Կոզբադնին պատժելու տեսարանը, հաշվեհարդարը Մսրա Մելիքի հետ: Թերթի ներքին տարածությունն ամփոփված է մանրանկարային գրաֆիկական պատկերների երկրորդ շարքի մեջ, որ ասես էպոսի ժամանակային ֆոնն են կազմում` Սասնա ամրոցի պարիսպները, Մարութա վանքը, առանձին հերոսների կերպարներն ու դրվագավոր գլխազարդեր: Դրանք արված են պաստոզային մեղմ գամմայով, այնինչ պատկերների հիմնական գոտում արտահայտչորեն ու ցայտուն է ներկայացված յուրաքանչյուր մանրամասը:

Կոջոյանի <<Սասունցի Դավիթն>> աչքի է ընկնում համակարգի գեղարվեստական ամբողջականությամբ: Ակվարելային հստակ ուրվանկարը զուգորդվում է ներքին գծային ռիթմի հետ, որ միավորում է թերթի բոլոր մասերը:

 
 
 
<<Սասունցի Դավիթ>> էսքիզ
——————————————————————————————–

Գծանկարի գեղեցկությունն ու գունային անցումների ներդաշնակությունն իրենց վառ արտահայտությունն են գտել Կոջոյանի մի ուրիշ աժշխատանքում ևս` <<Ախալցխացի կանայք>> գրաֆիկական գործում: Ծաղիկներից, վարդակներից, հեքիաթային պտուղներով ծառի ճյուղերից կազմված գորգ-զարդանկարի ֆոնի վրա պատկերված են ազգային տարազով կանանց ֆիգուրներ: Թերթի գունային գամման կառուցված է մուգ թավ սաղարթի և ճերմակ ժանյակների, կանացի զգեստների դարչնագույն ու վարդագույն տոների մեղմ նրբերանգների համահնչունության վրա: Նկարիչը հատուկ խնամքով է պատկերել հագուստների մանրամասները, ոսկերչական զարդեղենը, մեծ ճաշակով է մշակել ֆոնը, ուր յուրաքանչյուր վարդակ անկրկնելի է իր զարդանախշով:

Կոջոյանի այդ շրջանի <<Հայկական մունետիկ>>, <<Քնած պարսկուհին>>, <<Հայկական ոճավորում>> գրաֆիկական գործերում առկա են հեքիաթայնության տարրեր ինչպես կերպարների և սյուժեների մատուցման, այնպես էլ պատկերային արտահայտման մեջ` զարդադրվագների առատ օգտագործում, մանրամասների նրբին հղկվածություն, գծերի երաժշտական հնչողություն:

<<Հայկական մունետիկ>>

——————————————————————————————–

1925 թ.-ին Կոջոյանը նկարազարդեց Ստեփան Զորյանի <<Հազարան բլբուլ>> հեքիաթը: Ժողովրդական ստեղծագործությունը, հեքիաթի աշխարհը նկարչին հրապուրում էին իրենց պոեզիայով ու իմաստնությամբ, կենսական ուժով ու ֆանտազիայով:

<<Քնած պարսկուհին>>

——————————————————————————————-

<<Հազարան բլբուլի>> նկարազարդումներում Կոջոյանը հարազատորեն ու ստույգ հաղորդեց հեքիաթի բուն ոգին և նրան համահունչ ձև գտավ: Ակվարելային նրբին տեխնիկայով են պատկերված սպիտակ նժույգի վրա, նետերի պրկված աղեղներով ու կեռ դաշույններով ռազմիկների գլուխն անցած, սև կծիկ դարձած վիշապը, այգում, հրաշալի ճերմակ ծաղիկների մեջ դայլայլող Հազարան բլբուլը…

<<Հազարան բլբուլ>> նկարազարդում

——————————————————————————————-

Նկարիչը հեքիաթային կերպարներին անդրադարձավ նաև հետագա տարիներին` հաստոցային և գրքի գրաֆիկայում, կիրառական արվեստի գործերի համար արված էսքիզներում:

 
 
 
 
<<Արքան չորացած այգում>> Հազարան բլբուլի նկարազարդում
————————————————————————————————————-

Կոջոյանը ձևավորեց նաև մեզանում անդրանիկ մանկական պատկերազարդ հրատարակությունները` Հ. Թումանյանի <<Գիքորը>> և <<Տերն ու ծառան>>: Փոքրիկ գեղջուկ տղայի` Գիքորի տխուր ճակատագրի մասին պատմող թումանյանական հանրածանոթ պատմվածքն ավելի մոտ ու հասկանալի դարձավ մանուկներին այդ ձևավորման շնորհիվ:

 
Հովհաննես Թումանյանի <<Գիքոր>>-ի գլխատառը
—————————————————————————————

Գրքույկի յուրաքանչյուր մասը բացվում է սյուժետային-պատկերային գլխազարդով` տեսարաններ խանութում, հիվանդանոցում, գերեզմանատանը: Տուշով արված այդ գլխազարդերը բնույթով պատմողական են: Գրքույկի շապիկի վրա նկարիչն օգտագործել է պայմանական պլան` խորագիրը կրող սպիտակ ուղղանկյուն տարածքը ներփակելով մանուկների կենդանի դեմքերից կազմված շրջանակի մեջ: Կոջոյանի աշխատանքը մանկական գրքի վրա ի հայտ բերեց նրա գեղարվեստական հիմնական սկզբունքը` մատուցման հուզականության և պատկերի կյանքային հավաստիության զուգորդում:

20-ական թթ.-ին, Հայաստան գալուց անմիջապես հետո, բնանկարը հիմնական ժանրերից մեկը դարձավ Կոջոյանի գեղանկարչության մեջ:

Այս շրջանում նրա ստեղծած <<Միայնակ կաղնի. Կիրովական>>, <<Կիրովականի լեռները>>, <<Ապարան գյուղը>> նկարներում գերիշխում է բաց դարչնագույն-մոխրագույնի, մանուշակագույնի, դեղնականաչի մեղմված տոնայնությունը: Վրձնի գունանկարային դրվածքն աչքի է ընկնում իմպուլսիվ բնույթով: Նույն ժամանակում արված գեղարդյան բնանկարների տեմպերային շարքում տիրապետողը գունային զուսպ գամման է: Ժայռակատարները, քարանձավները, միջնադարյան վանքի պատերն աչքի են զարնում իրենց ցայտունությամբ` բնության ավազագույն-դեղնականաչ ֆոնի վրա:

Հակոբ Կոջոյանը երիտասարդ տարիքում

———————————————————————————–

20-ական թթ.-ին Կոջոյանի ստեղծած ամենաբանաստեղծական նկարներից մեկը` <<Աշունը Երևանում>> կտավն է: Մենավոր ծառը, թափվող տերևների ոսկին, քարե ցանկապատի գորշ մակերեսը նկարիչը պատկերել է կոլորիտի նուրբ զգացողությամբ և խոր քնարականությամբ:

Սովետական առաջին տասնամյակը հայ կերպարվեստում նոր թեմաների և կերպարների սկզբնավորման պատմաշրջան դարձավ: Այդ թեմաներն ու կերպարներն իրենց մարմնավորումը գտան ինչպես Հակոբ Կոջոյանի արվեստում, այնպես էլ նրա ժամանակակիցների` Մ. Սարյանի, Ս. Առաքելյանի, Ս. Աղաջանյանի, Գ. Գրիգորյանի (Ջիոտտո), Գ. Գյուրջյանի և ուրիշ նկարիչների ստեղծագործության մեջ: Կոջոյանի այդ տարիների քաղաքական ժուռնալային գրաֆիկայում արտացոլվեց նկարչի աշխարհայացքը, նրա վերաբերմունքը հեղափոխության հանդեպ: Հայաստանում քաղաքացիական կռիվների տարիներին Կոջոյանը Կարո Հալաբյանի և Սեդրակ Առաքելյանի հետ մեկտեղ, աշխատում էր Ռուսաստանյան հեռագրական գործակալության Հայկական բաժանմունքի (Арм КавРОСТА) արվեստանոցում, ագիտացիոն պլակատների և շաղրանկարների թողարկման վրա: Գրաֆիկական այդ թերթերը շարունակում էին <<Окна РОСТА>>-ի ավանդույթները, կենդանի ու ճշմարտացի խոսք էին տանում ժողովրդական զանգվածներին:

 
 
<<Մենավոր կաղնի: Կիրովական>>
——————————————————————————————–
 
 
 
 
 
<<Ապարան գյուղը>>
——————————————————————————————-
 
 
 
 
 <<Լեռնաշղթա. Կիրովական>>
——————————————————————————————–
 
 
 
 
 
<<Աշունը Երևանում>>
——————————————————————————————–

<< Հեղափոխական պայքարի դժվարագույն եռամսյակի արձանագրությունն է դա` հաղորդված գունաբծերով ու լոզունգների զրնգոցով: Հեռագրական ժապավեններ են դրանք` վայրկենապես պլակատի փոխված: Դեկրետներն են դրանք` իսկունևեթ լայնորեն հրապարակված որպես չաստուշկաներ: Նոր ձև է դա` ներմուծված անմիջականորեն կյանքի կողմից>>, – գրել է Վ. Մայակովսկին <<Окна РОСТА>> – ի մասին:

Հայ նկարիչների գրաֆիկական թերթերը չեն պահպանվել, դրանք ոչնչացել են քաղաքացիական կռիվների ժամանակ: Կոջոյանի ժուռնալային ձևավորումներն աչքի են ընկնում հայկական գրաֆիկայի համար նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներով: Այսպես. <<Պայքար>> հանդեսի շապիկը լուծված է հորիզոնական կառուցվածք ունեցող բազմաֆիգուր կոմպոզիցիայի ձևով: Գուաշով արված նկարում պատկերված է բանվորների միաձույլ շարք` նիզակներով, ուղղված բազմագլուխ վիշապի կողմը, որ թշնամու այլաբանական կերպարն է: Դրոշակների կոթերը, փողհարների շեփորները, մարդկանց շարժումները կոմպոզիցիայի ընդհանուր ռիթմական հիմքն են կազմում: Նույն թեման Կոջոյանը մարմնավորել է արծաթե վահանակի վրա արված դրվագապատկերում: 1923 թ-ին նկարչի այս աշխատանքն առաջին կարգի դիպլոմի արժանացավ Մոսկվայում` <<Գյուղատնտեսություն և տնայնագործական արդյունաբերություն>> համամիութենական առաջին ցուցահանդեսում:

1925 թ-ին Կոջոյանը Սարյանի, Շիլինգովսկու, Առաքելյանի, Տարագրոսի հետ մասնակցեց <<Սովետական Հայաստանի հինգ տարին>> ժողովածուի ձևավորմանը: Կոջոյանն արեց տիտղոսաթերթը` բանվորի և գյուղացու, մուրճ ու մանգաղի էմբլեմի պատկերով, ինչպես նաև Հայաստանի հասարակական ու մշակութային կյանքին նվիրված բաժինների մի շարք սյուժետային գլխազարդեր ու վերջնազարդեր: Տուշով արված նրա գլխազարդերն աչքի են ընկնում գրաֆիկ կառուցման ճշտորոշությամբ: Ֆրիզի տեսքով զետեղված վերնամասում` դրանք կազմակերպում են էջի ամբողջ տարածությունը, պատկերային մոտիվը կապելով տեքստի հետ:

Սովետական առաջին տասնամյակում Կոջոյանը հաճախ է դիմել հեղափոխական էմբլեմատիկային: Վերջինս հանդիպում է նրա ժուռնալային ձևավորումներում, մասնավորապես, այսպես կոչված, <<փոքր ձևերի գրաֆիկայում>>: Նկարիչը մասնակցել է Հայկական ՍՍՀ պետական գերբի էսքիզների ցուցահանդեղին, արել է բազմաթիվ էմբլեմներ` <<աշխատանքի հերալդիկայի>> մոտիվներով, հրատարակչական և փոստային դրոշմանիշեր, դրամանիշերի նմուշներ: Կոջոյանի ստեղծագործության բազմաժանրությունը շատ բանով բացատրվում է բուն ժամանակաշրջանի բնույթով, երբ սովետական առաջին հանրապետությունների նկարիչների առջև դրված էին մեծ խնդիրներ` սկսած քաղաքների ճարտարապետական հարդարանքից մինչև փոստային դրոշմանիշի ստեղծումը:

Քսանական թվականների վերջին պատմահեղափոխական թեմային դիմելու պարագան սերտորեն կապված է այն բանի հետ, որ Կոջոյանը մասնակցեց Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի (АХРР) հայկական բաժանմունքի աշխատանքներին:

Ասոցիացիայի ծրագրային հիմնական խնդիրներից էր <<գեղարվեստա-վավերագրականորեն պատկերել պատմության մեծագույն պահը` նրա հեղափոխական պոռթկման մեջ>>:

Կոջոյանի քսանական թվականների երկրորդ կեսի գրաֆիկայում լակոնական խստապարզ արտահայտչամիջոցները գերիշխում են նրա նախորդ աշխատանքներին բնորոշ կերպարային սիմվոլիկայի վրա: Այդ մասին է խոսում 1929 թ.-ին նրա ստեղծած <<Կարմիր բանակի մուտքը Կարճևան>> փայտափորագրությունը:

 
 
<<Կարմիր բանակի մուտքը Կարճևան>> փայտափորագրություն

——————————————————————————————-

Զուսպ ու արտահայտիչ է այդ գործի նկարչական լեզուն: Պատկերը կառուցված է ուղղաձիգ-տարածական կոմպոզիցիայով: Կոջոյանն այստեղ օգտագործել է գրաֆիկական տարբեր հնարանքներ, զուգահեռ ստվերագծումը զուգորդելով մուգ բծերի հետ, ֆիգուրների ուրվապատկերներն ազատ տեղադրելով առաջին պլանում և ընդգծելով ձևի պլաստիկան: Սուր, ուղիղ գծերով են տրված ճարտարապետական ծավալները, պլանների խորությունը, սահուն, ոլորուն գիծը լուսացոլքերով ցայտունորեն առանձնացնում է քաղաք մտնող հեծյալների, զինվորների ֆիգուրները:

Փայտափորագրության տեխնիկայով նկարիչն ստեղծել է ուրիշ գործեր ևս` <<Ձորագյուղ>>, <<Հունձ>>, <<Լենինականը երկրաշարժից հետո>>:

 
 
<<Հունձ>> փայտափորագրություն

———————————————————————————————

 
<<Լենինականը երկրաշարժից հետո>>

——————————————————————————————–

Հեղափոխական թեմատիկան իր արտահայտությունն է գտել նաև Կոջոյանի գունանկարչական աշխատանքներում: Հեղափոխության թեման, դրա մասշտաբայնությունն ու խորությունը լիակատար հնչեղության հասան <<Կոմունիստների գնդակահարությունը Տաթևում>> կտավի մեջ (1930 թ.), որ վերապատկերում է Հայաստանում սովետական իշխանության հաստատման համար մղված պայքարի դրվագներից մեկը: Նկարի վրա աշխատելու շրջանում Կոջոյանն ուղևորություն կատարեց Զանգեզուր: Նա տեսավ ողբերգական իրադարձությունների հետ կապված վայրերը, հանդիպեց դեպքերի կենդանի ականատեսների հետ: Նկարի էսքիզներից մեկում, որ Կոջոյանն արել է այդ օրերին, պարզորոշ զգացվում է ապագա կտավի կոմպոզիցիոն հղացումը: Վերջինս հիմքում մնաց անփոփոխ: Սակայն բուն նկարում ուժեղացված է գունանկարչական պատումի դրամատիզմը: Պատկերն առնված է տարածության ներփակ հատվածի մեջ: Կոմպոզիցիայի սեղմ պարույրն իր մեջ խտացրել է մարդկանց շարժման ողջ լարված ռիթմը: Դաշնակի ֆիգուրը, որ զետեղված է առաջին պլանում, մարմնավորում է կոպիտ ուժն ու դաժանությունը` հակադրվելով կոմունիստի կերպարին, որն արդեն անընկճելի կամքի ու հոգևոր ուժի մարմնացումն է: Թեմայի զարգացումն իր հետագա շարունակությունն է ստանում կապված ձեռքերով քայլող կոմունիստի և մտրակը բարձրացրած դաշնակի ֆիգուրներում, ավարտվելով գնդակահարվողների ուրվապատկերներով: Այս նկարի սյուժետային-կոմպոզիցիոն հիմքը երկու կուլմինացիա էբովանդակում. հոգևոր, որպես դասակարգային երկու աշխարհայացքների հակադրություն, և բուն ողբերգության` գնդակահարության կուլմինացիան: Նկարի գեղարվեստական լեզվի խստաշունչ, լակոնական բնույթին ներդաշնակ է գորշավուն-միագույն տոների զուսպ գունային գամման: Կտավի գունանկարչական պլաստիկական լուծումը մոնումենտալ նկարագիր է տալիս գործին:

Կոջոյանի <<Կոմունիստների գնդակահարությունը Տաթևում>> նկարի արժեքն ու նշանակությունը որոշվում է ոչ միայն այն բանով, որ դա հայ գեղանկարչության մեջ պատմահեղափոխական թեմայով արված առաջին կտավներից մեկն է: Այդ գործում հեղափոխության տարեգրությունը, ժամանակի շունչը կա, որ գոյատևում է սովետական արվեստի դասական այնպիսի երկերում, ինչպիսիք են Ա. Դեյնեկայի <<Պետրոգրադի պաշտպանությունը>>, Կ. Պետրով-Վոդկինի <<Կոմիսարի մահը>>: Իր հասարակական արժեքի, ռեալիստական ուժի շնորհիվ Կոջոյանի <<Կոմունիստների գնդակահարությունը Տաթևում>> նկարը հաստատուն տեղ է գտել սովետական կերպարվեստի պատմության մեջ:

Օ, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Ես սիրում եմ նրանց բարձրախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,
Եվ բոլորն են նրանք ինձ սիրելի:

        ——————–     Եղիշե Չարենց     ———————

Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունը գրքի գրաֆիկայի ասպարեզում

Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունը գրքի գրաֆիկայի ասպարեզում հայ արվեստի ամենահետարքրիր էջերից է: Երեսնական թվականների նրա աշխատանքները սկիզբ դրին մեզանում գրքի ձևավորման գեղարվեստական սկզբունքներին, ստեղծագործական դպրոց դարձան նկարիչների հաջորդ սերունդների համար: Կոջոյանը ձևավորումներ ու նկարազարդումներ է արել իր կյանքի տարբեր շրջաններում, սակայն երեսնական թվականներին գրքի վարպետի տաղանդն առավել լիակատար ու բազմակողմանիորեն բացահայտվեց նրա ստեղծագործության մեջ: Նա գրքի էությանը հասու էր լինում ճշմարիտ արվեստագետի, խորաթափանց նկարչի մտքով ու զգացմունքով: Դրանով է բացատրվում ինչպես ձևավորման գրաֆիկական միջոցների խիստ ճշգրիտ ընտրությունը, այնպես էլ հարուստ երևակայությունը, հնարամտությունը լուծումների մեջ: Կոջոյանի ստեղծագործությունն այս ասպարեզում ասես ակներև հաստատումն էր այն մտքի, որ ինչքան տարբեր են իրարից հիրավի լավ գրքերը, այնքան էլ անկրկնելի է նկարչի ձեռքը: Եվ, իրոք, այդ շրջանում Կոջոյանի արած յուրաքանչյուր գրքային նշանակալի աշխատանք, լինի Եղիշե Չարենցի <<Գիրք ճանապարհի>>, Մ. Գորկու <<Բանաստեղծությունների և լեգենդների>>, <<Սասնա ծռեր>> էպոսի, Ա. Վշտունու <<Բանաստեղծությունների>> ձևավորումը թե Ա. Բակունցի պատմվածքների համար արված նկարազարդումները, – աչքի է ընկնում դրանց հեղինակ-նկարչի վառ անհատականությամբ:

<<Գիրք ճանապարհի>>-ի ձևավորման վրա նկարիչն աշխատեց Չարենցի առաջարկով, որը 30-ական թթ. սկզբին Հայպետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչն էր: <<Գիրք ճանապարհին>> Կոջոյանը խորապես ըմբռնեց ու զգաց ինչպես բանաստեղծական, այնպես էլ պատկերանկարչական առումով: Չարենցի երկերում աշխարհի զարգացման պատկերը բացահայտվում է իրար հաջորդող դարաշրջանների ֆոնի վրա: Դրանք փիլիսոփայական խոհեր են կյանքի և բնության, արվեստի, մարդու և նրա ստեղծարար աշխատանքի շուրջ:

 
 
Եղիշե Չարենցի <<Գիրք ճանապարհի>> գրքի անվանաթերթը
——————————————————————————————-
 
 
 
 
Մաքսիմ Գորկու <<Բանաստեղծություններ և լեգենդներ>> գրքի անվանաթերթը
 
——————————————————————————————————
 
 

<<Ես ապշած էի հեղինակի մտքի խորությունից, նրա ուժից, այն բանից, թե ինչպես է նա կարողանում ստիպել ընթերցողին հետևել իրեն և վերապրել այն իրողությունները, որոնց մասին պատմում է ինքը>>,- գրել է Կոջոյանը Չարենցի մասին:

<<Գիրք ճանապարհին>> բացվում է Չարենցի դիմանկար-ճակատազարդով, որ արված է զուգահեռ նուրբ ստվերագծման բացառիկ արտահայտչությամբ: Ճակատազարդի հետ, մյուս էջին տիտղոսաթերթն է: Սրա կոմպոզիցիան ամփոփում է հորիզոնական գլխազարդեր, ուր պատկերված են շինարարներ, աշխատանքի տոնն ազդարարող և նոր Երևանի ծնունդը խորհրդանշող փողհարների, թմբկահարների երթաշարք: Կոջոյանի նկարազարդումների բնույթը կանխորոշվել է <<Գիրք ճանապարհի>>-ի պատումի բազմապլանությամբ, ուր բանաստեղծը տողեր է նվիրել <<Սասունցի Դավիթ>> էպոսին, Հայաստանի պատմությանը, նրա պոեզիային ու մշակույթին: Յուրաքանչյուր նկարազարդված էջի ոչ մեծ տարածքը հիշեցնում է գրաֆիկական մանրանկար` բանազտեղծականորեն ու նրբորեն լուծված գծանկարի միջոցներով, ուր հստակորեն պահպանված է գրաֆիկական համակարգի պարզորոշությունը:

 
 
<<Աղվեսագիրք>>

——————————————————————————————-

Էպոսի հերոսների, միջնադարյան մանրանկարիչների, հեղափոխության մարտիկների ու դարբինների կերպարները պատկերված են գեղարվեստական-բանաստեղծական ընդհանուր դաշնությամբ: Տիտղոսաթերթի լուծման մեջ նկարչի ընտրած ռիթմը, որպես գրաֆիկական կառուցվածքի բաղադրատարր, անցնում է բոլոր նկարազարդումների միջով` դրանք միավորելով մեկ ամբողջի մեջ: Նկարազարդումների կոմպոզիցիան ամփոփում է մի շարք հորիզոնական գլխազարդեր` համախմբված գրքի էջի տարածությամբ, գլխատառով ու բանաստեղծական տեսքի ձեռագրատառային շերտերով, որոնք գրաֆիկական յուրատեսակ միջնատարածք են ստեղծում: <<Գիրք ճանապարհի>>-ի ամբողջ ձևավորումը Կոջոյանն արել է կերպարային միասնական լուծմամբ: Յուրաքանչյուր էջի տարածությունը շրջանակող զարդագծերը գրքին խստապարզ և ոճականորեն ավարտուն տեսք են տալիս` նկարազարդումներն օրգանապես կապակցելով գրքի տեքստի և ընդհանուր կառուցվածքի հետ: Այստեղ Չարենցի բանաստեղծական լեզուն և Կոջոյանի գրաֆիկական ոճը գեղարվեստական վարպետության անկրկնելի համաձուլվածք են կազմել:

 
 
Սայաթ-Նովայի <<Խաղերի ժողովածու>>-ի շմուց տիտուլները

———————————————————————————————

1934թ.-ին Կոջոյանը ձևավորեց Մ. Գորկու <<Բանաստեղծություններ և լեգենդներ>> ժողովածուի հայերեն առաջին հրատարակությունը: Ինչպես նախորդ աշխատանքում, այնպես էլ այստեղ Կոջոյանը լուծել է ամբողջ գրքի գեղարվեստական ամբողջականության խնդիրը: Արտահայտչամիջոցներն օրգանապես փոխկապակցված են երկի պոետիկայի հետ: Գրաֆիկական շարժումը սկսվում է սուպեր-շապիկից և աճում ֆորզացում, ուր Մրրկահավի ուրվապատկերը նրբագծերի ճերմակ բռնկմամբ <<պատռում է>> սև ֆոնի մակերևույթը:

 
 
Նաիրի Զարյանի <<Արա Գեղեցիկ>> պոեմի նկարազարդումը

———————————————————————————————

 
 
 
Հովհաննես Թումանյանի <<Փարվանա>> պոեմի նկարազարդումներից
—————————————————————————————————

Այս դինամիկան պահպանված է <<Մրրկահավի երգը>>, <<Աղջիկն ու Մահը>>, <<Խանն ու նրա որդին>>, <<Բալլադ կոմսուհի Էլլեն դը Կուրսիի մասին>> երկերի նկարազարդումներում: Սակայն այստեղ նկարազարդումների լուծման սկզբունքը որոշ յուրահատկություններ ունի, որոնք պայմանավորված են Գորկու վաղ շրջանի ստեղծագործությունների ռոմանտիկ բնույթով: Այդ յուրահատկություններն ի հայտ են գալիս ամենից առաջ պատկերի կոմպոզիցիոն համակարգում: Կոջոյանն այստեղ դիմում է ինչպես նկարազարդման հիմքը կազմող առանձին կերպարների, այնպես էլ բազմաֆիգուր և բազմապլան պատկերումների: Այսպես. <<Աղջիկն ու Մահը>> հեքիաթի պատկերներից մեկում Աղջկա կերպարը դառնում է երկի գաղափարի միակ և ընդհանրացված կրողը: Այլ կերպ է հղացված նույն հեքիաթի երկրորդ նկարը: Թերթի վերնամասում նկարիչը պատկերել է հեծյալ թագավորին, ներքևում, մուգ բծով նշագծել է ամբոխի և Աղջկա բազմաֆիգուր կոմպոզիցիան, Աղջիկը` առաջին պլանում, ուրվապատկերային պարագծումով:

Երկու սկզբունքների դրամատաիկ բախումն այստեղ տրված է հակադիր տոների գրաֆիկական միջոցներով: Ձիով սլացող թագավորի ֆիգուրը, բացառիկ ավարտունության և պլաստիկ ձևի գեղեցկության շնորհիվ, ընկալվում է իբրև կերպար-փոխաբերություն` մարմնավորված գրքանիշի մեջ:

Նկարիչը խստապարզ ձևով է կառուցում տարածական պլանները` խորությունն ընդգծելով թերթի ճերմակությամբ, համարձակորեն ու արտահայտչորեն օգտագործելով գրաֆիկայի ուրվագծային հնարանքները:

Կոջոյանի նկարազարդումները 1934թ.-ին ներկայացվեցին Մոսկվայում, սովետական գրողների առաջին համագումարի առթիվ բացված ցուցահանդեսում: Գորկին, ծանոթանալով ցուցահանդեսին, ըստ արժանվույն գնահատեց հայ նկարչի աշխատանքները: Գորկու <<Բանաստեղծություններ և լեգենդներ>> ժողովածուի համար Կոջոյանի արած նկարազարդումներն այժմ գտնվում են գրողի մոսկովյան հուշաթանգարանի հավաքածուում:

Կոջոյանի գեղարվեստական հնարանքների բազմազանությունը նրա գրքա-գրաֆիկական աշխատանքներում առանձնապես նկատելի է Եղիշե Չարենցի <<Գիրք ճանապարհի>> և Մաքսիմ Գորկու <<Բանաստեղծություններ և լեգենդներ>> ժողովածուի ձևավորումները համեմատելիս: <<Գիրք ճանապարհիի>> վրա կատարած աշխատանքում Կոջոյանի համար պատկերավորման գլխավոր միջոց է մնացել գիծը, նրա դինամիկան, կոնստրուկտիվ դերն ու սրությունը: Իսկ <<Բանաստեղծություններ և լեգենդներ>> ժողովածուի ձևավորման հիմքում ընկած է մուգ բծի վարպետ օգտագործումը, նրա զուգորդումը սպիտակ նրբագծերի հետ, որ առանձին արտահայտչություն և պլաստիկ ամբողջականություն է հաղորդել բոլոր նկարազարդումներին:

Հակոբ Կոջոյանի արվեստը խորապես կապված է հայ գեղարվեստական մշակույթի ավանդույթների հետ: Լինելով գունանկարի և գրաֆիկայի վարպետ, նա միաժամանակ հայկական զարդանկարի, խաչքարերն ու միջնադարյան տաճարների ճակատամուտքերը զարդարող քարե նախշերի, մանրանկարչության, կիրառական արվեստի գործերի նուրբ գիտակ էր: Սակայն նկարիչը չէր դիմում հայ զարդարվեստի մոտիվների անմիջական օգտագործմանը կամ ոճավորմանը: Նա դիմում էր կերպարային ակունքներին, ժողովրդական վարպետների ստեղծագործություններին` իր աշխատանքում մարմնավորելով անհատական գեղարվեստական որոնումները:

Այսպես, նրա գրքային աշխատանքներում` <<Սասնա ծռեր>> էպոսի և <<Հայ պոեզիայի անթոլոգիայի>> տիտղոսաթերթերի, գլխազարդումների ձևավորումներում զգացվում են հայկական հին ձեռագրերը զարդարող խորանների ավանդույթների ոգին ու ոճական առանձնահատկությունները, իսկ Վարդան Այգեկցու <<Աղվեսագրքի>> գլխատառերը ստեղծագործաբար ու կերպարայնորեն վերստեղծում են միջնադարյան վարպետի ձեռագիր պատկերը: Օգտագործելով կենդանակերպ սկզբնատառերի սկզբունքը, որ տարածված էր հայ միջնադարյան ձեռագրերի զարդարվեստում, Կոջոյանը ստեղծում է առակապատումի սեփական պատկերային լեզուն` տուշով հմտորեն արված գծանկարներում պահպանելով կերպարային արտահայտչությունը:

 
 
<<Արջի քոթոթը>> հեքիաթի նկարազարդում

——————————————————————————————-

Գրքի գրաֆիկայի ասպարեզում Կոջոյանի երեսնական թվականների աշխատանքն ամենից առաջ ի հայտ է բերում նկարչի մոտեցումը գրքին, նրա կոնստրուկցիային, ստեղծագործական ընկալման բնույթին: Նկարչի ըմբռնմամբ, գրքի բովանդակությունն է նախ և առաջ կանխորոշում նրա կառուցվածքը:

Ուստի որևէ գիրք ձևավորելիս Կոջոյանը առաջնային նշանակություն էր տալիս նրա ներքին արխիտեկտոնիկային, հարմոնիայի օրենքներին. որոնք բացահայտվում են գրքի, որպես գեղարվեստական միասնական օրգանիզմի, ամբողջական ընկալման դեպքում միայն:

Նման աշխատանքի օրինակ եղավ Սայաթ-Նովայի <<Խաղերի ժողովածուն>>, որ Կոջոյանը ձևավորեց քառասնական թվականներին: Ֆորզացի վառ կապույտ ֆոնի վրա զետեղված են արծաթավուն զարդանախշ և աշուղի նստած ֆիգուրի ուրվապատկերը: Ֆորզացին հաջորդող տիտղոսաթերթն իր խստապարզ գեղեցկությամբ ընթերցողին նախապատրաստում է մուտք գործելու պոեզիայի աշխարհը: Ճակատազարդը ներկայացնում է Սայաթ-Նովայի դիմանկարը: Նկարազարդումներում բանաստեղծականորեն պատկերված են աղջիկների կերպարներ` ազգային նկարագրով, բնության տեսարաններ` ձյունափառ լեռների ուրվապատկերներ, վարդագույն բոցի պես բռնկված ծաղկուն ծառեր: Շմուցտիտուլները զետեղված են պատկերների հետ կից էջի վրա և ամփոփում են խորագիրը, սյուժետային պատկերն ու բանաստեղծական տեքստը: Դրանցով են բացվում հայկական, վրացական ու ադրբեջանական խաղերի բաժինները:

Սայաթ-Նովայի <<Խաղերի ժողովածուի>> ձևավորումը հատկանշվում է կատարման գրաֆիկական բարձր կուլտուրայով: Գույները, գծերը, կոմպոզիցիան համահնչուն են բանաստեղծական կերպարներին: Նկարիչը նրբորեն է արտահայտել Սայաթ-Նովայի քնարերգության աշխարհը: Գրքի գրաֆիկայի ասպարեզում քառասնական թվականներին Կոջոյանի արած առավել խոշոր ու լավագույն աշխատանքներից է այս ժողովածուն: Նույն շրջանում նկարիչը հրատարակության պատրաստեց նաև Ավետիք Իսահակյանի <<Ընտիր երկերը>>, Նաիրի Զարյանի <<Արա Գեղեցիկ>> ողբերգությունը: Վերջինիս նկարազարդումներից մի քանիսն աներկբա հետաքրքրություն են ներկայացնում, աչքի են ընկնում պլաստիկական արտահայտիչ գծանկարով ու հուզական ուժով: Դրանցից են <<Ասորեստանի Նինոս արքայի ձերբակալությունը>>, <<Արա Գեղեցիկն ու ասորական դեսպանները>>, <<Արայի դիակի վրա ողբացող Շամիրամը>> գրաֆիկական թերթերը: Պակաս հաջողված են ողբերգության հերոսների առանձին դիմապատկերները: <<Արա Գեղեցիկի>> վրա աշխատելիս Կոջոյանը առաջնային դեր հատկացրեց նկարազարդումներին, որոնք կտրված են մնացել գրքի ողջ անսամբլից: Դրանք ավելի շուտ իրենցից ներկայացնում են հաստոցային գրաֆիկայի գործեր` սոսկ թեմատիկորեն միավորված գրքի համակարգում: Բացի այդ, հրատարակության մեջ զետեղվելով տոնային տպագրությամբ, դրանք ամբողջովին կորցրին բնօրինակի գունային աստիճանավորման բազմազանությունը:

Գրքի գրաֆիկայի ասպարեզում Կոջոյանի աշխատանքն ընդգրկում է երեք տասնամյակ: Լայն ու բազմազան է նկարչի ձևավորած գրքերի թեմատիկան: Բանաստեղծությունների ժողովածուներ են դրանք, հեքիաթներ, հայ գրողների պատմվածքներ, հասարակական-քաղաքական և երաժշտական հրատարակություններ:

Նկարչի աշխատանքը գրքի ձևավորման վրա Հակոբ Կոջոյանի համար պրոֆեսիոնալ բարձր վարպետության չափանիշ էր:

<<Ես շատ եմ աշխատել գրաֆիկայի պրոբլեմների վրա, ինձ հետաքրքրել է ամենից առաջ որակի հարցը, որ պետք է համապատասխանի նկարազարդվող գրքի բովանդակությանը: Գրքի ձևավորումներում իմ խնդիրն է եղել գրքի բովանդակությունը հաղորդել վառ ճշմարտացի կերպարներով:  Ես առավել հաջողված եմ համարում Մաքսիմ Գորկու, Եղիշե Չարենցի, Սայաթ-Նովայի, Նաիրի Զարյանի գրքերի իմ ձևավորումները>>,- գրել է նկարիչը:

Հակոբ Կոջոյանի ձևավորած գրքեր… Չարենցի զրնգուն երգն է դա, Գորկու ռոմանտիկ պոեզիան, Սայաթ-Նովայի խաղերի երաժշտությունը: Բանաստեղծի ու նկարչի կենդանի աշխարհն է դրանց մեջ:

Ժամանակաշրջանի էջեր` մտքի և գեղեցկության լույսով ողողված:

Մարդկային բոլոր հասկացությունների մեջ
                          ամենահավերժականը գեղեցիկի գաղափարն է, գեղեցիկն անմահ է: (Վարդգես Սուրենյանց)

1940-1950-ական թվականները Կոջոյանի կյանքում

Հակոբ Կոջոյանի կյանքում 1940-1950 թվականները մեծ ու արգասավոր աշխատանքի ժամանակ եղան արվեստում: Այս շրջանում ստեղծված գործերը նկարչի ստեղծագործական բազմակողմանի որոնումների վկայությունն են: 1941 թ.-ին Կոջոյանն արեց Հ. Ստեփանյանի <<Սասունցի Դավիթ>> օպերայի դեկորացիաների էսքիզները: Սակայն օպերայի բեմադրությունը չիրականացավ: Նկարիչը շարունակեց աշխատել հաստոցային գունանկարի, գրքի գրաֆիկայի ասպարեզում, էսքիզներ անել դեկորատիվ-մոնումենտալ և կիրառական արվեստի ստեղծագործությունների համար:

Կոջոյանի մեծածավալ աշխատանքներից է <<Սասունցի Դավթի ծնունդը>>: Բազմաֆիգուր կոմպոզիցիան լուծված է ամրոցի պարսպի առջև: Տարածության խորությունն ընդգծվում է թեք աստիճաններով, որ տանում են դղյակի մուտքի առջևի վերին բաց հրապարակը: Այստեղ պատկերված է ծերունու փառահեղ մի ֆիգուր, որ ձեռքերի վրա պահել է մանուկ Դավթին: Հանդիսավոր իրողության մասին ազդարարում են ամրոցի պարիսպների վրա կանգնած փողհարներն ու ջահակիրները: Ներքևում մարդկային ամբոխ է` հին մատյաններով ու մագաղաթագալարներով ծերունիներ, նիզակներով ռազմիկներ, կանայք ու երեխաներ: Կտավի գունային գամման կառուցված է կարմրավունի, կապույտի և կանաչավունի հնչողության վրա: Բաց վարդագույն-մոխրագույն երանգներով արված ֆոնը բոցի ցոլքեր է հիշեցնում:

<<Սասունցի Դավթի ծնունդը>> սյուժետային-թեմատիկ կտավի ստեղծումը հայ գեղանկարչության պատմության մեջ էպոսի գեղարվեստական մարմնավորման առաջին օրինակներից եղավ:

Էպոսում, լեգենդներում, հեքիաթներում իր արտահայտությունը գտած ժողովրդական ստեղծագործության կերպարների աշխարհը միշտ հուզել է Հակոբ Կոջոյանին բանաստեղծական ուժով, ֆանտազիայով, հոգևոր գեղեցկությամբ: Ժողովրդական ստեղծագործությունը մոտ ու հարազատ էր նկարչին, նրա գեղարվեստական մտածողությանը, ուստի նա կարողանում էր այնքան խոր ու անմիջականորեն հաղորդել այդ ստեղծագործության բնույթը, էությունն իր գործերում:

1956 թ.-ին Կոջոյանը նկարազարդեց Հովհաննես Թումանյանի <<Փարվանա>> լեգենդը: Սիրո, որպես կյանքի ու մարդու գեղեցկության խորհրդանիշի, գաղափարը նրբորեն է զգացել և հաղորդել Կոջոյանն այս գործում: Բանաստեղծին ու նկարչին միավորել են սերն առ ժողովրդական երգը, ավանդությունը, հեքիաթը, նրանք դիմել են դրանց իբրև պոեզիայի կենդանի աղբյուրի:

<<Լեգենդներում և ավանդություններում, ուր պատմական ռեալ իրադարձությունների պատկերումը հանդես է եկել կախարդական, հեքիաթային տարրի հետ, Թումանյանը գտել է ժողովրդական ֆանտազիայի ինքնօրինակ մի աշխարհ: Ֆոլկլորը եղել է հայ բանաստեղծի ստեղծագործության հիմնական սկզբնաղբյուրներից մեկը, որից նա իր շատ ու շատ երկերի թեմաներն է քաղել>>:

Նույն շրջանում Կոջոյանն աշխատում էր հայկական ժողովրդական հեքիաթների երկու ժողովածուների ձևավորման և նկարազարդումների վրա: Այստեղ նրա նկարազարդումները հատկանշվում են սյուժետային բազմազանությամբ, կենդանի երևակայությամբ ու բարի հումորով: Պատկերելով ագահ ու անկշտում տերտերին կամ <<Քաջ Նազարի>> վախկոտ հերոսին, Կոջոյանը բանաստեղծականորեն զուգորդել է կյանքային ճշմարտությունն ու հեքիաթային հղացումը: <<Արջի քոթոթը>>, <<Արհեստը ոսկի է>>, <<Մաճկալի տղան>> հեքիաթների նկարազարդումները համահնչուն են դրանց մեջ ներդրված` աշխատանքի գեղեցկության, մարդկային համեստության ու բարության վերաբերյալ ժողովրդի պատկերացումներին: Հումորի զգացումով են արված պարող գազանների ֆիգուրները, հեքիաթային հմայքով է լի հրեղեն նժույգը կապուտակ լճի ափին: Յուրաքանչյուր հեքիաթի ձևավորում ավարտվում է պատկերի և գլխազարդի հետ թեմատիկորեն կապված վերջնազարդով: Նկարիչն ստեղծել է  կերպարային ինքնատիպ համակարգ, որ անցնում է հեքիաթների ամբողջ ժողովածուի միջով: Կոմպոզիցիոն լուծումներում ի հայտ է եկել բոլոր մանրամասները գեղարվեստական հղացման ենթարկելու կոջոյանական հմտությունը: Գուաշով արված այդ պատկերներն աչքի են ընկնում վառ ու հնչեղ տոներով, լուծված են ժողովրդական ֆոլկլորի հիմքի վրա և ազգային են կատարման բնույթով: Հայկական ժողովրդական հեքիաթների ձևավորման վրա աշխատելիս Կոջոյանն ինքն իրեն չսահմանափակեց արդեն գտնված լուծումներով. նա ստեղծեց մոտ  120 պատկերներ, գլխազարդեր ու վերջնազարդեր:

Հեքիաթների համար Կոջոյանի արած նկարազարդումների գեղարվեստական արժեքը որոշվում է ոչ միայն գրքի գրաֆիկական ոճի հետ դրանց օրգանական կապով, այլև այն բանով, որ նա գրքի նկարազարդումներում հեքիաթային թեմատիկան հետևողականորեն մշակող հայ առաջին նկարիչներից եղավ:

Հոր ոսկերչական արհեստանոցում անցկացրած մանկության տարիները, գեղարվեստական արհեստի կատարյալ իմացությունը կանխորոշեցին այն պարագան, որ նկարիչը հետագայում էլ բնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց կիրառական արվեստի հանդեպ:

Քառասնական թվականների կեսերին նա արեց արծաթյա իրերի, հիսնական թվականներին` խեցեգործական առարկաների էսքիզներ: Արծաթե սափորի, սկուտեղի, թասի էսքիզներն աչքի են ընկնում ձևի և դրվագանախշերի բազմազանությամբ: Նկարիչը ստեղծեց բուսական և երկրաչափական դրվագային զարդապատկերներ, ներմուծեց հեքիաթային սիրին թռչունի մոտիվը:

Ճենապակյա և հախճապակյա ամանների էսքիզներում զգացվում է նկարչի հղացումների հարստությունն ու յուրօրինակությունը: <<Սայաթ-Նովա>> ափսեի էսքիզում Կոջոյանը պատկերել է աշուղի նստած ֆիգուրը զարդանախշ ֆոնի վրա, որ ոսկեկար բանվածք է հիշեցնում: Մի այլ էսքիզում նկարիչը դեկորատիվ զարդանկարին հայ աղջկա նրբորեն արված պատկեր է միահյուսում: Այս ամաններում պահպանված են ժողովրդական վարպետների խեցեգործական առարկաների ավանդական ձևերը:

Կոջոյանի ստեղծագործությունն այս ասպարեզում իր բարերար ազդեցությունն ունեցավ հայ կիրառական արվեստի հետագա զարգացման վրա: Հիսնական թվականներին գունանկարում Կոջոյանը նորից դիմեց բնանկարի ժանրին: Նկարիչը լի էր հայրենի երկրում իր տեսածը գույներով հաղորդելու խանդավառությամբ ու տենչով: Դեպի բնությունը վարպետի այս վերադարձի մեջ կյանքի հավերժական թեմային, ժամանակների կապին, շրջապատող աշխարհի գեղեցկության զգացումին հասու լինելու իրողությունը կա: Նա շարունակեց իր գառնի-գեղարդյան նկարաշարը, որ սկսել էր քսանական թվականներին, նոր գործերի մեջ պահպանելով նախորդների գունանկարչական համակարգը: Նկարչի այդ շրջանի մյուս աշխատանքներն ավելի են հագեցած գույնով: Կանաչի և դեղինի հնչեղ երանգներով է շնչավորվում բնությունը ջերմուկյան բնանկարներում: Լույսվ ու կյանքի զարթոնքի ուժով է համակված <<Գարուն>> նկարը:

Կոջոյանի հիսնական թվականների բնանկարների կոմպոզիցիան հաճախ կառուցված է գունային հարթությունների տարածական հերթագայության վրա, գունանկարում օգտագործված են տոնային հարաբերակցություններ և գունային մեղմ անցումներ:

Լինելով Գ. Բաշինջաղյանի, Ե. Թադևոսյանի, Մ. Սարյանի, Ս. Առաքելյանի նման բնանկարային գեղանկարչության խոշոր վարպետների ժամանակակիցը, Հակոբ Կոջոյանը, այնուհանդերձ, մնաց հայկական բնությունը խորապես անհատականորեն ընկալող նկարիչ:

Կոջոյանն աշխատեց մինչև կյանքի վերջին օրերը. վախճանվեց 1959 թ.-ի գարնանը: Ինչի էլ դիմեց նա` գունանկար, կտավ թե գրքի նկարազարդում, հրատարակչական մակնիշ թե արծաթյա գավաթի էսքիզ, միշտ ճշմարիտ ստեղծագործող մնաց: Աշխատում էր երկար, ժամանակ ու հանգիստ մոռացած: Վարպետի այդ <<աստեղային ժամերի>> մասին է հիշում Մ. Ասլամազյանը.

<<Ուսանողուհի եղած ժամանակս հաճախ էի անցնում Կոջոյանի արվեստանոցի պատուհանների մոտով և միշտ նրան տեսնում էի սեղանի մոտ աշխատելիս:

Նրա ուշադրությունը չէին շեղում ոչ փողոցի աղմուկը, ոչ առևտրականների կանչերը, ոչ երեխաների խաղերը: Լռակյաց ու ներամփոփ` նա ամբողջովին տրվում էր իր արվեստին>>:

Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները տեղ են գտել Լենինգրադի ռուսական թանգարանում, Մոսկվայի արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Կիևի ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի պետական պատկերասրահում: Վարպետի արվեստը լայն ճանաչում էր ստացել դեռևս երեսնական թվականներին: Այդ շրջանում նրա գործերը ներկայացվել են սովետական գրաֆիկայի միջազգային մի շարք ցուցահանդեսներում (Լոնդոն, Ֆիլադելֆիա, Դանցիգ):

1973 թ.-ին Երևանում բացվեց Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը, ուր ցուցադրված են գունանկարչական և գրաֆիկական աշխատանքները: Այստեղ ներկայացված է նրա վերջին գործերից մեկը` <<Սասունցի Դավիթ>> կտավը (1958 թ.): Նկարչի արվեստանոցում, պատկերակալի վրա, մնում է նրա <<Անիի ավերակները>> անավարտ նկարը:

Հակոբ Կոջոյանի գունանկարը հատկանշվում է թեմատիկ բազմազանությամբ: Իր ստեղծագործության մեջ դիմելով հայ ժողովրդի կյանքին, նրա պատմական անցյալին, Կոջոյանը միաժամանակ իր դարի, հեղափոխության ծնունդ նոր ժամանակների արվեստագետ էր: Հեղափոխության թեման բարձր հնչեղություն ստացավ նրա գրաֆիկայում, թափանցելով նաև վարպետի գունանկարի ոլորտը:

Բացառիկ է Կոջոյանի ստեղծագործության նշանակությունը հայ սովետական գրաֆիկայի պատմության մեջ: Գրքի ձևավորման արվեստում նրա դերը մեզանում կարելի է համեմատել այն դերի և նշանակության հետ, որ ռուսական գրքի գրաֆիկայում ունեցավ Ֆավորսկու գործունեությունը:

Հայկական գրաֆիկայի վարպետի ստեղծագործությունը բարձր է գնահատել Մարտիրոս Սարյանը:

<< Հակոբ Կոջոյանը դարձավ ականավոր գրաֆիկ և մեծ ազդեցություն գործեց Հայաստանում արվեստի այդ ճյուղի զարգացման վրա: Գրաֆիկայի ասպարեզում, իր ստեղծած մի շարք գործերում, նա հանդես եկավ որպես նորարար, մեծ ճաշակով ու վարպետությամբ լուծելով իր առջև դրված խնդիրներն ու հղացումները>>:

Կոջոյանի ստեղծագործության մեջ նրա նախասիրած կերպարներից մեկը Փյունիկ թռչունն էր: Բոցերում վառվող և մոխիրներից վերստին հառնող Փյունիկի կերպարը նկարչի համար մնաց իբրև արվեստի անմահության խորհրդանիշ:

Այն բանում, որ Հակոբ Կոջոյանը դիմեց հայկական էպոսին, դասական պոեզիայի էջերին, հայրենի բնության պատկերներին ու գույներին, արտահայտվում է նկարչի ճշմարիտ ուժը, արարիչ-արվեստագետ, որ հայտնաբերեց գեղեցկության ու ֆանտազիայի ուրույն մի աշխարհ և հիասքանչ ժառանգություն թողեց հայ կերպարվեստի պատմության մեջ:

Posted on April 19, 2012, in Գեղանկարչություն. Bookmark the permalink. 2 Comments.

  1. Ես այս նկարիչի նկարները շատ եմ սիրում:

  2. Համաձայն եմ, Կոջոյանը մեր լավագույն նկարիչ-արվեստագետներից է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: