Հայկական լեռնաշխարհի բնությունը

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը:

Հայ ժողովուրդն ապրել ու իր բազմադարյան պատմությունը կերտել է այն տերիտորիայում, որը հայտնի է Հայկական լեռնաշխարհ անունով: Հայկական լեռնաշխարհը հրաբխային և լեռնակազմական գործողության հետևանքով առաջացած երկիր է, ֆիզիկա-աշխարհագրական մի ուրույն մեծ շրջան: Նա հարևան երկրներից ավելի բարձրադիր է և երբեմն անվանվում է <<լեռնային կղզի>>: Հյուսիսում նրա սահմանը հասնում է մինչև Փոքր Կովկասի ծայրաշղթաները, հարավում` Կորդվաց և Մասիուս լեռները, արևելքում` Ուրմիա լճի մոտակայքը, իսկ արևմուտքում` Անտիտավրոս, զբաղեցնելով ավելի քան 300000 քառ. կմ տարածություն: Լեռնաշխարհի միջին բարձրությունը ծովի մակերևույթից 1500-1800 մ է: Տարբեր ուղղությամբ ձգվող լեռնաշղթաները իրար հետ հատվելով` երկիրը վեր են ածել բազմաթիվ փակ շրջանների: Լեռնաշղթաների միջև ձգված են ձորեր, հովիտներ և դաշտեր:Երկրում հիմնականում տարածված են հրաբխային սարահարթեր և առանձին լեռնազանգվածներ, բեկորային ու ծալքավոր լեռներ, տեկտոնական իջվածքներ, գետահովիտներ ու դաշտեր: Հայկական լեռնաշխարհը մտնում է երկրաշարժի գոտու մեջ: Հայկական լեռնաշխարհում է գտնվում Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը` Թոնդուրեկը (Մասիսից հարավ-արևմուտք), որի խառնարանից դուրս են գալիս ջրային գոլորշիներ, ծծմբային ու ածխածնային գազեր և մանր քարակտորներ, իսկ ստորոտից բխում են հանքային տաք աղբյուրներ:

Հայկական լեռնաշխարհի արբանյակային քարտեզը ——————————————————————————————

Երկրում հսկայական տարածության վրա ձգվում են Փոքր Կովկաս, Հայկական պար և Հայկական Տավրոս լեռնասիստեմները: Դրանցից առաջինը, որն ունի ծալքավոր կառուցվածք, սկսվում է Բաթումի մոտից և հարավ-արևելյան ուղղությամբ ձգվում մինչև Արաքս` Մեղրու մոտ: Փոքր Կովկասը բարդ լեռնասիստեմ է, բաղկացած ` Խոնավ, Վիրահայոց, Փամբակի, Սյունյաց և այլ լեռնաշղթաներից, որոնց միջև տարածվում են մեծ ու փոքր բարձրադիր շրջաններ: Փոքր Կովկասի ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է (3906 մ): Փոքր Կովկասին կից են Գեղամա հրաբխային լեռնաշղթան և Արագած լեռնագագաթը 4096 մ բարձրությամբ:

Հայկական պարը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է: Այն ձգվում է զուգահեռականի ուղղությամբ: Լեռնաշղթայի արևելյան ծայրակետում է գտնվում երկրի ամենաբարձր լեռը ` Մեծ Մասիսը (Արարատ` 5165 մ), որի գագաթը պատված է հավերժական ձյան ծածկույթով: Հայկական պարի լեռնագագաթներից հայտնի են նաև Սինակը, Բարդողը, Սուկավետը (կամ Ջրաբաշխ) և Այծպտկունքը:

Լեռնաշղթայի արևելյան հատվածին զուգահեռ, նրա հարավային մասով ձգվում են Ծաղկանց լեռները, որոնց լավաները արևելքում հասնում են մինչև Թոնդուրեկ: Հայկական Տավրոսը կազմում է Տավրոսյան լեռնասիստեմի արևելյան` ամենաերկար հատվածը: Նա ձգվում է Ջահան գետի ակունքներից (Կիլիկիայում) մինչև Ուրմիա լճի մոտակայքը: Սկզբնաղբյուրներում հաճախ են հիշատակվում Հայկական Տավրոսի երեք գագաթները ` Արտոսն ու Ընձաքիարսը (Կապուտկող)` Վանա լճի հարավային ափին, և Անդոկը ` լեռնաշղթայի կենտրոնական հատվածում: Հայկական Տավրոսին են միանում գեղադիր Նեմրութ լեռնագագաթի (3050 մ) լավաները:Նեմրութ լեռնագագաթը

———————————————————————————————————————————

Նեմրութից հյուսիս-արևելք` Վանա լճի հյուսիսային ափին բարձրանում է Հայկական լեռնաշխարհի երկրորդ բարձր լեռը` Սիփանը (4434 մ), որի գագաթից անկրկնելի տեսարան է ներկայացնում Վանա լիճն իր շրջակայքով:

Սիփան լեռն ու Վանա լիճը

———————————————————————————————————

Լճի արևելյան կողմում` Վան քաղաքից ոչ հեռու Վարագա լեռն է իր համանուն վանքով:Նշվածներից բացի հայտնի են Վասպուրականի կամ Կոտուր-Զաքրոշյան լեռնաշղթան, որը ձգվում է հյուսիսից հարավ` Մասիսից դեպի Միջագետք, Անտիպոնտական պարը, որը Ճորոխի ավազանը բաժանում է Արևմտյան Եփրատի ավազանից, Պոնտական լեռնաշղթայի արևելյան հատվածը, Մեծրաց և Ծիրանաց լեռները Ճորոխ, Կուր և Արաքս գետերի ջրբաժան շրջանում, լեռնաշխարհի արևմտյան սահմանը կազմող` Անտիտավրոսյան լեռնաշղթան` Եփրատից արևմուտք, և Չորրորդ Հայքի (Բյուրակն-Մնձուրյան, Ներքին Տավրոս) լեռնաշղթան,որը ձգվում է Բյուրակն ջրառատ բարձրավանդակից (արևելքում) մինչև Եփրատ:

Հայկական լեռնաշխարհի տերիտորիայի մեծագույն մասը կազմում են Արաքս, Արածանի (Արևելյան Եփրատ), Արևմտյան Եփրատ (Եփրատ) և Ճորոխ գետերի ավազանները: Արաքսի և նրա վտակների հովիտներում են տարածվում Տվարածատափի , Բասենի, Կարսի (կամ Վանանդ), Շիրակի, Արարատյան, Սուրմալուի, Կոգովիտի (Բայազետ), Մակուի (որի մի մասը հայտնի էր Ավարայր անունով), Կարմիր գետի և Նախճավանի արգավանդ դաշտերը: Նույնպիսի արգավանդություն ունեն Արածանիի հովտում սփռված Ալաշկերտի, Դութաղի, Մանազկերտի, Մուշի, Բալահովիտի (Բալու) ու Խարբերդի և Կարինի (Էրզրումի), Դերջանի (Աշկալայի և Մամախաթունի), Երզնկայի ու Կամախի դաշտերը: Աշխարհագրական առանձին շրջաններ են կազմում Վանա լճի եռանկյունաձև ավազանը, որում հայտնի են Հայոց ձորի, Սև ջրի ու Աբաղայի դաշտերը, Կուր գետի վերնագավառը` Արդահանի ու Ջավախքի սարահարթերով, Ճորոխ գետի անտառապատ հովիտը և Արածանիի ու Արևմտյան Եփրատի ստորին հոսանքների միջև ընկած լեռնային ու անտառաշատ Դերսիմը:

Երկրի լեռնային ռելիեֆի և արտաքին ազդակների հետևանքով Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները` կլիման, հողերը, բույսերը, կենդանիները բազմազան են: Դրանք բոլորը ենթարկված են ուղղաձիգ գոտևորման օրենքին: Այստեղ առկա են կիսաանապատներից մինչև լեռնային <<տունդրան>> և նույնիսկ լեռնային <<բևեռային>> բնական բոլոր գոտիները: Եվ այդ բոլորը իրար հաջորդում են ընդամենը 15-20 կմ-ի վրա: Բնական պայմանների այդպիսի տարատեսակությունն էլ պայմանավորել է երկրի առանձին շրջաններում տարբեր զբաղմունքների առաջացումն ու զարգացումը:

Հայկական լեռնաշխարհի կլիման:

Հայաստանն ամբողջապես գտնվում է տաք բարեխառն գոտում: Նրա կլիման ցամաքային է, տեղումներով սակավ և ունի ջերմաստիճանների մեծ տատանումներ: Համեմատաբար բավարար տեղումներ են ստանում երկրի միայն հյուսիս-արևելյան, հյուսիս, հյուսիս-արևմտյան և մասամբ հարավային լեռնային ծայրաշրջանները:

Երկրի կենտրոնական մասում համեմատաբար բավարար տեղումներ են սըանում միայն Հայկական պարի, Ծաղկանց լեռների, Սիփանի և այլ լեռների բարձրադիր լանջերը: Երկրում անհամաչափ է տեղաբաշխված նաև ջերմությունը: Ամռանը լինում են խիստ շոգ օրեր, իսկ ձմռանը` ցրտեր: Երկրի ամենաշոգ շրջանները Արարատյան դաշտն ու Արևմտյան Տիգրիսի հովիտն են, որտեղ ամռանը ստվերում ջերմաստիճանը երբեմն անցնում է 41 աստիճանից: Ցրտի կենտրոնը Կարսի շրջանն է: Այստեղ արձանագրվել է մինչև -42 աստճան սառնամանիք: Հայաստանի ցրտության այդ բևեռը իր հերթին սառեցնում է և հարևան շրջանների օդը:

Հայկական լեռնաշխարհը ջրառատ երկիր է: Նրա քարտեզը զարդարում են մի քանի խոշոր լճեր և բազմաթիվ լճակներ: Նա ունի բավական զարգացած գետային ցանց և հայտնի է իր սառնորակ, հորդաբուխ աղբյուրներով ու հանքային բազմապիսի ջրերով:

Հայկական լեռնաշխարհի լճերը:

Հայկական լեռնաշխարհի լճերից հայտնի են ` Վանա լիճը (Բզնունյաց ծով, Աղթամարի լիճ), Աղթամար, Լիմ և Կտուց կղզիներով, Սևանա լիճը (Գեղամա ծով) և Ուրմիա լիճը (Կապուտան ծով):

Վանա լիճն իր մեծությամբ Ուրմիայից հետո գրավում է երկրորդ տեղը (3674 քառ. կմ):Նրա բարձրությունը ծովի մակերևույթից 1720 մ է, փակ լիճ է, ջրերը աղի են` բորակով հարուստ: Հայտնի է իր տառեխ ձկան տեսակով: Լճի մեջ թափվող գետերից են Խոշաբը, Սև ջուրը և Բերկրին:


Վանա լիճը

————————————————————————————————————

Սևանա լիճը աշխարհի լեռնային ամենամեծ և ամենաբարձր լճերից է (մինչև մակարդակի իջեցումը բարձրությունը 1916 մ էր, իսկ մակերևույթը ` 1416 քառ. կմ): Նրա ջրերը քաղցրահամ են և զարմանալի վճիտ: Նրա մեջ թափվում են Գավառագետը, Բախտակը, Վարդենիսը, Մասրիկը, Ձկնագետը և այլն: Լճի հյուսիս-արևմտյան կողմում գտնվում է Սևանա կղզին, որը լճի մակարդակի իջեցման հետևանքով վեր է ածվել թերակղզու:

Սևանա լիճը – Պատկեր 1

——————————————————————————————————————–

Սևանը հայտնի է իր իշխան ձկով: Սևանը մեր օրերում հանդիսանում է ՀՀ-ի էկլեկտրաէներգիայի և ոռոգման ամենահիմնական աղբյուրը:

Սևանա լիճը – Պատկեր 2

————————————————————————————————-

Սևանա լիճը – Պատկեր 3

—————————————————————————————————————————

Սևանա լիճը – Պատկեր 4

————————————————————————————————————–

Ուրմիա լիճը անհոսք աղի լիճ է Իրանի հյուսիս -արևմուտքում: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև Կապուտան, Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ:

Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը և ուրիշներ: Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով` Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով: Սոհունդ լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է: Կարծիք կա, որ Ուրմիան Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքսիհետ: Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ: Մեկ այլ փաստ. Թավրիզի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր դարավանդներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ: Այսինքն` շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է` կապված տեկտոնական շարժումների հետ:

Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²: Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա:

Ուրմիա լիճը

———————————————————————————————————-

Գարնանը մակարդակը բարձրանում է: Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով: Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր` Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու: Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում: Գետերի դելտաները հաճախ ճահճացած են` բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ:

Աղիությունը շատ բարձր է` 150-250% է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով: Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է: Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է: Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է: Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ:

Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր: Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով: Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ:

Լճում կա 60 կղզի` գլխավորապես հարավային մասում: Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի:

Նավարկելի է: Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները:

1926 թվականին լիճը վերանվանվել է Ռեզայի, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի: 1970 լճին վերադարձվել է նախկին անունը: 1967թ-ից լիճը ներառվել է Ուրմիա ազգային պարկի մեջ:

Նշվածներից բացի, տնտեսական որոշակի նշանակություն ունեն նաև Արճակ (Վանա լճից արևելք), Նազիկ (Վանա լճից արևմուտք), Ծովք (Արևմտյան Տիգրիսի ակունքի շրջանում), Մեծամոր (Սև ջուր գետի ակունքում) և մի շարք այլ փոքրիկ լճակներ:

Հայկական լեռնաշխարհի գետերը:

Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Տիգրիս, Եփրատ, Ճորոխ, Կուր և Արաքս գետերը:

Կուր գետ

(Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրքերեն՝ Kura, վրացերեն՝ მტკვარი – Mtkvari,ադրբեջաներեն՝ Kür) – գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։ Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում էԱրաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1 364 կմ է։

Կուր գետը – Պատկեր 1

——————————————————————————————————————————–

Կուր գետի ափին գտնվող բնակավայրեր.

Մարդանեկ – Կարսի մարզ

Օկամ – Կարսի մարզ

Արդահան – Կարսի մարզ

Գյուլաբերդ – Կարսի մարզ

Ասպինձա – Վրաստան

Բորժոմ – Վրաստան

Խաշուր – Վրաստան

Ագարա – Վրաստան

Քարել – Վրաստան

Գորի – Վրաստան

Կասպի – Վրաստան

Ձեգվի – Վրաստան

Մցխեթ – Վրաստան

Թիֆլիս – Վրաստան

Ռուսթավի – Վրաստան

Գարդաբան – Վրաստան

Մինգեչաուր – Ադրբեջան

Եվլախ – Ադրբեջան

Զարդոբ – Ադրբեջան

Սաբիրաբադ – Ադրբեջան

Ալի-Բայրամլի – Ադրբեջան

Սալյան – Ադրբեջան

Նեֆթեչալա – Ադրբեջան

Կուր գետը – Պատկեր 2

———————————————————————————————————————————–

Արաքսը (նաև ճանաչված իբրև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ) Հայկական լեռնաշխարհիամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ ( որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։

Արաքս գետ – Պատկեր 1

————————————————————————————————————————————-

Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5 0 ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով: Արաքսն իր տղմուտությամբ զիջում է ամենաերկար գետ Նեղոսին: Այն վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի,Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է մայր Արաքս:

Արաքս գետ – Պատկեր 2

——————————————————————————————————————————–

Արաքսի վրա վաղ ժամանակներից կառուցել են բազմաթիվ կամուրջներ, որոնցից նշնավոր են եղել Արտաշատի Երվանդաշատի, Ջուղայի կամուրջները: Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջն է: Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով, որի արդյունքում կամուրջները կործանվել են: Պատահական չէ, որ հռոմեացի բանաստեղծ (մ.թ.ա. 1-ին դար) Միտիլիոս (Վիտիլիոս) Արաքսն անվանում է կամուրջընկեց: Մովսես Խորենացու վկայությամբ, գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների Արմավիրի, Արտաշատի և Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից: Արարատյան դաշտում Արաքսը աջից ընդունում է Դեղին գետը, ձախից Ախուրյանը , Սև ջուրը, Հրազդանը, Ազատը, ապա Նախիջևանը:

Արաքսը Իրանի կողմից

—————————————————————————————————————————————

Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական Պար լեռնաշղթան ու մտնում Բասենի դաշտը։ Այստեղ նրան է միանում Մուրց (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնում է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։ Ջուլֆայի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածություն վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ. գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Կարադաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը։

Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Գետը տարեկան դեպի Կասպից ծով է տանում 3 մլրդ խմ ջուր։

Տիգրիս` գետ Հայկական լեռնաշխարհում և Միջագետքում։ Հոսում է Թուրքիայի և Իրաքի տարածքով։ Տիգրիսը կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից։ Երկարությունը 1900 կմ, ավազանը՝ 375 հազար կմ2։ Տիգրիս–Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Հնում այն կոչվել է Դղկաթ, որը նշանակում է նետ: Հիմնական ավազանն Իրաքի տարածքում է, Հայկական լեռնաշխարհիսահմաններում` ոչ ավելի քան 40 հազար քառ. կմ:

Տիգրիս գետը – Պատկեր 1

———————————————————————————————————————————–

Գետը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի լեռներից երկու` Արևմտյան և Արևելյան Տիգրիս ճյուղերով: Արևմտյան Տիգրիսը` Արղանա անվամբ սկիզբ է առնում Ծովք լճից, ապա միանալով Զիբենեին` մտնում է բնական թունել և դուրս գալիս Վերին (Հայոց) Միջագետք: Գ. Սրվանձտյանը Տիգրիսի ակունքները նկարագրում է որպես ոսկեղեն մի երկիր: Տիգրիսը սրբավայր է, դրախտի չորս գետերից մեկը: Տիգրիսն սկսվում է Տավրոսի համակարգում 2000-3500 մ բարձրություններից, վտակները հոսում են խորը կիրճերով, առաջացնում են անտեցեդենտ հովիտներ և դուրս գալիս դաշտավայր` ստեղծելով արտաբերման կոներ, որոնք կուտակում են մեծ քանակի գետաբերուկներ և սելավային (պրոլյուվիալ) նստվածքներ: Արևմտյան Տիգրիսի կարևոր վտակներն են` Ամբար, Քաղիրդ (Բաթման)` Սասունի գետ վտակով, Արզան, Բաղեշ (Բիթլիս): Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և Կորդվաց լեռների կազմած անկյունից և գրեթե միշտ հոսում դեպի արևմուտք` մինչև Սղերդ քաղաքից հարավ-արևմուտք, որտեղ միանում է Արևմըյան Տիգրիսին:

Տիգրիս գետը – Պատկեր 2

——————————————————————————————————————–

Արևելյան Տիգրիսը (Բոհտանի գետ) Քսենոֆոնն անվանում է Կենտրիտես: Վտակներն են Մոկսի, Խիզանի, Բաղեշի, Խարզան գետերը: Իսկ Արևմտյանին միանալուց հետո Տիգրիսի վտակներն են Խաբուր, Մեծ Զաբ, Բարազգիր և այլն: Տիգրիսը և վտակները ջրառատ են, սնվում են Տավրոսի միջին և բարձր լեռների գոտու առատ տեղումներից: Տիգրիսն ավելի ջրառատ է քան Եփրատը: Այսպես, Բաղդադի մոտ նրա տարեկան միջին ծախսը 1240 խմ/վրկ է, կարող է հեղեղել մշակվող հողատարածությունները, քանի որ վարարման դեպքում ծախսն անցնում է 13 հազար խմ /վրկ-ից և բազմաթիվ անգամ աղետներ է բերել: Այժմ կառուցված է հատուկ ջրանցք, որով Տիգրիսի ջրերը տանում են դեպի Եփրատ և փրկում շրջապատի տարածքը ողողումից:

Տիգրիս գետը – Պատկեր 3

—————————————————————————————————————————————

Հայկական լեռնաշխարհի սահմաններում Տիգրիսի հոսքը 40 հազար քառ. կմ սահմաններից կազմում է 15-16 խոր. կմ, միջին ծախսը 530 խմ/վրկ է, առավելագույնը կարող է հասնել 5000 խմ/վրկ-ի, նվազագույնը` 69 խմ/վրկ, տարբերությունը ավելի քան 82 անգամ է: Նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ամռան երկրորդ կեսին Տավրոսի ամբողջ համակարգն ընկում է արևադարձային չոր օդային զանգվածների ազդեցության տակ, տեղումներ չեն լինում, իսկ Տավրոսի համակարգում առատ աղբյուրներ չկան, եղած ջրերն էլ օգտագործվում են բնակիչների կողմից: Գետի վտակները վճիտ են, վերին հոսանքներում հանքայնացումը չի անցնում 100 մգ/լ-ից, իսկ իջնելով դաշտավայր` 300-350 մգ/լ-ից: Գարնանը` հորդացումների ժամանակ գետը տղմոտ է: Գետավազանի 1 քառ. կմ-ից տարեկան լվացվում է 250-400 տ տիղմ: Տարեկան կոշտ հոսք կազմում է 14-15 մլն տ, որի մի մասը նստում է Միջագետքի դաշտավայրում, մյուս մասը հասնում է Պարսից ծոց:

Տիգրիս գետը Բաղդադում

—————————————————————————————————————————————

Տիգիրսը Եփրատին է միանում և կազմում Շատ- Էլ- Արաբ գետը, թափվում է Պարսից ծոց` առաջացնելով արագ աճող դելտա: Միջագետքի դաշտավայրը ծովային ավազան է եղել և ցամաքել է այս երկու գետերի բերուկների կուտակումից: Ստորին հոսանքներում նավարկելի է: Հորդացման ժամանակ ոչ խորանիստ նավերը կարող են հասնել մինչև Մոսուլ:

ԵփրատըԱռաջավոր Ասիայի ամենաերկար գետն է՝ 2700 կմ, 673 հազար քառ. կմ ավազանով: Հայկական լեռնաշխարհի սահմաններում նրա ավազանը կազմում է 95 հազար քառ. կմ, որից 40 հազարն Արածանիիջրհավաքն է: Եփրատը Հին Կտակարանում կոչվել է Մեծ գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը: Հայկական աղբյուրներում այն անվանվել է Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ, արաբական աղբյուրներում՝ Ֆրատ կամ Շատ- էլ-Ֆուրատ, հին պարսկական աղբյուրներում՝ Իֆրատու:

Եփրատ գետը

————————————————————————————————————————-

Գետը որպես Եփրատ կազմվում է Արևմտյան Եփրատ (Կարասու)` 450 կմ երկարությամբ և Արածանի (Մուրատ)` 670 կմ երկարությամբ ճյուղերի միացումից: Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից Ոսկյանց(3914 մ) գագաթից: Այստեղ բխում է մի աղբյուր` (ջերմաստիճանը 3 աստիճան), որը պաշտամունքի աղբյուր է համարվել: (Ըստ ավանդության 7-րդ դարի բյուզանդական Հերակլ կայսրը Քրիստոսի խաչը վտանգի պահին թաղել է, և երբ խաչը նորից հանել են, տեղն աղբյուր է վիթել: Սուրբ համարվող աղբյուրի ջրի մեջ մարդիկ լողանում են և ազատվում մեղքերից): Եփրատն այնուհետև իջնում է Կարնո դաշտ, որտեղ հարթ ռելիեֆի պայմաններում առաջացնում է ճահիճներ (Շամբ Կարնո): Այստեղ գետի ջրին են խառնվում նաև հանքային աղբյուրների ջրերը: Կարնո դաշտից գետը մտնում է Շողանի կամ Շուղնի ձորը, դուրս է գալիդ Աշկալեի ու Դերջանի (Մամախաթունի) դաշտերը և անցնում է Դերջանի ու Երզնկայի գոգավորություններով: Ապա մտնում է Կամախի սարահարթ` ստեղծելով խորը կիրճ և դուրս գալիս Խարբերդի դաշտ, որի արևմտյան մասում միանում է Արածանի ճյուղին: Կամախում է գտնվում նախկին Անի բերդը: Վերջինս հայտնի է նրանով, որ այստեղ էին թաղվում Արշակունի թագավորները և բերդում էին պահվում արքունական գանձերը: Երզնկան համբավավոր է իբրև Անահիտ դիցուհու սրբավայր: Այստեղ էր տեղավորված գլխավոր մեհյանը:

Եփրատ գետը քարտեզի վրա

———————————————————————————————-

Բարձր Հայքի այս հատվածը, որը Եփրատի ավազանի վերնագավառն է, Հայկական լեռնաշխարհի ամենաերկրաշարժային շջանն է. կան բազմաթիվ տեկտոնական խզվածքներ, որոնցից դուրս են գալիս հանքային աղբյուրներ: Միջին դարերի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն այցելել է Երզնկա: Նա գրում է, որ այստեղ գոյություն ունեն բազմաթիվ տաք աղբյուրներ, ստեղծվել են ջերմուկային բաղնիքներ: Այնուհետև տեկտոնական շարժումների հետևանքով աղբյուրների ելքերը փոփոխվել են և Երզնկայում բաղնիքները դադարել են գործելուց: Եփրատը խոր կիրճից դուրս է գալիս Կապան Մադենի (Քեբանի) մոտ, միանում Արածանի վտակին, ապա Մալաթիայի դաշտում բազմաթիվ վտակներ ընդունելով` ուժ է հավաքում պատռելու Տավրոսի լեռնաշղթան: Գետն այստեղ սղոցել է Կիմիրխանի (Կյումուրխանի) մինչև 1500 մ խորության անտեցեդենտ կիրճը, որտեղ 300 ջրվեժ ու քարվազ է առաջացնում: Հորձանուտի ահարկու դղրդյունը լվում է շատ հեռվից: Եփրատն ընդունում է բազմաթիվ վտակներ` Մանանաղի (Թուզլու), Աղյունաձոր (Մադեն), Տևրիկ (Ցելտ), Կավկավա (Թոխմա): Գետն ունի ցայտուն արտահայտված աստիճանաձև կողապատկեր (պրոֆիլ): Գոգավորությունների հատակի հարթ լճագետային նստվածքներում նա հանդարտ է հոսում, իսկ խոր կիրճերում բազմաթիվ սահանքներ է առաջացնում: Եփրատը խառը սնման գետ է, հորդանում է գարնանը, այս սեզոնում անցում է գետի հոսքի շուրջ 60%-ը: գետի վերին հոսանքներում` Կամախից վեր` Բարձր Հայքում, հովտի լանջերի մեծ թեքության պատճառով հոսքի գործակիցը համեմատաբար մեծ է` 0.6: Մինչև Քեբանիջրամբար հասնելը տարեկան միջին ծախսը կազմում է 350-400 խոր. մ/վրկ, տարեկան հոսքը` 10-12 մլրդ խոր.մ, Արածանիի հետ միասին Եփրատի միջին ծախսը կազմում է 750-800 խոր. մ/վրկ: Գարնան ինտենսիվ ձնհալի ժամանակ ծախսը կարող է հասնել մոտ 7000 խոր. մ/վրկ: Տարեկան հոսքը 26 խոր. կմ է: Գետի ջրերը վերին հոսանքներում քաղցրահամ են` մինչև 100 մգ/լ աղիությամբ, Արածանիի հետ խառնուրդում` 250-300 մգ/լ: Գետի գումարային կոշտ հոսքը տարեկան կազմում է մոտ 20 մլն տ: Եփրատը Կամախի կիրճում ունի ջրաէներգետիկ պաշարներ և կարող է օգտագործվել էլեկտրակայանների կառուցման համար: Արածանիի հետ միացման հատվածում կառուցվել է Քեբանի ջրամբարը և էլեկտրակայանը: Դեռ շատ հին ժամանակներից Եփրատն օգտագործվել է նավարկության համար:

Ճորոխը պատկանում է Սև ծովի ավազանին: Հնում կոչվել է Վոհ (Ոհ), Ակամսիս, Փասիս, ըստ Հակոբ Մանանդյանի՝ Ապսարուս: Գետի երկարությունը 360 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 19.8 հազ. քառ կմ: Սկիզբ է առնում Ճորոխի լեռնաշղթայի Չորմայրի գագաթից, սկզբում հոսում է դեպի արևմուտք, ապա շեղվում հյուսիս, անցնում Բաբերդի միջով, Լորի (Բլուր) վտակն ընդունելուց հետո ուղղությունը փոխում է դեպի արևելք ու հյուսիս արևելք: Մինչև ծովափ հասնելը կտրում է Պոնտական լեռնաշղթան՝ առաջացնելով խորը կիրճ։

Ճորոխի խոշոր վտակներն են՝ Օլթի, Թորթում, Բերտա, Աջարա։ Ինչպես Ճորոխը, այնպես էլ նրա վտակները խոր կիրճեր են ստեղծել: Վտակները հարուստ են սահանքներով, որոնք երկրակեղևի տեկտոնական շարժումների արգասիք են: Ամենախոշոր ջրվեժը Թորթում գետի վրա է՝ համանուն անվամբ՝ 40 մ բարձրությամբ:

Ճորոխը Հայկական լեռնաշխարհի ամենաջրառատ գետերից մեկն է: Հորդանում է գարնանը՝ ձնհալքի ժամանակ: Գետի ջուրը քաղցրահամ է, միջին միներալացումը վերին հոսանքներում 100-200 մգ/լ է, ստորին հոսանքում` 200-300 մգ/լ, տարեկան տանում է 1.5 մլն տ լուծված նյութեր: Գետը գարնաը շատ տղմոտ է. գետավազանի յուրաքանչյուր 1 քառ. կմ-ից լվացվում են ավելի քան 500 տ կախված նյութեր, տարեկան հոսքը կազմում է 10 մլն տ, իսկ գլորվող նյութերինը` 1.5 մլն տ: Գետը տարեկան շուրջ 13 մլն տ նյութ է տանում Սև ծով:

Ճորոխ գետը

————————————————————————————————————————————–

Գետն ունի ջրաէներգետիկ խոշոր պաշարներ:

Լինչի և Օսվալդի «Հայաստան և հարևան երկրներ» քարտեզի վրա (Ա. Աբեղյանի խմբագրությամբ) կարելի է Ճորոխի ավազանում կարդալ տասնյակներով հայկական գյուղերի անվանումներ: Մինչև 20-րդ դարը հայերն այնտեղ ունեցել են զարգացած մշակույթ, զբաղվել են արհեստներով, առևտրով: Այժմ այստեղ կան հայեր, որոնք բռնի կերպով դավանափոխ են եղել, դարձել են մահմեդական:

Ճորոխը դեռ հնուց օգտագործվել է լաստառաքման նպատակներով: Տեղաբնիկները անտառանյութը կարողանում էին գետով տեղափոխել գետաբերան: Արդվինից ցած գետը նավարկելի է ոչ խորանիստ նավերի համար: Առաջներում տեղաբնիկները նավակները կառուցում էին փչովի տիկերի վրա, հոսանքն ի վար մինչև ծով ապրանքներ էին տեղափոխում հինգ ժամում, իսկ հոսանքով վեր ոտքով անցնում էին երեք-չորս օրում:

Հայկական լեռնաշխարհի գետերը լեռնային բնույթ ունեն, արագահոս են և փրփրալից: Դրանց անկման ուժը հին և միջին դարերում օգտագործվել է շատ չնչին չափով` ջրաղացներ գործի դնելու համար:Գետերը արագահոսության և մեծ անկման պատճառով նավարկության համար պիտանի չեն: Գետերի նշանակությունը առանձնապես մեծ է եղել ոռոգման և ձկնորսության համար:

Հայկական լեռնաշխարհի լեռնային գոտիներն ու բուսական աշխարհը:

Ընդհանուր առմամբ Հայկական լեռնաշխարհի հողն արգավանդ է: Երկիրը հավասարապես նպաստավոր է գյուղատնտեսության երկու կարևորագույն ճյուղերի` երկրագործության և անասնապահության զարգացման համար: Հողն ու բուսականությունն այստեղ, կլիմայական պայմաններին համապատասխան, բազմազան են. դրանք ուղղաձիգ ուղղությամբ կազմում են մի քանի գոտիներ: Ցածրադիր մասերում` ծովի մակերևույթից 500-1000 մ բարձրության վրա գտնվող հարթություններում (Արարատյան դաշտ, Մեղրու և Ղափանի հովիտներ, Արևմտյան Տիգրիսի հովիտ և այլն) արհեստական ոռոգման դեպքում հաջողությամբ աճում են չոր մերձարևադարձային մշակույթներ` բամբակ, նուռ, թուզ և այլն: Այս գոտում հացահատիկային կուլտուրաների հետ միասին մշակում են բրինձ:

Հնագուն ժամանակներից ի վեր Հայաստանը մեծ համբավ ունի իր խաղողով, դեղձով, ծիրանով և պտուղների այլ տեսակներով: Ցածրադիր այդ գոտու բնական աղքատ բուսածածկը հիմնականում բաղկացած է օշինդրից և ճահճաբույսերից: Ցածրադիր գոտուց վեր` ծովի մակերևույթից 1100-1500 մ բարձրության վրա ընկած է նախալեռնային գոտին, որի համար բնորոշ մշակույթները հացահատիկներն են, ցորենը, գարին, տարեկանը, հաճարը, կորեկը, իսկ ցածրադիր մասերում` մինչև 1300 մ բարձրության վրա խաղողի ու կորիզավոր պտուղների մշակույթը: Հացահատիկներով առանձնապես աչքի են ընկել Շիրակը, Ալաշկերտը և Մուշը: Հայկական լեռնաշխարհի նախալեռնային գոտում տարածված են վայրի հացաբույսերի մի քանի տեսակներ: Հայաստանը վայրի ցորենի նախահայրենիքներից մեկն է:

Երկրում լայն տարածում ունեցող նախալեռնային գոտուց վերև տարածվում է լեռնային գոտին, որը ծովի մակերևույթից ունի 1500-2000մ բարձրություն: Այստեղ նույնպես տարածված են հացահատիկները, միայն այն տարբերությամբ, որ ցորենի փոխարեն գերիշխում են գարին և տարեկանը: Հացահատիկների ցանքերը այս գոտում երբեմն վնասվում են կարկուտից և ցրտերից: Լեռնային գոտու բարձր շերտերում` 1900-2000 մետրից վեր տարածվում են ալպյան փարթամ ու հյութեղ մարգագետինները, որոնք գրավում են ընդարձակ տարածություններ: Ալպյան մարգագետիններով առանձնապես հարուստ են Բյուրակնյան, Խոնավ, Սևանի (Սևանա լճից արևելք), Գեղամա և Սյունյաց լեռների բարձրադիր լանջերը:

    Անտառները Հայկական լեռնաշխարհում համեմատաբար քիչ տարածություն են գրավում: Նրա կենտրոնական շրջանները, եթե չհաշվենք տեղ-տեղ երևացող առանձին պուրակները գրեթե անտառազուրկ են: Մեծ զանգվածներով անտառներ գտնվում են Արցախում, Սյունիքում, Գուգարքում, Տայքում, Չորրորդ Հայքում, Արևելյան Տիգրիսի ավազանում: Հնում անտառներն ավելի ընդարձակ տարածություններ են գրավել, քան այժմ: Հայկական լեռնաշխարհի անտառներում առանձնապես տարածված են` կաղնին, հաճարին, բոխին, թխկին, հացենին և կեչին: Սյունիքի, Արցախի և Գուգարքի անտառներում կան մեծ քանակությամբ վայրի պտղատու ծառեր ու թփեր` տանձենիներ, խնձորենիներ, սալորենիներ և այլ ծառատեսակներ: Սյունիքի հարավային մասում, Վանա լճի ավազանում և մի քանի տեղերում անտառային պուրակներ են կազմում ընկուզենիները:

       Հին Հայաստանում տնկվել են մի քանի անտառապուրակներ: Դրանցից առանձնապես նշանավոր են եղել <<Սոսյաց անտառը>>  (Արմավիր մայրաքաղաքի մոտ), <<Ծննդոց անտառը>> (Ախուրյան գետի աջ ափին Բագարան քաղաքի շրջակայքում) և, մանավանդ, <<Խոսրովակերտ>> անտառը, որը տարածվում էր Ազատ և Վեդի գետերի ջրբաժան շրջանում` Գառնիի բերդի մոտից մինչև Դվին, ապա` Արտաշատ: Վերջինիս մնացորդները մինչև օրս էլ մնում են ՀՀ Արարատի շրջանում Խոսրովի անտառ անունով և որպես պետական արգելոց պահպանվում են հատուկ խնամքով:

Խոսրովի արգելոց – Պատկեր 1

————————————————————————————————————————————–

Խոսրովի արգելոց – Պատկեր 2

——————————————————————————————————————–

Խոսրովի արգելոց – Պատկեր 3

————————————————————————————————————————————–

Բազմազան է նաև Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը: Ընտանի կենդանիներից այստեղ տարածված են ոչխարը, այծը, կովն ու եզը, ձին, գոմեշը, ջորին, էշը, և բազմազան թռչուններ: Վայրի կենդանիներից` աղվեսը, նապաստակը, կզաքիսը, գայլը, արջը, բորենին, քարայծն ու վայրի ոչխարը, եղնիկը, վարազը, ծայր հարավային մասերում նաև առյուծ: Հին և միջնադարյան Հայաստանի համար տնտեսական մեծ նշանակություն է ունեցել կենդանական աշխարհի մի փոքր ներկայացուցիչը, միջատի մի փոքր տեսակը, որն աճում էր Արարատյան դաշտի Արաքսին հարող ճահճուտներում: Այդ միջատից պատրաստում էին արտաքին շուկայում մեծ համբավ ձեռք բերած հայկական չգունաթափվող վառ կարմիր ներկ` <<որդան կարմիր>>-ը:

Որդան կարմիր

———————————————————————————————————————–

Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում իր բնական հարստություններով` ամենից առաջ սեղանի աղով: Աղի երեք նշանավոր հանքավայրերը` Կողբը, Նախիջևանը և Կաղզվանը հայտնի էին հնագույն ժամանակներից:

Հայկական լեռնաշխարհը հայնտի է նաև պղնձի, կապարի ու ցինկի հանքերով: Պղնձի հանքավայրեր կան երկրի շատ մասերում: Առանձնապես հայտնի են եղել Գուգարքի Տաշիրք գավառը, Սյունիքի Վայոց ձոր, Բաղք և Ձորք գավառները, Այրարատի Վարաժնունիք և Չորրորդ Հայքի` Արևմտյան Տիգրիսի ակունքների վրա ընկած շրջանը` Արղնին (Արղանա-մադեն): Պղնձի և դրան ուղեկցող մետաղների համեմատությամբ երկաթն ավելի լայն տարածում ունի: Անանիա Շիրակացու <<Աշխարհացույց>>- ի (7-րդ դար) մեջ հիշատակվում է, որ երկաթով հարուստ են Աղձնիք (Արևմտյան Տիգրիսի հովտում), Տուրուբերան (միջին Արածանիի ավազան և Արաքսի վերնագավառ) և Ուտիք (Կուրի միջին հոսանքի և Փոքր Կովկասի միջև) <<աշխարհ>>-ները: Առանձնապես նշանավոր էին Վանա լճի հարավային ափին գտնվող <<Երկաթահատ>> կամ <<Երկաթահանք>> կոչված հանքերը` Ընձաքիրաս (Կապուտկող) լեռան մոտ: Այս նույն հանքավայրից արդյունահանվում էր նաև կապար և այդ պատճառով էլ հանքավայրը հաճախ կոչվում էր <<Կապարահատ>>: Նավթը նույնպես հիշատակվում է Աղձնիք և Տուրուբերան <<աշխարհ>>-ներում: Նավթային ավազաններ կան նաև Վանից հարավ, Բերկրի քաղաքի շրջանում և Կարինում (Էրզրում): Քարածխով աչքի են ընկնում Արևմտյան Տիգրիսի և Արևմտյան Եփրատի ավազանները:

Ազնիվ մետաղներից հիշատակվում են ոսկին և արծաթը:

Ոսկի

———————————————————————————————————————–

Արծաթի հայտնի հանքավայրը գտնվում էր հին Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում, իսկ ոսկու հանքեր ու ոսկեբեր ավազաններ հիշատակվում են Հայկական լեռնաշխարհի 5 մասերում ` Սպեր գավառում (Ճորոխ գետի վերնագավառում), Արարատյան դաշտում, Չորրորդ Հայք <<աշխարհի>> Պաղնատուն գավառում (Խարբերդից հյուսիս-արևելք), Հայկական Տավրոսի Վանա լճին հարող հատվածում և Սյունիքում (Սոտք գավառում): Դրանցից առանձնապես նշանավոր էին Սպերի ոսկու հանքերը, որոնք հայտնի են եղել և մշակվել են շատ հին ժամանակներից: Ոսկին և արծաթն իբրև ուղեկցող մետաղներ հանդես են գալիս նաև պղնձի ու գունավոր այլ մետաղների գրեթե բոլոր հանքերում:

Արծաթ

———————————————————————————————————–

Երկրի հրաբխային շրջաններում և գունավոր մետաղների հանքավայրերում մեծ տարածում ունի ծծումբը: Լեռնաշխարհի տարբեր մասերում հանդիպում են տորֆ, զառիկ, քրոմիտ:

Հայկական լեռնաշխարհը իրավամբ կարող է հպարտանալ իր բազմատեսակ շինանյութերով:Երկրում ավազը, կավը և կրաքարերը տարածված են գրեթե ամենուրեք:

Կան տարբեր տեսակի և գույնի մարմարներ (Երևանի մոտ, Արզականում, Խոր Վիրապում, Արարատ կայարանի մոտ և այլ տեղերում):

Մարմար

——————————————————————————————–

Հրաբխային շատ շրջաններում հզոր շերտերով տարածված են բազմագույն (սև, գորշ, վարդագույն և այլն) տուֆերը, որոնցից այժմ առանձնապես մեծ հռչակ է վայելում Արթիկի վարդագույն տուֆը: Տուֆերով (Երևանում, Շիրակում և այլուր), մարմարներով, ինչպես նաև պեմզայով (Շիրակում) ու գիպսով (Արարատյան դաշտում) հայտնի է եղել մանավանդ Այրարատյան <<աշխարհ>>-ը: Պակաս տարածում չունեն նաև գրանիտը, բազալտը, ֆիլզիտները:

Բազալտ

————————————————————————————————————————————-

Շինանյութերի բարձր որակն ու առատությունը բնականաբար նպաստել են Հայկական լեռնաշխարհի բնակիչների շինարարական արվեստի զարգացմանը, մի արվեստ, որի ամենատարբեր ժամանակներին վերաբերող կոթողներն այսօր էլ պահպանում են իրենց հմայքը:

Գիպս

———————————————————————————————–

Գրանիտ

———————————————————————————————————

Տուֆ

————————————————————————————————————————————

Ֆիլզիտ

————————————————————————————————————————————-

Պեմզա – Պատկեր 1

———————————————————————————————————————-

Պեմզա – Պատկեր 2

———————————————————————————————————————–

Հայկական լեռնաշխարհի աղբյուրները:

Հրաբուխների տարածվածության շնորհիվ Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր կողմերում բխում են բազմատեսակ ու բազմաթիվ հանքային տաք ու սառն աղբյուրներ: Դրանք հիմնականում ունեն ածխաթթվային, երկաթային, ծծմբային և ածխաթթվա-ալկալիական բաղադրություն: Հրազդան գետի ավազանում բխում են հանքային մի շարք սառն աղբյուրներ, որոնց մեջ պատմական շատ հին ժամանակներից ի վեր բուժիչ հատկություններով հայտնի է Արզնիի ջուրը: Այժմ այդտեղ գործում է համամիութենական տիպի առողջարան: Տաք աղբյուրներից հայտնի են <<Վարշակի ջերմուկը>> (Բայազետ քաղաքից ոչ հեռու, Դիադինի շրջանում), Ջերմուկը (Սյունիքի Վայոց ձոր գավառում), Կարինի (Էրզրում) և Երզնկայի ջերմուկները: Մեր օրերում լայնորեն օգտագործվում է Վայոց ձորի ջերմուկը, ուր կառուցվել են հիանալի առողջարաններ: Հանքային բազմաթիվ աղբյուրներ կան Փամբակ ու Աղստև գետերի ձորերում, Որոտան ու Ողջի գետերի ավազաններում և այլուր:

—————————————————————————————-

Հայկական լեռնաշխարհի այն մասում, որը մտնում է Խորհրդային Միության տերիտորիայի մեջ, հայտնաբերվել են մի շարք նոր հանքեր` մոլիբդեն, սիենիտներ, երկաթ և այլն: Խորհրդային իշխանության տարիներին գունավոր մետաղների մշակումը արագ թափով զարգացավ հատկապես Ալավերդիում և Ղափանում:

Հին ու միջին դարերում շահագործման է ենթարկվել նշված հանքերի միայն մի մասը: Երկրի համեմատաբար խոր շերտերում գտնվող մետաղները անմատչելի են եղել մարդու համար, իսկ մի քանի հանքատեսակներ (օրինակ` քարածուխը) հին և միջին դարերում կարևոր նշանակություն չեն ունեցել:

Անկախ այդ բոլորից բնական պայմանների համառոտ նկարագրությունից երևում է, որ Հայկական լեռնաշխարհն իր կլիմայական ու հողային բարենպաստ պայմաններով, ձկնառատ լճերով ու արագահոս գետերով, հարուստ բուսական ու կենդանական աշխարհով, հանքային բազմատեսակ հարստություններով մեծ հնարավորություններ է տվել տնտեսության զարգացմանը:

Posted on September 19, 2011, in Հայոց պատմություն. Bookmark the permalink. 1 Comment.

  1. What i don’t realize is in fact how you’re now not really a lot more well-favored than you may
    be right now. You are very intelligent. You recognize therefore considerably on the subject of this
    subject, produced me individually imagine it from a lot of numerous angles.
    Its like men and women are not fascinated unless it’s something to accomplish with Woman gaga! Your own stuffs nice. Always handle it up!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: